Փողոցում, հասարակական վայրերում, մեր շենքում, գյուղերում կամ ՖԲ-ում շատ լավ մարդկանց ես տեսնում ու ճանաչում: Շատ հաճախ բոլորին ուզում ես ասել՝ բարև լավ մարդիկ, ո՞նց եք էսօր:
Գիտունիկ ստիցներից կազմված, կաբինետներում աճեցված ծառաներից բաղկացած մի մեծ բանակ է բուսնել: Վերջիններիս գլխին կանգնած՝ շեֆ, ձյաձ, կամ Գեդևոն Շմավոնովիչ աշխատող ղեկավարների մի շատ կազմակերպված հավաքական փունջ կա մեր մեջ, ովքեր արդեն հոգնեցրել են անգամ իրենց տնեցիներին: Ովքեր արդեն երեսուն տարի նո՜ւյն մեթոդներով, նո՜ւյն տերերի հովանու ներքո՝ շարունակում են կառավարել (քաղաքականություն) անունով այս գավառական թատրոնը:
Մենք շատ վաղուց պետք է հայրենիք հրավիրեինք՝ աշխարհի լավագույն հայ մասնագետների՝ տարբեր բնագավառներից, աշխարհաքաղաքական տարբեր հայացքներ ունեցող, բոլոր աշխարհամասերից և հատընտիր: Որպեսզի գիտա-քաղաքական, հայաստանակենտրոն և հայանպաստ կառույց ստեղծվի. համայն հայությունը պետք է նույն երգը կարողանա երգել, այն էլ անթերի: Այսօրվա միջոցներով և կոմունիկացիոն հնարավորություններով, ամեն բան հնարավոր է, եթե գիտես ինչ ես ուզում, ինչի համար ես ուզում և ինչ որակի: Միայն համայն հայությամբ և կազմակերպված է հնարավոր հաղթահարել ազգային բոլոր բացերը: Աշխարհաքաղաքական ցանկացած խնդիրներ հնարավոր է հաղթահարել, միայն ամբողջական լինելու դեպքում: Մեզ հարկավոր է, դեռ ոտքի կանգնենլ, իսկ հետո զորեղանալ: Այս ամենը հնարավոր է միայն մեր միասնական աշխատանքով:
Հայաստանը պետք է դառնա այն փեթակը, որտեղ պետք է հավաքվի ամբողջ հայության մեղրը և օգտագործվի ողջ հայության համար: Ցավոք, այսօր գորշ արջը մեղրի ցանկացած կաթիլ լափում է, իսկ քաղցրի մնացորդը՝ եղած մեղուները տանում լցնում են այլ փեթակների մեջ, սեփական փեթակը դատարկ թողնելով: Մեր հետսովետական ջոջերին հարկավոր էր ի սկզբանե միայն դրա մասին մտածել, բայց նրանք ՍՍՀՄ-ից էին, իսկ կենտրոնը, կարծում եմ, ուղղակի արգելեց, շեղեց՝ այլ խնդիրներ առաջ բերելով: Սփյուռքահայությունը զգուշորեն եկավ ու փոշմանեց, որովհետև շատ արագ բոլորը հասկացան, որ կտուր հասկացողությունն ու պետությունը`տարբեր բաներ են և ունեն տարբեր գրպաններ: Ցավալի է, բայց ամեն բան դարձավ քավոր-սանիկայնին, կիսա-գողական ու կլանային, բողչա-բողչա բանվորագյուղացիական, կապիտալիստական սովետականություն:
Այսօր դարձել ենք, մի կողմից ինքներս մեզ հաղթահարել ցանկացող, փողոց փակող, մյուս կողմից՝ սեփական գրպանին աղոթող կամ օտարին ավելի շատ վստահող բազմություն:
Ես շատ բան չեմ հասկանում: Արդեն վաղուց՝ չեմ հասկանում, թե ով ում բարեկամն է, ով ում՝ ծառան կամ ստրուկը: Բայց մի բան ակնհայտ է, եթե սուվերեն լինելու, ինքնամաքրվելու, ինքնուրույն ծրագրավորելու և առաջ գնալու համար արագություն չհավաքենք՝ դատապարտված ենք դառնալ գավառական տիկնիկային թատրոն: