«Ոսկե ծիրան». 15×15
Загрузка
X


«Ոսկե ծիրան». 15×15

Кинотеатр / Ежедневник / 20.07.2018

«Ոսկե ծիրան». 15×15

Տասնհինգ կարծիք` տասնհինգամյակին. Երևանի «Ոսկե ծիրան» կինոփառատոնը 15 տարեկան է։ Այդ առիթով «Ժամ»-ը որոշեց իմանալ հայկական միջազգային կինոփառատոնի մասին 15 կինոգործիչների և կինոյի սիրահարների կարծիքը։ Հարցը նույնն է` ի՞նչ են մտածում «Ոսկե ծիրանի» մասին և ի՞նչ կմաղթեին։ Իսկ փառատոնի կազմակերպիչներին հարցրեցինք նաև այս մեծ կինոնախագծի ձեռքբերումների մասին։ 

  1. Վիգեն Չալդրանյան, կինոռեժիսոր, դերասան

Ես տասնհինգ տարի նույն բանն եմ մտածում` «Ոսկե ծիրանը» մեր գլխավոր միջոցառումներից մեկն է. կինեմատոգրաֆիստները համախմբվում են այս երևույթի շուրջ, շփվում աշխարհի վարպետների հետ։ Փառատոնին ցուցադրվող ֆիլմերը կարող ես 6 ամիս անց նայել համացանցով, բայց նույնը չի, երբ նայում ես մեծ էկրանից ու շփվում այն ստեղծող մարդկանց հետ։

 

Ամենակարևորը` «Ծիրանը» բերեց կինոմթնոլորտ, որովհետև ամեն ինչ ծնվում է մթնոլորտից, եթե դա չկա, կան անհատներ, իսկ դպրոց ասվածը` ոչ, մթնոլորտն է ծնում դպրոց, արտադրություն, ձգտում, այն խթանող մեծ ուժ է։ Երբ կա մթնոլորտ, նաև առաջին ատյանի այրերն են ուշադրություն դարձնում։

 

Ամեն տարի մենք ունենում ենք այդ մթնոլորտը, երիտասարդ կինոգործիչները կարողանում են շփվել, շատ տեղեկություններ քաղել և ձգտում են մեծ վարպետների սահմանած չափանիշերին, որովհետև կինոն իր ժամանակի արվեստն է։ Կինոն ինչ-որ տեղ տարեգրություն է, պետք է կարողանաս ժամանակից հետ չմնալ։ Տասնհինգ տարի ես ասում եմ` շնորհակալ եմ «Ոսկե ծիրանի» կազմակերպիչներին, որ տարին մեկ անգամ մեզ պարգևում են այս կինոտոնը։

 

Մնում է ցանկանալ փառատոնին հարատևություն, որ այն անսահման լինի, որովհետև, տեսեք, տարբեր երկրներում 78-րդ կամ որերորդ ամենամյա մրցանակաբաշխությունն է տեղի ունենում, ինչո՞ւ մենք`հայերս էլ չունենանք։ 15 տարին դեռ ոչինչ է։

Հովանավորները, պետական այրերը պետք է գիտակցեն փառատոնի կարևորությունը։ 

  1. Միքայել Դովլաթյան, կինոռեժիսոր, դերասան

 «Փառատոն» բառի մեջ արդեն իսկ կա «տոն»-ը, այն ուրախություն է բոլորի համար` հանդիսատեսի, այն մարդկանց, որոնք աշխատել ու ֆիլմ են ստեղծել, նրանց, ովքեր մասնակցում են մրցութային ծրագրերին և մրցանակներ ստանում, ովքեր կազմակերպում են, նաև` քաղաքի համար։ Այսքան մեծ մարդիկ են գալիս, սիրում են Երևանը, հրավիրում են ուրիշների։ Առանց այդ տոնի չի լինի փառատոն հասկացությունը։

 

Ես ինքս կազմակերպիչներից մեկն եմ, այնպես որ ինքդ քեզ որևէ բան մաղթելը դժվար է։ Բոլորին հրավիրում եմ, որ գան, դիտեն։ Ես «Հայկական համայնապատկեր» անվանակարգի ժյուրիի նախագահն եմ, ու պիտի ասեմ. հրաշք ֆիլմեր կան, շատ լավ երիտասարդություն ունենք։ 

  1. Արսինե Խանջյան, դերասանուհի

«Ոսկե ծիրանը» շատ մեծ նշանակություն ունի Հայաստանի համար, որովհետև առաջին հերթին մի փառատոն է, լուրջ կինոյի պրոֆեսիոնալ մի ֆորում, որտեղ ներկայացվում են աշխարհի տարբեր երկրների լավագույն կինոնկարները, գալիս են լավագույն ռեժիսորները։ Փառատոնը մրցութային բնույթ ունի, և ժյուրիի անդամները միշտ աշխարհահռչակ անհատներ են` կինոռեժիսորներ, դերասաններ, պրոդյուսերներ։ «Ոսկե ծիրանը» 15 տարվա ընթացքում կարողացել է իր տեղը գտնել իբրև համաշխարահային նշանակության փառատոն։ Դրանով հանդերձ` փառատոնի ամենահետաքրքիր արժեքներից է այն, որ ներկայացնում է Հայաստանը` իբրև մշակույթ։

 

Մաղթում եմ նախևառաջ շարունակականություն։ Նաև մաղթում եմ, որ Հայաստանում հնարավոր լինի զարգացնել նաև արվեստի մյուս տեսակները, որ այս փառատոնի հետ միասնաբար մեր մշակույթը տանենք դեպի աշխարհ, բոլոր հորիզոններ։ Կփափագեի, որ մշակույթի նախարարությունը, կառավարությունը առաջնահերթություն դիտեն այս փառատոնը և օժանդակություն տրամադրեն շարունակական ձևով, որպեսզի ամեն տարի դրամահավաքի նոր գործողություն չսկսվի, որպեսզի կայուն ֆինանսավորում ունենալով` փառատոնը նաև անկախություն ունենա. մշակույթը միշտ անկախության կարիք ունի։

 

Մենք փակ տարիներ ենք ապրել, և այսօր նոր Հայաստան է: Ես կարծում եմ, որ հեղափոխությունը պետք է, մշակույթի համար սիմվոլիկ իրողությունից զատ, դառնա մի նոր գործնական իրողություն։ Եվ հուսամ` նաև Սփյուռքի մասնակցությամբ օժանդակություն կլինի, որ բոլոր մշակութային ձեռնարկներն առաջ մղվեն։

 

«Ոսկե ծիրանը» շատ կարևոր է նաև Սփյուռքում ապրող հայ կինոռեժիսորների համար, որովհետև Հայաստանը մեր հոգևոր հայրենիքն է։ Այն մեզ համար միայն սիմվոլիկ իրողություն չէ, այլ մի հարթակ, որտեղ կարող ենք առաջ տանել Սփյուռք – Հայաստան հարաբերությունները նաև մշակույթի մակարդակով։ Ուրեմն «Ոսկե ծիրանը» պետք է դառնա կարևոր, հետաքրքիր ծրագրերից մեկը ոչ միայն մշակույթի, այլ նաև տնտեսության, զբոսաշրջության ոլորտների համար, այսինքն` բոլոր նախարարությունները կարող են օգտվել մշակույթից, քանի որ այն ամենազորավոր երևույթն է, որ կարող է ներկայացնել երկիրը։                                                                                              

  1. Ռոման Բալայան, կինոռեժիսոր, սցենարիստ

Ես փառատոնի ամենամոլի երկրպագուն եմ։ Շատ փառատոներում եմ եղել, իմ կարծիքով` ԽՍՀՄ ամբողջ տարածում սա ամենահետաքրքիրն է. այսքան արտասահմանցի ոչ մի փառատոնի չի գալիս։ Ինձ նաև զարմացնում է այն, որ, չնայած անտանելի շոգին (ես տանել չեմ կարող շոգը), նրանք ամեն տարի գալիս են, նորից են գալիս իմ ժողովրդի մայրաքաղաք և ֆիլմեր են բերում։ Այստեղ ծանոթանում եմ Սթելինգի ու մյուսների հետ։ Ուրախանում եմ, որ Հայաստանում նման բան կան։

 

Հաճախ կատակով ասում եմ, որ վաղուց պետք է Հարութի (Հարություն Խաչատրյան) բրոնզե կիսանդրին կանգնեցվի այս քաղաքում։ Ամեն տարի գալիս եմ` անիծելով եղանակը։ Կինս ասում է` շոգին չես դիմանում, ինչո՞ւ ես գնում, պատասխանում եմ` այո՛, բայց...

Կցանկանայի, որ ոչ ոքի մտքով հանկարծ չանցնի կանգնեցնել փառատոնը կամ կրճատել հովանավորների քանակը։ Ուզում եմ, որ ի հայտ գան նոր հովանավորներ, որ ամեն ինչ ավելի լավանա, թեև առանց այդ էլ հիանալի փառատոն է, բայց ավելի լավը դառնա, լավը սահման չունի։ 

  1. Անահիտ Աբադ, կինոռեժիսոր

Այս օրերին շատ եմ կրկնել, բայց սիրում եմ կրկնել` շնորհավորում եմ բոլորիս, որ փառատոնը 15-ամյակն է բոլորում։ Կարծում եմ, որ թեև երիտասարդ է, բայց բավականաչափ հաջողված է և կազմակերպված։ Աշխարհում քիչ փառատոներ կան, որ նման ֆիլմեր ու կարկառուն դեմքեր են մեկ շաբաթ համախմբում։ Կինոփառատոնը մեծ նշանակություն և դերակատարություն ունի յուրաքանչյուր երկրի կինոյի զարգացման համար, և «Ոսկե ծիրանը» շատ լավ է կատարում այդ դերը։

 

Կմաղթեմ, որ «Ոսկե ծիրանում» ավելի շատ հայկական ֆիլմեր լինեն, Հայաստանում ավելի շատ ֆիլմ արտադրվի, ավելի շատ կինոսրահներ աշխատեն։ Փափագում եմ, որ Հայաստանում մարդիկ տոմս գնեն ու գնան կինո, ոչ թե սպասեն, որ իրենց հրավիրեն։ Դա շատ կարևոր է, որովհետև կինոն տնտեսություն է նաև, և այդ անիվը պետք է պտտվի։ Բայց նաև մեկ նուրբ երազ եմ փայփայում, որ «Այրարատ» կինոթատրոնը (նախկին «Ռոսիան») դառնա «Ոսկե ծիրանի» պալատը, սրահները նորոգվեն, աշխատեն։ «Ոսկե ծիրանը» կունենա իր պալատը, ինչպես ունեն աշխարհի լավագույն փառատոները։ Նման համալիրը մեզ, մեր երկրին ու կինոյին հաստատ պատիվ կբերի։ 

  1. Ռաֆայել Քոթանջյան, դերասան

«Ոսկե ծիրանը» երբ ստեղծվում էր, մենք ասում էինք, թե կինո չունենք, փառատոնն ինչի՞ համար է։ Պարզվեց, որ փառատոնը կինո ծնելու հնարավորություն է ստեղծում, որովհետև այս ընթացքում բավականին հետաքրքիր ֆիլմեր ծնվեցին մեր երկրում, որի համար երախտապարտ եմ ենք փառատոնին։

 

Մաղթում եմ, որ «Ոսկե ծիրանը» լինի երկարատև, հնարավորինս հագեցած լինի նոր ֆիլմերով և հայկական ֆիլմերով։ 

  1. 7. Կիրիլ Ռազլոգով, կինոգետ

Շատ լավ է, որ չնայած Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոթորիկներին, փառատոնը «կանգուն մնաց», պահպանեց իր կարգավիճակը։ Փառատոնի աշխատակիցների կազմն է երիտասարդացել, ինչը շատ հաճելի է։ Ընդհանուր առմամբ փառատոնը լավ անցավ, բոլոր դժվարությունները հաղթահարվեցին։

 

Հույս ունեմ, որ «Ոսկե ծիրանը» լավ ապագա կունենա, հասկանալի դժվարությունները կմնան անցյալում, և նրա դիրքն ավելի կայուն կլինի, այնպես կայուն, ինչպես համաշխարհային փառատոներինը` փառատոնային համատեքստում։ 

  1. Էրիկ Նազարյան, կինոռեժիսոր, սցենարիստ

Ես շատ եմ սիրում այս փառատոնը, սա իմ տունն է, գալիս եմ, տեսնում իմ բարեկամներին, որ այդպես նվիրված աշխատում են, այդքան մարդկանց տարբեր երկրներից բերում են և ամեն ամառ Երևանը սարքում կինոյի ՄԱԿ։ Ինձ համար դա հիանալի է, ես միշտ կանգնած եմ նրանց կողքին։

 

Կցանկանամ, որ մեր ռեժիսորները, սցենարիստներն ավելի շատ կարողանան իրականացնել իրենց երազանքները, և մենք էլ կարողանանք մի դեր կատարել որպես եղբայր, հայրենակից, կինոյի գիժ, միշտ իրենց կողքին կանգնած լինենք և օգնենք այս երազանքները իրականություն դարձնել, որովհետև Հայաստանն ունի կինոմշակույթ, բայց չունի կինոարտադրություն։ 

  1. Արայիկ Հարությունյան, ՀՀ կրթության և գիտության նախարար

Շատ կարևոր փառատոն է, որովհետև հետաքրքիր մարդկանց ենք հյուրընկալում, դրանից մեր մշակութային կյանքն ավելի հարուստ է դառնում, Հայաստանն ավելի ճանաչելի է դառնում, կինոոլորտին ավելի մեծ ուշադրություն է դարձվում։ Շատ դրական կողմեր ունի։ Պետք է առավելագույնն անենք, որ պահպանենք այն, ինչ ունենք, և զարգացնենք, որպեսզի ավելի շատ լավ ֆիլմեր ներգրավենք։ Պետք է աշխատենք։

 

Ոչինչ չեմ ուզում մաղթել, գիտեմ, որ այս ոլորտը լավ է զարգանալու։ 

  1. Միքայել Պողոսյան, դերասան, ռեժիսոր 

«Ոսկե ծիրանը» հեղաշրջում արեց հայկական կինոյի վարկանիշի առումով, քանի որ փառատոնի շնորհիվ նախ` Հայաստանը սկսեց գովազդվել որպես կինեմատոգրաֆիստական երկիր, և հետո` անցուդարձ` կապված «Ոսկե ծիրանի» հետ։ Դա բոլորիս համար մեծ պատիվ է և շնորհ, որովհետև այլ պարագայում դժվար թե կարողանաս համաշխարհային մեծ երևույթների հետ հանդիպել, նստել ու սուրճ խմել, կարծիք կիսել։ Շատ եմ կարևորում «Ոսկե ծիրանը», իհարկե, միշտ կարելի է ավելի լավ կազմակերպել, ոչինչ չի վրիպում մեր աչքից, բայց մենք բարի կամեցողի աչքով ենք նայում, և բոլորս պատրաստ ենք օգտակար լինել, եթե ինչ-որ խնդիր կա կամ գործակցելու ցանկություն։

 

Ցանկանում եմ, որ հայկական կինոն ավելի շատ գովազդվի, որ հիմնական մրցույթային ծրագրում անպայման ընդգրկվի որևէ հայկական ֆիլմ, և դա սկզբունքային մոտեցում լինի։ Ոչինչ, որ մրցանակ չշահի, բայց թող լինի հայկական ֆիլմ։ Դա կարևոր է, որովհետև ի վերջո մենք պետք է մեր դեմքը ցույց տանք։ 

  1. Զավեն Խաչիկյան, լուսանկարիչ

«Ոսկե ծիրանը» զբոսաշրջությանը, երկրի բրենդին նպաստող մեծ բաղադրիչ ունի, նաև` կրթական բաղադրիչ։ Կինոգործիչների համար դա մեծ խթան է, նրանց տալիս է մեծ էներգիա` կինոմտածողության, ապրելու, շնչելու, հարաբերվելու։ Մեզ մոտ կրթական համակարգը մի քիչ հետ է ընկել, երիտասարդները դեռ պատրաստ չեն թեկուզ մեկ օրվա վարպետության դասերից քաղելու առավելագույնը։ «Ոսկե ծիրանն» իր գործն արել է, կրթական համակարգը պետք է մտածի` ինչ անել։ Հիմա արդեն կինոյի համար լավ ժամանակներ են։

 

Փառատոնին կմաղթեի զարգացում։ Դա տարբեր ձևով կարող է լինել, օրինակ` հրավիրված ռեժիսորները կարող էին 5 րոպեանոց ֆիլմ նկարել երիտասարդների հետ, դա կնպաստեր երկրի վարկանիշին և զարգացում կապահովեր, ջահելները CV կունենային, կինոգործիչը կկապվեր այս երկրի հետ, մենք էլ կունենայինք կինո։ 

  1. Ասղար Ֆարհադի, ռեժիսոր

Իրանը և Հայաստանը մոտ են աշխարհագրական առումով, երկար ժամանակ ցանկանում էի գալ, ինձ հետաքրքիր էր Հայաստանը։ «Ոսկե ծիրանում» ինձ գրավեց այն, որ ձևական բաներ չկային, կար երիտասարդություն, շփում, և ես այդ մթնոլորտում ինձ հանգիստ էի զգում։ Հաճելի ճամփորդություն էր, այստեղ պաշտոնական հավաքներ, շքեղություններ չկային, միայնակ կարող էիր քայլել փողոցում, շփվել մարդկանց հետ։ Ինձ համար փառատոնի յուրահատուկ կողմերից էր ֆիլմերի անվանակարգերի բազմազանությունը, դա մարդկանց թույլ էր տալիս ընտրել, թե որ ֆիլմն են ցանկանում դիտել։ Մյուս լավ կողմը տարածքի փոքրությունն էր, շփվելու հնարավորությունը։

 

Առաջարկս է, որ փառատոնը մնա այս ֆորմատով և չնմանվի հայտնի փառատոներին։ 

  1. Թամարա Ստեփանյան, կինոռեժիսոր

Իմ քայլերը կինոյում սկսել եմ այս փառատոնում, սա կարևոր տարածք է, հայ և օտարազգի ռեժիսորները կարող են այստեղ իրենց ֆիլմերը ներկայացնել։

 

Փառատոնը զարգանում է, բայց պահպանում է իր գողտրիկ ձևաչափը, կարծում եմ` դա պետք է հետագայում էլ պահպանել։ Քայլում ես փողոցով, ու կողքիդ քայլում է Քիառոսթամին և բարևում է... Դա շատ կարևոր է, կարևոր է բոլոր կինոգործիչների համար։ 

  1. Արայիկ Մանուկյան, «Հայեր» մեդիահարթակի գլխավոր խմբագիր

«Ոսկե ծիրանը» խորը մշակութաբանական երևույթ է դարձել մեզ համար, որովհետև տարիներ առաջ, երբ «Ծիրանը» սկսվում էր, Հայաստանում հեղինակային կինոյի մասին գրեթե պատկերացում չկար, երբ ցուցադրվում էին Զայդլի ֆիլմերը, դահլիճի 70-80 տոկոսը դուրս էր գալիս, իսկ երեկ Զայլդի ֆիլմի ժամանակ ամբողջ դահլիճը լիքն էր։ Այժմ նաև լեփ-լեցուն է դահլիճը վարպետության դասերի ժամանակ, բոլորը երիտասարդներ են, որոնք Շոն Բեյքերի կամ Արոնոֆսկու հետ խոսում են նախ` իրենց լեզվով և շատ խելոք հարցեր են տալիս հենց նրանց կինոյից։ Այսինքն` 15 տարում դաստիարակվեց մի սերունդ, որը հնարավորություն ունեցավ առանց Երևանից դուրս գալու, Կանն, Վենետիկ կամ այլ վայր գնալու նայել այդ ֆիլմերը «Ոսկե ծիրանի» ժամանակ։ Փառատոնի ազդեցությունը զգացվում է նաև Հայաստանում նկարահանվող կինոյի որակի վրա։ Փառատոնը Հայաստանը աշխարհում ճանաչելի դարձնելու շատ մեծ միջոց է. երբ Արոնոֆսկին կես բառ է խոսում Երևանի, «Ոսկե ծիրանի» մասին, դա մեծ ազդեցություն է ունենում։

 

Ես կցանկանայի, որ մեր պետությունը լուրջ մշակութային քաղաքականություն ունենա, հասկանա փառատոնի նշանակությունը, և մշակութային քաղաքականության հիմնական կետերից մեկը լինի այս փառատոնը։ Սա կինոկրթություն է, մշակույթ, հայկական կինոյի մշակույթ, կինոյի արտադրություն և զարգացում։ Կցանկանայի, որ փառատոնի առջև չլինելու վտանգ երբեք չլիներ։ 

  1. Սուսաննա Հարությունյան, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն

Փառատոնի ձեռքբերումները բազմաթիվ են։ «Աճեցրել» ենք հանդիսատես, մենք մոտ 30-40 հազար հանդիսատես ենք ունենում ամեն տարի մեր բոլոր միջոցառումներում։ 15 տարվա ընթացքում Երևան են եկել Եվրոպայում ցուցադրված փառատոնային լավագույն ֆիլմերը։ Հայաստանը չունի ֆիլմերի նորմալ դիստրիբուցիա, և մենք ստանձել ու կատարում ենք այդ առաքելությունը` ոչ կոմերցիոն ֆիլմերն այստեղ բերելու, ներկայացնելու, թարգմանելու։ Մենք նաև հանդիսատեսին ենք սովորեցնում նոր մշակույթ. ֆիլմեր դիտել բնագրով ու ենթագրերով։

 

Հռչակավոր ռեժիսորները դարձել են «Ոսկե ծիրանի» ոչ միայն դեսպաններ, այլև բարեկամներ. մեր հյուրերից շատերը նշում են, որ «Ոսկե ծիրանի» վարկանիշը բարձր է մասնագիտական շրջանակներում։ Շատերն են լսել և պատրաստ են գալ «Ոսկե ծիրան», եթե ժամանակին նրանց հետ կապ հաստատվի։ Ձեռքբերում է նաև երիտասարդ թիմը, որ հավաքվել է մեր շուրջը, երիտասարդ պրոդյուսերներ, ռեժիսորներ, որոնց համար «Ոսկե ծիրանը» դարձել է կայացման, վերելքի հարթակ։ 

 

Տիգրանուհի Ներսեսյան, Երևան