Նոր շունչ՝ պատմական նշանակություն ունեցող վայրերին. Երազիկ Հայրիյանը «Դիզակի գույների» մասին
Загрузка
X


Նոր շունչ՝ պատմական նշանակություն ունեցող վայրերին. Երազիկ Հայրիյանը «Դիզակի գույների» մասին

Ежедневник / 23.06.2018

Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի նախաձեռնությամբ հունիսի 22-ից շրջկենտրոնում մեկնարկել է «Դիզակի գույները» խորագրով նկարչական երկրորդ միջազգային սիմպոզիումը, որին Արցախից, Հայաստանից և Ռուսատանի Դաշնությունից մասնակցում է 17 նկարիչ:

Սիմպոզիումի երկրորդ օրը խոստումնաշատ է սկսվել: «ԺԱՄ»-ը որպես գլխավոր ինֆորմացիոն հովանավոր զրուցեց Հադրութի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ, սիմպոզիումի կազմակերպիչ Երազիկ Հայրիյանի հետ: 

 — Արդեն երկրորդ տարին է, որ Հադրութում անցկացվում է այս յուրօինակ արվեստի տոնը: Կարո՞ղ ենք այն կոչել ամենամյա:
  
— Վերհիշելով նախորդ տարվա տեղի ունեցածը` նշենք, որ սիմպոզիումն անցավ մեծ հաջողությամբ և դարձավ բարի ավանդույթ: 
 — Ինչպե՞ս ծնվեց Հադրութում այսօրինակ նկարչական սիմպոզիում կազմակերպելու գաղափարը:
 
— Անցած ամռանը Հադրութ հյուր եկած Քարվաճառի թատերական խմբի ղեկավար Գևորգ Ընծա Բաբախանյանն ուզում էր «44 աստիճանի վրա» ներկայացումով հանդես գալ։ Գևորգ Բաբախանյանի հետ զրույցի ընթացքում մտահղացում ծնվեց նկարչական սիմպոզիում անցկացնել այստեղ։
Ողջունելի մտահղացում էր: Մտածեցի, որ կազմակերպելով նման միջոցառում, երկու կարևոր խնդիր կարելի է լուծել. և՛ նկարիչներին ծանոթացնել հարազատ բնաշխարհի այս հատվածին, ոգևորել, ի հայտ բերել նրանց ստեղծագործական ներուժը, և՛ տեղի մշակութային կյանքն աշխուժացնել` սիմպոզիումի շրջանակներում անցկացնելով զանազան միջոցառումներ:
 — Խոսենք սիմպոզիումի ծրագրի մասին:
  
— Հունիսի 22-29-ը կազմակերպվող «Դիզակի գույները» նկարչական սիմպոզիումի ծրագիրը ներառում է էտյուդներ Հադրութի շրջանի Արփագետիկ, Պլեթանց, Մելիքաշեն, Ծաղկավանք, Բանաձոր, Խանձաձոր գյուղերում, որտեղ քիչ թվով բնակչություն է մնացել:
 — Ի՞նչ հիմնական նպատակ է հետապնդում սիմպոզիումը:
 
— Նպատակն այն է, որ ուշադրություն դարձվի վերոնշյալ բնակավայրերին և դրանով իսկ նոր շունչ հաղորդվի պատմական նշանակություն ունեցող այդ վայրերին։ 
— Այս ողջունելի գաղափարն իրագործելու համար հավանաբար աջակիցների կարիք եք ունեցել և ունեք:
 
— Խորին երախտագիտություն եմ հայտնում բոլոր այն հիմնարկների ղեկավարներին, կազմակերպություններին, անհատ ձեռներեցներին, ովքեր աջակցություն ցուցաբերեցին կրկին կազմակերպել արդեն Հադրութի Միջազգային նկարչական երկրորդ սիմպոզիումը:
Հատուկ շնորհակալություն ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությանը, Հադրութի շրջվարչակազմին, «Արարատ» հիմնադրամին, «Ավան Շուշի» հոթելին, «Կատարո» գինու գործարանի տնօրինությանը և, իհարկե, Մոսկվայում հրատարակվող «Ժամ» ամսագիրին։
— Ե՞րբ է նախատեսված սիմպոզիումի փակումը:

Ե.Հ. — Սիմպոզիումի փակումը հունիսի 29-ին է, ժամը 11:00-ին: