Հաջորդ անգամ
Загрузка
X


Հաջորդ անգամ

Эссе / 14.01.2018

Սպարտակ Ղարաբաղցյանը լրագրող է, պատմաբան, հրապարակախոս, սցենարիստ։ Ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ Աշխատել է հանրապետության միջնակարգ դպրոցներում, Սփյուռքահայության հետ մշակութային կապերի, Մամուլի կոմիտեներում, թղթակցել է «Գարուն», «Նորք», «Սովետական Հայաստան» հանդեսներին։

Նրա սցենարներով նկարահանվել են բազմաթիվ փաստավավերագրական ֆիլմեր: Սպարտակ Ղարաբաղցյանը դասավանդում է Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի սպորտային լրագրության ֆակուլտետում։

Լուսանկարը՝ Քնար Բաբայանի

 

***

Մեր թաղում լուր տանող-բերողներին սկզբից լուրջ չէին վերաբերվում: Հետո, երբ թաղեցիների մեջ վստահությունը կամաց-կամաց նվազեց, հասկացանք, որ լուր տանող-բերողներն են մեղավոր: Նրանց անունը «բի-բի-սի» դրին, ու մի բան ասելիս, խոսելիս` ապահովության համար կողքերն էին նայում` «բի-բի-սի» կա՞, թե՞ չկա... Անվստահություն, կասկածամտություն... գաղջ մթնոլորտ էր տիրում թաղում... Վստահությունը սեղմվում, փոքրանում էր...

Այն տարիներին մասնավոր գործով զբաղվելը խստիվ արգելվում էր` դերձակություն, կոշկակարություն, ոսկերչություն, կահագործություն, գորգագործություն... Ներգաղթողների մեջ այս արհեստներին տիրապետողները շատ էին, այն էլ ամենաբարձր մակարդակով... Ոսկեձեռիկ վարպետներին բացահայտելու գործում մեծ էր «բի-բի-սի»-ների ներդրումը... Սրանց միջոցով թաղային Բեգլարյանն իրազեկվում էր և ամեն ամիս նրանցից մի յուղոտ պատառ թռցնում, «բի-բի-սի»-ներին էլ, որպես պարգևավճար` թուլաբաժին շպրտում...

«Բի-բի-սի»-ներից մեկը նոր գործարար էր հայտնաբերել մեր թաղում` բաստուրմաջի Հովակիմին: Բեգլարյանը որոշեց Հովակիմին էլ գրանցել հարկատուների ցանկում ու մանկլավիկ «բի-բի-սի»-ի հետ Հովակիմենց տուն գնաց: Միջանցքում կարմիր պղպեղի ու չամանի քիթ ծակող հոտն ու արևելյան դեռ անհայտ համեմունքների բույրն էր նստած:

Հովակիմն առանց խուճապի, առանց խառնվելու ընդունեց նրանց: Գիտեր, որ մեկ է` մի օր գալու էին:

— Էս բաստուրմի գործ ես անո՞ւմ, ընկեր Հովակիմ:

— Սուջուխ ալ կշինեմ, ընկեր Բեգլարյան,— հանգիստ, ազնիվ աշխատանքով զբաղվող մարդու հանդարտությամբ պատասխանեց Հովակիմը:

— Ինչքա՞ն եկամուտ ունես:

— Ընտանիքս պահելուն կբավե:

— Ուրեմն վաճառո՞ւմ ես,— եզրակացրեց Բեգլարյանը:

— Փաստե՛, մատնացո՛ւյց ըրե,— վստահ, դեռ «հանցանքի» մեջ չբռնված մարդու տոնով ասաց Հովակիմը:

— Էս մարդուն ինչքանո՞վ ես ծախել,— Բեգլարյանը գլխով ցույց տվեց հետը բերածին:

— Ասո՞ր,— զարմացավ Հովակիմը, հետո հիշեց,— անցած օրը եկավ, հարցուց` բաստուրմա ունի՞ս, վարպետ Հովակիմ, ունիմ`ըսի...— Հետո հարցրեց նրան,— կտոր մը չտվի՞ քեզ...

— Հա՛, տվիր:

— Դրամ առի՞...

Մի պահ լռություն իջավ: Հովակիմը հարցը կրկնեց.

— Դրամ առի՞...

— Չէ՛, փող չառար, ասիր` հաջորդ անգամ...

Հովակիմը քա՜հ-քա՜հ ծիծաղեց.

— Է՞, հաջորդ անգամն այսպե՞ս կըլլա...

Հետո դիմեց գլխավորին.

— Ընկեր Բեգլարյան, հաջորդ անգամ առանց աս գեշ մարդու եկուր, բան մը կընենք...

Սպարտակ Ղարաբաղցյան, 2013 թ. «ԺԱՄ» ամսագիր, գարուն 2017 թ.