Արթուր Մանուկյանի արվեստը
Загрузка
X


Արթուր Մանուկյանի արվեստը

Вернисаж / 05.02.2020

Խորհրդային միության փլուզումից հետո գերտերության մասնիկ կազմող տասնհինգ պետություններից յուրաքանչյուրն ընտրեց գեղարվեստական զարգացման իր սեփական ուղին։ Ազգային ակունքներ, մենթալ նախադրյալներ, արևմուտքից ներթափանցող նորույթների հանդեպ ինքնատիպ մոտեցում, այս ամենը պայմանավորեցին տասնհինգ երկրներից յուրաքանչյուրի մշկութային ուղղվածությունը։ Վերը թվարկված միտումներն իհարկե վերաբերում են նաև Հայաստանին։ Ավագ սերնդի ներկայացուցիչների զգալի մասը շարունակում էր կրել խորհրդային չափանիշների դրոշմը, ոմանք էլ դեռևս 60-ականներից և նույնիսկ ավելի վաղ ներգրավված էին նորարական գործընթացների մեջ։

1990-ականներին հայ արվեստ մուտք գործող երիտասարդ սերնդի համար ստեղծվեց յուրօրինակ մի իրավիճակ․ արվեստագետները ստացան լիիրավ ազատություն։ Այսուհետ սեփական ոճն ու ստեղծագործական ուղին ձևավորելու համար նկարիչը սնվելու բազմաթիվ աղբյուրներ ստացավ։ Մշակութային դաշտը կարծես բաժանվեց մի քանի խմբերի՝ խորհրդային դոգմաներին հավատարիմ (դրանք սակավաթիվ էին), դեռևս խորհրդային տարիներից ազատատենչ 60-ականների «ձնհալի» ներկայացուցիչներ և նոր սերունդ, որը հիմնականում փորձում էր որսալ առաջադեմ հոսանքների բերած նորարարությունները՝ երբեմն դա անելով ուղղակիորեն, երբեմն էլ՝ սինթեզված։ Հարկ է կարևորել նաև այն նոր տեխնիկատեխնոլոգիական հնարավորությունները, որ մեր կյանք ներխուժեցին համակարգչային «տենդ»-ի հետ միասին։ Այսուհետ շատ կատարողական խնդիրներ հնարավոր էր լուծել բավական հեշտ՝ տեխնիկական ճանապարհով (ինչն, ավաղ, հաճախ ստեղծագործությունը զրկում էր արվեստին բնորոշ կենդանի թրթիռից)։ Սա մի կողմից արտառոց էր և ակնահաճո, մյուս կողմից՝ արվեստի մեջ կենդանի շունչը սպանելու վտանգ պարունակող մի փաստ, որի հանդեպ հարկավոր էր չափազանց խելամիտ մոտեցում ցուցաբերել։ Արտաքին որակներին կարևրություն տալով՝ արվեստի իրական առաքելությունը չկորցնելու խնդիրն այսուհետ յուրաքանչյուր արվեստագետ ինքնուրույն պետք է հաղթահարեր։

Մասնագիտությամբ դիզայներ Արթուր Մանուկյանի ստեղծագործական ուղին ձևավորվել է 1995-ականներից, երբ ղարաբաղյան պատերազմի ավարտը բոլորի մեջ հաղթանակած սերնդի ոգի էր ներշնչել։ Նոր երկիր կառուցելու հույսերը համակեցին հասարակության բոլոր շերտերին՝ հատկապես ակտիվ և կարևոր դեր ստանձնեցին արվեստագետները։ Ահա այսպիսի իրավիճակում է սկսվել Արթուր Մանուկյանի ստեղծսգործական ուղին, որի հետաքրքրությունների բազմազան շրջանակն ընդգրկում է՝ քանդակ, գրաֆիկա, դիզայն և ի վերջո պաստառ։

2018թ-ի նոյեմբերի 20-ին Գեղարվեստի ակադեմիայի Ալբերտ Թովէ Բոյաջյան ցուցասրահում տեղի ունեցավ Ա․ Մանուկյանի «Գրաֆիկա-պլակատ» խորագիրը կրող ցուցահանդեսը։ Իր ներուժն ու օժտվածությունը դիտողին առավելագույնս ներկայացնելու համար հեղինակը հետաքրքիր համադրություն էր կիրառել․ ցուցասրահի նախասրահում նա ներկայացրել էր իր գրաֆիկական աշխատանքները, որոնք ավելի գեղագիտական շեշտվածությամբ էին, իսկ հիմնական սրահում կախված էին քաղաքական պաստառները։ Գրաֆիկական աշխատանքների առկայությունը նկարչի գեղարվետական մտածելակերպի առանձնահատկությունների բացահայտումն էր կարծես։ Գույնին և գծին տիրապետելու ընդունակությունը առավել ցայտուն կերրպով արտահայտված են Արթուրի գրաֆիկական թերթերում․ մի դեպքում՝ թափանցիկ ջրաներկով, նուրբ գունային անցումներով ստեղծված կառուցիկ ծավալներ, մեկ այլ դեպքում՝ հատիկավոր թղթի վրա յուղամատիտի միջոցով շեշտված մակերես, որի որակական հատկանիշը գեղագիտության հիմք է դառնում։

Քաղաքական պաստառի ցուցադրությունն այնքան էլ հաճախակի երևույթ չէ մեզանում․ գրաֆիկայի այս ենթատեսակը զարմանալիորեն մոռացված է, չնայած որ քաղաքական գաղափարների արտահայտման համար այն ամենահարմար դրսևորումներից մեկն է հանդիսանում։

Արթուր Մանուկյանի անդրադարձը քաղաքական պաստառին փաստում է այն մասին, որ հեղինակն իր ստեղծագործություններում կարևորում է գաղափարական հենքը։

Մասնագիտությամբ դիզայների համար այսօրինակ նախապատվությունը շատ գնահատելի է, քանզի արվեստի կիրառական տեսակներում գերիշխում է գեղագիտական շեշտադրումը։

Ցուցահանդեսին ներկայացված պաստառների զգալի մասը քաղաքական բովանդակությամբ էին, իսկ ավելի կոնկրետ՝ արտացոլում էին հենց հայկական իրականաությանը վերաբերող խնդիրներ։ Թեմատիկ առումով արդիական այս աշխատանքներում հետաքրքիր է նաև դրանց հանդեպ կիրառված գեղարվեստական լեզուն և հեղինակային մոտեցումը։ Հեղինակն ինքը նշում է, որ համադրել է պաստառի ստեղծման հին և նոր մոտեցումներ՝ տեխնիկական առումով չանտեսելով համակարգչի ընձեռած նոր հնարավորությունները (անպայման համադրելով հին մոտեցումների հետ), իսկ արտաքին տեսքի հարցում՝ հենվել պաստառի վաղեմի սկզբունքներին՝ առավելագույնս լակոնիկ, բայց ազդեցիկ ու հիշվող։

Արվեստագետի ստեղծագործության անբաժան մասն են կազմում նաև նրա դեկորատիվ հարթաքանդակները։ Արվեստի այս տեսակին անդրադառնալիս ևս հեղինակը ինքնատիպ մոտեցում է ցուցաբերել՝ հարթ մակերեսի վրա համադրելով գեղարվեստական մի քանի մոտեցում։ Մուգ թավշապատ ֆոնի վրա առանձնացնելով ոսկեգույն ծավալներ, որոնք սաղմնային վիճակում գտնվող գաղափարական տարբեր ակնարկներ են։ Թեպետ այս բնույթի աշխատանքներում գերիշխում է դիզայներին բնորոշ՝ ձևերի շեշտված էսթետիզմը, այնուամենայնիվ ակնհայտորեն կարդացվում է նաև դեռևս պաստառներից ճանաչելի՝ ասելիքը սեղմ ու խտացված արտահայտելու նախապատվությունը։ Սև թավշի և ոսկեգույն մետաղի համադրությամբ կառուցված կոմպոզիցիաներում կիսաճանաչելի ծավալները ներկայացված են՝ դեռևս 20-րդ դարի սկզբից մեծ տարածում ստացած առարկաաների վերացարկման սկզբունքին հավատարիմ։

Գեղարվեստական խոսքի անավարտ ու ոչ կոնկրետ դրսևորումները մեր ժամանակների նախապատվելի կերպն են, ինչը պայմանավորված է տարատեսակ հիմնավորումներով․ սոցիալքաղաքական, փիլիսոփայական, տեխնիկատեխնոլոգիական, ինչու չէ նաև կրոնական ոլորտների թելադրանքով։
Հեղինակի կողմից ստեղծված բոլոր աշխատանքները բնորոշվում են մակերեսների կատարյալ մշակմամբ՝ նյութի հանդեպ չափազանց լուրջ իր վերաբերմունքն արտահայտելով վերջինիս անթերի հղկման ճանապարհով։ Հեղինակն ինքը հաճախ շեշտում է, որ բոլոր դեպքերում գեղարվեստական կերպարի ապագան պայմանավորված է նաև նյութի ընտրությամբ, դրա որակական հատկանիշներոով։ Ելնելով այն հանգամանքից, որ դիզայնով զբաղվող արվեստագետները հաճախ են առնչվում կենցաղակերտման խնդիրների հետ, պետք է փաստենք, որ նյութի նկատմամբ այդչափ լուրջ վերաբերմունքը պայմանավորված է նաև դրանով։
Ծավալազգացողություն, էսթետիզմ, ասելիքի ներկայացման մեջ հակիրճ լինելու միտում և բոլոր դեպքերում իմաստային շեշտը կարևորելու սկզբունք, ահա այն բոլոր բաղադրիչները, որ կարևորում է արվեստագետ Արթուր Մանուկյանն իր բոլոր աշխատանքներում։

Հեղինակ՝ Տաթևիկ Համբարձումյան, արվեստաբան, Երևան