Ասում են՝ երբ թնդանոթները որոտում են, մուսաները լռում են, բայց այս դեպքում այդպես չեղավ:
Հայագետ Անդրանիկ Կարապետյանը (1948 — 2006) հայոց բառ ու բանի և հող-հայրենիի մեծագույն նվիրյալ էր, անկրկնելի մանկավարժ, սիրված դասախոս: Նա մեր խառնակ ժամանակների այն բացառիկ մտավորականներից էր, որ գիտական միտքը կարողացավ միահյուսել ազգային գործունեությանը և 90-ականների թեժ պայքարը տանել դեպի հաղթանակներ: Նա այն քչերից էր, որ դեռ երիտասարդ տարիներից աներկյուղ էր գործի մեջ, և Վարագ Առաքելյանի գլխավորությամբ կազմակերպեց Նժդեհի աճյունի վերահուղարկավորումը: Նա նաև այն բացառիկ լավատեսներից էր, որ Արցախյան շարժման դժվարին օրերին, երբ շատերը քաոս էին կանխագուշակում, մնաց նպատակասլաց ու աներեր և լուսավոր ջահ վառեց՝ 1991 թ. Գորիսում հիմնելով «Տաթև» համալսարանը:
Ազգային տեսլականով և արդի չափանիշներով այդ բուհում դասավանդեցին ականավոր հայագետներ՝ նրա ավագ և հասակակից ընկերներ Սերգեյ Աբրահամյանը, Վարագ Առաքելյանը, Ալեքսանդր Մարգարյանը, Վազգեն Համբարձումյանը… Իսկ երբ Գորիսը սկսեց ենթարկվել հրետակոծության, «Տաթևը» ոգեղեն նոր շնչառություն տվեց Սյունիքին և ոգու կրկնակի պատվար դարձավ ուսանողության համար: Նոր սերունդը՝ մի ձեռքում գրիչ, մյուսում՝ զենք, ունկնդիր լինելով ներհուն մտածողությամբ մեր գիտնականներին, մնաց ու պաշտպանեց հայրենի եզերքը:
Իր «Տաթև» համալսարանով Անդրանիկ Կարապետյանը ձգտում էր ոչ միայն զարգացնել արդի գիտությունը, այլև վերականգնել միջնադարյան մեր լավագույն ավանդույթները: Մեծ Տաթևացու անունը և հնոց հիշատակները ամենուր նրա հետ էին, և նա այլ որակների մեջ էր փնտրում մատաղ սերնդի դաստիարակությունը: Պահպանված մի տեսագրության մեջ որպես բուհի ռեկտոր ու նաև որպես նվիրյալ առաջնորդ՝ նա իր ուսանողներին ասում է.
— Մտավորականը մարդու տեսակ է: Դուք պետք է ունենաք ոչ միայն մասնագիտական բարձր պատրաստվածություն, ընդհանուր բարձր կրթվածություն, այլև ազգային մտածողություն և պետական շահերի գերակայության գիտակցում…
Մի այլ առիթով նա զարգացնում է հետևյալ կարևոր միտքը.
— Մարդու բազմաթիվ որակներից առաջինը պատասխանատվության զգացումն է: Եթե մարդ իրեն պատասխանատու չի զգում հասարակության առաջ, իրենից մեծերի ու փոքրերի առաջ, նշանակում է՝ չի կարող լիարժեք քաղաքացի լինել, մանավանդ՝ պաշտոն զբաղեցնել:
Դիպուկ ու լակոնիկ այս բնութագրումները խոսում են բազմափորձ ու բարեպաշտ մի մարդու մասին, որի դասերը կարճ էին կապում դարերի խտացումները: Նույնիսկ նրա սովորական զրույցները, որ շրջապատին կլանում էին ոսկեղենիկ հայերենով, միշտ նշանակետ ունեին:
Ասում են, ի դեպ, որ խիստ կողմնորոշված, այսինքն՝ իր անելիքի ու գործի հստակությունը իմացող մարդ է եղել նաև Անդրանիկ Կարապետյանի հայրը՝ զորավար Անդրանիկի գրագիր ու Նժդեհի քաջ զինվոր Սարգիսը: 1918-20 թթ. նա կռվել է Սյունյաց լեռներում և թուրք հրոսակներից պաշտպանել Զանգեզուրը: Սակայն երբ ժամանակները փոխվել են, կյանքը երևան է հանել նաև դառնությունները. 1949-ին Նժդեհի զինվորին Գորիսի Կոռնիձոր գյուղից ընտանիքով աքսորել են Սիբիր: Այդ ժամանակ փոքրիկ Անդրանիկը դեռ մեկ տարեկան էլ չկար: Բարեբախտաբար, Ստալինի մահով պայմանավորված, աքսորը երկար չի տևել, և Կարապետյանները 1955-ին վերադարձել են հայրենիք, կրկին հաստատվել Կոռնիձորում: Տեղ գյուղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Անդրանիկն ընդունվել է Կիրովականի (այժմ՝ Վանաձոր) մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետ: Ուսանողական տարիներին (1968-73 թթ. ) աչքի է ընկել ոչ միայն գերազանց առաջադիմությամբ, այլև իր վառ անհատականությամբ, դարձել պրոֆեսորադասախոսական անձնակազմի սիրելին և բուհն ավարտելուն պես նշանակվել դասախոսական աշխատանքի: 1985-ին նա պաշտպանել է թեկնածուական, իսկ 2005-ին՝ դոկտորական թեզ:
Նրա բեղմնավոր ու պրպտուն կյանքի մասին վաղեմի ընկեր, ճարտարագետ Վարազդատ Գալստյանը հիշում է.
— Ես ու Անդրանիկը՝ որպես սյունեցիներ, Կիրովականում շուտ մտերմացանք: Հայրենակից լինելուց բացի՝ մեզ կապում էր նաև այն, որ երկուսիս ընտանիքներն էլ «հին անցյալ» ունեին. ես կուլակի թոռ էի, նա՝ նժդեհականի որդի: Մեր զրույցների թեմաները չէին սպառվում: Տաքգլուխ ջահելներով մինչև ուշ գիշեր քաղաքական հարցեր էինք քննարկում: Բայց զարմանալին այն է, որ բոլորս հոգնում քնում էինք, իսկ նա՝ ոչ: Մինչև լույս Անդրանիկը կարդում-գրումէր, փնտրում ու որոնում: Նա միշտ ինչ-որ մտմտուքի մեջ էր: Առավոտյան զարմանքով տեսնում էի, որ գրասեղանի առաջ դեռ նստած, գրքերի ծովի մոտ մտախոհ աշխատում է…
Գիտական այս խորասույզ ոգին նրան արագ մտերմացնում է իր նախկին դասախոսների հետ: Ազգային գաղափարներով տոգորված լինելով՝ նա այնպիսի վստահություն է ձեռք բերում, որ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գրաբարագետ Վարագ Առաքելյանը շատ հարցերում նրան է ապավինում՝ Նժդեհի մասունքները Ռուսաստանից բերելու և Խուստուփի լանջին հուղարկավորելու գործում: Մի տեսագրության մեջ Վարագ Առաքելյանը պատմում է.
— 1974 թ-ից Անդրանիկն իմ աջակիցն է եղել: Մտերմացել ենք ամեն ինչով ու նաև քաղաքականապես: Հորն էլ եմ ճանաչել: 1977 թ., երբ մտադրվեցի Գարեգին Նժդեհի աճյունը Վլադիմիր քաղաքից փոխադրել Հայաստան, ինձ հետ էր նաև Արցախ Բունիաթյանը: Մենք առանց Անդրանիկի ոչինչ չենք ձեռնարկել:
Աճյունը գաղտնի բերել տալուց հետո Վարագ Առաքելյանը 5 տարի թանկ մասունքները պահում է իր տանը: Այդ մասին նույնիսկ նրա կինը չի իմանում: Վերջապես, 1983 թ. հոկտեմբերին որոշում են Նժդեհի աջը հուղարկավորել Խուստուփի լանջին: Բայց Կապան հասնելուց առաջ նախ պետք էր հասնել Գորիս: Այստեղ նորից օգնության է հասնում Անդրանիկ Կարապետյանը: Հոկտեմբերի 7-ի նախօրյակին նա Գորիսի իր տունը կայան է դարձնում նժդեհականների համար և հենց հաջորդ օրը կատարվում է հուղարկավորությունը. Նժդեհի սուրբ մասունքը ի պահ է տրվում հերոսացման լեռանը:
Այստեղ հարց է ծագում՝ ինչո՞ւ հենց հոկտեմբերի 7-ին, մի՞թե չէր կարելի Նժդեհի համար ազգային ու նվիրական մի այլ օր ընտրել: Գաղտնիքը բացահայտում է Անդրանիկ Կարապետյանի երեք որդիներից միջնեկը՝ Դավիթ Կարապետյանը.
— Յուրաքանչյուր տարի՝ հոկտեմբերի 6-ին, հայրիկի պատկառազդու ընկերները գալիս էին մեր տուն և առավոտյան ճանապարհվում դեպի Կապան: Սկզբից մայրս չէր էլ կասկածում, թե ինչ է թաքնված այդ այցերի ու հյուրընկալությունների հետևում: Հոկտեմբերի 7-ը, փաստորեն, լավ քող էր: Երբ ամբողջ երկիրը սովետական տոնի՝ Սահմանադրության օրվա առթիվ տոնական պատրաստությունների մեջ էր, ազգային գաղափարների նվիրյալները կարողանում էին իրենց հարգանքի տուրքը տալ զորավարին: Սովետական միության փլուզումից հետո ճշմարտությունը վերջապես բացահայտվեց, և Խուստուփը դարձավ սրբատեղի:
Բայց նախքան հսկա երկրի փլուզումը կմոտենար, և ընթացքում կհասունանար «Տաթև» համալսարանի բացման ծրագիրը, Անդրանիկ Կարապետյանը մի այլ ծրագիր էլ իրագործեց: Ազգային գաղափարների հասունացման բուռն օրերին նա չէր կարող անտարբեր լինել հեղաշրջման մեջ գտնվող հայրենի երկրի ճակատագրի նկատմամբ և ինքնուրույն նախաձեռնությամբ 1988-ին Գորիսում հիմնեց «Ղարաբաղ» կոմիտեն: Տարերքի մեջ մտած՝ նա իր լուսավոր ելույթներով ոտքի հանեց տեղացի ազգաբնակչությանը՝ ի շահ ազգային գաղափարների և անկախ պետականության:
Շատ սերունդների համար, անշուշտ, երազելի է եղել մի նոր «Տաթև» բացելը, բայց 600 տարի հետո, ափսոս կարճ փայլատակումով, Անդրանիկ Կարապետյանին վիճակվեց իրագործել այդ երազանքը: 1992 թ., երբ նա իր համալսարանում ստեղծեց նաև համանուն ամսաթերթը, Սերո Խանզադյանը խոր հուզմունքով գրեց.
— Մեր օրերի համար հուսադրող բան իմացա: Գորիսում լավ գործ են սկսել իմ հայրենակիցները: 1934 թվին ինքս վարժապետ եմ եղել Տաթև գյուղում և հոգեցունց շատ ապրումներ եմ ունեցել: Հպարտ եմ, որ 600 տարի ավերված Տաթևի համալսարանին կարող եմ բերել իմ նպաստը:
Այս ամենից զատ՝ Անդրանիկ Կարապետյանի կարևոր հատկանիշներից էր առանձնակի հարգանքը իր ուսուցիչ-դասախոսների նկատմամբ: Հավասարի կարգավիճակում անգամ նա սիրով ու մեծարանքով էր վերաբերվում նրանց և հաճախ էր հիշում Ավետիք Իսահակյանի խոսքը. «Եթե Աստված կերտում է մարդու մարմինը, ապա ուսուցիչը կերտում է հոգին»: Նա հպարտությամբ նշում էր նաև, որ ճակատագրի բերումով կարողացել է շարունակել այն նվիրյալների գործը, որոնք իր մեջ սեր են արթնացրել հայագիտության ու հայոց պատմության նկատմամբ:
Հաջողություններ ունենալը շատերի համար երազանք է մնում, սակայն Անդրանիկ Կարապետյանը դրանց հասնում էր հաճախ լուռ ու աննկատ, առանց ցցուն խոսքերի ու քաշքշուկների՝ ապավինելով իր ներքին ձայնին ու իմաստնությանը: Այս իմաստով, հայրենանվեր բոլոր նախաձեռնությունների մեջ նրան միշտ զորավիգ էր նաև ընտանիքը՝ կինը և երեք որդիները:
ԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԵԼՔՆԵՐԸ
Գիտության հանդեպ սերը, բանասիրական քննարկումների մեջ խորանալը Անդրանիկ Կարապետյանի, թերևս, մեծագույն տարերքն էր, որը չլռեց անգամ հասարակական ամենաթունդ աշխատանքների մեջ: Գեղարվեստական գրականության քննությունը, հայրենակից Գուսան Աշոտի հետ հարաբերությունները միտք հղացրին՝ վեր հանել ժողովրդական ոսկեղենիկ երգ-երաժշտության իմաստնությունը, և 1995 թ. նա թղթին հանձնեց «Գուսան Աշոտի բանաստեղծական աշխարհը» աշխատությունը: Այստեղ բացահայտելով հայ աշուղական արվեստի շատ ու շատ գաղտնիքներ, հեղինակը վերհանում է Գուսան Աշոտի ինքնատիպությունը՝ բանաստեղծ-երգահանի կերտած նոր դարաշրջանով և աշոտյան դպրոցով:
Գիտական հաջորդ ուսումնասիրությունը, ինչպես և սպասելի էր, շատ ավելի բարդ ու ծավալուն եղավ: Անդրանիկ Կարապետյանը սկսեց վերլուծել մեր ամբողջ գրական-բանաստեղծական ժառանգությունը և հանգեց հայոց լեզվի ուսումնասիրության ամենանրբին բացահայտումների: Նրա 600 էջանոց հսկա հատորը՝ «Կրկնությունը և զեղչումը ժամանակակից հայերենում» գիրքը, համակողմանի, խոր ու ծավալուն ուսումնասիրություն դարձավ՝ մի իսկական ձոն հայրենի գրականությանը:
Մեծադիր այս աշխատությունը (2016թ.), ցավոք, լույս տեսավ առանց հեղինակի՝ ընդամենը 58 տարի ապրած գիտնականի մահից 10 տարի անց, և ժամանակը, բարեբախտաբար, խոչընդոտ չդարձավ այդ ճանապարհին: Գիրքը տպագրվեց ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտխորհրդի որոշմամբ, պրոֆեսոր Վազգեն Համբարձումյանի խմբագրմամբ, իսկ շնորհանդեսը 2017 թ. դեկտեմբերի 12-ին կայացավ առանձնակի շքեղ պայմաններում՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության դահլիճում:
Գրքի արժեքը բնորոշելիս պիտի ասենք, որ լեզվական բացահայտումներից բացի՝ այն վերլուծություններով հագեցած մի ընտիր քրեստոմատիա է, քանի որ Գողթան երգերից ու մաշտոցյան շարականներից մինչև արդի հեղինակներ ամփոփում է հայ գրականության ամբողջ ծավալը, պարզաբանում մեր բոլոր մեծ հեղինակների վարպետության գաղտնիքները: Հեղինակն այս գրքով լեզվի մի իսկական հրավառություն է անում՝ քրոնիկ ժամանակագրությամբ ներկայացնելով լեզվական գեղեցկությունները կամ, ինչպես հին հույներն էին ասում, խոսքի զարդերը:
Հեղինակի ուշադրության կենտրոնում հայտնվում է նաև թարգմանությունների թագուհի մեր առաջին գիրքը՝ Աստվածաշունչը, որի ազդեցիկության մասին ասում է. «Հասարակական գիտակցության վրա դարեր շարունակ կարող էր իշխել միայն խիստ մշակված ու արվեստավոր խոսքը, որպիսին և Աստվածաշունչն է, որը ստեղծելու համար հեղինակները դիմել են լեզվական արվեստի բազմապիսի ձևերի ու հնարանքների կիրառմանը: Եթե խոսքարտահայտման այդ տարաբնույթ ձևերի մեջ մեծ տեղ է գրավում կրկնությունն իր ամենատարբեր դրսևորումներով, նշանակում է՝ կրկնությունն ի սկզբանե դիտվել է արվեստավոր խոսքի հատկանիշ…» (էջ10-11):
Ոչ միայն կրկնությունը, այլ նաև զեղչումը, այսինքն՝ լեզվական երևույթների մտածված տնտեսումը համարելով գեղարվեստական ազդու միջոցներ՝ Անդրանիկ Կարապետյանը կանգ է առնում հատկապես տեքստային մեծ միավորների վրա, որովհետև լայն դաշտում են բացահայտվում թե՛ մեծ, թե՛ փոքր տարրերի հնարավորությունները: Շարահյուսական կրկնության մասին հեղինակը գրում է, որ այն պատկերավորություն է հաղորդում անգամ «անշուք» թվացող բառերին՝ դրանով իսկ հերքելով բառերը պատկերավոր և ոչ պատկերավոր խմբերի բաժանելու ավանդական մոտեցումը (էջ 11-12): Որպես օրինակ նա բերում է Համո Սահյանի «Յոթ ձիավորի բալլադը», որտեղ «յոթ» թվականը 59 անգամ կրկնելով՝ հեղինակը ստեղծում է բացառիկ նրբահյուս մի խոսք.
…Յոթ անգամ ժամի զանգը ծլնգաց,
Յոթ սարսուռ դարձավ սիրտը յոթ հարսի,
Յոթ թամբած նժույգ բակում վրնջաց,
Յոթ ճռինչ հանեց դուռը դարպասի…
Բազմապիսի բացահայտումներից հետո Անդրանիկ Կարապետյանը չի հապաղում շեշտել, որ գոյություն ունի նաև չարաշահման վտանգ, և որ կրկնությունը ինքնին մի գտածո չէ, որ պատեհ-անպատեհ մտցվի գրականություն. «Կրկնության չարաշահումը, որպես կանոն, ստեղծում է ոճի միօրինակություն, միալարություն… իսկ վարպետորեն կիրառումը, ընդհակառակը, արտահայտիչ ու պատկերավոր է դարձնում խոսքը: Ոճական այս հնարանքից օգտվելը պահանջում է մի առանձին տաղանդ, օժտվածություն» (էջ 16):
Հեղինակը նշում է, որ խոսքի հմտություններ կերտելու ճանապարհին հակադիր այս երևույթները՝ կրկնությունը և զեղչումը, խոսքի միևնույն օղակում երբեմն կարող են հանդես գալ միաժամանակ: Այսինքն՝ հնարավոր է, որ հենց նույն հաղորդման մեջ դրսևորվեն լեզվի և՛ ընդարձակվելու, և՛ սեղմվելու հակադիր միտումները. «Կրկնությունն առավելապես խոսքի գեղագիտությանն է ծառայում» (էջ 16), իսկ «զեղչման շնորհիվ խոսքը դառնում է սեղմ ու հակիրճ… խնայվում է արտաբերական ջանքերի ներգործումը, …հաղթահարվում է խոսքի միալարությունը» (էջ 19):
Հայերենի անսահման գանձերը ճանաչել տվող այս գիրքը կարդացվում է մեծ հետաքրքրությամբ, թեթև ու հեշտ: Մայրենի լեզվի հանդեպ իր անհուն սերը հեղինակը փոխանցում է նաև ընթերցողին, և սովորական մարդն անգամ սկսում է գիտակցել, թե ինչպիսի՜ բախտավորություն է գեղեցիկ խոսելու արվեստին տիրապետելը, ինչպիսի՜ առավելություն՝ լեզվամտածողության պահուստային հնարավորությունները զարգացնելը:
* * *
Այսպիսով, կարելի է ասել, որ Անդրանիկ Կարապետյանը մեր ժամանակի լուսավորիչներից մեկն էր: Ընդ որում, լուսավորիչ՝ բառի լայն իմաստով, որովհետև հետամուտ է եղել և՛ կրթական, և՛ գիտական, և՛ ստեղծագործական բեղուն գործունեության: Նրա բացած ճանապարհներից մի-մի շառավիղ բռնել ու գնալ կփափագեին շատերը…