Մասիս Առաքելյան. «Նպատակը ճշտում է ուղին»
Загрузка
X


Մասիս Առաքելյան. «Նպատակը ճշտում է ուղին»

Восьмая нота / 05.02.2018

Տենոր և կոմպոզիտոր Մասիս Առաքելյանը ծնվել է Իրանում։ Նա իր առաջին մրցանակին արժանացել է13 տարեկանում: Օպերային երգեցողություն և կոմպոզիցիա է ուսանել Բեռլինում, որտեղ էլ հիմնադրել և ղեկավարել է հայկական համայնքի նոր երգչախումբն ու գերմանական«ՄաԳուՄա» ջազ խումբը:
2013 թվականին երիտասարդ կոմպոզիտորը թողարկել է«Կռունկ» ձայներիզը, որում զետեղված են Կոմիտասի, հայտնի այլ կոմպոզիտորների, ինչպես նաև իր սեփական ստեղծագործություններն ու փոխադրումները:
Ստորև ներկայացնում ենք«Ժամ»-ի զրույցը Մասիս Առաքելյանի հետ:

— Մասիս անունը պարտավորեցնում է լինել լավագույնը, ո՞վ է այդպես անվանել քեզ: Կա՞ ինչ-որ նշանակալից կամ հետաքրքրական դեպք կապված անվանդ հետ:

— Դա կարոտ է Հայաստանի, հսկայական մի սարի, որ մարդկության պատմության սկզբից մինչև մեր օրերը գոյություն ունի։ Այն դարձել է հայերի ինքնության, ինքնաճանաչման ու կարոտի խորհրդանիշը: Հայերին կոտորել են, ջարդել, հողերը զավթել, ունեցվածքն ու հարստությունը թալանել և աշխարհով մեկ ցրել, իսկ Մասիսն անհաղթ մնացել է իր հիմնական տեղում և ներկայացնում է Հայաստանը:
Ու երևի այդ կարոտից են ծնողներս ընտրել Մասիս անունը:

— Ամենավառ մանկական հիշողությունդ ո՞րն է:

— Հիշում եմ այն օրերը, որ բարեկամներս հավաքվում էին Զատիկ, Ջրօհնեք և նման օրերը տոնելու: Այդ օրերին մեծերը հաճախ վիճաբանում էին, իրենց ձայնը բարձրացնում և երբեմն էլ իրար հայհոյում, բայց վերջում դառնում էին մեկ ընտանիք, մեկ գերդաստան, մեկ ազգ... ի՜նչ լավ կլիներ, որ մանկական այդ հիշողություն-երազը իրականություն դառնար:

— Մասի՛ս, թեպետ Գերմանիան է դռներ բացել քեզ համար, միշտ ներկայանում ես որպես հայ երգիչ և քո գործունեությամբ ներկայացնում ես Հայաստանը: Կարողանո՞ւմ ես հանդիսատեսին հաղորդակից դարձնել հայկական մշակույթին:

— Նպատակը ճշտում է ուղին, իսկ ուղին քեզ տանում է դեպի քո նախընտրած արդյունքը:

Հայկական երաժշտության ելևէջները հնչեցնում են մեր պատմությունը, մեր ուրախությունները և մեր ապրած մեծ ցավերը։ Մշակույթը ստեղծվում է դարերի ընթացքում, ստանում է իր խորությունը, զարգանում է, դառնում գույնզգույն և ստեղծում է այն հնարավորությունը, որ լսողը հաճույք ստանալուց բացի՝ կապեր ստեղծի երաժշտության հետ։
Իմ ներկայացրած երաժշտության նպատակն է՝ լսողին մի օտար աշխարհ տանել, որտեղ նա իր ներքին և անձնական պատկերները ստեղծագործի, տեսնի և ինքն իրեն հանդիպի, իրեն ճանաչել սկսի, առանց խոսքի իմաստը հասկանալու կարիքի:
Իմ հիմնական նպատակներից մեկը հայկական երաժշտությունը աշխարհին ծանոթացնելն է: Վերցնում եմ խոսքը և նրա իմաստը վերածում ելևէջների, որոնք զգայարանների ճանապարհով լսողի հետ կապ են ստեղծում: Այդ պարագայում խոսքն արդեն կարևոր չէ, և այդ մասին շատ լսողներ են վկայում, օրինակ՝ Հնդկաստանում, ուր մոտավորապես150 ազգերի ներկայացուցիչներ կային, ինձ ասացին, որ իրենք ներքին պատկերներ են ստանում, քանի որ ես բառերն այնպես եմ երգում, որ իմաստը զգայուն կերպով իրենց փոխանցում եմ, նման բան ասում են նաև պարսիկները:

— Խոսենք ստեղծագործական գործունեությանդ մասին։ Ինչպե՞ս ամեն ինչ սկսվեց և ինչու՞ հենց օպերային երգի ասպարեզն ընտրեցիր։

— Ամեն ինչ սկսվում է մեկ իմպուլսից: Մենք բոլորս նման ենք մոլորակների, որոնք այս հսկա տիեզերքում մենակ ու կտրված օտարներից իրենց հավիտենական պտույտներն են կատարում:
Մեր զգայարաները այն միակ ճանապրահներն են, որոնց միջոցով կարողանում ենք կապեր ստեղծել արտաքին աշխարհի հետ:
Որոշ ժամանակ առաջ, հարց տվեցի մի ընկերոջ. «Ինչպե՞ս է ստեղծվել երաժշտությունը»։«Մրմնջալով», — պատասխանեց նա։
Իսկ ըստ իս՝ մի միայնակ մոլորակ սկսել է մրմրնջալ, որ կապ ստեղծի իր ներքին և արտաքին աշխարհի հետ: Այդպես սկսվել է մի գործնթաց, որի ժամանակ մեր մոլորակը իր կապերն է ստեղծել և ժամանակի ընթացքում դրանք ուժեղացրել:
Ես տարբեր ոճերում՝ ֆոլկլոր, փոփ, ռոք, ջազ և այլն, երգել եմ և եկել այն եզրակացության, որ դասական, օպերային երգելը այն որակն է, որով ես կարողանում եմ արտահայտել իմ զգացմունքներն ամբողջական:
Իսկ երգելու որակը վկայում է երաժշտության խորության հիմքերն ու արմատները: Դասական օպերային երգիչը, որ ոչ միայն սովորել է ակադեմիկ ոճեր, 
նույնիսկ հատուկ շնչային փորձեր, և այլ կենտրոնանալու միջոցներ, որոնց օգնությամբ նա մտնում, խորասուզվում է իր հոգու մեջ և այդ պարագայում կարողանում է հատուկ ելևէջներով՝ մտերիմ և անբացատրելի կապեր ստեղծել այլոց՝ ազգակիցների և օտարների հետ:

— Առաջին օպերային ներկայացումը, որ մեծ տպավորություն է թողել քեզ վրա:

— Գաետանո Դոնիցետիի«Լյուչիա դի Լամերմուր» օպերայի վերջին արարը և հատկապես նրանում տեղի ունեցող խենթացման և մահվան պահը, այսպես ասած՝ ֆլեյտայի և սոփրանո երգչուհու միջև ընթացող երկխոսությունը:

— Ո՞ր օպերային երգիչներն են քեզ ոգեշնչել:

— Լուչիանո Պավարոտին։ Նաև ուրիշներ, բայց, այնուամենայնիվ, ավելացնեմ, որ ամեն մի երգիչ արտահայտում է այն, ինչի կարողությունն ունի ներկայացնելու:
Այլապես կնմանվես մի գեղեցիկ կնոջ, որի աչքերը հոյակապ են բայց ականջներն՝՝ անչափ մեծ, կամ ականջները փոքր են, բայց աչքերը՝ ծուռ, շուրթերը խենթացնում են տղամարդուն, մազերը՝ ոչ... Իսկ գեղեցկությունն ամբողջության մեջ է։

— Ի՞նչ ես կարծում, եթե արվեստի գործիչ չլինեիր, որը կլիներ քո մասնագիտական ճանապարհը:

— Այն ինչ որ ինձ կոգևորեր և կյանք կներշնչեր: Կյանքը փորձառական դաշտ է, ուր ստեղծագործելով զգում ես քո գոյությունը: Կարևոր չէ, թե ինչ ես անում, կարևորն այն է, որ այն, ինչ անում ես՝ սիրով ու սրտանց կատարես:

— Ի դեպ, երաժիշտ լինելը մասնագիտություն է, թէ՞ կոչում:

—Երաժշտությունը խաղ է, որի կատարման համար տեղեկություներ, վարժություն, ձիրք և տաղանդ է հարկավոր: Դա նման է սիրահարված մեկին, որ խենթացած ու հարբած ամեն վայրկյան սիրահարական սրբազան խաղի կարոտն է քաշում: Բայց կատարումից առաջ պետք է սովորի սիրահարական գաղտնիքները ու վարժվի նրանց, որ կարողանա ամեն անգամ ավելի բարձր գագաթների հասնել ու նոր «ծայրահեղությունների»:
Երաժշտությունը զրույց է ինքնությանդ հետ:

— Ո՞ր իրադարձություններն են իրենց ազդեցությունն ունեցել քո ստեղծագործական կյանքում:

— Հայ ծնվելը Իրանում, հետո Եվրոպայում հաստատվելը, տարբեր լեզուների և մշակույթների հետ առնչվելը, տարբեր կրոնների ու դիտանկյունների հետ ծանոթանալը, տարբեր օդ ու ջրի և մթնոլորտի մեջ ապրելը:
Այս ամենը տարբերություներ են, որոնք կարող են ժողովուրդներին և ազգերին իրարից բաժանել և թշնամության պատճառ դառնալ: Բայց նաև կարող են բերել մշակութային հարստություն, եթե դու քո ինքությունը և մշակույթը պահպանես, օտար մշակույթների գեղեկցությունը գնահատես ու կամուրջներ կառուցես ազգերի միջև՝ մտերմություն և ծանոթություն ստեղծելու նպատակով:
Արվեստը, եթե ճանաչի և հանդուրժի օտար մշակույթներ, կարող է թյուրիմացությունները վերացնել և պատմության խոր ու ցավալի վերքերը բուժել:
— Կա՞ ստեղծագործություն, որի հեղինակը կուզնայիր հենց դու լինել:

— Հեղինակ լինել նշանակում է՝ ստեղծագործել: Ստեղծագործողը նման է մի կնոջ, որ անչափ, աննման սիրահարված է, մինչև խենթության սիրո խաղն է խաղացել ու հղի է. սիրահարության արդյունքը պետք է լույս աշխարհ բերի: Դա մի անձնական ճանապարհ է, որի ծագման արմատները հեղինակի ինքնության մեջ են դրված: Ուրեմն, թույլ տանք ամեն մարդ իր սեփական սիրահարական խաղը խաղա:

— Վերջերես խոշոր համերգային ծրագրով հանդես եկար Հնդկաստանում: Հայաստանում այդօրինակ մեծամասշտաբ համերգով հանդես գալու մտադրություն չունե՞ս:

— Հայաստան գնալու մեծ ցանկություն ունեմ։«Կռունկ» նոր սկավառակը պատրաստելու նպատակով կատարել եմ նոր համադրություն ջութակի և թավջութակի համար, որը դարձել է մի պոլոֆոնիկ քառյակ՝ տենոր, դաշնամուր, ջութակ, թավջութակ:
Փետրվար ամսին, որ Երևանում էի և համերգներ ունեցա, հանդիպեցի Երևանի օպերային նվագախմբի մի քանի անդամների հետ և փորձեցինք ստեղծագործությունս: Իրենք դա«նոր ձեռագիր» որակեցին։
Կարևոր նպատակներիցս մեկն այն է, որ կարողանամ այդ ծրագիրը Երևանում բեմադրել։ Հուսամ, մոտ ապագայում հնարավորություն կունենամ հովանավորներ գտնել։

— Հաճախ ես լինում Իրանում համերգով, հայտնի ե՞ս այնտեղ:

— 2016 թվականի հունվարին, Թեհրանի հանրահայտ«Ռուդաքի» դահլիճում բեմադրել եմ«Կռունկ» ծրագիրը: Դա առաջին անգամն էր, որ Իրանում մի հայ երգիչ հայերեն լեզվով կատարել է նման՝ մեծ և ամբողջական, ծրագիր: Այդ ծրագրի հանդիսականների ութսուն տոկոսը պարսիկներ էին: Այնտեղ խոսել և
բացատրել եմ երգերի իմաստի և նույնիսկ՝ Ցեղասպանության մասին: Այնուհետ հանդես եմ եկել տարբեր համերգներով, իսկ մայիսի 5-ին ունեցա մի շատ հաջող համերգ Թեհրանի հայ մարզամշակութային«Րաֆֆի» համալիրի մեծ սրահում: Մոտ ապագայում երգելու եմ Թեհրանի արվեստի համալսարանում և կոնսերվատորիայում:

— Ի՞նչ երաժշտություն ես լսում, երբ մենակ ես կամ ո՞ր կատարողներին ես գերադասում:

— Որքան էլ տարօրինակ թվա, երբ ես մենակ եմ երաժշտություն չեմ լսում, այլ հաճույք եմ ստանում լռությունից և լռության մեջ խորասուզվում եմ խոհերով, ականջս սրում, փնտրում եմ լռության գաղտնի պատգամները և մրմնջալով՝ դրանք փոխադրում եմ մեր աշխարհ:

— Ի՞նչ ծրագիր ունես մոտ ապագայում:

— Շուտով համերգ եմ ունենալու Թեհրանի արվեստագետների տանը: Այն բաղկացած է լինելու երկու մասից. առաջինը կլինի ընտրանի իմ հայկական գործերից, «Կռունկ»՝ հայկական դասկան երգեր անցյալ երեք դարերից, իսկ երկրորդ մասը լինելու է ընտրանի իմ պարսկերեն գործերից՝ «Գոֆթոգու», որ թարգմանվում է՝ զրույց։ Այն իր մեջ ներառում է բաժիններ պարսկական հազար տարվա պոեզիայից, որի երաժշտությունը ես եմ գրել։ Նպատակ ունեմ, այս ձեռնարկով պարսիկներին մոտեցնել ու ծանոթացնել հայկական երաժշտությանը:
Մոտ ապագայում գնալու եմ Հունաստան՝ հայկական համերգով, Հնդկաստանում համերգ պիտի ունենայի, որը հետաձգել եմ մինչև աշուն, որովհետև Իրանում ունեմ համերգի ու նաև դասավանդելու ծրագիր:
Հունիս ամսին մեկնելու եմ Վիեննա, հուլիսին լինելու եմ Հոլանդիայում և ցանկություն ունեմ, մոտ ապագայում համերգ ունենալ նաև Մոսկվայում:

— Եվ«Ժամ» ամսագրի ավանդական հարցը. ո՞րն է կյանքիդ կարգախոսը։

— Ինչպես երաժշտությունը, այնպես էլ կյանքն ինձ համար խաղ է... Վերջերս մի տաղ եմ գրել, կարծում եմ տեղին է այն հիշել.
«Զգույշ եղիր այդ փոքրիկ մանուկին,
Որ քո մեջ ապրում է կրկին:
Թույլ տուր զարգանա, աճի, մեծանա, 

Գիտակցի, լիանա, մշակվի, զորանա:
Կյանքը փորձելով՝ հեռատես դառնա,
Սերը ճանաչի ու գերին դառնա,
Դարձնի ուրիշին իր սիրո գերին,
Հաղթի ու հաղթվի, բայց չքարանա:
Ամեն ինչ կանցնի կդառնա փոշի,
Որի հետ քամին կխաղա կրկին:
Կյանքը մի խաղ է, թող խաղանք սիրով,
Մանուկների պես թող լինենք անկեղծ»:

Զրուցեց Աննա Գիվարգիզյանը: Երևան, «Ժամ» ամսագիր, աշուն 2012 թ.