Սիրելի՛ սփյուռքահայեր, իմ լա՛վ բարեկամներ, թուրք-ադրբեջանական տանդեմն ահաբեկիչ վարձկանների օգնությամբ, կիրառելով միջազգային մարդասիրական իրավունքի կողմից արգելված զենք և զինամթերք, պատերազմի անթույլատրելի միջոցներ ու մեթոդներ, բզկտեցին և անդամահատեցին երեսուն տարի մեր բոլորի ոգևորության աղբյուրը հանդիսացող հերոսական Արցախը: Անհավասար պայքարում ունեցանք բյուրավոր սրբազնացած հերոս նահատակներ, շուրջ տաս հազար հաշմվածներ, հարյուր հազարավոր բնավեր ու տնավեր հայրենակիցներ: Այսօր էլ մեր դարավոր թշնամին՝ իր բարբարոս էությանը հավատարիմ, անխնա հողին է հավասարեցնում հայ ժողովրդի հազարամյակների մշակութային արժեքները, եկեղեցիներն ու խաչքարերը, հուշարձաններն ու գերեզմանները՝ փորձելով վերացնել հայի հետքն իր հինավուրց քաղաքակրթության բնօրրանից: Արցախում մեր միակ ապավենը մնացել են ռուս խաղաղապահ ուժերը: Միաժամանակ, սահմռկեցուցիչ է այն փաստը, որ հարյուրավոր հայ երիտասարդներ ու կանայք գերեվարվել են ոսոխի կողմից և տանջամահ են արվում ադրբեջանական բանտերում: Վեց ամսից ավելի է անցել, սակայն Հայաստանի իշխանություններն ի զորու չեն վերադարձնել մեր հայրենակիցներին, իսկ Արևմուտքը, ինչպես միշտ, իրեն հատուկ սառն անտարբերությամբ աչք է փակում այս դաժան իրականության առջև: Հիմնականում ‹‹համեստորեն›› լռում են նաև մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կառույցները: Սիրելի՛ հայրենակիցներ, ապրիլի 24-ին ընդառաջ, Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի նախօրեին՝ 2021 թվականի ապրիլի 15-ին կրկին բռունցքվելու է հայկական Սփյուռքը, ոտքի է կանգնելու այնպես, ինչպես պատերազմի մղձավանջային օրերին, և տարբեր երկրներում բողոքի ու ցասման ալիք է բարձրացնելու ի պաշտպանություն հայ ռազմագերիների՝ պահանջելով նրանց անհապաղ վերադարձ: Դուք ի զորու եք տարբեր երկրների իշխանություններից պահանջելու՝ ձայն բարձրացնել և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան ներազդել ադրբեջանական բռնապետական ղեկավարության վրա՝ հարկադրելով կատարել իրենց ստանձնած պարտավորությունները և օր առաջ վերադարձնել հայ ռազմագերիներին: Դիմելով ձեզ, խնդրում եմ և հորդորում՝ ոտքի կանգնել և յուրաքանչյուրիդ ներկայությամբ մարդաշատ դարձնել բողոքի ցույցերն ու միտինգները, ոտքի կանգնել, արդարության ձայնը բարձրացնել և հայ ժողովրդի միասնական պահանջը ներկայացնել, ցույց տալ հայ ժողովրդի միասնությունն ու համախմբվածությունը Հայրենիքի շուրջ, ոտքի կանգնել՝ արթնացնելու աշխարհի քնած խիղճը:
Հրանուշ Հակոբյան