Հոկտեմբերի 12-ին Ստեփանակերտի պատկերասրահում բացվել է «Դիզակի գույները» միջազգային նկարչական սիմպոզիումի մասնակիցների աշխատանքների ցուցահանդեսը:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, Հադրութի շրջվարչակազմի ղեկավար Իվան Ավանեսյանը, «ԼՂՀ նկարիչների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Հովիկ Գասպարյանը, մշակույթի գործիչներ, արվեստագետներ:
Բացման խոսքով հանդես եկավ «ԼՂՀ նկարիչների միություն» ՀԿ նախագահ Հովիկ Գասպարյանը:
Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Երազիկ Հայրիյանը ներկայացրեց, թե ինչպես ծնվեց սիմպոզիումի անցկացման գաղափարը:
2016թ. Հադրութ հյուր եկած Քարվաճառի թատերախմբի ղեկավար Գևորգ Ընծա Բաբախանյանն ուզում էր «44 աստիճանի վրա» ներկայացումով հանդես գալ Հադրութում: Գևորգ Բաբախանյանի հետ զրույցի ընթացքում էլ ծնվեց նկարչական սիմպոզիում անցկացնելու մտահղացումը, որը մշակվեց «Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ տնօրեն Լուսինե Գասպարյանի ուղղորդմամբ:
Սիմպոզիումն առաջին անգամ կազմակերպվեց 2017թ. սեպտեմբերի 11-16-ը, որին մասնակցեցին 10 նկարիչներ՝ Արցախից և Հայաստանից:
2018թ. հունիսի 22-28-ն անցկացվեց երկրորդ սիմպոզիումը, արդեն միջազգային ձևաչափով, որին մասնակցեցին 18 նկարիչներ Արցախից, Հայաստանից ու Ռուսաստանի Դաշնությունից:
Ի դեպ, ՌԴ Չուվաշիայի Հանրապետության մշակույթի նախարարի կողմից ստացվել է պաշտոնական հրավեր՝ մասնակցելու Ռուսական մշակույթի օրեր ամենամյա միջոցառմանը։
Ե. Հայրիյանն անդրադարձավ սիմպոզիումի կազմակերպման նպատակներին, այն է՝ ինչպես հայազգի, այնպես և օտարերկրյա նկարիչներին ծանոթացնել Դիզակի բնաշխարհին, ի հայտ բերել նրանց ստեղծագործական ներուժը և աշխուժացնել տեղի մշակութային կյանքը` սիմպոզիումի շրջանակներում անցկացնելով զանազան միջոցառումներ:
Նկարչական սիմպոզիումն առիթ է` գեղեցիկ արվեստի շուրջ համախմբելու Արցախի հին ու նոր բարեկամներին, ստեղծելու արվեստի գործեր, որոնք կհիշեցնեն գեղեցիկի ու հոգևորի հավերժության մասին:
Հաջողությունից ոգևորված` որոշվեց սիմպոզիումը դարձնել ամենամյա:
Ե. Հայրիյանը շնորհակալություն հայտնեց ծրագրի իրականացման բոլոր աջակիցներին՝ ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությանը, Հադրութի շրջվարչակազմին, «Արարատ» հիմնադրամին, «Կատարո» գինու գործարանի տնօրինությանը, անհատ ձեռնարկատեր Ա. Հովակիմյանին, Մոսկվայում հրատարակվող «ԺԱՄ» ամսագրին, «Ավան Շուշի» հոթելին, ինչպես նաև Արցախի նկարիչների միությանը՝ ի դեմս Հովիկ Գասպարյանի, ում առաջարկով և անմիջական աջակցությամբ էլ կազմակերպվեց ցուցահանդեսը:
Ելույթներով հանդես եկան նաև Հակոբ Գյուրջյանի անվան ինստիտուտի ռեկտոր Յուրի Հովհաննիսյանը, ԱՀ ՄԵՀԶ փոխնախարար Գայանե Գրիգորյանը և «Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ տնօրեն Լուսինե Գասպարյանը:
Այնուհետև ներկաները շրջեցին պատկերասրահի ցուցասրահներով՝ ծանոթանալով հայ և ռուս արվեստագետներիª ցուցադրված 50 աշխատանքներին, որոնք ներկայացնում են Դիզակ աշխարհի գույները: