«Հանուն լույսի» կռվողները կամ անկախության սերունդ
Загрузка
X


«Հանուն լույսի» կռվողները կամ անկախության սերունդ

Лицей / 15.05.2017

2015 թվականի հունիսի 23-ին, Երևանի գլխավոր փողոցներից մեկը՝ Բաղրամյան պողոտան, փակվեց ուղիղ երկու շաբաթ: Պատճառը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքող երիտասարդներն էին, ովքեր համախմբվելով մեկ գաղափարի շուրջ՝ մեկտեղվել էին Բաղրամյան պողոտայում: Ծավալված շարժումն ստացավ «Էլեկտրիկ Երևան» անվանումը: Այն, ինչ այդ օրերին տեղի էր ունենում Երևանում, ավելին էր, քան քաղաքացիական անհնազանդությունը: Այն եղավ Հայաստանի նորանկախ պատմության ամենամարդաշատ և բազմազան սոցիալական բողոքի շարժումը: Այս երիտասարդները չէին հարում որևէ կուսակցության, չունեին վառ արտահայտված լիդերներ, հանդես չէին գալիս 25 տարի անվերջ կրկնվող տաղտուկ ճառերով ու կարգախոսներով: Նրանք տարբեր էին իրենց կրթական ցենզով, սոցիալական վիճակով և ծագումով, բայց նրանց միավորում էր Պետության զգացողությունը: Բաղրամյանի «բարիկադներում» յուրաքանչյուր օր ու գիշեր թրծվում էր երիտասարդ հայերի նոր՝ անկախության սերունդը, որոնք պայքարում էին, որ Հայաստանը դառնա մի երկիր, որտեղ ոչ թե ժողովուրդը կախված լինի կառավարողների կամքից, այլ կառավարությունը՝ ժողովրդի կամքից։

Քաղաքական գիտելիքներ չունեցող այս երիտասարդները կարողացան շատ ու շատ քաղաքական դեմքերից, պաշտոնյաներից ու ընդդիմադիր քաղաքական գործիչներից ավելի արժանավայել իրենց դրսևորել և ամեն ինչ անել քաղաքական, մարդկային ու հասարակական բոլոր նորմերին համապատասխան: Հավանաբար այդ էր պատճառը, որ նրանք կարողացան իրենց ձայնը լսելի դարձնել ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի շատ երկրներում:

Սիրով ձեզ ենք ներկայացնում «հանուն լույսի» կռվող այդ երիտասարդներից մի քանիսին, որոնց հետ պատիվ ունեցանք զրուցելու Երևանում:  

Մաքսիմ Սարգսյան, 29 տարեկան, իրավագետ, լուսանկարիչ 

  • Առավոտյան աչքերս բացում եմ թե չէ, հեռախոսում ստուգում եմ բաց թողնված զանգերս։
  • Ոսկե ձկնիկից կխնդրեի. աշխարհ՝ առանց պատերազմների ու հիվանդությունների, առանց ծերանոցների ու մանկատների, մեկ էլ... կախարդական փայտիկ կխնդրեի՝ մյուս երազանքներիս համար։
  • Անցյալում ինչ-որ բան փոխելու մասին չեմ մտածել։ Անցյալն անցյալ է, ու ինչքան էլ ուզես, ոչինչ փոխել չես կարող։ Աշխատում եմ ներկայում ու ապագայում չանել բաներ, որոնց համար կզղջամ։
  • Գուցե հետաքրքիր է, երբ կյանքում շատ բան ես փորձում, բայց, ա՛յ, օրինակ՝ թմրանյութեր երբեք չեմ փորձի։
  • Քսան տարի հետո ինձ տեսնում եմ որպես ժամանակակից ու մի քիչ էլ խենթ ծերուկ, ով կունենա շատ ու շատ ընկերներ, որոնց հետ կանցկացնի լավ օրեր ու վերջապես կշրջագայի աշխարհով մեկ։
  • Թշնամիներ չունեմ, կարծում եմ՝ թշնամանքը կուրացնում է մարդուն ու փակում որևէ խնդիր խելամիտ լուծելու բոլոր ճանապարհները։
  • Ամենամեծ նվերը, որ կուզենայի ստանալ, մորս առողջ տեսնելը կլիներ։
  • Եթե հնարավորություն տրվեր շրջել պատմության քառուղիներով, կուզենայի հանդիպել Տիգրան Մեծի հետ, որպեսզի խոսեի ու հասկանայի նրա գաղափարները, ներշնչանքի աղբյուրը, որոնց արդյունքում ծովից ծով Հայաստան ունեցանք։
  • Երբ «ազգային արժեք» են ասում, առաջինը մեր եռագույնն ու զինանշանն եմ պատկերացնում։
  • Երազում եմ իսկապես ազատ ու անկախ Հայաստան, որտեղ չեն լինի աղքատ, սոված, անտուն մարդիկ, որտեղ չի լինի ժողովրդի թալան, ու չեն լինի քաղբանտարկյալներ։
  • Ամեն իրեն հարգող հայ երիտասարդ այսօր պետք է սիրի մեր երկիրը... և ոչ միայն խոսքով։
  • Իմ սերնդակիցների մանկությունն անցել է պատերազմական երկրում, որտեղ չկար լույս, գազ և կյանքի որակ ապահովող էլի շատ ու շատ բաներ։ Բայց կա մի շատ հիշարժան օր: Երբ կյանքումս առաջին անգամ ընկերներով դասերից փախանք, ու ես ինձ համար բացահայտեցի երևանյան տրամվայը, էնքան տարվեցի, որ ամբողջ օրը երթևեկեցի քաղաքի տարբեր ուղղություններով՝ մոռանալով, որ դասերը վաղուց ավարտվել են, ու ես պիտի տանը լինեի։ Վերադարձա տուն ու տեսա ոտքի ելած մեր փողոցի բոլոր բնակիչներին, աչքերն արցունքներից կարմրած մորս ու գրեթե ողջ թաղամասը ոտատակ տված հորս։ Թե ինչ եղավ հետո՝ շատ «հուզիչ» էր...
  • Երևանում սիրածս վայրը Մաշտոցի պուրակն է։
  • Սիրածս ֆիլմը Ալբերտ Մկրտչյանի «Մեր մանկության տանգոն» է։
  • Հպարտ եմ, որ կյանքիս որոշակի փուլում կարողացա մի կողմ դնել վախերս ու բարդույթներս, դուրս եկա պայքարելու՝ ավելի լավ երկիր ունենալու համար։ 

Անուշիկ Հարությունյան, 29 տարեկան, լեզվաբան, հոգեբան, երգչուհի

Անուշիկ Հարությունյան, 29 տարեկան, լեզվաբան, հոգեբան, երգչուհի 

  • Առավոտյան աչքերս բացում եմ թե չէ, ժամացույցին եմ նայում. միշտ ժամանակս չի հերիքում։
  • Եթե ոսկե ձկնիկ բռնեի, կխնդրեի շեն հայրենիք, չարի վերջ, արժանի կյանք։ Ինչպես նաև անկախ, զարգացած, սոցիալապես ապահով, անհանք, մաքուր օդով, փոքր, բայց դրախտային երկիր Հայաստան։
  • Քսան տարի հետո ինձ տեսնում եմ տաք, ապահով ընտանիքում՝ դստերս հետ, հարազատներիս ու ընկերներիս կողքին, իմ երազած հայրենիքում։
  • Անձնական թշնամիներ դեռ չունեմ։ Թշնամին առնվազն պետք է արժանի լինի թշնամի համարվելու, քանի որ շատերն ուղղակի ոտքի տակ ընկնող քարեր են։
  • Կյանքում իմ ամենաթանկ նվերը քրոջս երեք որդիներն են։
  • Եթե հնարավորություն ունենայի շրջել պատմության անիվը, կուզենայի Դուշման Վարդանին հանդիպել։ Նրա հանդեպ միշտ յուրահատուկ ջերմություն ու անբացատրելի սերտ կապ եմ զգացել։ Կուզեի պարզել՝ դա ի՞նչ է նշանակում։
  • Գրքեր շատ եմ սիրում, բայց արդեն 4 ամիս է, ինչ չեմ կարդում, քանի որ ազատ ժամանակս հերիքում է միայն քնելուն։
  • «Ազգային արժեք» ասացիք՝ էդ պահին Հայրիկ Մուրադյանն եկավ աչքիս առաջ։
  • Ամեն իրեն հարգող հայ երիտասարդ այսօր պետք է ճանաչի, իմանա իր մշակույթը, լեզուն, լավ մասնագետ լինի իր ոլորտում և լինի արժանապատիվ ՀՀ քաղաքացի։
  • Մանկության տարիներից մի հետաքրքիր բան եմ հիշում, երբ ասում էին՝ ոտքիդ տակ նայիր, չընկնես, կոշիկիս տակ էի նայում։
  • Երևանում ամենաշատը Կասկադն եմ սիրում։
  • Նախընտրում եմ այն երաժշտությունը, որը միանգամից հուզում կամ ուրախացնում է, զարմացնում կամ ստիպում է, որ պարես փողոցում։ Ոճային սահմանափակում չունեմ։
  • Սիրածս կինոնկարը Հենրիկ Մալյանի «Հայրիկն» է։
  • Մասնագիտությանս փնտրտուքի շատ երկար ճանապարհ անցա (լեզվաբան, հոգեբան), մինչև նորից հասա երաժշտությանը։
  • Այն գործերը, որով հպարտանում եմ. «Օլդ բենդ», «ՌեԱնիմանիա», «Հայ Ջի բենդ», Տերյան մշակութային կենտրոն։
  • Իսկական ընկերը նա է, ով ասում է՝ ես չեմ ուզում, որ դու սա ուտես, բայց եթե որոշես ուտել, ես կողքիդ կլինեմ ու կմաքրեմ բերանդ, եթե կարիք լինի։ 

Վահե Բաղդասարյան, 28 տարեկան, երաժիշտ

Վահե Բաղդասարյան, 28 տարեկան, երաժիշտ 

  • Առավոտյան աչքերս բացելուն պես երեք բան եմ անում. սուրճ, ֆեյսբուք, նախաճաշ... հետո գնում եմ ստուդիա:
  • Ոսկե ձկնիկից կխնդրեի իրական ներքին ազատություն, սեր ու հանգստություն:
  • Քսան տարի հետո ես ինձ տեսնում եմ կատարյալ ներքին հանգստության մեջ, ու կապ չունի, թե որտեղ և ում հետ:
  • Իմ թշնամին իմ էգոն է:
  • Կյանքումս ստացած ամենաարժեքավոր նվերն իմ սիրելու կարողությունն է և էն երաժշտությունը, որը միշտ լսվում է իմ մեջ:
  • Իսկ ծննդյանս օրը կուզենայի իմ սիրելի երաժշտական գործիքներից մեկը ստանալ:
  • Եթե հնարավորություն տրվեր շրջել պատմության քառուղիներով, կուզենայի հանդիպել Թուփաք Շակուրին, Բոբ Մառլիին և Նժդեհին... իմ ներքին հեղափոխության ոգեշնչումներն են:
  • Հիմա կարդում եմ Ռոջեր Սնայփսի «Ուղեղի զարգացում» գիրքը:
  • «Ազգային արժեքն» ինձ համար մեր միասնական լինելն է:
  • Երազում եմ, որ բոլորը հետ գան Հայաստան. ընկերներս, բարեկամներս... ու մանկական երազանքս է՝ Արարատը մեր սահմաններում ունենալ:
  • Երևանում ամենաշատը փոքր կենտրոնն եմ սիրում:
  • Ես երաժշտության մեջ փնտրող եմ, ինձ միշտ նոր մտքեր են պետք, որ հաճույքով լսեմ, այժմ խորացել եմ հնդկական և ընդհանրապես ինդուիստական տարբեր տարածաշրջանների ֆոլկերի մեջ:
  • Շատ եմ սիրում Վինսենթ Ուորդի «Ո՞ւր են տանում երազանքները» ֆիլմը, որտեղ գլխավոր դերում Ռոբին Ուիլյամսն է։ 

Էդգար Ավետիսյան, 16 տարեկան, ապագա ռադիոֆիզիկոս

Էդգար Ավետիսյան, 16 տարեկան, ապագա ռադիոֆիզիկոս 

  • Առավոտյան աչքերս բացելուն պես մտքումս կազմում եմ օրվա պլաններս ու «ժամանակացույցը»։
  • Ոսկե ձկնիկ եթե բռնեի, կխնդրեի ազատ, անկախ Հայաստան, ֆինանսական ապահովվածություն, առողջություն։
  • Եթե հնարավոր լիներ անցյալում ինչ-որ բան փոխել, կանեի այն ամենը, ինչը ցանկացել, սակայն համարձակություն չեմ ունեցել անելու։
  • Ասում են՝ կյանքում պետք է փորձել ամեն բան, բայց, իհարկե, կան բաներ, որոնք սկզբունքներիցս ելնելով՝ երբեք չեմ անի։
  • Թշնամիներ, երևի, չունեմ։ Կարծում եմ՝ թշնամիներ ունենալու համար պիտի հասած լինես որոշ բարձունքների, որոնց չեմ կարծում, թե հասել եմ։
  • Ծննդյան օրվա նվե՞ր։ Դե, նոր հեծանիվին դեմ չէի լինի:
  • Եթե հնարավորություն ունենայի շրջելու պատմության քառուղիներով, կցանկանայի հանդիպել Աբրահամ Լինքոլնին, դեմ չէի լինի մի քանի կարևոր խորհուրդ ստանալ։
  • Արցախյան հերոսամարտի ամենավառ դեմքերից մեկի՝ Վարդան Ստեփանյանի (Դուշմանի) մոր՝ տիկին Զարուհու կողմից գրված «Զրույց որդուս հետ» գիրքն եմ կարդում հիմա։
  • Երբ «ազգային արժեք» են ասում, առաջինը պատկերացնում եմ Արցախը։
  • Իմ երազած Հայաստանի մասին անվերջ կարող եմ խոսել, բայց ամենակարևոր բաները, որոնք կցանկանամ նշել, երեքն են։ Իմ երազած Հայաստանում ապրում են իրավագիտակից և իրապես հայրենասեր քաղաքացիներ, վարչախումբն աշխատում է բացառապես օրենքով և ի նպաստ ժողովրդի և, ի վերջո, իմ երազած Հայաստանում քաղաքացին ապրում է արժանապատիվ և բարեկեցիկ կյանքով։
  • Իմ կարծիքով՝ հատուկ բաների կարիք չկա, ամեն իրեն հարգող հայ երիտասարդ այսօր ընդամենը պետք է սիրի և գիտակցի հայրենիքի կարևորությունը, այդ դեպքում բոլոր հարցերը կլուծվեն, սկզբի համար գոնե պետք է չվնասել հայրենիքին։
  • Երևանում ամենասիրածս վայրերից մեկը Միսաք Մանուշյանի կամ, այսպես կոչված, «Մաշտոցի պուրակն» է, այդ տեղի հետ կապված միայն լավ հիշողություններ ունեմ։
  • Երաժշտության հատուկ, նախընտրելի ոճ չունեմ, լսում եմ այն, ինչ այդ պահին հարազատ է թվում կամ համապատասխանում է տրամադրությանս։
  • Սիրածս ֆիլմերը շատ են, սակայն կառանձնացնեմ երկուսը՝ 1998 թվականին ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի կողմից նկարահանված «Փրկեցեք շարքային Ռայանին» կինոնկարը և ռեժիսոր Շոն Փենի կողմից, Ջոն Կրակաուերի համանուն գրքի հիման վրա նկարահանված «Վայրի բնության գրկում» ֆիլմը, որի հիմքում իրական պատմություն է։
  • Իսկական ընկերոջ ամենակարևոր հատկանիշներն են՝ անկեղծությունը, նվիրվածությունն ու հավատարմությունը, մնացած գրեթե ամեն ինչի հետ հնարավոր է հարմարվել։ 

Վահե Բաղդասարյան, 28 տարեկան, երաժիշտ

Արսեն Չաչոյան, 32 տարեկան, դերասան 

  • Առավոտյան աչքերս բացելուն պես ասում եմ. «Շնորհակալությո՛ւն, Տե՛ր, այսօրվա համար»։
  • Ոսկե ձկնիկից կխնդրեի ծնողներիս առողջություն, ծրագրերիս իրականացում, արժանապատիվ երկիր։
  • Ասում են՝ կյանքում պետք է փորձել ամեն բան: Երբեք չեմ փորձի մարդ սպանել... բայց դե՝ երբեք մի ասա երբեք։
  • Վախենում եմ չար մտքերիցս։ Ինձ թշնամի կարող եմ լինել ես ինքս։
  • Ծննդյանս օրը սիրող մարդու կամ մարդկանց ներկայությունն եմ ուզում ստանալ։
  • Պատմության քառուղիներով շրջելու հնարավորության դեպքում կուզենայի հանդիպել Տիգրան Մեծին, Քրիստոսին, Մահաթմա Գանդիին, Նարեկացուն, Կոմիտասին, Էյնշտեյնին, Չարենցին։ Հույս ունեմ, որ կօգնեին ինձ շատ բաներ հասկանալ։
  • Ինձ համար «ազգային արժեք» է արժանապատիվ ապրող հայ ընտանիքը, որտեղ հայրերը ստիպված չեն «խոպան» գնալ։
  • Երազում եմ անկախ Հայաստան՝ երկրի զարգացման համար պատասխանատվություն ստանձնող քաղաքացիներով։
  • Իրեն հարգող հայ երիտասարդն այսօր պետք է զարգանա, սովորի, չմտածի, որ դիպլոմ ստանալով սովորելն ավարտվում է։
  • Երևանում սիրում եմ ժպտացող, երջանիկ, քաջ, խելացի, չհաբռգած մարդկանցով լցված բոլոր տեղերը։
  • Բազմազան երաժշտություն եմ սիրում, բայց ամենաշատը՝ էթնո-ֆոլկ-ջազ-ռեպ։
  • Սիրածս ֆիլմերը շատ են, բայց «ամենա»-ներից երկուսը՝ Անրի Վերնոյի «Մայրիկը» և Անդրեյ Տարկովսկու «Ստալքերն» են։
  • Հպարտանում եմ իմ այն գործերով, որոնք օգտակար են ընտանիքիս, կողքիններիս և ինձ համար։

Լուսանկարները՝ Մաքսիմ  Սարգսյանի

Զրույցը՝ Աննա Գիվարգիզյանի, «Ժամ» ամսագիր, Գարուն 2017 թ.