Հովհաննես Զարդարյան, «Գրիգոր Գուրզադյանի դիմանկարը», 1952 թ.
«Հովհաննես Զարդարյանի հետ ունեցած իմ առաջին հանդիպմանը նախորդել է հանդիպումը նրա նկարների հետ: Դա պատերազմի տարիներին էր, և, ահա, Հայաստանի նկարիչների տարեկան ցուցահանդեսներից մեկում հայտնվում է մի նոր անուն, տակավին անծանոթ, Հովհաննես Զարդարյան: Ժողովուրդը խռնված էր փարթամ ծաղկեփնջեր ու սքանչելի պեյզաժներ պատկերող հինգ-վեց կտավ ամփոփոխ մի պատի առջև: Ընդհանուր տպավորությունը դա' էր. արտասովոր հյությեղություն գույների: Հատկապես կապույտների:
Մինչ այդ, ես գոնե այդպիսի կապույտներ չէի տեսել, կապույտներ, ինչպես ասում են, մարդուն խելքահան անող: Իմ արվեստաբան ընկերուհին, Մարիամ Չուբարյանը, դեռ նկարչի երեսը չտեսած, որոշեց, որ նա իր ամուսինն է լինելու … Այդպես էլ եղավ: Իսկ ես որոշեցի, նունպես այդ կապույտները ստեղծողի երեսը չտեսած, որ նա կդառնա իմ լավագույն բարեկամը: Այդ էլ եղավ. մենք իրոք դարձանք բարեկամներ, հրաշալի բարեկամներ, որ շարունակվում է ավելի քան քառասուն տարի:
Բայց Հովհաննես Զարդարյանն ամենից առաջ դարձավ նկարիչ, մեծ ու ինքնատիպ նկարիչ, մեկընդմիշտ մտնելով հայկական կերպարվեստի փառահեղ տաճարը որպես երևույթ: Հիմա արդեն անհնար է պատկերացնել հայկական կերպարվեստը առանց Զարդարյանի: Խոսքն այս դեպքում խոշոր անհատականության մասին է, աշխարհն ու երևույթներն այլ աչքերով տեսնելու կարողության մասին, մտածողության ու զգացմունքային աշխարհում նոր ոլորտներ հայտագործելու մասին: Սա այն դեպքն է, երբ կա ամեն ինչ՝ բնատուր ճաշակ, գույնի զգացողություն, վերպետություն, տեխնիկա, գծանկարի կատարելություն և այլն, և այլն, ու այս ամենը մի բանի համար միայն, արտահայտել ու տեղ հասցնել միտքն ու զգացմունքը:
Թող արվեստաբանները մեկնաբանեն Զարդարյան-նկարչին իրենց չափանիշներով, բայց ինձ համար Հովհաննես Զարդարյանն ամենից առաջ մտքի մարդ է: Եվ եթե նրա բոլոր գործերում առանց բացառության կա այն, ինչ կոչվում է տրամադրություն, ապա ի վերջո այդ տրամադրությունն էլ գալիս է մտքից, խորը և համապարփակ մտքից: Ես դժվարանում եմ որոշել, թե գեղանկարչության որ ժանրում է Զարդարյանը հատկապես ուժեղ՝ բնանկար՞ում, նատյուրմորտու՞մ, թե՞ դիմանկարում: Ըստ իս բոլոր ժանրերում էլ նա հավասարաչափ ուժեղ է: Բայց կա մի բան, որ նրա բոլոր գործերում հանդես է գալիս մշտապես. ես նկատի ունեմ կոմպոզիցիայի խնդիրը: Զարդարյանը կոմպոզիցիայի մեծ վարպետ է, կոմպոզիցիայի հարցերը նրա մոտ գրավում են խիստ մեծ տեղ, անկախ այն բանից, թե ինչ է նկարում՝ բնանկար, դիմանկար թե նատյուրմորտ:
Երևանի կերպարվեստի թանգարանում տեղ գտած դիմանկարների շարքն, օրինակ, իմ խորը համոզմամբ, մի-մի գլուխգործոցներ են՝ ազգային արվեստի շրջանակներից ակնհայտորեն դուրս եկող: Ինչքան են դրանք տարբեր իրարից՝ գունային անսպասելի հակադրումներով, ընդհանուր երփնագրով, բնորդի անհատականության վառ դրսևորումով: Բայց դրանց բոլորին բնորոշ է մի ընդհանուր հատկություն՝ կոմպոզիցիոն կուռ, ամբողջական և միևնույն ժամանակ անկրկնելի լուծումներ:
Իսկ ի՞նչ ասել, նրա բնանկարների մասին: Այստեղ նույնպես ընտրություն անելը դժվար է. մեկը մյուսից ուժեղ, համարձակ վրձնահարվածներ, գունային ծայրահեղ հագեցածություն՝ հեռու ինքնանպատակ լինելուց: Զարդարյանին ընդհանրապես հատուկ է չափի զգացումը:
Զարդարյանի մոտ առանձնակի տեղ են զբաղեցնում մեկ ֆիգուրայից բաղկացած կոմպոզիցիոն գործերը. սա այն տեղն է, որտեղ նա կոմպոզիցիոն մտածողությունը հասցրել է անկասկած, աննախընթաց բարձրության:
Որոնել, որոնել ու անվերջ որոնել: Նա կարող է իրեն տանջել, հալումաշ անել տասնյակ էսքիզներով, տարբերակներով ու, լինելով աներևակայելի պահանջկոտ, կարող է այդպես էլ հրապարակ չհանել ի տես ամենքի շատ ու շատ հրաշալի գործեր, որոնք թերևս միայն ինքն է համարում անավարտ: Նրա ստեղծագործական կյանքի կարևորագույն շրջադարձներից մեկը պետք է համարել անկասկած «Գարուն»-ը, որը սկզբից ևեթ դարձավ Մոսկվայի Տրետյակովյան թանգարանի սեփականությունը. դա, ինչ խոսք, մեկ ֆիգուրային կոմպոզիցիայի գլուխգործոց է: Ի դեպ, ինձ բախտ է վիճակվել ունենալ «Գարուն»-ի թերևս ամենահաջող տարբերակը, այն կախված է իմ սենյակի պատին, Գառնիում: Բայց իմ խառնվածքին առավել մոտ է «Ձգտում»-ը, նունպես մեկ ֆիգուրային կոմպոզիցիա: Այդ գերծին կարելի է անվերջ նայել, նայել ու մտածել, նրանում ինչ-որ բան կա հավիտեկանությունից, հեքիաթային մաքրությունից, որը մասն է կազմում տիեզերքի …
Զարդարյան – ստեղծագործողի ներաշխարհի ձևավորման հարցում մեծ բաժին ունեն արվեստի դասականները: Մեր վերջ չունեցող զրույցների ժամանակ դասականների անդրադառնալը, նրանց գործերից խոսելը նրա սովորություննեից մեկն է: Նա փայլուն գիտակ է անցյալի արվեստի, դասականներին նա ընկալում է յուրովի, ստեղծում յուրաքանչյուրի մասին իր անկախ, ինքնուրույն տեսակետը, իր վերաբերմունքը, միաժամանակ շատ խորը թափանցելով նրանց արվեստի աննկատ ծալքերը: Դա վերաբերվում է նաև հայ դասականներին, ես կարող եմ վկայել գոնե այն խանդաղատանքը, որ նա տածում է հանդեպ Սեդրակ Առաքելյանի, Մարտիրոս Սարյանի, Հակոբ Կոջոյանի:
Ի՞նչն է հատկապես բնորոշ Զարդարյան – ստեղծագործողին: Ըստ իս, երբեք արածով չբավարարվելը, իրեն չկրկնելը: Ամեն անգամ հադես գալ նորովի, անել այնպես, որ ամեն ինչ դառնա երևույթ: Երբեք չունենալ մի ինչ-որ վերջնական կետ՝ հասնելու և առավ ևս կանգ առնելու: Ու որոնել, անվերջ որոնել, լինել խստապահանջ, անզիջում ինքն իր հանդեպ: Երազել ու տառապել, ունենալ սեփական աշխարհ, տարերք … Այս ամենն ի վերջո դառնում է այն, ինչ կոչվում է արվեստագետի երջանկություն: