Բելառուսում ներկայացվել է «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրով ՀՀ-ում իրականացվող միջոցառումները
Загрузка
X


Բելառուսում ներկայացվել է «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրով ՀՀ-ում իրականացվող միջոցառումները

Ежедневник / 14.12.2017

ՀՀ ՏԿԶ նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում դեկտեմբերի 12-ին մասնակցել է «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» և «Քաղաքապետերի դաշնագիր՝ ցուցադրական նախագծեր» ծրագրերի Ղեկավար կոմիտեի ընդլայնված նիստին, որտեղ ներկայացրել է ՀՀ-ում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքը, Կառավարության կողմից իրականացվող քայլերը, օրենսդրական փոփոխությունները և այլ հարցեր:

Իր զեկույցում Աշոտ Գիլոյանը, մանրամասնել է Հայաստանում ծրագրված և իրականացվող միջոցառումների ընթացքը, նշել, որ դաշնագրի մասնակից հանդիսացող քաղաքներից Ծաղկաձորը, Հրազդանը, Ապարանը, Վայքը, Արթիկը, Երևանը և Վանաձորը պարտավորվել են մինչև 2020 թվականը 20%-ով կրճատել Ջերմոցային գազերի (ՋԳ) արտանետումների տարեկան ծավալը։ Մասնակից մյուս քաղաքները՝ Տաշիրը, Կապանը, Ալավերդին, Փարաքարը, Գորիսը, Ախթալան, Մասիսը, Գավառը և Իջևանը պարտավորվել են մինչև 2030 թվականը ՋԳ արտանետումների տարեկան ծավալը կրճատել մինչև 30%-ով։ Այս նպատակներով իրականացվող ներդրումների ընդհանուր ծավալը հավասար է 296,3 մլն ԱՄՆ դոլարի։

Աշխատանքային այցի ընթացքում դեկտեմբերի 13-ից 14-ը Ա. Գիլոյանը մասնակցել է նաև ծրագրի շրջանակներում անցկացվող «Քաղաքապետերի դաշնագիր՝ համագործակցությունը տեղական և պետական իշխանությունների միջև Արևելյան գործընկերության երկրներում» տարածաշրջանային համաժողովին:
Համաժողովի ժամանակ հայկական պատվիրակության անդամները ներկայացրել են ծրագրի շրջանակներում Հայաստանում իրականացված աշխատանքները: Մասնավորապես նշվել է, որ Վայք և Սպիտակ համայնքներում 40-ից ավել շենքերի և շինությունների էներգաարդյունավետության բարձրացման և վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառման (մոտ 75 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային տեղակայանքների տեղադրում) նպատակով համայնքներին հատկացվել է 1,687,539 եվրո, որի 80%-ը տրամադրվում է Եվրոպական միության, իսկ 20%-ը համաֆինանսավորվում է Սպիտակ և Վայք քաղաքների կողմից։ Ծրագիրն իրականացվում է «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի կողմից, իսկ ծրագրի վերջնաժամկետ է սահմանված 2018թ. դեկտեմբերը։

Կարևորելով  ծրագրի փուլայնությունը և հավասարաչափ բաշխվածությունը հանրապետության ողջ տարածքում` հայկական պատվիրակության ներկայացուցիչները համաժողովի մասնակիցներին  տեղեկացրել  են, որ ծրագրի մասնակից մյուս քաղաքներում՝ Արթիկում և Ապարանում, արևային  ՖՎ տեղակայանքների տեղադրման (սեփական կարիքներ և իրացում), խնայված միջոցների և "եկամուտի" կուտակում հատուկ ֆոնդերում՝ համայնքում կայուն էներգետիկ զարգացման, ԷԱ միջոցառումների իրականացման, մասնավոր հատվածի ներգրավման և էներգաարդյունավետությանն ուղղված միջոցառումների իրականացման, ինչպես նաև Երևան քաղաքում շուրջ 90 ԲԲՇ-ների տանիքներին ՖՎ վահանակների մոնտաժման, շենքերի ընդհանուր օգտագործման տարածքներում (վերելակներ, շքամուտքեր, բակային տարածքներ) լուսադիոդային լամպերի տեղադրման նպատակով 2018-2022թթ․ տրամադրվելու է մոտ 1,7 մլն․ ԱՄՆ դոլար։ Ծրագրի դոնոր  է հանդիսանում Եվրոպական միությունը, որը ֆինանսավորելու է նշված գումարի 80%-ը, իսկ մնացած 20%-ը համաֆինանսավորվելու է համայնքների բյուջեներից։