Նազիկ Ավդալյան. ուժ և կանացիություն
Загрузка
X


Նազիկ Ավդալյան. ուժ և կանացիություն

Женский портрет / 01.02.2018

Չնայած տարածված կարծրատիպին՝ Նազիկը սեփական օրինակով ապացուցեց, որ կին մարզիկներն արտաքնապես որքան կոփված են և ուժեղ, այնքան էլ կարող են կանացի ու նուրբ լինել: Նազիկ Ավդալյանը հերոսաբար հաղթահարեց իրեն բաժին հասած փորձությունները և այժմ ընտանեկան ներդաշնակ կյանքով է ապրում: «Ժամ» ամսագրի՝ «Կանացի դիմանկար» խորագրի հյուրն այս անգամ ծանրամարտի Եվրոպայի կրկնակի և աշխարհի առաջնության չեմպիոն Նազիկ Ավդալյանն է:

— Անկախ տարիքից՝ մարդու հոգում միշտ ապրում է նրա մանկության մի մասնիկը. ի՞նչ հուշեր ունեք այդ տարիներից:

— Ասում են՝ աշխույժ, էներգիայով լի երեխա եմ եղել, ֆիզիկապես ուժեղ ու ճկուն: Թերևս դա է եղել պատճառը, որ արդեն չորս տարեկանից ծնողներս ինձ տարել են մարմնամարզության՝ ակրոբատիկայի։ Գուցե նաև՝ որ հնարավորություն ունենայի սպառելու իմ չափից շատ էներգիան: 

Հետաքրքիր ու անհոգ մանկություն եմ ունեցել, որի համար երախտապարտ եմ ծնողներիս: Բոլոր երեխաների պես մանկապարտեզ եմ հաճախել, բակում խաղացել ընկերներիս հետ. այդ տարիներից շատ հաճելի հիշողություններ են պահպանվել: Տղաս՝ Վաչեն, նման է ինձ. աշխույժ է ու էներգիայով լեցուն։ Ամեն անգամ նրա անդադար շարժումները տեսնելիս՝ ակամա մտովի մանկություն եմ տեղափոխվում: Որոշել ենք, որ նա էլ որևէ սպորտաձևով զբաղվի:

— Ինչպե՞ս եղավ, որ սկսեցիք զբաղվել առաջին հայացքից «ոչ կանացի» այս մարզաձևով. դա Ձե՞ր ընտրությունն էր:

— Չորս տարեկանից սպորտում եմ եղել: Տասնյոթ տարեկանից դադարեցրի մարմնամարզությամբ զբաղվել։ Ծանրամարտով սկսել եմ զբաղվել տասնութ տարեկանից։ Այս ընտրությունը հետաքրքիր պատմություն ունի։ Մարմնամարզիկ ծանոթ աղջիկներից մեկը որոշել էր ծանրամարտով զբաղվել։ Մի անգամ, հետաքրքրությունից դրդված, նրա հետ գնացի մարզումները դիտելու։ Մարզվող աղջիկներին նայելիս ցանկացա պարզապես ուժերս փորձել և հանպատրաստից, առանց որևէ տեխնիկայի տիրապետելու, 50 կգ ծանրություն բարձրացրեցի։ Մարզչին դա շատ զարմացրեց, և նա ինձ առաջարկեց մարզվել իր խմբում։ Ես չհրաժարվեցի ուժերս փորձել:

Այսպես սկսեցի և սիրահարվեցի ծանրամարտին։ Թեև մինչ այդ բոլորի նման ես էլ էի զարմանում, թե ինչու են աղջիկները ծանրամարտով կամ այլ ուժային սպորտաձևով զբաղվում: Փաստորեն, սովորական «հետաքրքրությունն» ինձ համար ճակատագրական դարձավ։ Բազմիցս համոզվել եմ, որ կյանքում, իրոք, ոչինչ պատահական չի լինում:

— Գիտեմ, որ մայրդ կտրականապես դեմ է եղել, որ ծանրամարտն ընտրես։ Ինչպե՞ս համոզեցիր նրան:

— Մայրս, իր հորդորներից բացի, փորձում էր նաև հայրիկիս միջոցով փոխել որոշումս, բայց հայրս իմ կողմից էր: Նա ոչ միայն չխոչընդոտեց, այլ նույնիսկ մայրիկին համոզեց՝ կշտամբելով, որ չի հարգում իմ ընտրությունը։ Թեև ես մորս չեմ մեղադրում, քանի որ նա հասկանում էր, թե ինչ դժվար էր լինելու ճանապարհս: Շրջապատում շատերն էին նրա նման մտածում. «Ծանրամարտն աղջկա համար չէ»։ Դա ինձ սկզբում հոգեբանորեն շատ էր ճնշում։ Բայց ես ուժերս ու կամքս հավաքելով՝ փորձեցի ապացուցել, որ ընտրությունս ճիշտ էր։
— Կարծում եմ՝ մայրդ արդեն ընդունել է ընտրությունդ։ Իսկ մրցումներիդ հետևո՞ւմ է:

— Սկզբնական շրջանում, ինչ խոսք, հետևում էր։ Բայց դա նրա համար ծանր փորձություն էր. չափից շատ էր լարվում, հուզվում։ Հիմա մրցումներիս օրը եկեղեցի է գնում՝ մոմ վառելու և աղոթելու ինձ համար. այդպես իրեն ավելի հանգիստ է զգում: Հետո միայն ընտանիքի անդամներից է իմանում արդյունքների մասին:
— Մրցահարթակ բարձրանալիս՝ ամենից շատ ինչի՞ մասին ես մտածում:

— Ոչնչի մասին հատուկ չեմ մտածում. միայն փորձում եմ կենտրոնանալ։ Իհարկե, լարվածություն լինում է, բայց աշխատում եմ կառավարել հույզերս, որ չխանգարեն: Հատկապես շատ էի լարվում, երբ ավտովթարի պատճառով չորս տարվա դադարից հետո վերադարձա։ Երևի դա էր աշխարհի մրցումներում (ԱՄՆ-ում) ձախողմանս պատճառը: Լարվել էի ոտքերս չզգալու աստիճան, չէի կարողանում կենտրոնանալ...
— Մարզիկները հաճախ ինչ-որ թալիսման են պահում մոտները։ Դուք թալիսման ունե՞ք:

— Որևէ թալիսման չունեմ, դրա փոխարեն առաջնորդող կարգախոս ունեմ. երբեք չեմ թերագնահատում մրցակցին և միևնույն ժամանակ չեմ վախենում նրանից:
— Սովորաբար դժվարությունները հաղթահարելուց հետո հիշվում են միայն հաղթանակները։ Կթվարկե՞ք դրանք:

— Առաջին մեծ մրցումը 2006 թվականի աշխարհի առաջնությունն էր, որտեղ զբաղեցրի յոթերորդ տեղը: 2007-ին Եվրոպայի առաջնությունում արդեն երկրորդ տեղը գրավեցի, նույն տարի աշխարհի առաջնությունում՝ չորրորդը: 2008-ին առաջին անգամ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը մի աննկարագրելի զգացողություն պարգևեց, թեև հաջորդ տարի նույն առաջնությունում երրորդ հորիզոնականում էի: Բայց 2009-ը հաջողակ տարի էր. նաև աշխարհի չեմպիոն դարձա։ Ավտովթարի հետևանքով երկարատև դադարից հետո մեծ սպորտ վերադարձա 2015-ին, հաջորդ տարի մասնակցեցի Եվրոպայի առաջնությանը՝ գրավելով առաջին տեղը, իսկ Բրազիլիայում կայացած 31-րդ օլիմպիական խաղերում՝ 5-րդ հորիզոնականը: 
— Ավտովթարից հետո ձեր վերադարձը մեծ սպորտ ֆանտաստիկ խիզախություն էր, մանավանդ ծանրամարտում, որը, թվում է, դժվար է համատեղել ոսկրային վնասվածքների հետ։ Ի՞նչն ավելի շատ օգնեց. կամքի ո՞ւժը, թե՞ սպորտի հանդեպ սերը:

— Ինձ հավատը ոտքի կանգնեցրեց։ Երբեք չեմ կասկածել, որ նորից վերադառնալու եմ։ Որքան էլ դժվար էր հավատալ, ես գիտեի դա ու չէի նահանջում։ Շատ էի կարոտում սպորտը. մարզիկներն ինձ լավ կհասկանան: 2011 թվականն իմ կյանքում շրջադարձային եղավ։ Շատ նպատակներ ունեի. այդ թվում` նաև մասնակցել 2012 թվականի օլիմպիական խաղերին, սակայն... ամեն ինչ մեկ վայրկյանում փոխվեց, երազանքներս հօդս ցնդեցին։

— Եվ Դուք Ձեր հաղթանակը նվիրեցիք ապրիլ յան պատերազմում զոհված հերոսների հիշատակին: Որքան գիտեմ, այդ օրերին Ձեր ամուսինը նույնպես որպես կամավոր առաջնագիծ էր մեկնել:

— Այո՛: Թեև ես այդ մասին Հայաստան վերադառնալուց հետո միայն իմացա: Այդ ժամանակ Կազանում ուսումնամարզական հավաքի էի մասնակցում: Ապրիլի 3-ին նա
ինձ հաղորդագրություն ուղարկեց՝ գրելով, որ այնպիսի վայրում է գտնվում, որ չի կարող խոսել, խնդրել էր, որ չանհանգստանամ, քանի որ «հեռախոսի մարտկոցը նստել է, և ինքը մի քանի օր անհասանելի կլինի»։ Հասկանալով, թե այդ օրերին Արցախում ինչ է կատարվում, մտքովս անցավ, որ նա կարող էր առաջնագիծ մեկնել: Դրանից հետո, նրանց բարի ճանապարհ ու հաղթանակած բարի վերադարձ մաղթելուց բացի, ինձ ոչինչ չէր մնում անել: Էրիկն ինձ առաջնագիծ մեկնելու մասին չէր տեղեկացրել, որպեսզի մրցումներից առաջ չլարվեի և չհուզվեի։

— Հարցազրույցների ընթացքում հաճախ նշում եք, որ ֆիզիկապես պատրաստված ու մարզված լինելը կնոջը չի խանգարում կին մնալ, և Դուք դա ապացուցում եք Ձեր կանացիությամբ. ո՞րն է գաղտնիքը:

— Այդ կարծրատիպը կա հասարակության մեջ. «կանացի» և «ոչ կանացի» մարզաձևեր, բայց դա ընդամենը կարծրատիպ է։ Մարզված կինը կարող է մկանուտ և աթլետիկ դառնալ, սակայն դա ի՞նչ կապ ունի բնավորության, շարժուձևի ու պահվածքի հետ։ Հաճախ ճիշտ հակառակն է լինում. սպորտը կնոջն ավելի ինքնավստահ է դարձնում, զարգացնում կամքը, դարձնում ավելի գրավիչ։ Մարզումների ժամանակ ես պաքարում եմ, ինչպես ասում են՝ «երկաթի հետ», իսկ մարզումներից հետո ոչինչ չի խանգարում վերադառնալու իմ սովորական կյանքին, լինել կանացի, քնքուշ, սիրող կին և մայր...

— Ե՞րբ և ինչպե՞ս եք հանդիպել Ձեր «երկրորդ կեսին»:

— Էրիկի հետ ծանոթացել եմ Երևանում, ուսումնամարզական հավաքների ժամանակ՝ 2009 թվականին: Նա նույնպես ծանրամարտիկ է: Սկզբում լավ ընկերներ էինք, հետագայում ընկերությունը վերածվեց մեծ սիրո: Էրիկն ինձ համար ամուր հենարան է, ում կարող եմ միշտ ապավինել:
— Ուրիշ ի՞նչ նախասիրություններ ունեք:

— Սիրում եմ կարդալ, նկարել, զբաղվում եմ ձեռագործությամբ: Խոհանոցում էլ եմ սիրում «կախարդել». ամուսինս համադամասեր է, և նրա համար անպայման համեղ ուտելիքներ եմ պատրաստում: Նա հատկապես սիրում է խաղողի թփով դոլմա, որը ես հաճույքով եմ պատրաստում: Հիմա ազատ ժամանակիս մեծ մասը տրամադրում եմ որդուս՝ Վաչեին: Բալիկս ինձ շատ ուժ է տվել, որն ինձ օգնում է նաև սպորտում: Ամուսինս գիտակցաբար հարմարվում է իմ բացակայություններին, բայց որդիս՝ ոչ. նա ինձ շատ է կարոտում։ Երբ ասում եմ, թե նորից մրցումների եմ գնալու, նեղսրտում է և մեծի նման զայրանում: Երբ ազատ ժամանակ եմ ունենում, ինչը փոքրիկիս ծնունդից հետո այնքան էլ հաճախ չի պատահում, անպայման երեկոները գիրք եմ կարդում:
— Եվ ո՞ր գիրքն է հիմա ձեր գրասեղանին։

— Ֆրանց Կաֆկայի «Դատավարությունը»:
— Ո՞րն է սպորտում Ձեր բաղձալի երազանքը, այն նշաձողը, որին ձգտում եք հասնել:

— Իհարկե, ինչպես բոլոր մարզիկները, ես նույնպես ցանկանում եմ օլիմպիական չեմպիոն դառնալ: Այդ չարաբաստիկ ավտովթարը շատ բանի խանգարեց... Բայց չեմ դժգոհում. կրկին կարողացա քայլել, վերադառնալ սպորտ և հաջողություններ արձանագրել, իսկ ամենակարևորը՝ մայրության բերկրանքն եմ վայելում: Ժամանակը ցույց կտա, թե հետագայում ինչ կլինի:
— Ձեր որդին բնավորությամբ և արտաքինով ո՞ւմ է ավելի շատ նման:

— Բնավորությամբ երկուսիս էլ նման է, իսկ արտաքինով՝ ավելի շատ հորը:
— Եթե աղջիկ ունենաք, թույլ կտա՞ք, որ զբաղվի ծանրամարտով:

— Ինչո՞ւ չէ, եթե ինքը ցանկանա։ Մեծ սիրով կհամաձայնվեմ ու կաջակցեմ: Մարդիկ երբեմն չեն ուզում, որ երեխաները շարունակեն իրենց մասնագիտությունը, քանի որ արդեն գիտեն դրա դժվարությունները: Բայց բոլոր բնագավառներն էլ իրենց հատուկ դժվարություններն ունեն, ու եթե ուզում ես հաջողության հասնել, պետք է անդադար աշխատես:
— Ինչպիսի՞ Հայաստանում կուզեք մեծանա Ձեր երեխան:

— Ամենակարևորը՝ խաղաղ ու հզոր Հայաստանում։ Ու թող երբևէ պատերազմ չտեսնի։
— Այսպիսի ճակատագիր Ձեզ համար կանխատեսո՞ւմ էիք:

— Անկեղծ ասած՝ ոչ։ Բայց մանկության տարիներին միշտ երազել եմ, և զգում էի, որ կյանքս սովորական հունով չի ընթանալու. հավատում էի իմ ուժերին, հավատում էի, որ իմ ուժերով եմ հասնելու բարձունքի: Դրան հասնելու համար շատ եմ աշխատել:
— Նազի՛կ, ինչի՞ համար եք շնորհակալ կյանքում:

— Ամեն ինչի: Նախ և առաջ շնորհակալ եմ Աստծուն՝ ինձ պարգևած կյանքի համար: Ինձ բաժին հասած ճակատագրին եմ շնորհակալ, որ ունեմ հոգատար ծնողներ, սիրող ամուսին, հրաշալի զավակ: Առհասարակ, ես այնպիսի մարդ եմ, ով մանրուքների մեջ անգամ երջանկություն է տեսնում: Շնորհակալ եմ ինձ շրջապատող մարդկանց, ովքեր ինձ սիրում և ընդունում են իմ թերություններով ու առավելություններով և միշտ կողքիս են: Շնորհակալ եմ նաև նրանց, ովքեր իրենց գոյությամբ ու քայլերով փորձել են խանգարել ինձ, խոչընդոտել ընթացքս, սակայն ոչ միայն չեն կարողացել ընկճել, այլև ավելի մեծ ուժ են տվել։

Զրուցեց Գևորգ Չիչյանը, Երևան, «Ժամ» ամսագիր, աշուն 2017 թ.