Ապրիլի 18-ին Հադրութի շրջանի «Տյաք» պետական պատմամշակութային արգելոցում նշվել է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը: Միջոցառումը կազմակերպվել է Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի և «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի Հադրութի շրջանային ծառայության կողմից:
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա՝ ապրիլի 18-ի, 2018թ. թեման էր՝ «Ժառանգություն սերունդների համար», որի շրջանակներում Հադրութի և Թաղասեռի միջնակարգ դպրոցների սաներն ու ԱՀ ՊԲ Ն զորամասի նորակոչիկները /Ն զորամասի գումարտակի ԱՀՏԱ գծով տեղակալ, կապիտան Արա Ավագյան/ մասնակցել են «Թխիր քո ժենգյալով հացը» ծրագրին, որի նպատակն է խրախուսել տեղի համայնքներին և անհատներին կարևորել իրենց կյանքում, ինքնության մեջ և համայնքներում մշակութային ժառանգության դերը, նպաստել դրա բազմազանության և խոցելիության իրազեկմանը, ինչպես նաև ջանքեր գործադրել պաշտպանելու և պահպանելու այդ ժառանգությունը:
Միջոցառմանը ներկա էին նաև Հադրութի շրջվարչակազմի, քաղաքապետարանի, տարբեր հիմնարկ-ձեռնարկությունների աշխատողներ: Մասնակիցներին և հյուրերին ողջունեցին Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Երազիկ Հայրիյանը և «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի Հադրութի շրջանային ծառայության պետ Գայանե Բուդաղյանը: Այնուհետև ԼՂՀ վաստակավոր արտիստուհի Լարիսա Սարգսյանը՝ նույն ինքը Այան, պատմելու, նյութը մատուցելու իրեն հատուկ ոճով խոսեց ժենգյալով հացի բաղադրության, պատրաստման, ինչպես նաև կարևորության մասին՝ ներկայացնելով այն որպես արցախցիների այցետոմս:
«Դիզակ» ժողգործիքային համույթի ազգագրական-հայրենասիրական երգերի ու նվագի ներքո մասնակից թիմերն անցան ժենգյալով հացի թխման գործին: Յուրաքանչյուր սեղան ուներ մեկ կամ երկու հուշարար-խորհրդատու, ովքեր ուղղորդում էին մասնակիցներին՝ ճիշտ հերթականությամբ կատարելու գործողությունները: Ողջունելի էր աշակերտների ոգևորությունը, սակայն առավել ընդգծված ոգևորությամբ ու հետաքրքրությամբ էին աշխատում զինվորները: Պետք էր միայն տեսնել նրանց արագ կողմնորոշվելն ու ժենգյալով հացի թխման դժվարին գործընթացը միանգամից յուրացնելը:
Երբ բոլոր սեղաններին միայն պատրաստի ժենգյալով հացեր էին, իսկ անուշ բույրը, բարձրանալով, հասել էր արևելյան սոսու կատարին, սկսվեց միջոցառման հաջորդ փուլը: Ներկաներն ու 3 հոգուց կազմված հանձնախումբը համտեսեցին յուրաքանչյուր սեղանից, շնորհակալություն հայտնեցին նորաթուխ «խոհարարներին», և հանձնախմբի միաձայն որոշմամբ հաղթող ճանաչվեց զինծառայողների թիմը, ովքեր և պագևատրվեցին խորհրդանշական նվերներով:
Նմանատիպ միջոցառումները նպաստում են, որպեսզի երիտասարդ սերունդը չկորցնի կապը ազգայինի, ավանդականի հետ, շարունակի մեր ազգային կերակրատեսակների պատրաստումն ու հանրահռչակումը, ինչպես նաև ապահովում են բանակ-հասարակություն սերտ կապը:
Հեղինակ՝ Լիաննա ՊԵՏՐՈՍՅԱՆ, «Դիզակ» թերթի գլխավոր խմբագիր