ԱՆԱՍՏԱՍ ՄԻԿՈՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ. Գրիգոր Էմին-Տերյան
Загрузка
X


ԱՆԱՍՏԱՍ ՄԻԿՈՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ. Գրիգոր Էմին-Տերյան

Архив / Ежедневник / 24.04.2020


ՄԻԿՈՅԱՆՆ Է ԱՌԱՋԱՐԿԵԼ ԼԵՆԻՆԻՆ ՀՐԱԺԱՐՎԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒՑՄԱՆ՝ ԹՈՒՐՔԱՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՊԱՀԱՆՋԻՑ


Այդ մասին է վկայում Միկոյանի՝ 1919 թվականի դեկտեմբերին Լենինին հասցեագրված «Կովկասյան հարցի մասին» զեկուցագրի բնագիրը, որը պահվում է Սոցիալ-քաղաքական պատմության ռուսաստանյան պետական արխիվում (РГАСПИ): Առաջին անգամ դրա թեզիսները հրապարակվել են միջազգային իրավունքի հայտնի մասնագետ Յուրի Բարսեղովի գրքում և վերատպվել՝ Lragir.am առցանց թերթում (http://www.lragir.am/index/arm/0/society/view/98876):

Այդ փաստաթղթի հիման վրա բոլշևիկյան առաջնորդները հրաժարվեցին Հայկական գործերի կոմիսարիատի փաստացի ղեկավար Վահան Տերյանի կողմից առաջարկված և որպես իրավական ակտ ընդունված հայանպաստ «Թուրքահայաստանի մասին» դեկրետից և որդեգրեցին Միկոյանի թուրքամետ առաջարկը: «Անաստվածը», ինչպես ժողովուրդն էր նրան անվանում, առաջարկում էր համաձայնվել Հայոց Ցեղասպանության արդյունքում ստեղծված իրավիճակի հետ և հրաժարվել Թուրքահայաստանի ստեղծման, այսինքն, ցեղասպանության հատուցման պահանջից: Ավելին, Միկոյանի կարծիքով Հայկական հարցն այլևս գոյություն չունի, քանի որ Հայոց Ցեղասպանության արդյունքում «այսպես կոչված Թուրքահայաստանում ապրում են գրեթե միայն մահմեդականներ»: Ըստ Միկոյանի, բոլշևիկները չեն կարող համաձայնվել «հայ շովինիստների» հետ, այլապես «ինքնավարության իրավունք կտրվի մեռածներին»: Միկոյանի կարծիքով, քանի որ հայերը կուտակվել են Կովկասում և այլևս չեն բնակվում Թուրքահայաստանում, նրանք փաստորեն վերածվել են կովկասյան ազգի։ Հետևաբար, նրանց հարցը դադարել է եվրոպական, միջազգային հարց լինելուց՝ վերածվելով «սպեցիֆիկ ռուսաստանյան հարցի, ինչպիսիք են վրացականը, ադրբեջանականը և այլք»:


Իսկ ի՞նչ էր պահանջում Տերյանի առաջարկած և բոլշևիկյան կառավարության կողմից ընդունված իրավական ակտը՝ «Թուրքահայաստանի մասին» 1917 թվականի դեկտեմբերի 29-ի դեկրետը։ Ըստ Լենինի և Ստալինի կողմից ստորագրված այդ փաստաթղթի, Ռուսաստանի բոլշևիկյան կառավարությունը պաշտպանում էր «Ռուսաստանի կողմից օկուպացված Թուրքահայաստանի հայերի ազատ ինքնորոշման՝ ընդհուպ մինչև լիակատար անկախության իրավունքը»։ Եվ, «հայ ժողովրդի ազատ հանրաքվեի իրավունքը» երաշխավորելու համար՝ անհրաժեշտ էր համարում տարբեր երկրներում ցրված գաղթական հայերի, ինչպես նաև վտարանդի հայերի անարգել վերադարձը Թուրքահայաստան։ Բոլշևիկյան կառավարությունն այդ դեկրետում նաև խոստանում էր թուրքական իշխանությունների հետ խաղաղության բանակցությունների ժամանակ պնդել՝ պատերազմի ժամանակ թուրքական իշխանությունների կողմից բռնի կերպով Թուրքիայի խորքերն արտաքսված հայերի անարգել վերադարձը Թուրքահայաստան։ Պետք է ընտրվեր հայ ժողովրդի պատգամավորների խորհուրդ։ Կովկասի գործերի ժամանակավոր արտակարգ կոմիսար Ստեփան Շահումյանին էլ հանձնարարվել էր ամեն տեսակ օգնություն ցույց տալ Թուրքահայաստանի բնակչությանը՝ դեկրետի իրականացման գործում։


ՏԵՐՅԱՆԸ ԴԵՌ ՉԷՐ ՄԱՀԱՑԵԼ, ԵՐԲ ՄԻԿՈՅԱՆԸ ՈՉՆՉԱՑՐԵՑ ՆՐԱ ԿՅԱՆՔԻ ԳՈՐԾԸ


Վահան Տերյանն իր հեղինակած «Թուրքահայաստանի մասին զեկուցագրում» և «Թուրքահայաստանի մասին դեկրետի» նախագծում առաջարկել էր «վճռականորեն պաշտպանել թուրքահայերի ազգային լիակատար ինքնորոշման ձգտումը», հայրենիք վերադարձնել բոլոր բռնի արտաքսվածներին և հայտարարել, որ «ռուսական զորքերը դուրս չեն բերվի պատերազմի իրավունքով Հայաստանի գրավված մասից»: Այսինքն, ըստ Տերյանի, ցեղասպանության հետևանքով փախստական դարձած անձինք պետք է վերադառնային հայրենիք և այնտեղ պետք է կազմավորվեր Թուրքահայաստանը։
1917 թվականի դեկտեմբերին դեկրետը ստորագրվել էր, սակայն Ստալինի պահանջով նրանից հանվել էին Էրզրումի, Վանի, Բիթլիսի վիլայեթներում առժամանակ որոշ քանակությամբ ռուսական զորքեր թողնելու անհրաժեշտության մասին կետը, ինչը կապահովեր հայերի անվտանգությունը և աքսորվածների ու փախստականների վերադարձը: Ընդհակառակը, այդ կետը փոխարինվել էր «Թուրքահայաստանի տարածքից զորքերի դուրսբերման և նրա բնակիչների անձնական և ունեցվածքային անվտանգության ապահովման նպատակով հայկական ժողովրդական միլիցիայի անհապաղ ստեղծման» մասին կետով։


Թե ինչ փաստարկ է բերել Ստալինը՝ արդարացնելու համար զորքերի դուրսբերման իր պահանջը, իմանում ենք տվյալ դեկրետի կապակցությամբ նրա՝ հայ ժողովրդին ուղղված «Թուրքահայաստանի մասին» կոչից․ «Թուրքահայաստանը թերևս միակ երկիրն է, որը գրավված է Ռուսաստանի կողմից «պատերազմի իրավունքով ․․․ այսօր, գերմանաթուրքական իշխանությունները, հավատարիմ իրենց իմպերիալիստական բնույթին, չեն թաքցնում օկուպացված շրջանները բռնությամբ իրենց իշխանության տակ պահելու իրենց ցանկությունը․․․ Թող իմանան Ռուսաստանի ժողովուրդները, որ ռուսական հեղափոխությանը և նրա կառավարությանը խորթ են զավթման ձգտումները։ Թող իմանան բոլորը, որ ազգային հալածանքի իմպերիալիստական քաղաքականությանը ժողովրդական կոմիսարների խորհուրդը հակադրում է ճնշված ժողովուրդների ամբողջական ազատագրման քաղաքականությունը»։


Հատկանշական է, որ մինչ դեկրետը ստորագրելը, Լենինը՝ Տերյանի հետ ունեցած զրույցի ընթացքում վերջինիս բացատրել է, որ «երբ ինքն ասում է զորքերը հանել Հայաստանից, սրանով ուզում է ասել, թե երբ հայերը պահանջեն»՝ զորքերը դուրս կբերվեն, «որպեսզի նրանց վրա ճնշում չլինի Ռուսիայի կողմից և նրանք ստիպված չլինեն ռուսական օրիենտացիա ընդունել։ Իսկ հայերի ապահովության համար, եթե նրանք այդ կամենան, նա բնավ դեմ չէ որ մնան հարկավոր եղած զորամասեր»։


Այսինքն, զորքերը, ըստ Լենինի, դուրս պետք է բերվեին, որպեսզի «հայ ժողովրդի ազատ հանրաքվեի իրավունքը» չխախտվեր։
Զորքերի դուրսբերման հարցով Տերյանը բուռն վեճ է ունեցել իր փաստացի անմիջական ղեկավար, Ազգությունների գործերի ժողովրդական կոմիսար Ստալինի հետ: Բայց, ապարդյուն։ Սակայն դեկրետը հույս էր թողնում, որ դուրսբերումը կձգձգվի, քանի որ դեկրետի չորրորդ կետում ասված էր, որ Կովկասի գործերի ժամանակավոր արտակարգ կոմիսար Ստեփան Շահունյանին «հանձնարարվում է ձեռնամուխ լինել խառը հանձնաժողովի ստեղծման գործին՝ Թուրքահայաստանի տարածքից զորքերի դուրսբերման ձևի և ժամկետի որոշման համար»։
Սովետական Միությունում բրոշյուրների տեսքով տպագրվում էին հին բոլշևիկների հուշերը՝ Լենինի մասին։ Դրանցից մեկը Լենինին հարցրել էր, թե ինչու են պաշտոններ տրվում մարդկանց, որոնք նվիրված չեն բոլշևիկյան գաղափարներին։ Լենինը պատասխանել էր, որ դա ժամանակավոր երևույթ է․ իրենք կօգտագործեն այդ մարդկանց հեղինակությունը, գիտելիքներն ու հմտությունները, իսկ հետո, երբ ցանկանան, կհրաժարվեն նրանցից։ Դրանով էին առաջնորդվում բոլշևիկյան առաջնորդները․․․


Ստալինը, իհարկե չէր կարող հանդուրժել այնպիսի հայրենասեր, սկզբունքային ու անկոտրում տեղակալի, ինչպիսին Տերյանն էր: Որովհետև պարզ էր, որ նա չի հրաժարվի պաշտպանել հայերի շահերն ու իրավունքները։ Նրա փոխարեն անհրաժեշտ էր նշանակել անձանց, որոնք կհամաձայնեին ստորագրել հայերի շահերը ոտնահարող փաստաթղթեր։ Եվ նշանակվեցին․ դրանք էին Տերյանի կատաղի հակառակորդ, նրան հալածող տխրահռչակ Գուրգեն Հայկունին, և, ինչպես հայտնաբերել է գրականագետ Դավիթ Գասպարյանն իր «Փակ դռների գաղտնիքը» գրքի 132-րդ էջում, Վահան Տերյանի «ընկեր» Պողոս Մակինցյանը։ Երևի թե պատահական չէր այն իրողությունը, որ Կարսի 1921 թվականի հակահայկական պայմանագիրը ստորագրելու «պատիվը» վերապահվել էր հենց Պողոս Մակինցյանին․․․


Իսկ Տերյանին չեզոքացնելու գործում Ստալինին օգնել են Գուրգեն Հայկունու կողմից Հայաստանից դուրս ստեղծված և ղեկավարվող «Հայաստանի կոմունիստական կուսակցություն» կազմակերպության կենտկոմի անդամները։ Վերջինները Վահան Տերյանի և նրա կողմնակիցների դեմ սանձազերծել էին հալածանքների, խարդավանքների, ամբաստանությունների արշավ: Տերյանին անվանել են ազգայնական, մեղադրել (ի դեպ՝ արդարացի), թե նա օգնել, պաշտպանել և փրկել է «հակահեղափոխականներին», Կոմիսարիատին տրամադրված գումարները Հյուսիսային Կովկասում ծախսել է բացառապես հայ փախստականներին օգնելու համար՝ մերժելով տեղի կոմունիստներին գումար տալ: Այս ամենի արդյունքում Վահան Տերյանին հեռացրել են պաշտոնից և սկսել մտածել, թե ինչպես կարող են ազատվել նրանից:
Վահան Տերյանի՝ «Հայաստանի կոմունիստական կուսակցություն» կազմակերպությունից դուրս գալու մասին դիմումից պարզվում է, որ 1919 թվականի մայիսին Ռուսաստանի կոմկուսի կենտկոմը որոշում է կայացրել աշխատանքից հեռացված, տուբերկուլյոզով հիվանդ Տերյանին ուղարկել ռազմաճակատ: Հետո, երբ բացահայտվել է այդ որոշման անհեթեթությունը, Գուրգեն Հայկունու առաջարկով կայացվել է Տերյանին Ղրիմ ուղարկելու մասին որոշում: Հիշեցնենք, որ Ղրիմն այն ժամանակ կոմունիստների ոխերիմ թշնամի սպիտակգվարդիականների իշխանության ներքո էր։
Ի վերջո, Ստալինը գտել է Տերյանից ազատվելու ձևը՝ նրան «գործուղել են Պարսկաստան և Թուրքիա՝ Թուրքեստանով»: «Ժողովուրդների հայրը», ըստ երևույթին հաշվարկել էր, որ պոետին չի հաջողվի դիմանալ ճանապարհի դժվարություններին: Չէ՞ որ տուբերկուլյոզով հիվանդ Տերյանի համար դա իսկական մահվան ճամփա էր, քանի որ իրականում, Թուրքեստան տանող ճանապարհ այդ օրերին գոյություն չուներ, փակ էր՝ քաղաքացիական կռիվների պատճառով, իսկ վագոնները չէին տաքացվում:


Այդպես էլ եղավ, 1920 թվականի հունվարի 7-ին Վահան Տերյանը վախճանվեց ճանապարհին՝ ձյունածածկ Օրենբուրգում: Բայց պոետը դեռ չէր հասցրել մահանալ, երբ 1919 թվականի դեկտեմբերին Միկոյանը սպանեց Տերյանի կյանքի գործը: Այդ օրերին Լենինին հասցեագրված «Կովկասյան հարցի շուրջ» իր զեկույցում նա գրում է. «Մեծագույն սխալ էր Թուրքահայաստանի ինքնուրույնության մասին Սովետական Ռուսաստանի դեկրետը (1917 թ.)… Պետք է ընդունել, որ … Թուրքահայաստանի մասին գաղափարը վնասակար, հանցագործ և ռեակցիոն ցնորք է, որի դեմ պետք է պայքարի մեր կուսակցությունը…»:


Միկոյանը սպանեց այն, ինչի ակնկալիքով Վահան Տերյանը անդամակցել էր բոլշևիկյան կուսակցությանը՝ իր հայացքներով չլինելով կոմունիստ: Այն, ինչի իրականացման համար Տերյանը մերժել էր դաշնակցական ականավոր գործիչ, բժիշկ Հակոբ Զավրիևի առաջարկը՝ հեռանալ սոված և ցուրտ Մոսկվայից և բուժվել Շվեյցարիայում: Մերժել էր, որպեսզի շարունակի պայքարել Հայկական հարցի արդար լուծման համար: Բայց անհավասար պայքարում Տերյանը պարտություն կրեց...


Վերացնելով Վահան Տերյանի նման հայրենասեր, ազնիվ և սկզբումքային կոմունիստներին, Ստալինին հաջողվեց հայկական հարցը լուծել ըստ իր հայեցողության...
Եվ այդ հարցում, ինչպես պարզվում է, նրան օգնել է Անաստաս Միկոյանը:

Հեղինակ՝ Գրիգոր Էմին-Տերյան