ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Загрузка
X


ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Ежедневник / 23.04.2018

Էջմիածին և Հադրութ քաղաքների միջև բարեկամության և համագործակցության պայմանագիրը ստորագրվել է 2010թ. հոկտեմբերի 8-ին, և այս տարիների ընթացքում կյանքի են կոչվել համագործակցության մի շարք ծրագրեր:

«Հադրութ և Էջմիածին  քաղաքների   մշակութային օջախների միջև ձևավորվող  համագործակցության» նպատակով եռօրյա այցով Հադրութում էին Էջմիածին քաղաքի Ս.Մելիքյանի անվան թիվ 2 երաժշտական դպրոցի անձնակազմը՝ տնօրեն Քերոբ Ասլանյանի գլխավորությամբ: Հիշեցնենք, որ 2017թ. ապրիլին նույն ծրագրի շրջանակներում Էջմիածին էին մեկնել Հադրութի մշակութային օջախների ներկայացուցիչները՝ շրջվարչակազմի աշխատակազմի ՄԵ հարցերի բաժնի վարիչ Երազիկ Հայրիյանի գլխավորությամբ:

«Հադրութ և Էջմիածին քաղաքների   մշակութային օջախների միջև ձևավորվող  համագործակցության» արդյունքում ապրիլի 19-22-ն իրականացվել են մի շարք ծրագրեր, կազմակերպվել են տարբեր միջոցառումներ՝ ի նպաստ երկու քաղաքների միջև զարգացմանը:

Ապրիլի 19-ին համերգային ծրագրով հյուրերին ողջունել է Հադրութի արվեստի դպրոցը/ տնօրեն՝ Ջուլիետա Հայրապետյան/:

Ապրիլի 20-ին Էջմիածնի թիվ 2 երաժշտական դպրոցի տնօրինությանն ու սաներին ընդունել է Հադրութի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Վիգեն Հարությունյանը: Հանդիպումից հետո Հադրութի արվեստի դպրոցի և Էջմիածնի թիվ 2 երաժշտական դպրոցի կոլեկտիվները, Հադրութի քաղաքապետի  ուղեկցությամբ այցելել են Հադրութի քաղաքային հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել արցախյան գոյապայքարում զոհված դիզակցիների հիշատակին, ապա քայլել են հին Հադրութի փողոցներով, մոմեր են վառել Սբ Հարություն եկեղեցում:

Նույն օրը՝ երեկոյան, համերգային ծրագրով հանդես են եկել Էջմիածնի Ս. Մելիքյանի անվան թիվ 2 երաժշտական դպրոցի սաները: Համերգին ներկա էին նաև «Մշակութային կրթության աջակցության հիմնադրամի» անդամները, այդ թվում՝ ազգային նվագարանների վարպետ, ծագումով դիզակցի Գեորգի Մինասյանը, ովքեր համերգային ծրագրի ավարտից հետո Հադրութի արվեստի դպրոցում անց են կացրել վարպետաց դասեր, ցուցաբերել մեթոդական աջակցություն:

Էջմիածնի թիվ 2 երաժշտական դպրոցի համույթի ելույթից հետո դպրոցի տնօրեն Քերոբ Ասլանյանը, համույթի ղեկավար Հրանտ Պապիկյանը և բոլոր երեխաները Հադրութի քաղաքապետի կողմից պարգևատրվել են շնորհակալագրերով: Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի անունից նվեր է հանձնվել Հադրութի քաղաքապետին: Հյուրերին նվերներ են հանձնել և նրանցից փոխադարձաբար նվերներ ստացել նաև Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի ՄԵ հարցերի բաժնի, արվեստի դպրոցի կողմից:

Ապրիլի 21-ին Էջմիածնի թիվ 2 երաժշտական դպրոցի անձնակազմը՝ մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի և արվեստի դպրոցի մի խումբ աշակերտների ուղեկցությամբ մեկնել են Մեծ Թաղեր, այցելել Խուդյակովի անվան թանգարան, վայելել Կաժ էթնոհամալիրի «համը», ապա Տողի արվեստի դպրոցի հետ համատեղ համերգային ծրագրով հանդես եկել Տողում:

Ամփոփելով 3-օրյա համագործակցության ծրագիրը՝ շրջվարչակազմի աշխատակազմի ՄԵ հարցերի բաժնի վարիչ Ե. Հայրիյանը նշեց. «Հադրութ և Էջմիածին քաղաքների   մշակութային օջախների միջև ձևավորվող համագործակցության» շրջանակներում  ելույթ ունեցան արվեստասեր դպրոցականներ, որոնց ելույթները նպաստեցին կրթական երկու կառույցների միջև համագործակցության զարգացմանը և ծառայեցին  մասնագիտական գիտելիքի ու փորձի փոխանակմանը՝ լավ հիմք հանդիսանալով կրթական ու վերապատրաստման համատեղ ծրագրերի  իրականացման համար:
Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում փոխադարձ համագործակցության համար:  Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն ունեցան այս փորձի փոխանակումն  իրականացնելու գործում՝ ի դեմս Հադրութի շրջվարչակազմի ղեկավար Իվան Ավանեսյանի:  Համոզված եմ, որ  առանց համագործակցության մշակույթի զարգացման ու տարածման խնդիրները  դժվար լուծելի են դառնում:

 

 

Հեղինակ՝ Լիաննա ՊԵՏՐՈՍՅԱՆ, «Դիզակ» թերթի գլխավոր խմբագիր