Թեհրանի «Արաքս» շաբաթաթերթի գլխավոր խմբագրի բաց նամակը ՀՀ վարչապետին
Загрузка
X


Թեհրանի «Արաքս» շաբաթաթերթի գլխավոր խմբագրի բաց նամակը ՀՀ վարչապետին

Ежедневник / 01.03.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, 
Ի գիտություն ՀՀ ԱԳՆ Զոհրաբ ՄՆացականյանին,
ՀՀ Սփյուռքի նախարարության ժամանակավոր պաշտոնակատարին,
Հայաստանի և Սփյուռքի հայ հանրային կարծիքին

 

Հարգելի պարոն վարչապետ,

Ուրախ ենք, որ Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած Ձեր և Ձեր գլխավորած ՀՀ պատվիրակության պաշտոնական այցը արձանագրեց սպասված և գոհացուցիչ արդյունքներ։ Կրկնակի ուրախ ենք, որ հակառակ բազմաթիվ խանգարիչ հանգամանքների, և՛ Թեհրանում և՛ Սպահանում, անձամբ ականատես դարձաք Իրանի հայության ջախջախիչ մեծամասնության համակրական զգացումները արտացոլող լոզունգներին և ծափողջուններին. համակրական զգացումներ, որ առկա են եղել 2018թ. ապրիլ-մայիսյան համաժողովրդական շարժման ողջ ընթացքում և տևել են մինչ այսօր, շատ անգամ հրապարակային ինքնադրսևորման առիթ չունենալով:

Մենք (Թեհրանի «Արաքս» շաբաթաթերթը) շուրջ 35 տարի եղել ենք համայնքի 99% ոչ կուսակացական քաղաքացիների համեստ, բայց ազատ բեմը՝ փորձելով դառնալ նրանց տեսակետները արտացոլող հայելին: Արտացոլել ենք խտրականության ենթարկված հայացքները, սկսած 25-ամյա ՀՀ թալանից, անարդարություններից, հալածանքներից, անարդար կալանավորումներից, վրեժխնդիր հետապնդումներից, ընտրակեղծիքներից ու կործանիչ արտագաղթից, մինչև իրանահայ համայնքը քայքայման և արտագաղթի հասցրած վերջին տասնամյակների սխալ քաղաքականությունից, համայնքի հսկայական աստղաբանական հարստությունը կուսակցական գանձարանի վերածելուց, եկեղեցին պառակտելուց, մինչև Հայկական հարցը կուսակցականացնելու ամոթալի երևույթից և այլնից:

Հարգաժան ազգընտիր վարչապետ պարոն Փաշինյան,

Թեև «Արաքս» շաբաթաթերթի ընտանիքը, որ անցած վերջին քանի տասնամյակներին հարատևել է իր սեփական համեստ միջոցներով, զրկված լինելով համայնքի հսկայական «ազգային» կոչված հնարավորություններից, այն ՄԻԱԿ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄՆ էր, որ հրավիրված չէր Ձեր և ՀՀ պատվիրակության հետ ո՛չ բաց հանդիսությանը և ո՛չ էլ ի պատիվ Ձեզ կազմակերպված ընթրիքին՝ ՀՀ դեսպան պարոն Արտաշես Թումանյանի կուլիսային կարգադրության հետևանքով:

Երեքշաթի, փետրվարի 26-ին, ինձ հետ հեռախոսազրույցում պարոն Թումանյանը բառացիորեն հավաստիացնում էր, որ Թեհրանի հայ համայնքի հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ժողովրդական հանդիպումից բացի, որևէ այլ միջոցառում նախատեսված չէ, ու նաև, որ որևէ մեկ կողմի հրավեր ուղղված չէ, ինչը չէր համապատասխանում իրականությանը։

Մենք, իհարկե կարող էինք լուռ անցնել այս տգեղ, անընդունելի և շատ անգամ կրկնված արարքից, մանավադ, որ «Արաքս» շաբաթաթերթի ընտանիքը, հակառակ նշված մեքենայության, և չլինելով հրավիրյալների առաջին շարքում, լիովին ներկա էր ՀՀ ազգընտիր պատվիրակության ժողովրդական հանդիպմանը, որի վառ ապացույցը ծափողջույններն ու չդադարող զորակցության լոզունգներն էին: Սակայն ազգային պարտքի զգացումից ու նաև այլ համայնքներում նման աններելի սխալի չկրկնվելու մտահոգությունից կատարում ենք այս արձանագրությունը, որպեսզի այսուհետ որևէ դեսպան չհամարձակվի, ոտնահարելով իր պետական ներկայացուցչի հանգամանքը՝ չարաշահել իր պաշտոնը այս կամ այն կողմի հետ խաղեր անելով:

Կրկին ողջունելով ՀՀ պատվիրակության այցը Իրան, միջպետական հարաբերություններում մաղթում ենք առավել բեղմնավոր նոր ժամանակաշրջան, իսկ Իրանի հայ համայք-ՀՀ հարաբերություններին՝ առողջացման սկիզբ։

Մովսես Քեշիշյան
«Արաքս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր
Թեհրան, 28 փետրվարի 2019 թ.