Հրանուշ Հակոբյան. «Արցախը մեր գոյության դարպասն է»
Загрузка
X


Հրանուշ Հակոբյան. «Արցախը մեր գոյության դարպասն է»

Неофициальный разговор / 08.07.2017

Հայաստանը, հայ իրականությունը՝ իր քաղաքական, սոցիալական, մշակութային չափումներով բազմակողմ ներկայացնելու մեր առաքելությունը կիսատ կլիներ, եթե չփորձեինք այդ ամենը ներկայացնել նաև պաշտոնական անձանց տեսանկյունից։

Մենք սկսում ենք նոր խորագիր, որտեղ պաշտոնատար անձանց հետ մեր զրույցները լինելու են որքան պաշտոնական, նույնքան էլ՝ ոչ պաշտոնական։ «Ժամ»-ին բնորոշ անկաշկանդ ու անմիջական ոճով փորձելու ենք խոսել ոչ միայն իրենց ոլորտի խնդիրների, Հայաստանի հեռանկարների, այլ նաև անձնականի մասին։

Խորագրի առաջին հյուրը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն է։ 

— Խորհրդային Միության տարիներին դպրոցում պարտադիր շարադրություն էին գրում «Ի՞նչ եմ երազում դառնալ» թեմայով, հետաքրքիր է, ի՞նչ եք գրել այդ շարադրության մեջ։

— Վեցերորդ դասարանում էի, երբ հայրս ասաց. «Աղջիկս մաթեմատիկոս պիտի դառնա»։ Դա կարծես կյանքի ծրագիր դարձավ. նման թեմայով բոլոր շարադրություններում գրում էի՝ մաթեմատիկոս եմ դառնալու։ Մայրս երազում էր, որ բժշկուհի դառնամ, բայց ես արյունից վախենում եմ, մարդկային ցավերն ինձ ցավ են պատճառում։ Ես միայն արտաքուստ եմ շատ խիստ, իրականում հոգով նրբազգաց եմ։ Իսկ մարդկային, ընկերական հարաբերություններում փոքր երեխայի եմ նման. մի տեսակ անպաշտպան եմ դառնում, ուզում եմ, որ ուրիշներն ինձ ղեկավարեն։ Այդպես էլ բժշկությունը չընտրեցի։ 

Ձեր մոր երազանքը, կարծեմ, Ձեր քույրը կատարեց։

— Այո՛, քույրս բժշկական հաստատություն է ղեկավարում։ Նա մենեջեր է և փայլուն է կատարում իր գործը։ Իմ առաջին մասնագիտությունը կիրառական մաթեմատիկան է (այն մեր երկրում նոր գիտություն էր 70-ականների սկզբին): Ի դեպ, Խորհրդային Միությունում կիբեռնետիկան համարվում էր «կեղծ գիտություն» և մերժվում էր, և միայն անցյալ դարի 60-ականներին այն վերջնականապես ընդունվեց։ Իսկ 70-ականների սկզբին Հայաստանում Սերգեյ Մերգելյանի գլխավորությամբ հիմնված գիտահետազոտական ինստիտուտում ստեղծվեցին առաջին հաշվիչ մեքենաները` Նաիրի, Հրազդան, Արաքս... Այս ամենն անչափ հետաքրքիր էր մաթեմատիկայով հետաքրքրվող ինձ նման երիտասարդի համար, ուստի ես ընտրեցի ոչ թե դասական մաթեմատիկան, այլ կիրառականը: 

Երբևէ չե՞ք փոշմանել:

— Երբե՛ք: Ես շատ ուրախ եմ, որ մաթեմատիկան ընտրեցի, մաթեմատիկական մտածողությունն ինձ շատ է օգնում։ Մի դեպք պատմեմ։ Երբ ընդունվեցի համալսարան, մի օր մայրիկիս հետ փողոցում դպրոցիս տնօրենին հանդիպեցինք, որը նաև իմ մաթեմատիկայի ուսուցիչն էր եղել: Երբ նա իմացավ, որ ընդունվել եմ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ, հակառակ ակնկալիքիս, թե կուրախանա, ասաց. «Մի՞թե կարելի էր այս երեխային մաթեմատիկայի ֆակուլտետ տանել»: Ես վիրավորվեցի, որ ուսուցիչս դեմ էր իմ ընտրությանը: Անցան տարիներ: Տնօրեն-ուսուցչիս հանդեպ հարգանքի հետ նաև ցավը պահեցի սրտումս։ Երբ արդեն Հայաստանի կոմերիտմիության Կենտկոմի առաջին քարտուղարն էի, նա մի օր եկավ ինձ մոտ։ Երբ նստեցինք դեմ-դիմաց, ասաց. «Աղջի՛կս, եկել եմ, որ ասեմ՝ վերջապես գտար քո տեղը... Մաթեմատիկան քեզ համար «նեղ» էր... դու պետք է հասարակական դեմք դառնայիր»: Ես ապշեցի. մարդը չէր մոռացել մեր հանդիպումը, երևի հասկացել էր, որ հոգիս խոցվել է: Հուզվել էի շատ, նաև հասկացա, թե ինչ է նշանակում լինել իսկական մանկավարժ՝ հետևողական սեփական սկզբունքներում և կանխատեսումներում: Ահա այսպես, մաթեմատիկայից անցում կատարեցի քաղաքական ոլորտ: Հասարակական-քաղաքական գործունեությունը ինձ հեռացրեց մաթեմատիկայի դասախոսի իմ սիրած աշխատանքից։ 

Ասացիք, որ մաթեմատիկան Ձեր առաջին մասնագիտությունն է, իսկ մյուսնե՞րը։

— Կոմերիտմիության կենտկոմում աշխատած տարիներին սովորել եմ Մոսկվայի հասարակական գիտությունների ակադեմիայում (1986–1989թթ.)։ Խորհրդային Միությունում քաղաքական բարձր պաշտոն զբաղեցնողը պետք է անպայման նաև քաղաքական կրթություն ստանար։

Հայաստանի անկախացումից հետո, լինելով Պառլամենտի ամենաերիտասարդ անդամներից մեկը, ակտիվորեն ներգրավվեցի օրենսդրական աշխատանքների կատարման մեջ։ Չնայած Խորհրդային տարիներին էլ պատգամավոր եմ եղել, սակայն այն ժամանակ օրենք ընդունելիս ավելի շատ «թարգմանիչ» էինք, քան օրենսդիր։ Օրենքները թարգմանվում էին ռուսերենից, կրճատվում էր այն ամենը, ինչը բնորոշ չէր Հայաստանին, և մենք առանց քննարկելու քվեարկում էինք: Բոլոր օրենքներն ընդունվում էին միաձայն։ Նոր պայմաններում պետք էր պետության օրենսդրական հիմքերը ստեղծել, պետք էր պետական ինստիտուտների կայացման իրավական օրենքներ ընդունել։ Իսկ դրա համար նաև իրավական գիտելիք էր անհրաժեշտ։ Եվ ես, առանց երկմտելու, ընդունվեցի և 1994 թ. ավարտեցի ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը։ Այնուհետև պաշտպանեցի թեկնածուական, իսկ 2006-ին՝ նաև դոկտորական թեզ՝ նվիրված ՀՀ պառլամենտին և պառլամենտարիզմին: Սերը կրթության և գիտության նկատմամբ մեր մեջ ներարկել են ծնողներս մանուկ հասակում։ Ուրախ եմ, որ նման կրթություն եմ ստացել։

Պետական կառավարման մեջ աշխատելու համար իրավաբանական գիտելիքներ են պետք, իսկ արդյունավետ կառավարելու համար՝ ֆորմալ մտածողություն: Տարիների ընթացքում նաև աշխատանքի մեջ եմ սովորում։ Մարդ պետք է ամեն օր սովորի: Սա է իմ քաղաքական և կրթական կրեդոն: 

Եթե չեմ սխալվում, պետական աշխատանքին զուգահեռ, նաև դասավանդում եք։

— Այո՛, դասավանդում եմ Երևանի կառավարման ակադեմիայում, իսկ շաբաթ և կիրակի օրերին՝ Գավառի պետական համալսարանում, որը, ինչպես ընդունված է ասել, «ցուրտ ու մութ տարիներին»՝ 1993 թ., հայրս է հիմնադրել: Պառամենտի և պառլամենտարիզմի մասին իմ մենագրությունը նաև ուսումնական ձեռնարկ է դարձել ուսանողների համար: 

Չե՞ք հոգնում։

— Ես հանգստանում եմ ուսանողների հետ: Լսարանն իմ ամենասիրած վայրն է։ «Անբավարար» երբեք չեմ նշանակում, դա հորիցս եմ սովորել... բայց ի պատիվ ուսանողներիս՝ պետք է ասեմ, որ միշտ «գերազանց» կամ «լավ» են ստանում։ 

— Ինչպե՞ս եք վերաբերվում քննադատությանը: Մամուլում այսօր հաճախ ենք հանդիպում
հոդվածների, որտեղ քննադատում են նախարարության աշխատանքը:

— Նայած ինչ քննադատություն: Գործնական, կառուցողական քննադատությունն օգնում է։ Բայց պետք է նաև գնահատել արվածը։ Երբեմն ասում են՝ նախարարությունը «մուրացկանություն» է անում։ Ի՞նչ վատ բան կա նրանում, երբ ասում եմ՝ ո՞ւր են մանթաշովներն ու լազարևները, դրսում ապրող և աշխատող հայ մեծահարուստները, թող գան, ներդրում կատարեն և աշխատեն հայրենիքում: Վա՞տ բան եմ ասում... Կամ առաջարկում ենք՝ «2–3 տարին մեկ ձեր հանգիստն անցկացրեք Հայաստանում»: Եթե հայ ես ու ընդամենն այստեղ հանգստանալով կարող ես օգտակար լինել հայրենիքին, ինչո՞ւ չանել: Որոշ լրագրողներ այս անչափ կարևոր հարցադրումները գլխիվայր շուռ են տալիս և աղմուկ բարձրացնում։ Դրանք ինձ ընդհանրապես չեն մտահոգում, քանի որ գիտեմ՝ դրանց հետևում չարամիտ մարդիկ են կանգնած, և հիմնականում մտացածին են։

Այնպիսի տպավորություն է այս օրերին, որ ամեն բան աշխատում եք ինքներդ անել, նույնիսկ մի շարք հանդիպումների, որ կարող էիք ներկա չգտնվել, անպայման մասնակցում եք: Չե՞ք վստահում Ձեր ենթականերին:

— Վստահության հարցը չէ, ես ինձ պատասխանատու եմ զգում ամեն բանի համար: Աստված մի արասցե՝ ինչ-որ բան այնպես չլինի։ Ես հետո երկար աշխատում եմ շտկել սխալը, հասկանալ պատճառը, որպեսզի այն նորից չկրկնվի։ Իմ գործընկերներն էլ ինձ հետ աշխատում են։ Սիրում եմ որակյալ գործը: 

Որո՞նք էին Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի արդյունքները:

— Նախ ուրախությամբ պետք է արձանագրել, որ այս հարթակը, որն ամենաըմբոստ, ամենազոր, ամենասուր մարդկանցից է բաղկացած, կայացել է։ Ութերորդ անգամ հավաքվել և այսքան խանդավառությամբ քննարկել ոլորտին վերաբերող հարցեր, արդեն արդյունք է։

Երկրորդ՝ լրագրողները հաստատում են մնայուն կապեր, ինչի արդյունքում տեղեկատվության փոխանակման հայկական հսկայածավալ ցանց է առաջացել։

Էական եմ համարում, որ այս համաժողովի ընթացքում ճշտվել են այն առաջնահերթ թեմաները, որոնց առաջիկայում պետք է անդրադարձ կատարեն հայկական բոլոր ԶԼՄ-ը։ Համաժողովին առանձնակի շուք հաղորդեց Արցախ այցելությունը, լրագրողների հանդիպումը սահմանին կանգնած մեր քաջ զինվորների հետ։

Կարևոր ձեռքբերում էր միասնաբար «Դու ի՛նչ ես անում Արցախի համար» շարժում սկսելը, որը մեծ թափ է ստացել սփյուռքյան համայնքներում։ Պատահական չէ, որ, այդ շարժումից ոգևորված, մենք 2017-ը հայտարարեցինք Արցախի տարի։ Ակնկալում ենք յուրաքանչյուր հայից անմիջական ներդրում ունենալ Արցախի զարգացման և առաջընթացի գործում։ 

Ո՞ր երկրում է առաջինը ստեղծվել սփյուռքի նախարարություն:

— Իհարկե՝ Իսրայելում: Նրանք սփյուռքի հարցերով զբաղվող երկու նախարարություն և մեկ գործակալություն ունեն: Մեր և հրեական սփյուռքը իրարից տարբերվում են նրանով, որ մեր սփյուռքն ու մեր երկիրը գրեթե միաժամանակ, զուգահեռ են ձևավորվել, իսկ հրեական սփյուռքն ինքն է ծնել իր պետությունը: Չմոռանանք, իհարկե, որ Իրանում, Եվրոպայում հայկական սփյուռքը դարեր առաջ է ստեղծվել: Օրինակ, 1604 թվականին Շահ Աբասը 300 հազար հայի դաժանաբար տեղահան արեց ու տարավ Նոր Ջուղա: Սպահանում այսօր գործում է մեր ամենակազմակերպված համայնքներից մեկը, իսկ մեր Ամենափրկիչ եկեղեցին, որը 350 տարեկան է, ես կդասեի աշխարհի հրաշալիքների շարքին: 

Աշխարհում շա՞տ կան պետություններ, որ ունեն Սփյուռքի նախարարություն:

— 26 տարբեր երկրներում գործում են Սփյուռքի նախարարություններ, 60-ից ավելիում՝ գերատեսչություններ, որոնք զբաղվում են սփյուռքի հարցերով: Ընդունված է ասել, որ այսօր աշխարհը «սփյուռքանում» է, նույնիսկ սկսել են խոսել ոչ թե պետությունների, այլ սփյուռքների մասին:

Սփյուռքի նախարարություն կա Խորվաթիայում, Ռումինիայում, Ֆրանսիայում... Երբ մեր նախարարությունն արդեն վերջնականապես ձևավորվել էր, ես իմ գործընկերներին հրավիրեցի Հայաստան: «Սփյուռքի հեռանկարները գլոբալացվող աշխարհում» խորագրով մեր կազմակերպած միջազգային համաժողովին մասնակցեցին 18 երկրի ներկայացուցիչներ: Արդյունքում ընդունվեց երևանյան հայտարարությունը, որտեղ առաջարկվում էր ՄԱԿ-ին կից ստեղծել աշխատանքային խումբ՝ սփյուռքի խնդիրներին իրավական հիմնավորումներ տալու և սփյուռքի մասին համատեղ հռչակագիր կամ կոնվենցիա ընդունելու համար: 

Որպես Սփյուռքի նախարար՝ այս բոլոր տարիների Ձեր ձեռքբերումների և բացթողումների մասին խոսենք: Ինչո՞վ եք հպարտանում և ինչի՞ համար եք ափսոսում:

— Հայաստանում գործող բոլոր նախարարությունները գրեթե 100 տարեկան են, իսկ մենք ընդամենը ութ տարի է, որ գործում ենք: Կրթության նախարարը փոխվում է, փոխվում է մոտեցումը, բայց դպրոցներն ու համալսարանները մնում են: Մշակույթի նախարարը փոխվում է, բայց թատրոնները, կինոթատրոնները, գրադարանները մնում են: Մոտեցումներն են փոխվում: Իսկ այս նախարարությունը մենք զրոյից ստեղծեցինք: Կառույց ստեղծելու համար երեք հիմնական բաղադրիչ է պետք` ֆինանսներ, կադրեր և վստահություն: Սկսվել էր համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը, և ֆինանսները շատ քիչ էին, սփյուռքը իմացող, սփյուռքի հիմնախնդիրները հասկացող պատրաստված կադրեր նույնպես չկային։

Բացակայում էր Հայաստանի նկատմամբ Սփյուռքի վստահությունը, քանի որ հրապարակի վրա էր հայ-թուրքական արձանագրությունների հարցը, որի պատճառով աշխարհասփյուռ հայությունն ըմբոստացել էր: Այս երեք «ոչ»-երի պայմաններում, այնուամենայնիվ, ստեղծվեց մեր նախարարությունը: Հպարտ եմ, որ մեր թիմով կարողացանք այնպես աշխատել, որ նախարարության նկատմամբ վստահությունն ավելացավ: Այսօր արդեն 6 համահայկական կազմակերպությունների հետ համատեղ ծրագրեր իրականացնելու համար համաձայնագրեր, հուշագրեր ենք ստորագրել, 91 մասնագիտական համաժողովներ ենք կազմակերպել, որոնց մասնակցելու համար 120 հազարից ավելի մարդ է եկել Հայաստան։ Մեր հայրենակիցները ծանոթացել են տեղի մասնագետների հետ, իրենց գիտելիքները, փորձը ի շահ Հայաստանին օգտագործելու ծրագրեր առաջարկել: Մեր նպատակը Հայաստան գումարներ բերելը չէ, դա «Հայաստան» համահայկական հիմնադրամն է անում, մենք գիտելիքներ, կապեր, հնարավորություններ ենք «բերում», որոնք կարող են նպաստել Հայաստանի հզորացմանն ու զարգացմանը:

Երբեմն, գործին լիարժեք տեղյակ չլինելով, մեզ անհիմն քննադատում են սիրիահայերի հետ տարվող աշխատանքների հարցում: ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Հայաստանի կառավարության աշխատանքն այս ուղղությամբ բերվեց որպես լավագույն օրինակ։ Դա նաև մեր նախարարության ձեռքբերումն է, քանի որ սիրիահայերի հարցերը ՀՀ Նախագահի հանձնարարությամբ Հայաստանում համակարգում է մեր նախարարությունը։

Մենք աշխատում ենք ոչ մի գործ կիսատ չթողնել, մարդկանց տված խոստումներն անպայման կատարել, այլապես Սփյուռքը մեզ չի վստահի: 

Դժվա՞ր է աշխատել սփյուռքահայերի հետ:

— Մեր ամենամեծ դժվարությունը, ի տարբերություն մյուս նախարարությունների, այն է, որ կառույցները, ում հետ աշխատում ենք, անկախ են և տարբեր երկրներում են գործում։ Ես ո՛չ հրամայել կարող եմ, ո՛չ հանձնարարել, ո՛չ պահանջել, ո՛չ էլ վերահսկել: Միակ տարբերակն է՝ բանակցել, երկխոսություն վարել, բացատրել, համոզել, խնդրել, սպասել, նամակ գրել... Կպատասխանեք` լավ, չե՞ք պատասխանի, ոչինչ չեմ կարող անել: Լինում է՝ ամիսներով սպասում ենք X կամ Y կառույցի ղեկավարի պատասխանին, որը հետո ասում է` գիտե՞ք, Մայամիում էի, չհասցրեցի պատասխանել, կամ՝ չբացեցի համակարգիչս, կամ՝ չտեսա։ Ի՞նչ կարող ենք անել: Ես միայն մեր աշխատակազմին կարող եմ հանձնարարել, պահանջել: Մյուս նախարարները հրաման են ստորագրում, որը պետք է կատարի ողջ համակարգը, և հետո ստուգում: Մեր կառույցում այդպես հնարավոր չէ: 

Եվ կառույցները, ում հետ աշխատում եք, սփռված են աշխարհով մեկ։

— Այո՛, 118 երկրում։ Մենք նաև մասնագետների խնդիր ունենք: Մեր առաջարկով Երևանի պետական համալսարանում ստեղծվել է Սփյուռքագիտության ամբիոն, որը մասնագետներ է պատրաստում։ Մասնագետների գործիմացությունը շատ կարևոր է: Սփյուռքից էլ մարդիկ հրավիրեցինք, որ օգնեն, բայց այստեղ էլ այլ խնդիրներ ի հայտ եկան: Շատ կարևոր է մարդկանց և կառույցների հետ հարաբերություններ կառուցելը, ճիշտ կարգախոս գտնելը, որը մարդու սրտին մոտ լինի ու ոգևորի: Օրինակ՝ «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» կարգախոսով նոր շարժումը բոլորի համար սրտամոտ է: Կարծում ենք, որ ամեն հայ պետք է մտածի Արցախի մասին և հարց տա ինքն իրեն, թե ինչ է արել նրա համար: Արցախը մեր գոյության և լինելիության դարպասն է: Արցախը մեր խիղճն է, ոգին և հպարտությունը, մենք պետք է ամեն ինչ անենք Արցախի միջազգային ճանաչման հարցն առաջ տանելու և, իհարկե, տնտեսական, պաշտպանական և մշակութային առումով առավել հզորացնելու համար: Տեսե՛ք, թե այդ հողն ի՜նչ հզոր մշակութային դեմքեր է ծնում: Եվ ինչպե՞ս կարելի է հայրենիքի այդ կտորին չսիրահարվել, ազգովի չսիրել ու չպաշտպանել:

Այդ առումով շատ անելիքներ ունեն նաև լրագրողները: Դուք պետք է ամեն երիտասարդի ներշնչեք Հայաստանով ապրելու գաղափարը: Այո՛, Հայաստանում կան անօրինություններ, սխալներ և անարդարություններ, բայց ո՞ր երկրում դրանք չկան: Դա ոչ թե մատի փաթաթան է պետք դարձնել, այլ մեր առաջընթացով, մեր լավով հպարտանալ ու զորավիգ լինել բարեփոխումներին, միասնաբար պայքարել սխալները վերացնելու համար: Եթե դրսում ապրող հայը հպարտ չլինի իր հայ լինելով, ինչպե՞ս պետք է պատասխանատվություն զգա Հայաստանի առջև: Ի վերջո, Հայաստանն է հային օտար ափերում հայ պահող հիմնական ամրոցը և հայի գոյության թթվածինը: 

Հիմա կտրուկ շրջադարձ կատարենք: Մանկության Ձեր ամենավառ հիշողությունը:

— «Մանկությունը հիշելիս սիրտս դառնում է գինով...»,— կասեր բանաստեղծը: Ես Սարուխան գյուղից եմ: Գյուղերում ամռան ամիսներին անասուններին տանում էին սար: Տատս էլ էր գնում: Լուր եկավ, որ տատիկն արդեն վերադառնում է: Ես ու մեծ եղբայրս (ես 5 տարեկան էի, նա՝ 6,5) դուրս եկանք՝ տատիկին «դիմավորելու»։ Գնում էինք՝ հույս փայփայելով, թե ուր որ է կտեսնենք նրան: Գնացինք-գնացինք, մութն ընկավ, բարձրացել-հասել էինք սարերը... Հետո հիշում եմ միայն, որ քնաթաթախ աչքերս հորս գրկում բացեցի... Պարզվեց, որ տատս այլ ճանապարհով (սայլով) է գյուղ եկել, իսկ մենք՝ երեխաներս, մեկ այլ ճանապարհով էինք գնացել: Տանը մեծ աղմուկ է սկսվում, որ երեխաները չկան: Ամբողջ գյուղը ոտքի է ելնում ու մեզ փնտրում: Մայրս մի խմբի հետ է մեզ փնտրում, և դաշտերում հանդիպում են գայլերի ոհմակի ու սարսափում այն մտքից, թե գուցե... Հայրս հարցուփորձով, մեր հետքերով գալիս-հասնում է այն սարը, որտեղ տատս էր մնացել, ու գտնում է մեզ: Էսպես դարձանք գյուղի՝ «գայլի երախից փրկված» հերոսները:

Մյուս դեպքը, որ հիշում եմ. ես հինգերորդ դասարանում էի, իսկ փոքր քույրս՝ երկուսուկես տարեկան։ Նա կոնֆետ ուզեց, ձեռքը բռնեցի, գնացինք խանութ։ Ճանապարհին մի հսկա շուն հարձակվեց մեզ վրա, և ես իսկույն քրոջս գցեցի գետնին ու պառկեցի վրան: Շունն ինձ կծեց, վերարկուս էլ պատռեց, բայց քրոջս փրկեցի... 

Շա՞տ եք կարդում, ժամանակ լինո՞ւմ է:

— Մանկուց սիրել եմ կարդալ: Հիշում եմ՝ ինչպես մայրս, որը դպրոցի տնօրենն էր, թեև հոգնած էր գալիս տուն, զբաղվում բոլոր գործերով, դեռ ժամանակ էր գտնում և մեզ համար կարդում էր «Հովազաձորի գերիները»: Երկրորդ-երրորդ դասարանից Թումանյան էի կարդում, հետո Շիրազով տարվեցի, ապա` Սևակով: Ինքս էլ էի բանաստեղծություններ գրում: Հետո զբաղվածությունս շատացավ, ստեղծագործելու ժամանակ չէր մնում: Հիշում եմ՝ երրորդ կուրսում ապրիլի 24-ին պաստառին գրեցինք՝ «Անե՛ծք» ու քայլեցինք դեպի Ծիծեռնակաբերդ: Միլիցիան վրա հասավ, մեզ քաշքշեցին, ձեռքներիցս պաստառը խլեցին ու պատռեցին: Վրդովված, հուզված ու վիրավորված եկա տուն ու գրեցի մի բանաստեղծություն, որի վերջին տողերն էին.

Եվ թողե՛ք՝ գնանք, փարվենք կոթողին,

Որ հանգստանա մեր սիրտը էրված,

Եվ ի հիշատակ անմեղ զոհերի

Անմար կրակը թող միշտ հուրհրա... 

Ունե՞ք խորհրդանիշ, որը միշտ Ձեզ հետ է:

— Ընտանիքիս անդամների նկարները և Սևակի գիրքը, որը միշտ սեղանիս է: 

Ո՞վ է Ձեր ամենամոտ ընկերը:

— Փոքր քույրս: Երեք քույր ենք, ունենք մի հրաշալի եղբայր, ընդհանրապես ընտանիքի անդամներով շատ մտերիմ ենք: Մայրս իմ ամենամեծ խորհրդատուն է: Ունեցել եմ փառահեղ հայր, որն իր ուսանողների, շրջապատի պաշտամունքի առարկան էր: Նա մեծ, լուսավոր հետք է թողել...  Դպրոցական, ուսանողական, աշխատանքային շատ մտերիմներ և ընկերներ ունեմ, որոնց կարող է տարիներով չտեսնեմ, բայց երբ հանդիպում ենք, ասես երեկ ենք բաժանվել: 

Ձեր պատգամը դրսում ապրող հայ երիտասարդներին:

— Ցանկանում եմ, որ լավ և շատ սովորեն, լինեն մրցունակ, միշտ ձգտեն առաջինը լինել: Չմոռանան հայրենիքը՝ պահպանելով նրա հետ կապը՝ թե՛ գիտակցական, թե՛ ֆիզիկական, թե՛ հոգևոր:

Գիտակցեն, որ հայոց լեզուն հայ մնալու գլխավոր կռվանն է և հայ ինքնության ողնաշարը: Պետք է սովորել մի քանի օտար լեզու, սակայն մայրենին երբեք չանտեսել: Լեզուն ազգային մեծագույն արժեք է, որը պարտավոր ենք պահել, զարգացնել և փոխանցել սերունդներին: 

Լուսանկարները՝ ՀՀակոբյանի անձնական արխիվից

Զրուցեց Աննա Գիվարգիզյանը, «Ժամ» ամսագիր, գարուն 2017 թ.