«Արցախն այսքան ցավ է տեսել և մնացել անսահման բարի». Նինա Բոնդարենկո
Загрузка
X


«Արցախն այսքան ցավ է տեսել և մնացել անսահման բարի». Նինա Բոնդարենկո

Вернисаж / Ежедневник / 14.06.2019

Լուսանկարում՝ Նինա Բոնդարենկոն որդու՝ Յարոսլավի և էթի Ջափարիձեի հետ

Այսօր Հադրութի միջազգային նկարչական սիմպոզիումի հինգերորդ օրն է: Նկարիչ Էթի Ջափարիձեի օգնությամբ` «Ժամ»-ը շարունակում է ներկայացնել մեր սիրելի հուրերին:

Ուկրաինացի նկարիչներ Նինա Բոնդարենկոն և իր որդին` Յարոսլավ Բոնդարենկոն նույնպես մասնակցում են «Դիզակի գույները» նկարչական սիմպոզիումին:

Նինան Ուկրաինայի նկարիչների միության անդամ է, երկար տարիներ եղել է կտորների ձևավորման գլխավոր նկարիչը իրենց երկրում: Նրանք նկարիչ Գևորգ Բաբախանյանի հետ 2016-ին ծանոթացել են Թունիսում և վերջինիս հրավերով նախ 2017-ին մասնակցել են Մաչանենց միջազգային սիմպոզիումին` Էջմիածնում, այս տարի էլ ժամանել են Արցախ:

«Երբ Գևորգը հրավիրեց, միանգամից համաձայնեցի, թեպետ ֆինանսական հնարավորություն չունեի այդ պահին, բայց հաստատ գիտեի, որ ամեն գնով մասնակցելու եմ: Եկա և չեմ փոշմանել, այստեղ զարմանալի մարդիկ են ապրում: Երեկ մենք տեղի բնակիչների հետ միասին նստել էինք մի մեծ սեղանի շուրջ, զգում էի որքան սեր կա պատերազմ տեսած, չարչարանք տեսած այս մարդկանց հայկական աչքերի մեջ: Արցախն այսքան ցավ է տեսել և մնացել անսահման բարի, սա անգնահատելի է», — պատմում է նա:

Յարոսլավը բացի նկարչությունից նաև զբաղվում է դիզայնով: Դասավանդում է Խարկովի պետական համալսարանում և շատ ամսագրերում գեղարվեստական տնօրեն է աշխատում:

«Բնությունն Արցախում, իհարկե, սքանչելի է. լեռները, ծառերը, արևը, ես առաջին անգամ եմ Արցախում, բայց հասցրել եմ տպավորվել տեղացիների ջերմ վերաբերմունքից: Նկարչի համար կարևոր է լինել նման գեղատեսիլ վայրերում: Զգացվում է, որ պատերազմ է եղել այստեղ, թեպետ վերականգնվել է շատ բան, շատերը վերադարձել են, սա կարևոր է: Սրտով ուզում եմ, որ Արցախն ապրի խաղաղ ու այս երեխաները մեծանան երջանիկ», — ասում է նա:

www.zham.ru