Լեզվի կոմիտեի նոր հորդորակը «որպեսզի» և «որ» շաղկապների գործածության մասին
Загрузка
X


Լեզվի կոմիտեի նոր հորդորակը «որպեսզի» և «որ» շաղկապների գործածության մասին

Наследие / 06.11.2018

 

Որ շաղկապը կարող է արտահայտել մեկնական, նպատակի, պայմանի, պատճառի, ժամանակի և այլ իմաստներ:

Ի տարբերություն որ-ի՝ որպեսզի-ն ունի միայն նպատակի իմաստ, այսինքն՝ գլխավոր նախադասությանը կապում է նպատակի պարագա երկրորդական նախադասություն: Որպեսզի-ի նպատակի իմաստն ընկալելի է նույնիսկ խոսքից դուրս:

Ինչպես տեսնում ենք, այս շաղկապների գործառույթները համընկնում են մեկ դեպքում. երբ գլխավոր նախադասությանը միացնում են նպատակի պարագա նախադասություն: Այստեղից կարող ենք հետևություն անել. որ շաղկապը որպեսզի-ին կարող է փոխարինել գրեթե բոլոր դեպքերում, իսկ որպեսզիոր-ին միայն այն դեպքում, երբ երկրորդական նախադասությունը նպատակի պարագա է:

Վերջին ժամանակներս ոմանք խուսափում են որ շաղկապը կիրառելուց՝ մտածելով, թե որպեսզի-ն պաշտոնական ոճին առավել պատշաճ է: Սա թյուր կարծիք է:

Զանգվածային տեղեկատվության միջոցներում, պաշտոնական խոսքում հաճախադեպ են որպեսզի-ի գործածության սխալները:                            Բերենք օրինակներ.

«Հարկային ու մաքսային մարմինները տարիներ շարունակ նպաստել են, որպեսզի որոշ իշխանավորների բանկային հաշիվները գնալով մեծանան»:

«Կողմերից ամեն մեկը ցանկանում է թույլ չտալ, որպեսզի իր իրավունքները խախտվեն»:

«Նախընտրելի է, որպեսզի թեկնածուն լինի այն համայնքից, որի ղեկի համար պայքարում է»:

«Նա պնդում է, որպեսզի նոր սահմանադրության նախագծի մեջ ամրագրվի այդ դրույթը»:

«Ժամանակն է, որպեսզի մենք ինքներս մի րոպե կանգ առնենք»:

Որպեսզի շաղկապը գործածության ճշտությունը կարելի է պարզել հարցով: Նպատակի պարագան պատասխանում է ինչո՞ւ, ինչի՞ համար, ի՞նչ նպատակով հարցերին: Բերված օրինակներում գլխավոր նախադասություններից հետո չենք ասի՝ ինչո՞ւ (ի՞նչ նպատակով, ինչի՞ համար): Այլ՝

«…նպաստել են (ինչի՞ն), որ նրանց բանկային հաշիվները գնալով մեծանան»:

«…ամեն մեկը ցանկանում է թույլ չտալ (ի՞նչ), որ իր իրավունքները խախտվեն»:

«Նախընտրելի է (ի՞նչը), որ թեկնածուն լինի այն համայնքից, որի ղեկի համար պայքարում է»:

«Նա պնդում է (ի՞նչ), որ նոր սահմանադրության նախագծի մեջ ամրագրվի…»:

«Ժամանակն է (ինչի՞), որ մենք ինքներս մի րոպե կանգ առնենք»:

Համոզվում ենք, որ այս օրինակներից ոչ մեկում երկրորդական նախադասությունը նպատակի պարագա չէ, և, բնականաբար, պետք էր գործածել որ շաղկապը:

Ահա այս նախադասություններում որպեսզի-ն ճիշտ է գործածված.

«ՀՀ քաղաքացիություն են ընդունել (ինչո՞ւ, ինչի՞ համար, ի՞նչ նպատակով), որպեսզի գոնե կենսաթոշակ ստանալու հնարավորություն ունենան»:

«Օգնենք նրանց (ինչո՞ւ, ինչի՞ համար, ի՞նչ նպատակով), որպեսզի կարողանան մոռանալ ողբերգությունը»:

Ինչպես ասվեց, որպեսզի-ի փոխարեն կարող է գործածվել նաև որ-ը. «Օգնենք նրանց, որ կարողանան մոռանալ ողբերգությունը»:

Նկատի ունենալով այս ամենը, որ և որպեսզի շաղկապների առանձնահատկությունները՝

ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ

երկրորդական նախադասությունը նպատակի պարագա լինելու դեպքում հավասարապես գործածել որպեսզի կամ որ շաղկապները. երկրորդական նախադասությունը նպատակի պարագա չլինելու դեպքում գործածել միայն որ -ը:   

ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ   

zham.ru