Հադրութում կազմակերպվելու է «Դիզակի գույները» նկարչական միջազգային երրորդ սիմպոզիումը
Загрузка
X


Հադրութում կազմակերպվելու է «Դիզակի գույները» նկարչական միջազգային երրորդ սիմպոզիումը

Ежедневник / 02.04.2019

Սիմպոզիումի գաղափարը ծնվեց  2016թ․ Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժին  հյուր եկած Քարվաճառի թատերախմբի ղեկավար Գևորգ Ընծա Բաբախանյանն ուզում էր «44 աստիճանի վրա» ներկայացումով հանդես գալ Հադրութում։

Գևորգ Բաբախանյանի հետ զրույցի ընթացքում էլ ծնվեց նկարչական սիմպոզիում անցկացնելու մտահղացումը ։

Սիմպոզիումն առաջին անգամ կազմակերպեցինք 2017թ. սեպտեմբերի 11-16-ը, որին մասնակցեցին 10 նկարիչներ՝ Արցախից և Հայաստանից:

2018թ. հունիսի 22-28-ն անցկացվեց երկրորդ սիմպոզիումը՝ արդեն միջազգային ձևաչափով, որին մասնակցեցին 18 նկարիչներ՝ Արցախից, Հայաստանից ու Ռուսաստանի Դաշնությունից:

Սիմպոզիումի կազմակերպման նպատակն էր երկու կարևոր խնդիր լուծել.  ծանոթացնել ինչպես հայազգի, այնպես և օտարերկրյա նկարիչներին Դիզակի բնաշխարհին, ոգևորել, ի հայտ բերել նրանց ստեղծագործական ներուժը, և տեղի մշակութային կյանքն աշխուժացնել` սիմպոզիումի շրջանակներում անցկացնելով զանազան միջոցառումներ:

Նկարչական սիմպոզիումն առիթ է` գեղեցիկ արվեստի շուրջ համախմբելու  Արցախի հին ու նոր բարեկամներին,ստեղծելու արվեստի գործեր,որոնք կհիշեցնեն գեղեցիկի ու հոգևորի հավերժության մասին։

Հաջողությունից ոգևորված` որոշվեց  սիմպոզիումը դարձնել ամենամյա։

Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի նախաձեռնությամբ 2019 թ․ հունիսի 10-17-ը շրջկենտրոնում երրորդ անգամ կազմակերպվելու է «Դիզակի գույները» նկարչական միջազգային սիմպոզիում:

Սիմպոզիումին  մասնակցել   ցանկացողները պետք  է  ներկայացնեն 10-15 բարձր որակի նկարչական աշխատանքներ, իրենց  ինքնակենսագրականը և  լուսանկարը:

Պրոֆեսիոնալ հանձնաժողովը ներկայացված հայտերից կընտրի 15 արվեստագետի։ Աշխատանքները կյանքի կոչելու համար կտրամադրվեն համապատասխան նյութեր՝ կտավ, ներկեր (վրձինները բերում է մասնակիցը):  Յուրաքանչյուր մասնակից Հադրութի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնին պետք է նվիրի  4 աշխատանք, որոնք պիտի  ստեղծվեն սիմպոզիումի ընթացքում: Երևանից Հադրութ տրանսպորտի, կեցության և սննդի ծախսերը կհոգան կազմակերպիչները ։

«Դիզակի գույները» նկարչական  միջազային սիմպոզիումի կազմակերպմանն աջակցել են նաև ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը, ԱՀ Հադրութի շրջվարչակազմը, «Արարատ» հիմնադրամը, «Ավան Շուշի» հոթելը, «Կատարո» գինու գործարանի տնօրինությունը, 2008-ից Մոսկվայում հրատարակվող  «Ժամ» ամսագիրը, Արցախի հանրային հեռուստատեսությունը: 

Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ ՝  Ե․ Հայրիյան

zham.ru