«Պոետները վերազանցական մոգեր են»,— ասում է բանաստեղծ Նարեկ Կիրակոսյանը: Ինքնատիպ մտածողությամբ օժտված այս պոետի ամեն տողում ժամանակի տառապանքն է, և այդ տառապանքի ջղաձգումներից ծնված ցավը՝ տնքացող ու կեղեքող: Իր ստեղծագործություններում նա անասելի բարդ է, բայց և թափանցիկության չափ անկեղծ:
Ձեզ ենք ներկայացնում պոետի «Ժամանակի սիմֆոնիա» շարքից մի քանի բանաստեղծություն:
Լռության արքայի մենախոսությունը (Էսսէ Catharsis շարքից)
Շատերը կարծում են՝ ծովախորշում փտող նավ եմ՝ լուռ, երկաթե՝ դատապարտված մենության մեջ մեռնելու:
Ենթադրում են՝ գոռոզ եմ, չեմ հաղորդակցվում, չեմ սիրում կյանքը, վանում եմ ինձնից շատերին:
Մեղադրում են մեծամտության, մարդկանց ատելու, չշփվելու մեջ:
Վախենում եմ այս մտքերից:
Ես այդպիսին չեմ: Ես գոռոզ չեմ:
Ժանգոտել եմ մաքառելուց:
Պաշտում եմ Լռությունը՝ Սֆինքսե Լռությունը:
Թվում է՝ հիմա կբացվի սպիտակ դուռը ու աղակալած սենյակս կլցվի քո Վարդաբույրով:
Իմ անկյունը, իմ թագավորությունը անլուսամուտ Զնդանս է: Ես մեկուսացած, անմարդաբնակ լռության մեջ դատապարտված ԱՐՔԱ եմ:
Լավ է հնչում՝ ԼՌՈՒԹՅԱՆ ԱՐՔԱ:
Աքսորյալ եմ: Հաճախ ծածուկ զրուցում եմ քեզ հետ: Դու չգիտես:
Ոտքերս հենում եմ պատին, գլուխս՝ մահճին, ես ուղղահայաց, հայացքս դեպի պատին հենած ոտքերս: Այսպես կիսվում եմ հետդ, շնչում բույրդ, տարածության մեջ մտացարկում պրոֆիլդ, քեզ, դեմքդ, թախծոտ, լուսաթաթախ աչքերդ:
Քո գնալուց հետո դարձա ԲՌՆԱԿԱԼ: Մտասևեռումներով ԲՌՆԱԿԱԼ:
Հիշիր՝ ճգնավոր եմ, մենակ եմ, որ միշտ սպասում է ստվերի պես մոտեցող ոտնաձայներիդ:
Կառափնարանս հակինթե ներկայությունդ է փնտրում:
Գիժս:
Ես հիվանդ եմ: Առանց քեզ՝ գունատ լուսնի նման սուզված եմ ծանր ձյան մեջ:
Դու վարակել ես տենդով:
Գիժս:
Տառապանքներիս կարմիր մայրամուտը հրկիզել է ինձ:
Հավերժ սպասում եմ քեզ: Արդեն հինգ դար: Հինգ դար՝ ԱՆՎԱՆԴ ՊԵՍ ԴԵՂԻՆ,
փշաքաղեցնող հինգ դար:
Քո ԲՌՆԱԿԱԼ, քո ԼՌՈՒԹՅԱՆ ԱՐՔԱ, քեզնից անտեսված հիմար, որ կարոտում է թավջութակե մարմինդ՝ տաք, կիզիչ, կրակոտ:
Արի, խնդրում եմ, թե չէ ԼՌՈՒԹՅԱՆ ԱՐՔԱԴ, ԲՌՆԱԿԱԼԴ կմեռնի:
Կհասցնես…
Գիժս:
Կարոտել եմ Վարդաբույրդ:
Ես ապակե զառանցանքներից գոյացած դիվահար եմ:
Գիժս: Խենթս: Վարդաբույրս:
Աշխարհի հեռու անկյունում, սղոցելով գիշերային դատարկությունը, տխուր մի ձայն խանգարելով քունդ՝ կավետի Մահս Մեռելահամբույր:
Գիժս:
Ես մրսում եմ:
Աչքերս կկոցում եմ՝ որոնելով ոսկե Փաթիլներդ: Գոնե վերջին անգամ, մի ակնթարթ միայն տեսնեմ քեզ:
Դողէրոցքի մեջ եմ:
Գիտեմ` հիմա կասես. Դու իսկական խենթ ես:
Ես մեռնող խենթ եմ...
Ես մեռնող խենթ եմ...
Այգաբացի պատարագ
Ոսկեձույլ առավոտվա արբած միգում
մխրճված է շիթերիզող քնարը հույսի,
որ ճախրում է արծաթացող, ցնորային տենդով`
պարփակվելով Հիշողության Դամբարանում:
Պատարագեց ապտակասույր քամին.
չի դիմանում ամպոտ ոսկեփոշուն,
երկաթակուռ, դեղին արեգակից
բաժանումի խոսքեր են դողում:
Ափիս մեջ զգում եմ շնչառությունը արցունքներիդ…
Քո մտքերը ծանր են հնչում,
զրնգում են անպատասխան
և լուծվում են բիրտ քաոսում`
Հրկիզելով ՄԵՌԱԾ ՆԵՐԿԱՆ :
Անրջանքներիս քրմուհին ես դու,
Ներշնչանքներիս աղբյուրը անհաս,
Ներարկում ես ինձ պաթոսով պագշոտ`
Առասպելական տենդով տառապած:
Թող շուրթերիդ ջերմությունը ես ներզգամ
ու տոգորվեմ աչքերիդ արևափառ առկայծումից`
կլանվելով տաք ցասումից քո հայացքի:
Թող խենթանամ բորբ մարմնիդ հպումից,
կապարի պես ձուլվենք իրար,
դառնանք ՏԵՍԻԼՔ,
Լիցքավորվենք,
Լույսից քամված ստվերի պես տարրալուծվենք
ու ներխուժենք հորիզոնի ցոլքերի մեջ`
Հրդեհվելով Հավերժության Հարմոնիայի ակորդներից:
Ոսկեձույլ առավոտվա արբած միգում
մխրճված է շիթերիզող Քնարը Հույսի,
մոխրացած երազների այգաբացին`
տխրությունից խնկահոտ է բուրում…
ԵՐԿՈՒՆՔ
Վերջալույսը վարդագույնով ծորաց հորիզոնի քունքին,
այրվեց ծովը ծանրությունից արնաշաղախ աղջամուղջի,
մայրամուտի քուղերն օծվեց ոսկե հրով,
լույսը խուժեց Խանձարուրը Խավարի:
Հոգեվարք է ապրում օրը մթնշաղի ճիրաններում
հրդեհ ու բոց խնկարվեցին և բեկվեցին`
տարածելով Մարխե Մուժը բոցավառվող:
Շողը սառեց լռության մեջ լուսաթաթախ:
Արևն այրեց ուղեծիրը ծիածանի`
շիկացնելով գույները հրաճաճանչ:
Պոռթկաց քաոսը Լռության:
Գիշերն ասեղվեց տարածության մեջ
լազուր ջրերի լաբիրինթոսում,
մակնթացությամբ կաթնալույս ցոլքի,
հունցված անագի ու մեգի փոշուց`
խեժոտ խավարում հառնեց Մահիկը Մագաղաթե:
Մարմարե արահետը լուսնի
ակոսեց թանաքագույն կոհակները հորձախռիվ`
հնչեցնելով մոխրացող աստղերի երգը:
Արծաթե արտացոլքն ալիքների
ձուլվեց շիկացած ժայռերին`
խանձելով ամպերը ֆոսֆորափայլ:
Շառաչում են ծփանքները փրփրադեզ`
բախվելով խութերին խելահեղ:
Երկունքի մեջ մաքառում է ծովը կապույտ,
դիվոտել են կայծակները ահեղասաստ`
փշրվելով ապառաժյա հորձանքներին
մխրճվելով բոսորագույն մառախուղում:
Լուռ հոսում է մենությունը կիսալուսնի
հարդագողի ճանապարհով անվերջության`
ընկղմվելով փիրուզագույն ծովախորշում`
արարելով Երգեհոնը Հրամարմին Արեգակի:
ԴՈՒ ՓԽՐՈՒՆ ԵՍ ԻՄ ՁԵՌՔԵՐՈՒՄ
Կավի նման մի պաղ մարմին
ու այրվող լուսե մի բոց,
որտեղ իշխում է սիրո քամին,
և շրթունքներդ հրե մի ամրոց:
Հրահեղուկ քո աչքերում
ես տեսնում եմ ցոլքեր դաժան,
որ ճնշում են բազալտեպատ
շրջապատը միայնության
ԴՈՒ, ՓԽՐՈՒՆ ԵՍ ԻՄ ՁԵՌՔԵՐՈՒՄ,
իսկ սրտիս մեջ դու ուժգին ես,
ապակեպատ լռության մեջ
ներխուժում ես արևի պես,
և ձուլվում ես գիսաստղերին`
ՏԱՔ, ՄԱՀԱԲԵՐ,
ԴՈՒ, ՓԽՐՈՒՆ ԵՍ ԻՄ ՁԵՔԵՐՈՒՄ
ու հունցված ես հրաբխի միրաժներից,
դու հրաշք ես ոչ երկրային,
սակայն ահա իմ ձեռքերում
ԴՈՒ ՆՄԱՆ ԵՍ ՓԽՐՈՒՆ ԿԱՎԻ:
ԴՈՒ, ՓԽՐՈՒՆ ԵՍ ԻՄ ՁԵՌՔԵՐՈՒՄ:
Թռիչք
Ես ուզում եմ թռչել լռության ելևէջների ու ռիթմի ներքո,
բայց այդ պահին մեջս իշխում է,
ինչպես նետը խռնվող օդում
ՄՏԱԾՈՂ ՏԵՍԻԼՔԸ:
Չի ենթարկվում գրիչը ՆԶՈՎՔՆԵՐՈՎ ԼԵՑՈՒՆ ՈՒՂԵՂԻՍ,
որ պայթում է մեղավոր Թղթի վրա:
Չեմ լսում զառանցանքները հնաբույր:
Հոգիս վառվում է ՄՈՒՍԱՅԻ շնչով,
կարոտով,
հրով,
որտեղ արեգակի բույրն ու համն է մխրճված:
Վերևում ԴՈՓՈՒՄ Է ՆԻՐՎԱՆԱՆ:
Մեջս պայքար է:
Կավի նման ճզմվում եմ,
տեղս չեմ գտնում:
Անհայտ հիշողությունը
փորձում եմ կիսել միայնության մեջ:
Հոգնել եմ Երկատվելուց:
Իմ մեջ իշխանություն անող մյուս ԵՍ-ին եմ դիմում.
Նա մտածում է պոետի պես,
ամենուր գույներ է տեսնում,
ամեն տեղ` արիություն,
նրա համար մահը ԱՍՏՂԱԾՈՐ ԵՐԱԶ Է:
Նա Խելառ է…
Ինչ անել`
կյանքի կեղտոտ ջրափոսում թրծվել,
թե ԵՍերիս ազատություն տալ,
տեսնել`
ինչ-որ բան կստացվի արդյոք,
թե ոչ...