«Սիրելի Նշանին՝ ի նշան նրա հերոսության». Մարտիրոս Սարյանի աշխատանքները Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում
Загрузка
X


«Սիրելի Նշանին՝ ի նշան նրա հերոսության». Մարտիրոս Սարյանի աշխատանքները Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում

Наследие / 05.09.2018

«ԺԱՄ»-ը Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հետ համատեղ նոր շարք է սկսում: Պարբերաբար մեր ընթերցողներին կներկայացնենք թանգարանում պահվող բացառիկ գոհարների հետաքրքիր պատմությունները, կկիսվենք մեր մեծերի անտիպ նամակներով և նրանց կյանքի հիշարժան դրվագներով:

Խորագիրն սկսում ենք Մեծն Սարյանով. Արմինե Շավարշյանը պատմում է Սարյանի թատերական թեմայով արված ստեղծագործությունների և մեր ընթերցողների համար բացահայտում թանգարանի ֆոնդերում առկա Մարտիրոս Սարյանի աշխատանքները:

Մարտիրոս Սարյան, «Եղիշե Չարենցի դիմանկարը», 1923 թ., ԳԱԹ 

Ե. Չարենցի գրականության և արվեստի թանգարանում հավաքված ֆոնդերի մեծ մասը նվիրատվություն է հենց ֆոնդատերերի կողմից: Հայազգի մտավորականների ներդնումը մշակույթում և գիտության մեջ, միայն նրանց ստեղծագործական արժեքի մեջ չէ, նրանք ձևավորել և հարստացրել են թանգարանային մշակույթը: Մարտիրոս Սարյանը այդ նվիրյալներից էր, թանգարանների բարեկամը և խորհրդատուն: Թանգարանում գտնվող նկարչի հավաքածուն  ունի իր փոքրիկ պատմությունները:

Մարտիրոս Սարյանի  կապը  թատերարվեստի հետ սկսել է 1920-ական թվականներին: Հայ թատրոնի հետ շփումը սկսվել է դեռ Պետական Առաջին թատրոնի շենքի կառուցումից: Թատրոնին անհրաժեշտ է եղել  ոչ միայն ձևավորող-դեկորատոր, այլև գեղանկարիչ-խորհրդատու: Սարյանը բեմը համարել է քմահաճ արվեստ, անշնորհակալ թվացող գործ: Բայց ներկայացումների ձևավորման աշխատանքները՝ մակետներ, բեմական զգեստների էսքիզներ, դեկորներ, կահ-կարասի, ոչ պակաս հաճույք են պատճառել վարպետին: Սարյանը հայ բեմարվեստ է եկել  «դրսից»` ռուսական թատրոնի և կերպարվեստի ներշնչմամբ:

Առաջին պետթատրոնի  վարագույրի էսքիզը, 1923թ., Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան

Հայաստանում, Սարյանի թատերական ասպարեզ մուտքը կարելի է համարել   1925 թ-ը՝  Առաջին պետթատրոնի համար խորհրդանշի ստեղծմամբ:  Պաշտոնապես նա դարձել է թատրոնի նկարիչ-խորհրդատուն: Սարյանը նկարազարդել է Առաջին պետթատրոնի վարագույրը, որը ձեռք է բերել է մեծ գեղարվեստական արժեք: Քաթանե վարագույրի վրա սոսնձի ներկով Սարյանը ստեղծել է կոմպոզիցիա-բնանկար: «Վարագույրից  ստացվող տպավորությունը հափշտակիչ է,- գրել է Գաբրիել Գյուրջյանը «Նոր ակոս» թերթում: - Դիտողը, առանց տեղից շարժվելու, Լոռուց մինչև Արարատ թռիչք կատարող մարդու տպավորություն է ստանում»: Վարագույրը  դարձել է մոնումենտալ մի գործ, որին արձագանքել է հանդիսատեսը` դահլիճ մտնելուն պես. «Երկար ժամանակ այդ նշանավոր վարագույրը թատերասրահում մշտապես տեղիք էր տալիս որոտընդոստ ծափահարությունների և բացականչությունների «Կեցցե´ մեծ վարպետ Մարտիրոս Սարյանը»: Ինքը` Սարյանը, երբ  լինում էր թատրոնում, այդպիսի պահերին անհարմար էր համարում երևալ հանդիսատեսի աչքին», - իր հուշերում գրում է Սարգիս Մելիքսեթյանը: Վարագույրը Սունդուկյանի բեմը զարդարել է մինչև 1939 թ., հանվել է մաշվածության պատճառով:

«Ալմաստ» օպերայի աֆիշը

Մարտիրոս Սարյանի գլուխգործոցը  համարվել է «Ալմաստ» օպերայի բեմադրության նկարչական ձևավորումը: Բեմադրության   մանրակերտը և մեկ բեմական զգեստի էսքիզ   գտնվում  են Գրականության և արվեստի թանգարանում: Այս ներկայացման մեջ Սարյանը լայնորեն կիրառել է ճարտարապետական դեկորների սկզբունքը, իսկ բեմական զգեստները  ստացել են  «Սարյանի տարազ» բնութագրումը:

«Ալմաստ» օպերայի մանրակերտը, 1939թ., ԳԱԹ

«Ալմաստ», տարազի էսքիզներ, 1939թ., ՀԱՊ

«Ալմաստ» օպերայի ծնունդն ունեցել է նախապատմություն: Լևոն Խալաթյանի «Սարյանը և թատրոնը» գրքում  հանդիպում ենք  ստեղծման պատմությանը` «1916թ. Սարյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Սպենդիարյանի և Թումանյանի առաջին հանդիպումը: Նա էր միտք տվել մեծ կոմպոզիտորին` օպերայի նյութ դարձնել  Թումանյանի պոեմներից մեկը: «Թմբկաբերդի առումը»  ծնվել էր 1901թ-ին` Թումանյանի Ախալքալակ կատարած ճամբորդության ժամանակ: Սարյանը ևս 1912-ին եղել էր Ախալքալակում, հիացել Ջավախքի շքեղ բնությամբ: Թումանյանն ու Սարյանը, յուրաքանչյուրն իր հերթին, մեկն իր պոեմով, մյուսն իր անձնական տպավորությամբ, բորբոքեցին Սպենդիարյանի երևակայությունը և շուտով  «Ալմաստ» օպերան ստեղծելու միտքը իրականություն դարձավ: Փաստորեն Սարյանը մտքով շարունակ «Ալմաստի» հետ է եղել»:

«Ալմաստ», առաջին գործողության դեկորանկար, 1939թ., ՀԱՊ

«Ալմաստ», երկրորդ գործողության դեկորանկար, 1939թ., «Ալմաստ», երրորդ գործողության դեկորանկար, 1939թ.

«Ալմաստ», երրորդ գործողության դեկորանկար, 1939թ., ՀԱՊ

Սարյանը հրավերք է ստացել Թիֆլիսից և Օդեսայից՝ «Ալմաստի» ձևավորման համար: Թիֆլիսի հրավերը մերժել է հիվանդանալու պատճառով, բայց Օդեսայի թատրոնի «Ալմաստը» չի ցանկացել ուրիշին զիջել: 1933 թ. արդեն երկրորդ անգամ ձևավորել է Արշակ Բուրջալյանի բեմադրությունը, որով և կայացել է Հայկական օպերայի և բալետի թատրոնի բացումը:

Այսուհետև Սարյանն այլևս չի հեռացել թատրոնից: Մասնակցել  է նոր բեմադրվող ներկայացումների  փորձերին, հայտնել իր կարծիքն ու դիտողությունները: Նա սովորություն է ունեցել  ներկայացումից առաջ մտնել դերասանների հարդասենյակները և հետևել   գրիմավորման գործընթացին, երբեմն նույնիսկ  միջամտել է, շտկումներ  կատարել: Դերասաններից առավել գնահատել  է Մկրտիչ Ջանանի գրիմավորման հմտությունը: Լինելով դերասանների կողքին, Սարյանը ավելի լավ է ճանաչել նրանց: Ոգեշնչվել և նկարել է իր կողմից առավել սիրված չորս դերասանների` Արուս Ոսկանյանի, Վահրամ Փափազյանի,  Հասմիկի, Միքայել Մանվելյանի դիմանկարները:  Ս. Մելիքսեթյանը միշտ հետամուտ է եղել, որ վերը նշված աշխատանքները  ֆոնդատերերի արխիվների հետ թանգարան բերվեն: Կարելի է ասել, որ նա հետապնդել է Սարյանին, որովհետև իմանալով, որ վարպետը նկարած ունի գրականագետների և գրողների դիմանկարներ, առաջարկել է թանգարանին հանձնել դրանք: Սարյանը թանգարանին է նվիրել Մանուկ Աբեղյանի, Հրաչյա Աճառյանի, Նաիրի Զարյանի, Գուրգեն Մահարու, Մովսես Արազու  դիմանկարները:

Թանգարանի տնօրեն Սարգիս Մելիքսեթյանը ցանկություն է հայտնել այս շարքն ամբողջացնելու, և թանգարանի կողմից արդեն պատվիրել է նոր դիմանկարներ: Խնդրանքը ընդունվել է: Սարյանը հավերժացրել է Ավետիք Իսահակյանի, Դերենիկ Դեմիրճյանի, Վահան Տերյանի, Հովհաննես Թումանյանի, Ռոմանոս Մելիքյանի, Շարա Տալյանի, Աթաբեկ Խնկոյանի, Լևոն Քալանթարի, Արշակ Բուրջալյանի, Ամո Խարազյանի, Համբարձում Խաչանյանի, Արշակ Հարությունյանի, Միքայել Նալբանդյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Ավետ Ավետիսյանի, Արմեն Գուլակյանի,  Սուրեն Քոչարյանի, Հրաչյա Ներսիսյանի, Գրիգոր Ավետյանի, Օլգա Գուլազյանի, Սյուզան Գարագաշի, Ռուզան Վարդանյանի, Միքայել Արուտչյանի, Լևոն Մսրլյանի, Օրի Բունիաթյանի, Վավիկ Վարդանյանի, Բագրատ Մուրադյանի, Գուրգեն Ջանիբեկյանի, Վաղարշ Վաղարշյանի դիմանակարները` արված յուղաներկով, ջրաներկով, մատիտով, ածուխով: Թանգարանն ունի նաև վարպետի ճեպանկարներից, գրաֆիկ նկարազարդումներից՝ արված Միքայել Նալբանդյանի, Աքսել Բակունցի, Ազատ Վշտունու գրքերի համար:

Թանգարանի գանձերից է Եղիշե Չարենցի դիմանկարը, որն  ունի իր հետաքրքիր պատմությունը: 1937 թ.-ին պատկերասրահի բակում այրել են Մարտիրոս Սարյանի ստեղծագործություններից՝ հայ առաջավոր պետական գործիչների և մտավորականների 12 դիմանկար` համարելով նրանց «ժողովրդի թշնամի»: Ոչնչացվող գործերի ցուցակի մեջ է եղել նաև Չարենցի դիմանկարը, որը փրկվել է  թանգարանի նվիրյալների շնորհիվ: Նախախնամությունը Չարենցի ձեռագրերը հանձնել էր Ռեգինա Ղազարյանին, իսկ դիմանակարը արժանացել էր  մի այլ փորձության: Մեր ավագ գործընկերների հիշողություններից չի  ջնջվել 1937 թ.-ի ձմեռը, երբ գետնին վայր ընկած Չարենցի դիմանկարը պատրաստվել են այրելու: Երիտասարդ Նշան Մուրադյանը` արխիվի վարիչը, չի համակերպվել այդ մտքի հետ և ելք է փնտրել, նկարը թաքցնելու համար: Վերջապես գտնվել է տարբերակ` նկարը իջեցնել նկուղ, որտեղ պահվել են անպետք իրեր և շարքից դուրս եկած շրջանակներ: Նկարը լրագրով պաթեթավորվել է, թելով կապկպվել և իջեցվել նկուղ: Անցել են տարիներ, և արդեն նախկին արխիվի վարիչ Նշան Մուրադյանը նորանշանակ վարիչին՝ Պարգևուհուն, տարել է նույն այդ նկուղը և պատմել Չարենցի դիմանկարի այնտեղ հայտնվելու նախապատմությունը: Նպատակը Սարյանի ստեղծագործությունը խոնավ տարածքից դուրս բերելն է եղել, քանի որ  խոնավության մեջ այն վերջնականապես կքայքայվեր: Պարգևուհին  ավելի  համարձակ է գտնվել, նկարը բարձրացրել է աշխատասենյակ և թաքցրել մեկ այլ պատից կախված նկարի հետևում: 1956 թ.-ին, երբ  «վերականգնվել են ստվեր դարձած երևելինեի անունները», թանգարան է այցելել  վարպետը: Նրան դիմավորել է Պարգևուհին և հայտնել, որ Չարենցի դիմանկարը կա, գոյություն ունի: Սարյանին թվացել է, թե սխալ է հասկացել, բացականչել է. «Խե՞նթ է այս կինը, թե՞ իրեն է խենթի տեղ դրել»: Պարգևուհին իջեցրել է պատից կախված նկարը, ցույց տվել թաքնված Չարենցին: Նկարը թաքցնելու պատմությանը  ծանոթ են եղել երկու մարդ, որոնց շնորհիվ այն փրկվել է:

Վարպետն ի նշան երախտիքի մեկ շնչով նկարել է Նշան Մուրադյանի դիմանկարը, որը ցուցադրվել է իր նոր աշխատանքների հետ: Ցուցադրության բացմանը ներկա է եղել նաև Ն. Մուրադյանը: Սարյանը մոտեցել է իր ընկերոջն ու նայելով նկարին ասել. « Այստեղ ես դրել եմ միտք, մեծահոգություն և բարություն»: Ասվածը կրկնակի ձոն է: Հետագայում դիմանկարը նվիրել է բնորդին, մակագրելով՝ «Սիրելի Նշանին՝ ի նշան նրա հերոսության»:

Արմինե Շավարշյան, Երևան, «Ժամ», 2018 թ.