Սիմպոզիումի գաղափարը ծնվեց 2016թ․ Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժին հյուր եկած Քարվաճառի թատերախմբի ղեկավար Գևորգ Ընծա Բաբախանյանն ուզում էր <<44 աստիճանի վրա>> ներկայացումով հանդես գալ Հադրութում։ Գևորգ Բաբախանյանի հետ զրույցի ընթացքում էլ ծնվեց նկարչական սիմպոզիում անցկացնելու մտահղացումը ։
Սիմպոզիումն առաջին անգամ կազմակերպեցինք 2017թ. սեպտեմբերի 11-16-ը, որին մասնակցեցին 10 նկարիչներ՝ Արցախից և Հայաստանից:
2018թ. հունիսի 22-28-ն անցկացվեց երկրորդ սիմպոզիումը՝ արդեն միջազգային ձևաչափով, որին մասնակցեցին 18 նկարիչներ՝ Արցախից, Հայաստանից ու Ռուսաստանի Դաշնությունից:
Սիմպոզիումի կազմակերպման նպատակն էր երկու կարևոր խնդիր լուծել. ծանոթացնել ինչպես հայազգի, այնպես և օտարերկրյա նկարիչներին Դիզակի բնաշխարհին, ոգևորել, ի հայտ բերել նրանց ստեղծագործական ներուժը, և տեղի մշակութային կյանքն աշխուժացնել` սիմպոզիումի շրջանակներում անցկացնելով զանազան միջոցառումներ:
Նկարչական սիմպոզիումն առիթ է` գեղեցիկ արվեստի շուրջ համախմբելու Արցախի հին ու նոր բարեկամներին,ստեղծելու արվեստի գործեր,որոնք կհիշեցնեն գեղեցիկի ու հոգևորի հավերժության մասին։
Հաջողությունից ոգևորված` որոշվեց սիմպոզիումը դարձնել ամենամյա։
Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի նախաձեռնությամբ 2019 թ․ հունիսի 10-17-ը շրջկենտրոնում երրորդ անգամ կազմակերպվելու է «Դիզակի գույները» նկարչական միջազգային սիմպոզիում:
Սիմպոզիումին մասնակցել ցանկացողները պետք է ներկայացնեն 10-15 բարձր որակի նկարչական աշխատանքներ, իրենց ինքնակենսագրականը և լուսանկարը:
Պրոֆեսիոնալ հանձնաժողովը ներկայացված հայտերից կընտրի 15 արվեստագետի։ Աշխատանքները կյանքի կոչելու համար կտրամադրվեն համապատասխան նյութեր՝ կտավ, ներկեր (վրձինները բերում է մասնակիցը): Յուրաքանչյուր մասնակից Հադրութի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնին պետք է նվիրի 4 աշխատանք, որոնք պիտի ստեղծվեն սիմպոզիումի ընթացքում: Երևանից Հադրութ տրանսպորտի, կեցության և սննդի ծախսերը կհոգան կազմակերպիչները ։
«Դիզակի գույները» նկարչական միջազային սիմպոզիումի կազմակերպմանն աջակցել են նաև ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը, ԱՀ Հադրութի շրջվարչակազմը, «Արարատ» հիմնադրամը, «Ավան Շուշի» հոթելը, «Կատարո» գինու գործարանի տնօրինությունը , մոսկովյան «ժամ» ամսագիրը, Արցախի հանրային հեռուստատեսությունը:
Հադրութի շրջվարչակազմի
աշխատակազմի մշակույթի և երիտասարդության
հարցերի բաժնի պետ ՝ Ե․Հայրիյան