Հունվարի 8-ին լրացավ հայ կերպարվեստի խոշորագույն ներկայացուցիչներից մեկի` ՀՀ ժողովրդական նկարիչ, ակադեմիկոս Հովհաննես Զարդարյանի ծննդյան 100-ամյակը: Հուսանք, որ պատեհ այս առիթը խթան կհանդիսանա, որպեսզի մեծ վարպետի մինչ օրս քիչ բացահայտված և ուսումնասիրված անկրկնելի ժառանգությունը ներկայացվի հանրությանը:
Անահիտ Զարդարյան — Ընդհանրապես կապույտի և մանուշակագույնի երանգները հատուկ են Հայաստանի բնաշխարհի համար և տարածության հեռանկարում ավելի խտանում են ու թանձրանում, ի տարբերություն, օրինակ, Իտալիայի բնության, որը մենք տեսնում ենք Լեոնարդո դա Վինչիի հայտնի սֆումատոյում: Մեր բնության այդ առանձնահատկությունը, Զարդարյանի սուր աչքով նկատած և վարպետ ձեռքով նկարված, արտացոլել է կապույտի այն բազմազանությունը, որը գերել է Գուրզադյանին: Սակայն Զարդարյանի բնանկարներում մենք տեսնում ենք և՛ դեղին-նարնջագույն Եղեգնաձորի լեռներ, և՛ արծաթափայլ ձմեռային Սևան, և՛ նրբագույն երանգներով հարուստ Արարատներ: Այլ կերպ ասած՝ Զարդարյանի ներկապնակը սահմանափակումներ չուներ, այն սերտորեն կապված էր նկարի բովանդակության, գաղափարի հետ, արտահայտում էր այդ պահի տրամադրությունը:
Անահիտ Զարդարյան — Իմ կարծիքով այն է, որ Զարդարյանին հատուկ է մտքի, գաղափարի գերիշխումը, որին նա երթարկում է իր գեղանկարչական վարպետության բոլոր հնարավորությունները: Դրանով է բացատրվում ոճի, գույնի, կոմպոզիցիոն լուծումների բազմազանությունը նրա ողջ ստեղծագործական կյանքի ընթացքում: Եվ դա չի վերաբերվում միայն հորինվածքային նկարներին, ինչպիսին են «Սևանգեսի շինարարների հաղթանակը», «Գարուն»-ը, կամ «Ձգտում»-ը, «Պոռթկում»-ը կամ «Գաղթ»-ը, որոնց բազմաթիվ տարբերակներն ապացուցում են խոսքերս: Նույն մոտեցումը կտեսնեք անգամ բնանկարներում. «Ամպրոպից առաջ», «Հոկտեմբեր» և այլն:
Անահիտ Զարդարյան — Մեծածավալ հորիվածքային նկարի անվանումը ընդհանրապես պատահական չի լինում, նա բխում է բովանդակությունից և արտահայտում գաղափարի էությունը, ինչպես, ասենք՝ «Գարուն», որը երիտասարդության և զարթոնքի պատկերումն է երիտասարդ աղջկա և բնության միասնության միջոցով, կամ «Աղբյուր»՝ կյանքի սկիզբ ու աղբյուր, «Ձգտում»՝ ձգտում դեպի ազատություն, նոր հորիզոններ: Այս անվանումները հայրիկի մոտ ծնվում էին նկարների գաղափարի հետ միասին: Ինչ վերաբերվում է բազմաթիվ բնանկարներին, որոնց անհրաժեշտ էր միմյանցից տարբերել, մասնավորապես, եթե բազմաթիվ կտավների վրա պատկերված էին լինում Արարատը, կամ տարվա կրկնվող եղանակները, այս դեպքերում օգնության էր գալիս մայրիկը՝ իր հարուստ երևակայությամբ և պատկերավոր մտածելակերպով:
Անահիտ Զարդարյան — Ճիշտն ասած, այդ պատմությունը մենք առաջին անգամ լսել էինք մայրիկիցս: Նա փայլուն կրթություն էր ստացել Մոսկվայում, մասնավորապես Կինեմատոգրաֆիստների իստիտուտում, և նրա հիմնական մասնագիտությունը կինոդրամատուրգիան էր: Հաշվի առնելով դա՝ մենք այս՝ առաջին հայացքից անհավանական թվացող պատմությունը վերագրում էինք իր մասնագիտական երևակայությանը: Եվ հանկարծ ես կարդում եմ Գրիգոր Գուրզադյանի հիշողություններում այդ պատմությունը … այլևս կասկածելու որևէ իրավունք չունենք: Հենց այդպես է մայրս դարձել հորս արվեստի երկրպագուն, նրա կինը և նաև նրա ստեղծագործությունների առաջին քննադատը:
Անահիտ Զարդարյան — Ընկերներ և համախոհներ հայրս շատ ուներ՝ արվեստագետներ և գրողներ, ճարտարապետներ և հատկապես գիտնականներ: Բայց ամենամտերիմ ընկերը եղել է գեղանկարիչ Ալեքսեյ Սոկոլովը, Լենինգրադի գեղարվեստի ակադեմիայի իր համակուրսեցին: Երբ գնում էինք Մոսկվա, միշտ նկատում էի նրանց մեջ այնպիսի կատարյալ ներքին կապ ու համակրանք, որը կարող է ծագել միայն պատանեական հասակում և տևել միչև կյանքի վերջ:
— Առաջին հերթին նա շատ բծախնդիր էր նկարչական պարագաների, նյութերի նկատմամբ: Աշխատանքից հետո այնպես էր լվանում վրձինները, որ ներկի ոչ մի հետք չմնա, իսկ ներկնապնակն ուղակի փայլում էր: Այդպես նա նախապատրաստում էր հաջորդ օրվա աշխատանքը և ապահովում իր կտավների գույնի մաքրությունը:
Անահիտ Զարդարյան — Ծնողներիս բնավորությունները շատ տարբեր էին. հայրս՝ խոհեմ, սակավախոս ու հանգիստ, մայրս՝ աշխույժ, հնարամիտ և կայտառ հումորով, սակայն երկուսն էլ շատ հոգատար և ուշադիր էին, մասնավորապես միմյանց նկատմամբ: Իսկ որպես հայր և պապիկ՝ բավական խստապահանջ էր և միևնույն ժամանակ անսահման ջերմությամբ լի։
Մարթա Այվազյան — Ոչ ոք չի կարող պատկերացնել, թե ինչպիսի անհավանական ելևէջներով լի հեքիաթներ էր հնարում երեխաների համար: Բայց քանի որ նաև ներքուստ շատ ազատ անձնավորություն էր և կյանքի տարբեր ոլորտներում ժամանակակից նորարար հոսանքները զգալու, ընկալելու և արդարացի գնահատելու զարմանալի ունակություն ուներ, թե՛ իր զավակների, թե՛ թոռների և թե՛ իր ուսանողների համար շատ դեպքերում հանդես էր գալիս որպես համախոհ, որպես իրենց ձգտումների և հույսերի իրականացման հետևողական աջակից:
Անահիտ Զարդարյան — Բոլոր հետաքրքրական ընտանեկան պատմությունների նախաձեռնողը մայրս էր: Ահա դրանցից մեկը: Մայրս ամեն տարի ապրիլի 1-ին մի անակնկալ ստեղծում էր: Բայց այս անգամ դա անհրաժեշտություն էր: 1948 թ-ի ապրիլի 1-ն էր, նա ուզում էր մաքրություն անել տանը, իսկ հայրս աշխատում էր: Քանի որ «օրինական» իրավունք ուներ խաբելու, հորս ասաց, որ Մարտիրոս Սարյանը խնդրել է իրեն այցելել: Հայրս գնաց, իսկ մայրս արագ-արագ հավաքեց տունը՝ սպասելով, որ նա շուտով կվերադառնա ու կբարկանա: Բայց հայրս եկավ ուշ երեկոյան, շատ հոգնած ու անտրամադիր: Պարզվեց, որ Սարյանը, ֆորմալիզմի մեջ շարունակական մեղադրանքների պատճառով կտրատել էր իր հայտնի «Եգիպտական դիմակներ»-ը: Զարդարյանը, տեսնելով այդ և գիտակցելով նման մշակութային արժեքի կորստի ողբերգության աստիճանը, մինչ ուշ երեկո աշխատել էր հնարավորինս վերականգնել այն: Իսկ երախտապարտ Սարյանը, իմանալով ապրիլմեկյան այդ իրադարձություններում մայրիկիս դերակատարման մասին, նրան նվիրեց «Ծաղկած խնձորենիներ» կտավը:
Անահիտ Զարդարյան — Ինչպես կարող էր Զարդարյանը, ով իր ամբողջ էությամբ հիրավի ազգային նկարիչ էր, ում արվեստը ծնունդ է առել հարազատ քարքարոտ հողի ամենախոր շերտերից , հեռու լինել իր ազգի, իր երկրի խնդիրներից, ցավերից: Նա հաճախ էր հանդես գալիս մամուլում տարբեր խնդրահարուց թեմաներով, սակայն այնքան սուր էր ընկալում բոլոր զարգացումները, այնքան հուզվում ամեն ինչի, անգամ մեր տեսակետից մանրունքների, էլ չասած հաճախակի դարձած ողբերգությունների համար, որ բառիս բուն իմաստով հիվանդանում էր: Օգտելով այն բանից, որ հայրս արդեն երկար տարիներ բավական մեկուսացած կյանքով էր ապրում Բյուրականում, մենք հաճախ, խնայելով նրան, հնարավորինս թաքցնում էինք քաղաքական կյանքի անախորժ անցուդարձը:
Անահիտ Զարդարյան — Իհարկե առաջնայինը նկարչի համար արվեստին նվիրված գրքերն էին, որոնք նա հավաքում էր 40-ական թվականներից սկսած: Զարդարյանը ուներ անընդհատ հարստացվող հայակապ գրադարան, որը հասանելի էր բոլորիս: Ես մեծացել եմ Վելասկեսի, Գոլբեյնի, Տիցիանի ալբոմները թերթելով, այդպես էլ չհարցրեցի հորս, որտեղից էր պատերազմի ժամանակ հայթայթել գոթական տառատեսակով, հոյակապ վերատպություններով այդ եզակի ալբոմները: Իսկ գրականության նախասիրությունները շատ բազմազան էին Նարեկացի և Լևոն Շանթ, Պարույր Սևակ և Չարենց ... Բրեխտ և Էքզյուպերի: Առանձնահատուկ ուշադրությամբ կարդում էր տարբեր ականավոր մարդկանց հիշողություններ, որոնք արտահայտում էին տվյալ ժամանակի շունչը: Հաճախ վերընթերցում էր Միխայիլ Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան» վեպը:
Մարթա Այվազյան — Դուք շոշափեցիք մեզ համար ամենակարևոր և ցավագին խնդիրը: Զարդարյանի նկարներից 80 գործ գտնվում են Հայաստանի պետական պատկերասրահում, բայց, ցավոք, դրանցից հիմնական ցուցադրության մեջ ներկայացված են 2-3 աշխատանք: Նկարներ կան Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, որնց թվում է նաև հայտնի «Գարուն»-ը, Մոսկվայի Արևելքի թանգարանում, Վոլգոգրադի, Նովոկուզնեցկի, Լվովի և նախկին ԽՍՀՄ տարածքում սփռված բազմաթիվ այլ թանգարաններում, աշխարհի տարբեր երկրների մասնավոր հավաքածուներում:
Բայց պապիկի ստեղծագործությունների ճնշող մեծամասնությունը պահպանվում է մեր ընտանիքում՝ մնալով անհասանելի արվեստասեր հասարակության համար: Այնպես որ մեզ համար ամենահրատապ հարցը Հովհաննես Զարդարյանի անհատական թանգարանի ստեղծումն է: Միայն այդպես է հնարավոր ոչ միայն պահպանել հավաքածուի ամբողջականությունը, այլ նաև լայն հանրությանը ներկայացնել բոլորիս պատկանող այդ հսկա մշակութային ժառանգությունը:
Զրուցեց Աննա Գիվարգիզյանը, «Ժամ» ամսագիր, Մոսկվա, 2018 թ.