ՀՀ կառավարության 2017թ. գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների կատարման ուղղությամբ ՀՀ սփյուռքի նախարարության իրականացրած աշխատանքների վերաբերյալ
2017թ. գերակա խնդիրները եղել են վեցը, որոնց ուղղությամբ կատարվել են բոլոր նախատեսված ծրագրերը:
Նպատակային աշխատանքներ են տարվել Սիրիայից Հայաստան տեղափոխված հայերի ինտեգրման, կեցության, կրթության, առողջապահության, աշխատանքի տեղավորման և այլ խնդիրների լուծման ուղղությամբ: Մշակվել և կատարելագործվել են տարբեր գերատեսչությունների հետ համագործակցության մեխանիզմները. գործում են միջգերատեսչական հանձնաժողով, աշխատանքային խումբ, արագ արձագանքման խումբ և թեժ գիծ: Իրականացվել են տասնյակ ձեռնարկներ, հանդիպումներ, քննարկումներ, ապահովվել է հետադարձ կապ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ կազմակերպվել է 5 գործարանների բացում, օժանդակություն է ցուցաբերվել բիզնես ծրագրերի մշակմանը: Մշակվել և շահագրգիռ կառույցներին է ուղարկվել «Սիրիական հակամարտության հետևանքով հարկադիր տեղահանված և Հայաստանում պաշտպանություն հայցող անձանց ինտեգրման 2018-2022 թվականների ռազմավարության» նախագիծը: Ներկայումս ամբողջացվում և համակարգվում են առաջարկությունները և դիտողությունները:
Սփյուռքահայերին խորհրդատվական ծառայություններ տրամադրելու, բիզնես ծրագրեր առաջարկելու, ներդրումների սահուն իրականացմանն օգնելու համար նախարարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ և «Մեկ պատուհան» կառուցակարգը:
Նախարարության պաշտոնական կայքում բացվել է «Ներդրումներ Հայաստանում» բաժին, որտեղ ներկայացված են ներդրումներին առնչվող օրենսդրությունը, արտոնությունները, այլ նյութեր, բիզնես ծրագրեր (ավելի քան 200 ծրագիր) և այլն: Սփյուռքի գործարարներին ու հայկական առևտրաարդյունաբերական պալատներին են ուղարկվել բիզնես ծրագրեր, ինչպես նաև նրանց տեղեկացվել է Հայաստանում ներդրումներ իրականացնելու բոլոր հարթակների մասին (ընդհանուր առմամբ շուրջ 1200 գործարարի):
Կազմակերպվել են 3 կլոր-սեղան քննարկումներ, Հայաստանում արդյունաբերության ոլորտում սփյուռքահայ ներդրողների արտադրանքների ցուցահանդես-վաճառք: Նախարարությունում կազմակերպվել են 30-ից ավելի հանդիպումներ սփյուռքահայ գործարարների հետ, որոնց ներկայացվել են Հայաստանի համար մշակված բիզնես ծրագրերը:
Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի շրջանակներում սեպտեմբերի 19-ին տեղի է ունեցել Հայկական առևտրային ցանցի (ՀԱՑ) 3-րդ գործարար ֆորումը, իսկ սեպտեմբերի 20-ին` ՀԱՑ-ի 5-րդ ընդհանուր ժողովը, որոնց մասնակցել է շուրջ 200 գործարար:
Նախարարությունը կազմակերպել է «Հրանտ Դինք. 10 տարի անց» խորագրով կլոր սեղան-քննարկում` ՀՀ ԳԱԱ հայագիտական ինստիտուտների հետ:
Նախարարության պատվերով մի շարք գիտական հաստատություններ իրականացրել են Հայոց ցեղասպանության հիմնախնդիրներին նվիրված գիտահետազոտական աշխատանքներ, որոնք հրապարակվել են:
Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի «Արտաքին քաղաքականության օրակարգի» թեմատիկ ուղղության շրջանակներում տեղի է ունեցել «Հայոց ցեղասպանության ճանաչում, ցեղասպանությունների կանխարգելում. քաղաքական և իրավական գործընթացները» նիստը:
2016թ. հոկտեմբերի 20-24-ը Հայաստանում և Արցախում կայացած Լրագրողների 8-րդ համաժողովում սկիզբ է դրվել «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» շարժմանը: Շարժումը մեծ ոգևորություն է առաջացրել և դրան միացել են Սփյուռքի համայնքային կառույցներ, կրթօջախներ, լրատվամիջոցներ: 2017թ. նախարարությունը հռչակել է «Արցախի տարի», որի շրջանակներում Սփյուռքի համայնքներում կազմակերպվել են Արցախի պատմությանը, մշակույթին, տնտեսությանը նվիրված ձեռնարկներ, դրամահավաքներ, նյութական օգնություն, լավագույն փորձի փոխանակում և այլն:
Սեպտեմբերի 18-20-ը Երևանում անց է կացվել «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովը: Համաժողովը անցկացվել 4 ուղղություններով (3 լիագումար և 16 թեմատիկ նիստ): Համաժողովի ընթացքում տեղի է ունեցել 3 կլոր-սեղան քննարկում: Համաժողովի ավարտին ընդունված հայտարարությունում ուղենշվել են Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման հիմնական ուղղությունները և հետագա անելիքները: Համաժողովին մասնակցել է 1837 հոգի 71 երկրից (16 երկրից մասնակցել են առաջին անգամ), ընդ որում` 1363-ը` Սփյուռքից: Համաժողովին հիմնական զեկույցով հանդես է եկել 106 մասնակից 17 երկրից: Համաժողովին հարակից ելույթներով և հարցադրումներով հանդես է եկել 168 մասնակից 26 երկրից:
ՀՀ սփյուռքի նախարարությունը ակտիվ համագործակցել է «Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպության, Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ընկերակցության, «Իրավաբանների համահայկական խորհրդաժողով» ՀԿ-ի, Հայկական առևտրային ցանցի հետ` իրականացնելով մի շարք միջոցառումներ: Միևնույն ժամանակ աշխատանքներ են տարվել նոր համահայկական ընկերակցությունների ստեղծման ուղղությամբ: