Գուրգեն Յանիկյանի մասունքները ամփոփվեցին Եռաբլուրում
Загрузка
X


Գուրգեն Յանիկյանի մասունքները ամփոփվեցին Եռաբլուրում

Наследие / Ежедневник / 05.05.2019

2019 թ. մայիսի 5-ին Հայաստանում տեղի ունեցավ ASALA-ի (Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի) հոգեհայր Գուրգեն Յանիկյանի հուղարկավորությունը: Արարողակարգը կատարվեց Մայր Աթոռի երիցագույն միաբան Ոսկան արքեպիսկոպոս Գալփակյանի խնկարկման ներքո։

Յանիկյանի մասունքներն ամփոփվեցին Եռաբլուրի ASALA-ի նահատակների գերեզմանատանը։


Ներկա էր Յանիկյանի փաստաբանի` հանգուցյալ Հարի Յումենի կինը` Մարիա Յումենը, որն իր ամուսնու հետ եղել են Յանիկյան ընտանիքի հին հարազատները: Տիկինը Յումենը հաշվի առնելով ժամանակի միջազգայինքաղաքական իրավիճակը 35 տարի պահել է Յանիկյանի աճյունատուփը, որ հարմար պահի այն անվտանգ Հայաստան փոխադրելու համար:


1973 թ. հունվարի 27-ին Գուրեգեն Յանիկյանը թուրք հյուպատոս Մեհմեդ Բայդարին և փոխհյուպատոս Բահադըր Դեմիրիին հրավիրում է Կալիֆոռնիայի Սանտա Բարբարա քաղաքի «Բալթիմոր» հյուրանոց` աշխարհի տարբեր գործիչների ստորագրությամբ թուրքական հին դրամներ և Աբդուլ Համիդի սենյակից հանված մի կտավ նվիրելու համար: Հրավերը թուրքերն ընդունում են, քանի որ Յանիկյանը թաքցրել էր իր հայ լինելը:
78-ամյա Յանիկյանը թուրք դիվանագետների ուղղությամբ 9 փամփուշտ է արձակում և հանձնվում ոստիկանությանը: 
Հետագայում իր «Նպատակ և ճշմարտություն» գրքում Գուրգեն Յանիկյանը գրում է․ 
«Հանդեպ նրանց, որոնք ինքնակամ գալու էին ինձ տեսնելու, ես ոչ մի զգացում չունեի: Նրանք ինձ համար միջոց էին` հասնելու ցանկությանս: Եթե լինեին ուրիշները, ինձ համար տարբերություն չէր ունենալու: Զգացի, որ լալիս եմ: Արցունքները թափվում էին աչքերիցս առանց հեկեկանքի, բայց այդ խղճալու կամ տատանվելու արցունքներ չէին, այլ` կատաղության, որ դեպքերի ընթացքն այնպես դասավորեց, որ ես դիմելու եմ մի միջոցի, որին միշտ դեմ եմ եղել»:


Գուրգեն Յանիկյանը դատապարտվեց ցմահ ազատազրկման։ 1984-ի փետրվարի 10-ին բանտից փոխադրվեց հիվանդանոց, որտեղ և մահացավ 17 օր հետո։
Գուրգեն Յանիկյանի մահվան լուրն առաջին անգամ տպագրվել է «Նյու-Յորք Թայմս»-ում 1984 թ. մարտի 1-ի համարում՝  «Բանտարկված հայը մահացել է» վերնագրով:  
Բովանդակությունը հետևյալն էր․ 
«Ազգությամբ հայ գրող եւ ճարտարագետ Գուրգեն Մկրտիչ Յանիկյանը, ով 1973 թ. Կալի‎ֆոռնիայում սպանեց երկու թուրք հյուպատոսների, երկուշաբթի օրը բնական մահով բանտում կնքեց իր մահկանացուն: Նա 88 տարեկան էր: Սպանություն կատարելու համար նա 1973 թ. հուլիսին դատապարտվել էր ցմահ բանտարկության»:


Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակը Գուրգեն Յանիկյանին համարում է իր հոգեհայրը: 

1975-ի հունվարի 20-ին Բեյրութի Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գրասենյակի մոտ ռումբ պայթեց: Գործողության պատասխանատվությունը վերցրեց  «Գուրգեն Յանիկյան զինվորական խումբը»։ Այս ռազմագործողության շարժառիթ էր հանդիսացել Եկեղեցիների համաշխարհային միության բեյրության գրասենյակի կողմից հիմնականում Միջին Արևելքից և Խորհրդային Հայաստանից հայերի արտագաղթը երրորդ երկիր, հատկապես՝ ԱՄՆ և Կանադա, կազմակերպելը։ Հենց այդ օրն էլ սկսվեց համարվել ASALA-ի պաշտոնական հիմնադրման օրը։ Հետագա ամիսներին և տարիներին՝ մինչև 1990թ. դեկտեմբերը, ASALA-ն աշխարհի տարբեր երկրներում իրականացրեց 300 զինյալ գործողություն: