Արցախում շարունակվում է թատերարվեստի զարգացումը
Загрузка
X


Արցախում շարունակվում է թատերարվեստի զարգացումը

Арцах / 04.12.2017

Այս տարվա նոյեմբեր ամսվա սկզբից բեմադրիչ և նկարիչ Գևորգ Ընծա Բաբախանյանն աշխատել է Արցախի Հադրութի շրջանի Տող համայքնում` տեղի դպրոցականների մասնակցությամբ հիմնելով Տողի արվեստի դպրոցի թատերախումբը: Գևորգ Բաբախանյանը Տողում է ԱՄՆ-ում գործող «Արարատ» հիմնադրամի ծրագրով: Հիմնադրամը նպատակ ունի Արցախի տարբեր շրջաններում թատերախմբեր հիմնել:

Առաջին փորձն արդեն հաջողվել է Արցախի Շահումյանի շրջանում, որտեղ Գևորգ Բաբախանյանն աշխատում է 2016 թվականի մարտ ամսից: Երկու տարվա մեջ բեմադրիչի հիմնադրած «Միջնաբերդ» թատերախումբը բեմադրել է 3 ներկայացում` Հովհաննես Թումանյանի 4 հեքիաթների բեմադրությունը, «Մոխրոտիկը» հեքիաթը և «44 աստիճանի վրա» դրաման: Թատերախումբը ելույթներ է ունեցել Արցախի և Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում, եղել զորամասերում, երկու անգամ մասնակցել «Նռան հատիկ» մանկապատանեկան թատերական փառատոնին:

Հադրութի Տող գյուղում մեկ ամիս աշխատելուց հետո բեմադրիչը թատերախմբի հետ պատրաստել է երկու ներկայացում` Հովհաննես Թումանյանի չորս հեքիաթների բեմադրությունը «Ես էլ իրանց հերն եմ» վերնագրով և «Չապրված կյանք» մնջախաղը:

«Տողի արվեստի դպրոցի թատերախմբում ընդգրկված է 6-17 տարեկան 15 երեխա, ոգևորությունն ու խանդավառությունն անչափ մեծ է», մեզ հետ զրույցում նշեց բեմադրիչ Գևորգ Բաբախանյանը: 

Բացի Տող գյուղից, թատերախումբը հանդես է գալիս նաև հյուրախաղերով: Բեմադրությունները ներկայացվել են Ազոխ, համայնքի հանդիսատեսին, ելույթներ կլինեն Հադրութ, Ստեփանակերտ, Շուշի քաղաքներում և այլուր:

«Նմանօրինակ աշխատանքը նպաստում է Արցախում թատերարվեստի զարգացմանը, ավելի շատ երեխաներ են շփվում թատրոն կոչվող հրաշքի հետ, բացահայտում են իրենց հնարավորությունները», նշեց բեմադրիչը: «Եվ իհարկե, այս ամենն անհնար կլիներ առանց մեր աջակիցների: Տողում թատերախմբի կայացման համար մեծ երախտագիտություն ենք հայտնում «Արարատ» հիմնադրամին, Տողի արվեստի դպրոցին` տնօրեն տիկին Սուսաննա Բալայանի գլխավորությամբ, Հադրութի շրջանի վարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցրերի բաժնի վարիչ Երազիկ Ավանեսյանին և մեր բոլոր աջակիցներին», ամփոփեց մեր զրուցակիցը:

Հեղինակ՝ Թամարա Գրիգորյան