Սեպտեմբերի 28-ին, Երևանի «Հայրենիք» կինոթատրոնում բացվեց «Սոսե» հինգերորդ միջազգային կինոփառատոնը։ Խորհրդանշական է, որ անհիշելի ժամանակներից չգործող կինոթատրոնի շենքում դարձյալ թևածեց կինոտրամադրությունը։ Փառատոնը բացվեց Վիլյամ Սարոյանի համանուն պիեսի էկրանավորմամբ, ցուցադրվեց Մարատ Վարժապետյանի «Հե՜յ, ո՞վ կա այդտեղ» ֆիլմը /«Երևան» կինոստուդիա, սցենարի հեղինակ Մ․ Վարժապետյան, օպերատորներ՝ Մ․ Վարժապետյան, Ա․ Մովսեսյան, գլխավոր դերակատարներ՝ Անդրեյ Պոդոշյան, Մարի Սեթխանյան/։ Կինոփառատոնը կտևի մոտ երկու ամիս։ Եվ այդ ամբողջ ընթացքում, ամեն կիրակի, «Հայրենիք» կինոթատրոնում կշարունակվեն կինոցուցադրությունները։
«Սոսե» հինգերորդ միջազգային կինոփառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Կինոփառատոնի բացմանը ներկա են եղել ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանը և Վահե Բուդումյանը։
«Սոսե» միջազգային կինոփառատոնը կերտում է իր հինգերորդ պատմությունը։ Անցած հինգ տարիների ընթացքում կինոփառատոնի կազմակերպիչներին հաջողվել է ոչ միայն իրենց շուրջ համախմբել կինոյի սիրահար պահանջկոտ հանդիսատեսի բանակը, այլև գրավել հենց կինոհեղինակների ուշադրությունը։ Եթե տարիներ առաջ փառատոնը մեկնարկեց հայ հեղինակների ընդամենը 8 ֆիլմով, ապա այս տարի արդեն «Սոսե» հինգերոդ միջազգային կինոփառատոնի մասնակցության հայտ է ներկայացրել 39 երկրի (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Իրան, Ռուսաստան, Իտալիա, Իսպանիա, Շվեյցարիա, Ֆրանսիա, Գերմանիա, Չինաստան, Նոր Զելանդիա) 742 հեղինակ, մրցութային փուլ է անցել 174 ֆիլմ։
«Սոսե» հինգերորդ միջազգային կինոփառատոնին ներկայացված են նաև հեղինակավոր կինոփառատոնների էկրան բարձրացած և մրցանակների արժանացած ֆիլմեր։ Օրինակ՝ ռուս ռեժիսոր Իգոր Պոպլաուխինի «Օրացույց» ֆիլմը 2018 թ-ին Կաննի միջազգային կինոփառատոնում արժանացել է երկրորդ, «Կինոտավր»-ի՝ գլխավոր մրցանակներին, Եվրասիա միջազգային կինոփառոտնի՝ ժյուրիի հատուկ մրցանակի։ Ֆրանսիացի երիտասարդ խոստումնալից ռեժիսոր Սելին Դյուվոյի «Մեծ վիշտ» ֆիլմը Վենետիկի միջազգային կինոփառատոնում արժանացել է վենետիկյան հորիզոն մրցանակի՝ որպես լավագույն կարճամետրաժ ֆիլմ, շվեդ ռեժիսոր Մարիա Էրիքսսոն-Հեշթի «Դպրոցական դժվարություններ» ֆիլմն արդեն ներկայացվել է Չեխիայի հայտնի Կարլովի Վարեի, Տորոնտոյի միջազգային և Նեշվիլլի կինոփառատոններում։
Կինոփառատոնի մրցութային փուլ անցած ֆիլմերը ներկայացված են հետևյալ անվանակարգերում՝ հիմնական մրցութային ծրագիր (15 խաղարկային լիամետրաժ, 63 խաղարկային կարճամետրաժ և 21 վավերագրական ֆիլմ), «Բովանդակությունը՝ կին» (27 ֆիլմ), «Ուսանողական» (48 ֆիլմ)։
Կինոփառատոնի ժյուրիների կազմում են կինոռեժիսոր Հրանտ Վարդանյանը /Հայաստան/, կինոօպերատոր Աշոտ Մովսեսյանը /Հայաստան/, կինոռեժիսոր Նինո Կիրտաձեն /Վրաստան/, դերասանուհի Զառա Անտոնյանը /Գերմանիա/, ռեժիսոր և դերասան Սլավա Ստեփանյանը /ՌԴ/, ռեժիսոր և դերասանուհի Ջուլիա Կամպանելլին /ԱՄՆ/, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը /Հայաստան/, պրոդյուսեր և ռեժիսոր Արմինե Անդան /Հայաստան/։
Փառատոնի ընթացքում ցուցադրությունները չեն կենտրոնանում միայն մայրաքաղաքում։ Արդեն երրորդ տարին է մարզերի հանդիսատեսը ևս հնարավորություն է ունենում դիտել փառատոնի ֆիլմերը։ Այս տարի «Սոսե»-ի ֆիլմերը ցուցադրվում են նաև Եղեգնաձորում, Դիլիջանում, Գյումրիում։
Կինոփառատոնին այս տարի հաջողվեց հիշեցնել մոռացության մատնված ու լքված նախկին կինոթատրոնների մասին և ոչ միայն հիշեցնել: «Սոսե»-ն արդեն անդրադարձել է Երևանի «Հայրենիք», Եղեգնաձորի «Արագիլ» և Դիլիջանի «Դիլիջան» չգործող կինոթատրոններին։
Եթե «Դիլիջան» կինոթատրոնում հնարավոր էր կինոցուցադրություն կազմակերպել, քանի որ լավ պահպանվել է կինոդահլիճն ու էկրանը, ապա «Արագիլ» կինոթատրոնւմ այլ իրավիճակ է։ Այստեղ հնարավոր եղավ կինոցուցադրությունները կազմակերպել միայն նախկին կինոթատրոնի հարակից հրապարակում։ Հատկանշական է, որ չգործող կինոթատրոններում կինոցուցադրություններ կազմակերպելու փառատոնի նախաձեռնությանը միացել է Հայաստանի ազգային կինոկենտրոնը։ Կինոփառատոնի կազմակերպիչնեը շրջում են Հայաստանի տարբեր քաղաքներում և տեղի պատասխանատուների հետ փորձում միասին լուծել այն խնդիրները, որոնք խոչնդոտում են կինոթատրոններն իրենց բուն նպատակին ծառայեցնելուն։
«Սոսե» միջազգային կինոփառատոնի այս նախաձեռնությունը մշակութային հեղափոխության յուրօրինակ դրսևորում է, արժեքների վերագնահատում և հաստատում։ Կինոփառատոնի կազմակերպիչները վստահ են, որ սա լավ հնարավորություն է ոչ միայն կինոթատրոններին նոր կյանք տալու և կինոն վերադարձնելու մեծ էկրան, այլև զարկ տալու կինոարտադրությանը։ Սա նաև կնպաստի մարզերում մշակութային կյանքը քիչ, թե շատ ակտիվացնելուն։
Նախատեսվում է խաղարկային լիամետրաժ, կարճամետրաժ և վավերագրական ֆիլմեր ցուցադրություն նաև արտամրցութային ծրագրում։ Կինոփառատոնը կանդրադառնա նաև Վիլյամ Սարոյանի ծննդյան 110 ամյակին։ Սարոյանական օրերը կանցկացվեն «Ըստ Սարոյանի» խորագրով։ Կցուցադրվեն Վ․ Սարոյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված ֆիլմեր՝ «Իթակա» /Մեգ Ռայան/, «Աքսոր» /Զվյագինցև/, «Կիսալուսնի ծովածոցը» /Մարինե Զաքարյան/, «Սարոյանի կտակը» /Գրիգոր Հարությունյան/։