Наследие / Архив / Ежедневник / 25.02.2013
Այսօր, երբ Ռուսաստանում սկսել են թվայնացնել գրադարաններում պահվող գրքերն ու փաստաթղթերը, ինչպես նաև փոստային հին բացիկները և տեղադրել դրանք համացանցում, այնտեղ է հայտնվել Տոլստոյի թաղումը պատկերող մի բացիկ-լուսանկար, որտեղ պարզորոշ երևում է, որ Լև Տոլստոյի դագաղը տանող աջ կողմի ուսանողը, ամենայն հավանականությամբ, հենց Վահան Տերյանն է։ Ճիշտ է, ինտերնետային այդ նկարի տակ ուրիշ ազգանուն է գրված, բայց դա, ըստ երևույթին, սխալ է։ Ինչը ապացուցում են նույն ժամանակաշրջանի Տերյանի երկու լուսանկարները, որոնք ներկայացնում եմ Տոլստոյի թաղումն արտացոլող այս նորահայտ լուսանկարի հետ միասին։ Իսկ վերջնական ապացույց կարող է համարվել միայն դատաքննական լաբորատորիայի մասնագետների կողմից տրված պաշտոնական եզրահանգումը։
Նշեմ միայն, որ հավանականությունը, որ Տերյանը կարող էր տանել Տոլստոյի դագաղը, մեծ է, քանի որ հայտնի է, որ Զասեկա կայարանից, ուր ժամանել էր Տոլստոյի դին բերած գնացքը, մինչև Յասնայա Պոլյանա գյուղն ընկած ճանապարհը չորս վերստ է։ Եվ այդ ամբողջ ուղին դագաղն իրենց ուսերին տարել են Տոլստոյի երկրպագուները։
Իսկ Տերյանը, որը Տոլստոյի երկրպագուներից էր, Թիֆլիսի «Հորիզոն» թերթում 1910 թվականի նոյեմբերին տպագրված «Լև Տոլստոյի թաղումը» և «Յասնայա Պոլյանայում» հոդվածներում նկարագրել է ռուս մեծ գրողի թաղումը, որը հարուցել էր ցարական Ռուսաստանի իշխանությունների անհանգստությունը։ Այն ժամանակվա ներքին գործերի նախարար Ստոլիպինը վախենում էր, որ եկեղեցուց վտարված Լև Տոլստոյի թաղման արարողությունը կարող է վերածվել ժողովրդական զանգվածային բողոքի արտահայտության, առաջացնել բախումներ ոստիկանության հետ և, ի վերջո, հանգեցնել հեղափոխության։ Այդ պատճարով էլ ամեն ինչ արել էր, որ Յասնայա Պոլյանա կարողանա ժամանել հնարավորինս քիչ մարդ։ Այդ քչաթիվ տոլստոյասերների թվում եղել է Վահան Տերյանը, որն այդ ժամանակ Մոսկվայի համալսարանի ուսանող էր։
Մայրս, Նվարդ Տերյանը, իր անձնական սուղ միջոցների հաշվին ինքն իրեն գործուղել էր Յասնայա Պոլյանայում գտնվող Տոլստոյի թանգարան և ուսումնասիրել էր այնտեղ պահվող ռուս մեծ գրողի թաղման ժամանակ կատարված լուսանկարները, որպեսզի հայտնաբերի դրանց մեջ պատկերված Վահան Տերյանին… և հայտնաբերել էր երեք լուսանկար, որտեղ թաղման թափորի մեջ երևում էր հայ բանաստեղծը։ Այդ լուսանկարները նա ցանկանում էր ենթարկել հետազոտության դատաքննական լաբորատորիայում, որպեսզի իր ենթադրությունը ստանա փաստական ապացույց։ Բայց չստանալով այն օրերի տերյանագետների աջակցությունը, չկարողացավ ավարտել իր սկսած գործը։ Մինչդեռ, հենց ինքը, տերյանագիտությունը սեփականաշնորհած այդ օրերի գլխավոր տերյանագետ Վաչե Պարտիզունին էր պարտավոր այդ գործն անել։ Իսկ եթե չէր արել` պարտավոր էր աջակցել Վահան Տերյանի միակ ժառանգին։
Սակայն դա այլ պատմություն է, թե ինչպես էր Պարտիզունին խոչընդոտում մորս։ Այդ ամենը Նվարդ Տերյանը նկարագրել է «Նամակ գրականագետին» իր բաց նամակի մեջ։ Այդ նամակը մայրս հանձնել էր իր մի քանի ընկերներին, որոնցից մեկն էլ Նվարդ Տերյանի մահվանից հետո հրապարակել էր այն Փարիզում տպագրվող «Յառաջ» թերթում։ Հետագայում այդ նամակը կրճատումներով վերատպվել էր նաև «Գարուն» ամսագրում (1990 թվական, թիվ 8)։
Գրիգոր Էմին-Տերյան, Երևան, 2013 թ․