Լուսանկարները՝ Մաքսիմ Սարգսյանի
Այն, որ Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ, հայտնի է վաղուց և ամենքին։ Այդուհանդերձ, հայոց պատմության ու մշակույթի մասին պատմող բազմաթիվ արժեքավոր իրեր առնված են նաև «ծածկի տակ» ու ներկայացված մեր երկրում գործող բազմաթիվ թանգարաններում։ Միայն մայրաքաղաք Երևանում դրանց թիվը հասնում է երեք տասնյակի։ «Ժամը» սկսում է նոր խորագիր՝ «Ժառանգություն»։ Այստեղ մենք կփորձենք ներկայացնել ոչ միայն Հայաստանթանգարանը՝ իր «ցուցանմուշներով»` թանգարաններով, տուն-թանգարաններով, այլ նաև այսօրվա քաղաքները, նրանց փողոցներն ու հուշարձանները՝ իրենց պատմություններով, թատրոններն ու համերգասրահները, մի խոսքով՝ ապրող ու շնչող Հայաստանը։
Երևանի ամենախորհրդանշական ու բացառիկ մշակութային օջախը Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտն է`
Մատենադարանը։ Նման հարստությամբ հպարտանալու հնարավորություն ունեն շատ քիչ քաղաքներ, ու Երևանը դրանցից մեկն է։ Մատենադարանը հայ ժողովրդի` տարբեր արհավիրքների զոհ գնացած ու նաև պահպանված արժեքների հավաքական խորհրդանիշն է։
Դեպի վեր
«Ամեն մի ժողովուրդ ունի իր Կրեմլը, իր Լուվրը, իր Բուրգերի հովիտը։ Հայաստանում դա Մատենադարանն է»,– այսպես է Երևանի Մատենադարանը բնորոշել ռուս անվանի գրող, կինոդրամատուրգ, հայագետ Կիմ Բակշին։ Մատենադարանի` բազալտից կառուցված հոյակերտ շենքը տիրաբար իշխում է Երևանի վրա։ Մատենադարան գնում ես ինչպես տաճար` անդադար բարձրանալով ու ի վերջո հասնելով հայ ժողովրդի հոգևոր ժառանգությանը։
Ճարտարապետ Մարկ Գրիգորյանի հոյակերտ ստեղծագործության` Մատենադարանի մուտքից ներքև հայոց այբուբենի հեղինակ Մեսրոպ Մաշտոցի և նրա աշակերտ ու վարքագիր Կորյունի արձաններն են։ Հայոց առաջին ուսուցիչը հպարտորեն ցույց է տալիս իր ստեղծած մշտարթուն բանակը` հայոց այբուբենը, ինչպես նաև Սուրբ գրքից` Սողոմոնի առակներից հայերեն թարգմանված առաջին նախադասությունը. «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»։
Մաշտոցի թիկունքում՝ Մատենադարանի գլխավոր շենքի մուտքի երկու կողմերում, գիտության և արվեստի հայ միջնադարյան հսկաների` Թորոս Ռոսլինի, Գրիգոր Տաթևացու, Անանիա Շիրակացու, Մովսես Խորենացու, Մխիթար Գոշի և Ֆրիկի արձաններն են։ Ժամանակի անիվը սկսում է հետ պտտվել Մատենադարանի հենց մուտքից. բացառիկ այդ տաճար պետք է մտնել` բացելով մետաղյա ծանր, զարդանախշ դուռը։ Այս դուռը խորհրդանշական է, քանի որ կրկնօրինակն է Մշո Առաքելոց վանքի` 1134 թ. ստեղծված փայտե դռան, որը Մեծ եղեռնի տարիներին շալակած բերել ու Արևելյան Հայաստան են հասցրել մշեցիները։
Լուսանկարները՝ Մատենադարանի արխիվից/Զեյթունի է 13-րդ դարում, այն ծաղկել է հայ մանրանկարչության մեծագույն վարպետ Թորոս Ռոսլինը
Միջնադարի շունչն է տիրում նաև Մատենադարանի ներսում. սյունազարդ, կամարակապ ցուցասրահները կառուցվել են միջնադարյան հայ ճարտարապետության կանոններով, մասնավորապես, Հաղպատի, Սանահինի և մյուս եկեղեցիների գավիթների նմանությամբ։ Մատենադարանի գլխավոր
ցուցասրահի համար, օրինակ, հիմք է ընդունվել Գեղարդի վանքի գավթի հորինվածքը, անգամ ձայնն այստեղ արձագանքում է այնպես, ինչպես Այրիվանքում։ Մինչև վերջերս Մատենադարանը միայն մեկ մասնաշենք ուներ, սակայն տարիներ առաջ բացվեց հին շենքին ներդաշնակորեն լրացնող նոր մասնաշենքը։ Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ, հայտնի երգիչերգահան Արթուր Մեսչյանի նախագծով կառուցված այս մասնաշենքը երեք անգամ գերազանցում է հին համալիրի մակերեսը։ Այս նոր կառույցի շնորհիվ Մատենադարանի հին շենքն ամբողջովին վերածվեց թանգարանային
համալիրի, այնպես որ նախկին մեկ ցուցասրահի փոխարեն այժմ այստեղ գործում է 15 սրահ` բազմաթիվ թեմատիկ ցուցադրություններով։
Գիրքը
Հայաստանում գիրքը մարդու կյանքի մտերիմ ուղեկիցն էր. այն դնում էին տան ամենապատվավոր տեղում, տալիս էին իբրև ժառանգություն, իբրև օժիտ, նվիրում էին նորածնին, գիրքը կարդում էին, փրկում էին, գիրքը բուժում էր։
Երևանի Մատենադարանում մոտ 20 հազար ձեռագիր և 300 հազար արխիվային փաստաթուղթ է պահվում։ Ընդ որում, այստեղ ոչ միայն հայերեն ձեռագիր մատյաններ են ու տպագիր գրքեր, այլև օտարալեզու` արաբերեն, պարսկերեն, օսմաներեն, ասորերեն, հին վրացերեն, հունարեն, լատիներեն, ռուսերեն, հայատառ թուրքերեն և այլն։ Բանն այն է, որ հայերի մեջ այնքան խորն էր հարգանքը գրքի նկատմամբ, որ տարբեր արհավիրքներից փախչելիս նրանք առաջինը փրկում էին գիրքը` անկախ նրանից, թե ինչ լեզվով էր այն գրված, Մատենադարանը մի ողջ ժողովրդի մտքի խորհրդանիշն է ու շտեմարանը. այստեղ հայ գրականությունն է, մանրանկարչությունը, երաժշտությունը, իրավունքը, բժշկությունը, պատմությունը, փիլիսոփայությունը, բնական գիտությունները, տոմարագիտությունը, գուշակային գրականությունը, թատրոնը, թարգմանչական արվեստը:
Լուսանկարները՝ Մատենադարանի արխիվից/Վեհամոր Ավետարանը թվագրվում է 7-րդ դարով, այս Ավետարանի վրա են ձեռքը դրած երդվում Հայաստանի նախագահները
Մի փրկության պատմություն
Ցուցադրության մեջ ամենատպավորիչն, անշուշտ, միասին ներկայացված ամենամեծ ու ամենափոքր հայերեն ձեռագրերն են` Մշո Ճառընտիրը, որը կշռում է մոտ 28 կգ, և Տոնացույցը, որը լուցկու տուփի չափ է ու կշռում է ընդամենը 19 գրամ։ 1200–1202 թթ. Երզնկայի Ավագ վանքում գրված մագաղաթյա հսկան` Մշո Ճառընտիրն ունեցել է 660 էջ, որոնցից յուրաքանչյուրը պատրաստվել է մեկ հորթի կաշվից։ Այս գրքում, ինչպես նաև մյուս ճառընտիրներում զետեղված ճառերը նվիրված են եկեղեցական տոներին, Սուրբ Գրքի տարբեր հատվածներին և եկեղեցական արարողություններին։
Մատենադարանի ամենամեծ ձեռագիրը` 13-րդ դարում ստեղծված Մշո Ճառընտիրը
Սակայն Մշո Ճառընտիրը բացառիկ է ոչ միայն իր չափերով, բովանդակությամբ ու գեղարվեստական ձևավորմամբ, այլև փրկության պատմությամբ։ Գրիչ Վարդան Կարնեցու և ծաղկող Ստեփանոսի ստեղծագործությունը դեռ անավարտ էր, երբ այն ընկավ մի թուրք դատավորի ձեռքը, և նա որոշեց այն վաճառել։ Մշո Առաքելոց վանքի վանականները հանգանակություն սկսեցին և ձեռագրի համար փրկագին վճարեցին 4000 արծաթ դրամ։ Վանքում 1205 թ. ձեռագիրը կազմվեց, գրվեց հիշատակարանը, որտեղ երախտագիտությամբ նշվեցին այն բոլոր մարդկանց անունները, ովքեր գումար էին տվել գիրքը փրկագնելու համար։ Գիրքը վանքում պահվեց 710 տարի։
Սակայն սկսվեց 1915 թվականի Մեծ եղեռնը, հսկա ձեռագիրը փրկելու համար այն բաժանեցին երկու մասի։ Մի մասը հասցվեց Էրզրում և թաղվեց վանքի բակում, այն գտան գաղթական երկու հայ քույրեր և իրենց մեջքին կրելով` մեծ դժվարությամբ հասցրին Էջմիածին։ Երկրորդ մասը գտավ ռուսական բանակի սպա Նիկոլայ դե Ռոբերտին և նվիրեց Թիֆլիսի հայկական բարեգործական ընկերության թանգարանին: Այսպես դժվար ճանապարհ անցնելով` Մշո Ճառընտիրի երկու կեսերն ի վերջո հանգրվանեցին Մատենադարանում։ Սակայն գիրքը դեռ ամբողջական չէ. մեկ էջ պահվում է Վիեննայում, 17 էջ` Վենետիկում։
Երկար ճանապարհ
Ձեռագիր մատյանների հալածանքների ու փրկության պատմությունները բազմաթիվ են։ Գրքերը հափշտակվել են, վաճառվել, դրանց համար փրկագին են վճարել, մատյաններն անցել են գաղթի ճանապարհներով, ձեռքից ձեռք, շրջել աշխարհով մեկ ու վերջապես հասել Մատենադարան։ Իրենց գործն են արել նաև ժամանակն ու եղանակային պայմանները։ Այդ է պատճառը, որ բազմաթիվ մատյաններ կիսատ են, թրատված, դրանց վրա կան արյան հետքեր, երբեմն պահպանվել են մի քանի թերթեր միայն, շատ մատյաններ փրկվել են հրաշքով։
Դեղաբուսակ, 18-րդ դար
Զեյթունի Ավետարանը, որը ծաղկել է հայ մանրանկարչության մեծագույն վարպետ Թորոս Ռոսլինը, ևս նման ճանապարհ է անցել ու Մատենադարան հասել ոչ ամբողջական։ Այս բացառիկ մատյանը գրվել է 1256 թ. աթոռանիստ Հռոմկլայում, հետագայում պահվել Զեյթունում։ Երբ սկսվել է Հայոց ցեղասպանությունը, բժիշկ Հարություն Տեր-Ղազարյանը, ցանկանալով փրկել մատյանը, այն տարել է իր հետ։ Սակայն ճանապարհին ձեռագիրն ընկնել է,
և կրակոցների տարափի տակ հնարավոր չի եղել այն վերցնել։ Գուցե գիրքն այդպես էլ անհետանար, սակայն օրեր անց Մարաշի Հայոց առաջնորդ Խաչատուր վարդապետ Տեր-Ղազարյանին է այցելել մի թուրք ու նրան հանձնել Ավետարանը` ասելով, որ երազներում իրեն պատվիրվել է այդ գիրքը հանձնել հայ հոգևորականին։ Վարդապետը նրան վճարել է քսաներկու մեճիտիե։ Ավետարանը տեղափոխվել է Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքարան, և միայն 1969 թ. Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսն այն բերել ու հանձնել է Մատենադարանին։ Սակայն, ինչպես նշեցինք, գիրքն ամբողջական չէ. ձեռագրի առաջին յոթ էջերն անհայտ ճանապարհով հայտնվել են ԱՄՆ-ի Պոլ Գետի թանգարանում, Երևանում են 409 էջերը։ Այս բացառիկ Ավետարանն անվանել են նաև Պատերազմի Ավետարան, քանի որ պատերազմի ժամանակ մարդիկ ապավինել են մատյանի փրկչական զորությանը։
Միջնադարյան հայ բժշկությանը նվիրված սրահում ներկայացված են դեղաբույսեր և նյութեր, որոնցով ժամանակին դարմանում էին մարդկանց ցավերը
Հրաշքները
«Հրաշք» բառը հաճախ է օգտագործվում ձեռագիր մատյանների մասին խոսելիս. այդ մատյանները և՛ հրաշագործ են, և՛ հրաշքով են փրկվել։ Դրանցից է Մատենադարանում պահվող Շուրիշկանի Ավետարանը։ Այն գրվել է 1498 թ. Վասպուրականում` Բարսեղ քահանայի ձեռքով։ Գիրքը Մատենադարան է բերվել Պարսկաստանի Շուրիշկան գյուղից և մեծ սրբություն է բոլոր հայերի ու հատկապես պարսկահայերի համար։ Մարդիկ բազմաթիվ պատմություններ են պատմում գրքի հրաշագործ ուժի և այն մասին, թե ինչպես են մարդիկ բուժվել` ապավինելով սուրբ մատյանի զորությանը։ Գիրքը ևս ժամանակին փրկվել է հրաշքով. Շուրիշկանում հարձակումների ենթարկվող հայերը Ավետարանը թաղել են Սուրբ Բարսեղ Կեսարացու վանքի տարածքում։ Յոթ տարի անց, իրավիճակը կայուն համարելով, շտապել են Ավետարանը հանել հողատակ թաքստոցից և տեսել են, որ Ավետարանի թաղված տեղում աղբյուր է հորդել ու լճակ գոյացրել։ Սակայն յոթ տարի շարունակ հող ու ջրի տակ մնացած Ավետարանը զորությամբ օժտվել։ Շուրիշկանի Ավետարանը տարին մեկ անգամ` Սուրբ Զատկին հաջորդող կիրակի օրը՝ Կրկնազատկին, Մատենադարանից դուրս է բերվում և մեծ թափորով տեղափոխվում Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի, որտեղ մի ամբողջ օր մարդիկ ուխտի են գալիս` տեսնելու հրաշագործ Ավետարանը, համբուրելու այն ու հաղորդակից լինելու նրա հրաշագործ զորությանը։
Հրաշագործ Շուրիշկանի Ավետարանը, որը գրվել է 15-րդ դարում Վասպուրականում
ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն, Մատենադարանի գիտաշխատող, բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դևրիկյանը «Ժամ» ամսագրին մի դեպք պատմեց` կապված Շուրիշկանի Ավետարանի հետ։ Ասաց, որ մի անգամ, երբ ինքը Մատենադարանի ձեռագրատանն էր, եկավ Մեսրոպ արքեպիսկոպոս Աշչյանը մի արգենտինահայ, բավականին պատկառելի տեսքով մարդու հետ։ Պարզվեց, որ այդ մարդը ցանկանում էր տեսնել Շուրիշկանի Ավետարանը։ «Երբ բերեցին Ավետարանը, նա մի գեղջուկ մարդու նման փուլ եկավ այդ գրքի առջև, հետո ձեռք տվեց գրքին ու ասաց` դեռ թաց է։ Ասում են, որ գիրքը յոթ տարի ջրի մեջ է մնացել։ Ես ցանկացա աննկատ ձեռքս մոտեցնել Ավետարանին ու տեսնել` թա՞ց է այն, թե՞ չոր, սակայն Մեսրոպ արքեպիսկոպոսն ասաց. «Դու մի՛ մոտեցրու, քեզ համար այն միշտ չոր է»»,– հիշեց Դևրիկյանը։ Մեկ այլ ավանդության համաձայն` Շուրիշկանի Ավետարանի մասին ժամանակին իմացել է պարսիկ մի մեծահարուստ, որի որդին հիվանդ էր։ Նա ապավինել է գրքի զորությանը, և որդին առողջացել է։ Դրանից հետո նա արծաթե կրկնակազմ է նվիրել գրքին, որով էլ այժմ Շուրիշկանի Ավետարանը ցուցադրվում է Մատենադարանում։
Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի` Մատենադարանի հին և նոր մասնաշենքերը
Ձուկն բեր
Մատենադարանում պահվող ավետարանների միջոցով ծաղկողները երբեմն փոխանցել են իրենց ժամանակի շունչը։ Նման բազմաթիվ պատկերներ կան Հաղպատի Ավետարանում։ Այն գրվել է 13-րդ դարում, և ծաղկող Մարգարեն, աշխատելով Անի քաղաքում, ազատորեն պատկերել է իր քաղաքի կենցաղային տեսարանները, աշխարհիկ կյանքը, պատմական դեմքերին։
Մեսրոպ Մաշտոցի և Կորյունի արձանները Մատենադարանի մուտքի մոտ
Եվ ամենաուշագրավը մի մանրանկար է` մի մարդ` ձեռքին կեռ փայտ, որից մի հսկա ձուկ է կախված։ Իսկ կողքին գրառում կա. «Շերանիկ, քանի գաս, ձուկն բեր»։ Թե ով է այդ Շերանիկը, անհայտ է։ Ենթադրվում է միայն, որ երբ ստեղծվել է ձեռագիրը, ծաղկողին այցի է գնացել Շերանիկն ու ամեն անգամ ձուկ տարել, և ծաղկողն այսպես շնորհակալություն է հայտնել նրան։
Երդվում եմ
Ավետարանի վրա նաև երդվում են. Հայաստանի անկախացումից հետո երկրի նախագահները երդվում են` ձեռքը դրած Վեհամոր Ավետարանի վրա։ Այս
մատյանը հայերեն հնագույն ամբողջական ձեռագիրն է, թվագրվում է 7-րդ դարով։ Այն Մատենադարանին է նվիրել Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսը` ի հիշատակ իր մոր, այդ պատճառով էլ այն անվանում են Վեհամոր Ավետարան։
Կազմ երն ու ներկերը
Ձեռագիր մատյաների ստեղծողները փորձել են գրքերի բովանդակությանը համապատասխան մանրանկարներ պատկերել ու կազմեր պատրաստել։ Ձեռագրերի կազմերը տարբեր նյութերից են` մետաղ, փղոսկր, փայտ, կաշի: Դրանք պատրաստվել են հատուկ խնամքով ու սիրով։ Վասպուրականից փրկված 15-րդ դարի Ավետարանը, օրինակ, արծաթե ոսկեջրած կազմով է։ Իսկ Էջմիածնի Ավետարանի փղոսկրե քանդակազարդ կազմն ավելի հին է, քան
ձեռագիրը, այն պատրաստվել է 7-րդ դարում։
Հայկական մագաղաթների մանրանկարների ներկերը դարերի ընթացքում չեն խունացել, մինչև այժմ էլ դրանք վառ են ու ժպտում են մատյանների էջերից։ Հայտնի է, որ հայ մանրանկարիչները ներկեր ստանում էին բնական նյութերից, այդ թվում` ոսկուց։ Ամենամեծ համբավը վայելում էր հայկական
որդան կարմիրը։ Ասում են` որդան կարմիրը գինու պես է` որքան հնանում է, այնքան գույնը պայծառանում է։ Որդան կարմիրը դարեր առաջ
գլխավորում էր Հայաստանից համաշխարհային շուկա արտահանվող հիմնական ապրանքների ցուցակը։ Հայ պատմիչները որդան կարմիրը կոչել են «արքայական ծիրանի», քանի որ դրանով ներկում էին արքայական ու իշխանական հանդերձները, թագավորներն ու կաթողիկոսները ստորագրում էին որդան կարմիրով, դրանից պատրաստում էին դեղամիջոցներ: Մատենադարանում կարելի է տեսնել և՛ միջատը, և՛ որդան կարմիր ներկի տարբեր երանգները։
Էջմիածնի Ավետարանի փղոսկրե քանդակազարդ կազմը
Ջերմանց մ խիթարություն
Ի տարբերություն որդան կարմիրի` բալասանների, թուրմերի և միջնադարում հայկական բժշկության մեջ կիրառվող դեղամիջոցների բազմաթիվ բաղադրատոմսեր մանրամասն գրի են առնված մագաղաթներում։ Մատենադարանում առանձին սրահ է տրամադրված հայկական բժշկությանը, ներկայացված են այն դեղաբույսերը, որոնցով ժամանակին բուժել են մարդկանց։ Ավելին` Մատենադարանի բժշկագիտության լաբորատորիայում միայն հայկական լեռնաշխարհում աճող անուշաբույր ու հազվագյուտ բույսերից այսօր էլ պատրաստվում են առողջարար և կազդուրիչ «արքայական» բալասաններ ու ծաղկաթեյեր, որոնք հնարավոր է գնել և օգտագործել։
Բացառիկ ու քարացած
Սակայն վերադառնանք մատյաններին։ Մատենադարանում կան ուշագրավ ձեռագրեր`կրկնագրեր. դրանք այն մատյաններն են, որոնք ժամանակին լվացվել են, վրայի գրվածքը մաքրվել է, ու թերթերի վրա նոր տեքստ է գրվել, սակայն նախորդ գրվածքը նույնպես ընթեռնելի է։ Եվ ստացում է, որ մեկ ձեռագիր մատյանում մինչև մեր օրերն են հասել երկու ձեռագիր մատյաններ։ Կան նաև հնությունից ու արտաքին անբարենպաստ պայմաններից քարացած ձեռագրեր, օրինակ, Հաղպատի և Սանահինի վանքերի շրջակա քարայրներից գտնված ձեռագիրը։
Շերանիկի պատկերը 13-րդ դարում գրված Հաղպատի Ավետարանում
Մի ողջ տիեզերք
Մատենադարանում ընդհանուր առմամբ պահվում են կրոնական, պատմական, աշխարհագրական, իրավական, քերականական, փիլիսոփայական, աստվածաբանական, արվեստին վերաբերող ձեռագրեր` պոեզիա, երաժշտություն, թատրոն, պարարվեստ, ինչպես նաև բազմաթիվ թարգմանություններ։ Դեռ 7-րդ դարում, օրինակ, Անանիա Շիրակացին գրել է, որ Երկիրը գնդաձև է, իսկ Լուսինը սեփական լույս չունի և այն ստանում է Արեգակից։ Մխիթար Գոշի (12-րդ դար) «Դատաստանագիրքն» էլ օրենսգիրք է եղել ոչ միայն Հայաստանում, այլև հայկական գաղթավայրերում։ Իսկ 15-րդ դարի հայ ճանապարհորդ Մարտիրոս Երզնկացին եղել է տարբեր երկրներում, նավարկել Ատլանտյան օվկիանոսով` Քրիստափոր Կոլումբոսի օրինակով ու գրել ճամփորդական ուղեգրություններ։ Հայկական մեղեդիները գրառվել են հայկական ձայնանիշներով` խազերով, իսկ թվաբանական աշխատություններում թվերի փոխարեն գործածվել են հայկական այբուբենի տառերը։ Մանրանկարիչներն էլ պատկերել են երաժիշտներին ու տարբեր երաժշտական գործիքներ, և այդ նկարների հիման վրա այսօր վարպետները փորձում են վերականգնել հնագույն հայկական երաժշտական գործիքները։ Եվ բացառիկ մի երևույթ. հայերեն թարգմանված բազմաթիվ մատյաններ այժմ սկզբնաղբյուր են համարվում։ Բանն այն է, որ օտարալեզու շատ աշխատությունների
բնօրինակները չեն պահպանվել, ու հիմա աշխարհը դրանց տեղյակ է միայն հայերեն թարգմանությունների շնորհիվ։ Դրանցից են, օրինակ, Հովհան Ոսկեբերանի, Եվսեբիոս Կեսարացու, Զենոն Կիտիոնացու, Փիլոն Ալեքսանդրացու աշխատությունները։ Բոլոր այս մատյանները ստեղծվել են հայ գրչության կենտրոններում, և Մատենադարանում ներկայացված է նաև այդ կենտրոնների քարտեզը։ Մատենադարանը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային
հիշողության ցանկում։ Այսինքն` Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը հիշողություն է, գիտելիքի անսպառ շտեմարան ու մի մեծ բաց գիրք ոչ միայն Հայաստանի, այլև ողջ աշխարհի համար։
Հեղինակ՝ Տիգրանուհի Ներսեսյան, Երևան