Арцах / 29.04.2017
Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունեցել հանրապետական պարային փառատոն՝ նվիրված Պարի միջազգային օրվան:
Փառատոնին մասնակցում էին Արցախի տարբեր շրջաններից, Ստեփանակերտից և ՀՀ-ից ժամանած 32 պարախմբեր՝ 500-ից ավելի մասնակիցներով:
ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանն ասել է, որ պարարվեստի զարգացման համար Արցախում արդեն լուրջ նախադրյալներ կան: «Հանրապետության երկու տասնյակից ավելի համայնքներում ունենք պարախմբեր, և այսօր բոլորին հնարավորություն է տրվել՝ ներկայանալու իրենց պարային համարներով: Սա հնարավորություն է տալիս ուսումնասիրելու, թե որ համայնքում ինչպիսի խնդիրներ կան: Պարը նաև համախմբում է բոլորին, մեր միասնական ոգին է ցույց տալիս, և շատ կարևոր է, որ մատաղ սերունդը դաստիարակվի այդ ոգով: Որպես խրախուսում՝ բոլոր այս պարախմբերին հրավիրելու ենք մայիսի 9-ի տոնական համերգին: Այս միջոցառումը շարունակական բնույթ է կրելու»,- մասնավորապես ասել է նա և նշել, որ փառատոնի նպատակը մշակութային ժառանգության և ինքնության պահպանումն է: