Ճանաչիր ինձ՝ իմ ունակություններով. նկարչության մրցույթ Հադրութում
Загрузка
X


Ճանաչիր ինձ՝ իմ ունակություններով. նկարչության մրցույթ Հադրութում

Арцах / Ежедневник / 17.03.2018

Մարտի 13-ին Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի նախաձեռնությամբ Հադրութի մշակույթի և երիտասարդության կենտրոնում տեղի է ունեցել «Ճանաչիր ինձ՝ իմ ունակություններով» խորագրով մանկապատանեկան նկարչության մրցույթ` նվիրված Ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձին:

Մրցույթի նպատակն է՝ նպաստել երեխաների հայ ազգագրության, երկրագիտության իմացությանը, նրանց կողմից ազգային աշխարհահայացքի, առանձնահատկությունների, գեղագիտական արժեքների յուրացմանը, առանձին պատմական իրադարձությունների, փաստերի արժևորմանը:

Մրցույթն անց է կացվել 2 տարիքային խմբերում՝ 6-13 և 14-18, և երկու փուլով: Առաջին փուլում աշխատանքները ներկայացվել են ՄԵ հարցերի բաժին: Մասնագիտական հանձնաժողովի կողմից ընտրված լավագույն աշխատանքները ներկայացվել են ցուցահանդեսին: Աշխատանքների գնահատման ընթացքում նախապատվությունը տրվել է բովանդակային պահանջների համապատասխանությանը, գաղափարի գեղարվեստական կատարման յուրօրինակությանը և որակին:

Առաջին փուլի բոլոր մասնակիցներն ստացել են ակտիվ մասնակցության համար գովասանագրեր: Երկրորդ փուլում յուրաքանչյուր տարիքային խմբում 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակային տեղեր գրաված մասնակիցները պարգևատրվել են Հադրութի շրջվարչակազմի պատվոգրերով և նվերներով: 

Հեղինակ՝ Լիաննա Պետրոսյան, «ԴԻԶԱԿ» թերթի գլխավոր խմբագիր, Հադրութ