ՀԱՖՆ գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը «Բրեշիայի և Բերգամոյի դաշնակահարների միջազգային փառատոնին» (Իտալիա) կղեկավարի Զագրեբի ֆիլհարմոնիկ նվագախումբը: Թոփչյանն այս հեղինակավոր փառատոնի հաճախակի հյուրերից է: Այս տարի նա հանդես կգա հայտնի հունգարացի ջութակահար Ռոբի Լակատոշի հետ:
Համերգները տեղի կունենան մայիսի 12-ին և 13-ին Բրեշիայի Teatro Grande-ում և Բերգամոյի Teatro Sociale-ում: Ծրագրում ի թիվս այլ ստեղծագործությունների կհնչեն Ֆ. Լիստի թիվ 1 և 2 Հունգարական ռապսոդիանները (նվագախմբային փոխադրում), թիվ 3 Սիմֆոնիկ պոեմը, Բրամսի Հունգարական պարերի ընտրանին:
«Բրեշիայի և Բերգամոյի դաշնակահարների միջազգային փառատոնը» երաժշտական աշխարհի կարևորագույն իրադարձություններից է: Հիմնադրվել է 1964-ին՝ մաեստրո Ագոստինո Օրիցիոյի կողմից: Բրեշայի հիասքանչ Մեծ թատրոնում և Բերգամոյի Դոնիցետիի անվան թատրոնում փառատոնը հյուրընկալել է դասական կատարողական արվեստի ամենահայտնի և հեղինակավոր նվագախմբերի և երաժիշտների: Իր գործունեության հիսունհինգ տարիների ընթացքում փառատոնում հանդես են եկել հանրահայտ դաշնակահարներ Արտուրո Բենեդետտի Միքելանջելին, Մաուրիցիո Պոլլինին, Սվյատոսլավ Ռիխտերը, Վլադիմիր Աշկենազին, Քրիստիան Ցիմերմանը, Մարթա Արգերիխը, Եվգենի Կիսինը, ինչպես և հայտնի մենակատարներ և դիրիժորներ՝ Մստիսլավ Ռոստրոպովիչը, Միշա Մայսկին, Լուչանո Պավարոտին, Ռիկարդո Մուտին, Կլաուդիո Աբբադոն, Վալերի Գերգիևը, Լորին Մաազել և այլոք: