Գուրգեն Յանիկյան ՀԱՅԸ
Загрузка
X


Գուրգեն Յանիկյան ՀԱՅԸ

Наследие / Ежедневник / 20.01.2017

Լուսանկարը` «Ժամ» ամսագրի արխիվ
1984 թ. մարտի 1-ին «Նյու Յորք Թայմսը» «Բանտարկված հայը մահացել է» վերնագրով կարճ լուրով տեղեկացրեց. «Ազգությամբ հայ գրող և ճարտարագետ Գուրգեն Մկրտիչ Յանիկյանը, ով 1973թ. Կալի‎ֆոռնիայում սպանեց երկու թուրք հյուպատոսների, երկուշաբթի օրը բնական մահով բանտում կնքեց իր մահկանացուն: Նա 88 տարեկան էր: Սպանություն կատարելու համար նա 1973թ. հուլիսին դատապարտվել էր ցմահ բանտարկության»:
Մի քանի գրքերի հեղինակ Յանիկյանը 78 տարեկանում Սանտա Բարբարա քաղաքի «Բալթիմոր» հյուրանոցում հրազենի կրակոցներով սպանել էր Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոսին և նրա օգնականին` Մեհմեդ Բայդարին ու Բահադըր Դեմիրին` իր իսկ բառերով սկիզբը դնելով «հայ անհատի պատերազմը թուրքի դեմ»: Յանիկյանը, նախապես տեղյակ չպահելով իր հայ լինելու մասին, թուրք պաշտոնյաներին հրավիրել է հյուրանոց` նրանց միջոցով սուլթան Աբդուլ Համիդի պալատին պատկանող մի գեղանկար և երևելի մարդկանց ատորագրությունները կրող թղթադրամ թուրքական պետությանը նվիրելու նպատակով:
Բանտից ուղարկված ձայնագրության մեջ նա բացատրում էր, թե ինչու է դիմել նման քայլի. «Հայկական դատը ինձ համար մի հասկացողություն ունի` մեզանից գողացված ու թուրքին նվիրած մեր հայրենական հողերը հետ ստանալ: Մեր դատը գերեզման էր դրված ու պատրաստվում էին ծածկել մոռացության քողով: Որպես մի հայ անհատ ես չէի կարող ընդունել այդ: Պապերիցս ստացած արդարության ոգին իմ ներսում հրաբուխ դարձած դուրս ժայթքեց ու այրեց թաղումը կատարողների դեմքերը: Ու ես, տասնյակ տարիների մոռացության փոշուց մաքրելով Հայկական դատը, դրի մարդկության առաջ»:
 
1972 թ. աշնանը, թուրք հյուպատոսներին սպանելուց մի քանի ամիս առաջ, Յանիկյանը երկու շաբաթով այցելել էր Հայաստան, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանին նվիրել կորած համարվող վարպետի «Արևելյան ինտերյեր» նկարը:
 
Այդ այցի մասին հետագայում նա իր գրքերից մեկում գրել է. «Մի դեպք պատահեց Երևանում, որն ինձ փաստեց, որ իմ ընտրած ուղին ու ծրագրած գործողությունը ճիշտ են: Մի առավոտ վաղ էի արթնացել և նստած պատուհանի առաջ նայում էի դեպի Արարատը: Օրը պարզ ու սքանչելի էր: Նոր բարձրացող արևն իր ճառագայթներով լուսավորել էր մեր սրբության գագաթը, որը ծածկված էր ձյունով: Ամեն րոպե տեսարանը փոխվում էր, և կարծես արևի ճառագայթները շոյում էին նրա ձյունազարդ գագաթը, որը հազարավոր զանազան գույնի արտացոլումներով արևին վերադարձնում էր իրեն տված համբույրները: Հյուրանոցից ոչ հեռու փոքրիկ տնակներ կային: Բնակիչներն արդեն բակում էին և պատրաստվում էին գործի գնալ: Իմ ուշադրությունը գրավեց գլուխը շալով փաթաթած մի կին, որը մառանից դուրս էր քշում մի կով: Երբ կինը տեսավ փայլող Արարատի գագաթն ու արևի ճառագայթների արտացոլումը, մոռացավ իր կովը, հպարտությամբ բարձրացրեց գլուխը, նայելով դեպի լեռը` խաչակնքեց ու մի քանի վայրկյան սառած նայում էր տեսարանին: Մի՞թե այս մի փաստը բավական չէ հրամայելու աշխարհին, որ վերադարձնեն մեզ մեր լեռը: Այս տեսարանից հետո հասկացա, թե ի՞նչ է ամեն մի հայի համար նույնիսկ կոմունիստական Հայաստանում, մեր Արարատը»:
 
«Նպատակ և ճշմարտություն» գրքում Յանիկյանը մանրամասն նկարագրում է երկու թուրքերի սպանությունը. «Հանդեպ նրանց, որոնք ինքնակամ գալու էին ինձ տեսնելու, ես ոչ մի զգացում չունեի: Նրանք ինձ համար միջոց էին` հասնելու ցանկությանս: Եթե լինեին ուրիշները, ինձ համար տարբերություն չէր ունենալու: Զգացի, որ լալիս եմ: Արցունքները թափվում էին աչքերիցս առանց հեկեկանքի, բայց այդ խղճալու կամ տատանվելու արցունքներ չէին, այլ` կատաղության, որ դեպքերի ընթացքն այնպես դասավորեց, որ ես դիմելու եմ մի միջոցի, որին միշտ դեմ եմ եղել»:
 
Թուրք հյուպատոսներին հյուրանոցի սենյակում սպանելուց հետո, նա հանձնվում է ոստիկանությանը. «Քանի՞ անգամ կրակեցի և երկուսից որի՞ն, չեմ հիշում, միայն երբ վերջին իններորդը կրակեցի, երկուսն էլ արդեն գետնին էին ընկած: Ձեռքիս զենքը դնելով սեղանի վրա, վերցնելով Բրաունինգը և մոտենալով դիակներին` մի երկու-երկու փամփուշտ էլ ուղարկեցի գանգերին: Մոտեցա հեռախոսին, կանչեցի հյուրանոցի հեռախոսավարին և ասացի, որ ինձ միացնեն ոստիկանապետ Գարբենթրի հետ, որովհետև իմ սենյակում երկու դիակ կա»:
 
Սանտա Բարբարայում արձակված կրակոցները սկիզբը դրեցին հայ վրիժառության պայքարին` հայկական պահանջատիրության նոր փուլին: Յանիկյանը համարվում է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ՀԱՀԳԲ կամ ավելի տարածված է անգլերեն կամ ֆրանսերեն անվան հապավումով` ԱՍԱԼԱ` Armenian Secret Army for the Liberation of Armenia, Armռe Sռcrռt Armռnien pour le Liberation de l’Armռnie) հոգևոր հիմնադիրներից:
 
Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակը՝ ASALA-ն (Armenian Secret Army for the Liberation of Armenia) Գուրգեն Յանիկյանին համարում է իր հոգեհայրը:
 
1975-ի հունվարի 20-ին Բեյրութի Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գրասենյակի մոտ ռումբ պայթեց: Գործողության պատասխանատվությունը վերցրեց «Գուրգեն Յանիկյան զինվորական խումբը»։ Այս ռազմագործողության շարժառիթ էր հանդիսացել Եկեղեցիների համաշխարհային միության բեյրության գրասենյակի կողմից հիմնականում Միջին Արևելքից և Խորհրդային Հայաստանից հայերի արտագաղթը երրորդ երկիր, հատկապես՝ ԱՄՆ և Կանադա, կազմակերպելը։ Հենց այդ օրն էլ սկսվեց համարվել ASALA-ի պաշտոնական հիմնադրման օրը։ Հետագա ամիսներին և տարիներին՝ մինչև 1990թ. դեկտեմբերը, ASALA-ն աշխարհի տարբեր երկրներում իրականացրեց 300 զինյալ գործողություն, այդ թվում Արևմտյան Հայաստանում, Անկարայում և Ստամբուլում:

Հեղինակ՝ Աննա Գիվարգիզյան, «Ժամ» ամսագիր, 2017 թ․