Գրող, հրապարակախոս, թարգմանիչ Գրիգոր Ջանիկյանի այս պատմվածքը Բուլղարիայում, Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարված լավագույն ստեղծագործության մրցանակաբաշխությունում արժանացել է 1-ին մրցանակի:
Ժանսեմ, «Վիշտ» շարքից. «Կապույտ ջարդ», 1990 թ.
Նա արդեն տասը տարուց ավելի հաստատվել, ապրում ու դասավանդում էր Խարբերդում, բայց ամեն անգամ, հենց Եփրատ քոլեջից Հռիփսիմյան օրիորդաց վարժարանը կամ կապուցինների որբանոցն էր գնում, տղամարդիկ, անգամ կանայք հայացքով երկար՝ մինչև փողոցի անկյունադարձը ուղեկցում, շշնջում էին.
— Օրիորդը երկինքէն, թէ՞ Ֆրանսիայէն եկավ, հրեշտակ կը նմանի։
— Հրեշտակ չէ, հապա ի՞նչ է, ծավի աչքերուն, արևգոյն մազերուն նայեցեք։ Երեսներն անչափ աղուոր են, որ լոյս կուտան։
Այսօր ինչո՞ւ նախաճաշել չի ուզում, ինչո՞ւ է շտապում։ Հիշե՛ց։ Երեկ Օրիորդաց վարժարանում նոր հեղինակի՝ Լամարտինին ներկայացրեց, պատմեց, որ Ֆրանսիայի ազնվական բանաստեղծը, Մեծ հեղափոխության օրերին արտաքին գործերի նախարարն ու կառավարության ղեկավարը հատուկ համակրանք է ունեցել հայերի հանդեպ։ Արևելք կատարած ուղևորությունների ընթացքում նա հմայվել է հատկապես հայուհիների գրավչությամբ ու առաքինությամբ, հիացական ներբողներ ձոնել։
Իր սաները, որքան էլ դեռատի, հայուհիներ չէի՞ն։ Խանդավառվեցին, որոշեցին «Լիճը» անգիր սովորել։ Անհամբեր է, ուզում է իմանալ, թե ո՞վ սահուն կարտասանի։ Ֆրանսուհին շողակներով ագուցված լանջախաչը՝ ծնողների միակ հիշատակը, պարանոցն է անցկացնում, ելնում փողոց։ Ու տարօրինակ իրարանցում է նկատում։ Գզիրը՝ Մեհմեդ Չավուշը, որ հայերեն լավ գիտի, մինարեի աշտարակից կոկորդը պատռում է.
— Բոլոր հայերը՝ օրորոցի մանուկէն մինչեւ հարյուր մէկ տարեկանը, պիտի Ուրֆա տարագրուին։ Պատրաստուելու երեք օր պայմանաժամ ունիք։ Երեք օրէն, ով հրամանին չհնազանդի, իր տանը առջեւ կախաղան պիտի հանուի։
Սկզբում օրիորդ Գաման ուշադրություն չդարձրեց գզիրի սպառնալիքին, մտավ վարժարան ու ապշեց։ Սերտարանը դատարկ էր։ Պաշտոնավարության տասը տարիներին այդպիսի բան չէր եղել։ Երուսաղեմի Ձիթենյաց լեռան կորիզներից պատրաստված մեղեսիկը անհանգիստ խշրտացնելով՝ Վարի թաղ շտապեց։ Մեղեսիկը համրացավ մատների մեջ։ Հայերը ինչ ունեին-չունեին, հանել էին տներից։ Թուրք, քուրդ կանայք, ասես տոնավաճառում լինեին՝ փողոցից փողոց անցնում, հավանածներն առնում էին չնչին գնով։ Երբեմն չէին էլ վճարում։ «Հենց հետ գաք, կտանք»։ Սանուհիները, որոնք պիտի Լամարտինի «Լիճը» անգիր սովորեին, նկատեցին վարժուհուն, գիշանգղից հալածված հավձագերի պես ընդառաջ նետվեցին, փեշերի ծալքերում պահվտեցին.
— Վարժուհի, մեզի աքսոր պիտի հանեն, այլեւս իրար պիտի չտեսնենք։
— «Լճակը» պիտի չարտասանենք...
Միանձնուհին դժվարությամբ զսպեց իրեն, որ սանուհիների առջև չփղձկա ու մեկին գրկելով, մյուսի ձեռքը բռնելով, ավելի մեծերին հորդորելով՝ ուղիղ նահանգապետարան տարավ։
Ընդհանուր կառավարիչը, զինվորականներով շրջապատված, կլկլակ էր ծխում։
— Բեյ, ճի՞շտ է, որ հայերին աքսորում եք։
Նահանգապետը, որը ծագումով քուրդ էր, մերկ էր քնում, հարբած գիշերները մտքով մերկացնում էր ֆրանսուհուն, հիմա մոտիկ, շատ մոտիկ տեսնելով նրան՝ վեր ցատկեց։ Դժվարությամբ կուլ տվեց թուքը.
— Օրիո՛րդ, ես զինվոր եմ, կառավարությունը հրամայում է, կատարում եմ...
Գլխով արեց, որ ենթակաները չքվեն.
— Նստե՛ք խնդրեմ ու հայերին այդքան մի՛ խղճացեք։ Մի՛ մոռացեք, որ ում տունը խուզարկել, զենք ենք գտել։ Գեղեցկուհի՜ս, նրանք ուզում են կործանել մեր վաթանը, անկախ Հայաստան ստեղծել։
Վարժուհին կանգնած էր նրա դիմաց ու աչքերի մեղկ արտահայտությունից անգամ իրեն անարգված էր զգում. բայց չերկնչեց։ Նորից նախահարձակ եղավ, սանուհիներին առաջ մղեց.
— Իսկ այս աղջնակնե՞րը, այս աղջնակներն է՞լ են ուզում ձեր վաթանը կործանել։
— Նրանք... ո՛չ, իհարկե,— Սաբիթ բեյը կմկմաց, փորձեց հաճոյանալ,- ես գլխի եմ ընկնում, թե ինչ եք ակնկալում։ Թող ձեր ուզածով լինի, ձեր սիրտը չեմ կոտրի։ Հանուն ձեզ, կհրամայեմ, որ կաթոլիկ հայ աղջիկներին չաքսորեն։ Աղջնակներին էլ, մանչերին էլ։ Քանի այս նահանգի կառավարիչն եմ, ձեզ ձեր սաներից չեմ զատի։
Զգաց ֆրանսուհու թերահավատ հայացքը, ձեռքը ֆեսին տարավ.
— Պատվովս եմ երդվում։
Ժանսեմ, «Վիշտ» շարքից. «Հինգ կանայք», 2001 թ.
* * *
Խարբերդը վաղուց արդեն գիշերները չէր քնում։ Կրակոցներից։ Բանտի ներքին բակում գնդակահարում էին հայ հեղափոխականներին, սպառազեն ելուզակները՝ ամայի լեռնանտառներում կանանց, երեխաներին։ Մինչ այդ իշխանությունները այլազգի կրոնականներին խումբ-խումբ հեռացրին երկրից։ Իբր նրանց անվտանգության մասին էին մտածում, մինչդեռ, իրականում, վռնդում էին, որ չտեսնեն, թե ինչպես պիտի բնաջնջեն հայերին։ Ֆրանցիսկյան ու կապուցին միաբանները, ավետարանչական քարոզիչները, գթության քույրերն ու մայրապետները, միսիոներները՝ բոլորը, բոլորը վերջին անգամ համբուրեցին Սուրբ Ստեփաննոս եկեղեցու մասունքներն ու «Աստված հայերին օգնական-պահապան» մրմնջալով՝ հեռացան։ Բոլորը, բացի Մարգրիտ Գամայից, որը նահանգապետի հավաստիացումներին հավատացել, պահապան հրեշտակի պես շուրջն էր բոլորել սանուհիներին։ Հայերն արդեն գիտեին այդ առանձնաշնորհման մասին, իրենք իրենց ձեռքով բերում, նրան էին հանձնում զավակներին։
Տարագիրների քարավանը, Եփրատի ափերին ջրամույն դիակներ թողնելով, դեպի անապատ, դեպի մահն էր քայլում, իսկ Սաբիթ բեյը ամեն ուրբաթ ձիարշավներ, թղթախաղեր, դաշտագնացություններ էր կազմակերպում։ Բոլորը հրաշալի զգում էին, որ այդ խրախճանքները հատկապես ֆրանսուհու համար են։ Նույնը զգում էր նաև մայրապետն ու ամեն անգամ որևէ պատրվակով հրաժարվում, հրավերը մերժում էր։ Բեյի համար ամբողջ նահանգն իր տիրույթն էր, բնակիչները հպատակներն էին, առանց երկար-բարակ մտածելու որոշեց կոտրել միանձնուհու քրիստոնեական համառությունն ու միջոցը կարծես գտավ...
Թուրք դռնապաններն անգամ անակնկալի եկան, իրար անցան, երբ շքախմբով ֆրանսիական գեշերօթիկին մոտեցավ Սաբիթ բեյի կառքը։ Դարպասների մոտ ցած իջավ, թիկնապահներին խնդրեց սպասել, անձամբ սերտարան մտավ։ Դարձյալ շողոքորթեց վարժուհուն, նվիրումը անձնազոհություն համարեց, հետո աշակերտներին շուրջը ժողովելով՝ հայտնեց, որ հայրիկ-մայրիկներն արդեն բարեհաջող տեղավորվել, իրենց են սպասում։ Սաբիթ բեյը կսմթում էր նրանց այտերն ու ձևացնում էր, թե չի լսում վարժուհուն, որը թախանձում էր իրեն էլ հայ մանուկների հետ Ուրֆա ուղարկել։
* * *
Գիշերը, իր խցում մեկուսացած, ավելի ճիշտ Սաբիթ բեյից թաքնված, միանձնուհին սաների ճակատագրի մասին էր մտմտում, դուռը տագնապով բախեցին։ Դեղագործ Խաչիկն էր, իր հին ծանոթը՝ բարեհամբույր, բարեհաճ մի երիտասարդ, որը համաճարակների ժամանակ անգամ թուրքերին, քրդերին ձրի դեղ էր բաժանում։ Մինչ օրիորդ Մարգրիտը վիրակապում էր դեղագործի պարանոցը, նա շնչահեղձ պատմում էր, որ իրեն հենց փողոցում բռնել, ուրիշ հայ երիտասարդների հետ շղթայել, հասցրել էին Ծովք լճի ափը։ Լիճ հասնելուն պես թուրքերը հայերից նրան, ով փող էր տվել, գնդակահարել էին, ով չէր ունեցել, փամփուշտները խնայել, կացնով էին կոտորել։ Խաչիկի դահիճը չէր կարողացել դիպուկ հարվածել, ուսարմատը ճեղքել ու սպանված կարծելով թողել էր դիակների մեջ։
— Երանի նահատակվեի, հաջորդ օրվա նախճիրը աչքովս չտեսնեի,— Խաչիկը սարսռադողում էր, ու վերքերը նորից արյունոտվում էին,– հենց ուշքի եկա, դիակների միջից մի կերպ սողացի, քարայրները հասա։ Սպասում էի մութն ընկնելուն, որ քաղաք վերադառնամ։ Մեկ էլ անապատային ամայության, լռության մեջ կառքերի դղրդոց լսվեց։ Գլուխս քարայրից հանեցի, թվաց կացնի բութ կողմով նորից ծոծրակիս հասցրեցին։ Զինվոր-ոստիկանները Խարբերդի մեր՝ զուգված-զարդարված երեխաներին իջեցնում, կապկպում էին, մի խոր փոս լցնում։ Հետո փոսի վրա փուշ, տատասկ դիզեցին, քարյուղ ցողեցին ու...
Մնացածը Մարգրիտ Գաման չլսեց։ Սաներից ոչ մեկն այլևս ողջ չէր: Մեն-մենակ մնար Խարբերդում ի՞նչ աներ, Սաբիթ բեյի նկրտումներին ինչպե՞ս դիմադարձեր։ Փրկության միայն մի միջոց ուներ։ Նահանգապետը զարմացավ, որ ուրբաթ օրվա հերթական խրախճանքին Մարգրիտ Գաման էլ ներկայացավ ու տուն՝ Ֆրանսիա վերադառնալու արտոնություն խնդրեց։ Կուսակալը մի պահ մտմտաց, ապա, ըստ երևույթին բարձրաստիճան հյուրերի ներկայությամբ ցանկացավ ցուցադրել բարեհաճությունն ու մեծահոգությունը։
— Օրիորդ,— ասաց,— մենք պիտի ձեզ շատ կարոտենք, բացակայությունն զգանք, բայց ի՜նչ կարող ենք անել, ձեր պես գեղեցկուհու ցանկությունը ամեն տղամարդ պարտավոր է իսկույն կատարել։ Նույնիսկ նահանգապետը։
Նա անգամ հավատացրեց, որ պատերազմական պայմաններում անձամբ կապահովի ուղևորության բոլոր պետքերն ու կարիքները, ամենակարևորը՝ անվտանգությունը։ Սաբիթ բեյն իր խոստումը ժպտաշուրթ բարյացակամությամբ, բայց ներքին նենգամտությամբ, անգամ վրեժխնդրությամբ արտաբերեց։
Այդ օրերին Խարբերդում Եվրոպա մեկնողների մի ամբողջ քարավան էր կազմավորվել։ Տարբեր երկրներում գործեր ունեին, մինչև Հալեպ Մարգրիտ Գամայի հետ պիտի ճանապարհորդեին, կողքին լինեին Խարբերդի կաթոլիկ հայերի առաջնորդը՝ արքեպիսկոպոս Իսրայելյանը, Անգլիայից նոր վերադարձած Թագուհի և Տիգրան Շմավոնյանները, ուրիշ երևելի ազգայիններ։
Խումբը ճամփա ընկավ հուլիսի արևոտ, անամպ կեսօրին։ Հայ ուղևորներն իրենց կորուստները մոռացած, ֆրանսուհուն էին մխիթարում։ Նա, որքան հեռանում, այնքան ավելի էր մորմոքում սաների կորստի համար, իրեն չէր ներում, որ անթաղ է թողնում ողջակիզված աճյունները։ Իզուր էր Տիգրան Շմավոնյանը հոր նման հորդորում Ֆրանսիա վերադառնալուն պես ամուսնանալ, ընտանիք, զավակներ՝ հարազա՛տ զավակներ ունենալ։ Մարգրիտ Գաման չէր կարողանում հայացքը շրջել, Խարբերդից բաժանվել։
Հերթական ոլորանը կառքը նոր էր հաղթահարել, ելուզակները լեռան գագաթից, ասես ամպերի միջից, կարկտի պես հովիտ թափվեցին։ Ավազակապետը՝ ահատեսիլ Հաջի Ղայան տապարը գոտկատեղից հանեց, անհաղորդ ասաց.
— Մեկ-մեկ դուրս եկեք։
Նախ գերապայծառը իջավ ու սիրտ տվեց մյուսներին.
— Մի՛ հակառակիք զաւակներս, Փրկիչը երկինքէն մեզի կը կանչէ։
Երբ բոլորը հլու-հնազանդ հետևեցին նրան, սքեմի գրպանից հանեց աղոթագիրքն ու ծայր առավ «Վասն ննջեցելոց եւ ընտանեաց եւ երախտաւորաց»-ը։ Ուղևորները՝ հոգևորական ու աշխարհական, կին ու տղամարդ, ծերունի, երեխա, նրան ձայնակցելով աղոթում, դեռ չմարտիրոսացած, իրենց հոգեհանգստի կարգն էին կատարում։
Ղայան կատաղեց.
— Այսքան էլ անխելք ազգ։ Քիչ հետո շանսատակ են լինելու, բայց էլի Հիսուսից հույսները չեն կտրում։
Խլեց արքեպիսկոպոսի ձեռքից աղոթագիրքը, թքեց, երկհարվածանի հրացանի կայծհանով այրեց։ Հետո մահապարտներին տարան ապառաժի հետևը, մեկ-մեկ ճամփորդական հագուստները հանեցին։ Որ չարյունոտեն, հետո ծախեն։
— Սպասե՛ք,— ձայնեց Անգլիայից նոր վերադարձած տիկին Թագուհին,— մեր մեջ ֆրանսուհի կա, նրան գոնե գթացեք։ Եթե գլխի մազն անգամ պակասի, իմացե՛ք, Եվրոպան ձեզ անպատիժ չի թողնի։
— Ֆրանսուհին սա՞ է,— ելուզակները նետվեցին Մարգրիտի կողմը։
Մեկը պատռեց սքեմը, մյուսը մերկացած կրծքից լանջախաչը պոկեց։ Մյուսները թալանն էլ էին մոռացել, նայում-նայում, ճպճպացնում էին աչքները։
— Մարդ արարածն է՞լ այսքան ճերմակ լինի։ Խարբերդցիները ճիշտ են ասել՝ ջեննեթի փերի է։
Հայերը աղաչեցին խմբովին.
— Առաջ մեզ սպանեք, որ նրա չարչարանքները չտեսնենք։
— Ձեր ասածը թող լինի,— գլխով արեց Հաջի Ղայան։
Նա գիրկն առավ Մարգրիտին ու դեղնած ատամներն այնպես խրեց ստինքների մեջ, որ արյուն ցայտեց։ Հրոսակները հայերին կապկպեցին, շարեցին կողք-կողքի ու նրանց աչքի առաջ բռնաբարեցին, տանջամահ արեցին միանձնուհուն։ Վերջում, չսպասելով, որ հոգին ավանդի, մարմինն իրենց գայլխեղդ շների կլափը նետեցին...
Այս ամենը եղավ, ընթերցող, ու հենց այսպես եղավ։ Կաթոլիկ մայրապետների հավաստիացումնները, որ Մարգրիտ Գաման վաղուց երկնքում՝ հրեշտակների յոթերորդ դասում է, ինձ չի սփոփում։ Արածանիի կիրճում, որտեղ նա նահատակվեց, մինչև հիմա խոտ էլ չի բուսնում։
Հողի վերքն իր տերը պիտի բուժի։
Իսկակա՛ն տերը։