«Չկա ավելի մեծ բերկրանք, քան մի քանի օրում ձեռք բերել այսքան շատ ընկերներ և բազում գիտելիքներ». Նանե Մկրտչյան
Загрузка
X


«Չկա ավելի մեծ բերկրանք, քան մի քանի օրում ձեռք բերել այսքան շատ ընկերներ և բազում գիտելիքներ». Նանե Մկրտչյան

Лицей / Ежедневник / 19.08.2019

XIX դարի վերջին Թիֆլիսի Ներսիսյան, Գայանյան և Հովնանյան դպրոցներն արշավներ են կազմակերպել Գոշավանք, Հաղարծին, Սանահին, Լոռու բերդ, Հաղպատ և այլուր: Հայաստանում պետական մակարդակով տուրիզմի խթանումը սկսվել է 1959 թ.-ին՝ Պատանի տուրիստների հանրապետական կայանի, իսկ 1962 թ.-ին՝ Տուրիզմի և էքսկուրսիաների հանրապետական խորհրդի ստեղծմամբ, որոնց առաքելությունը հայրենագիտական գիտելիքների կուտակումն էր` արշավական հմտություններ զարգացնելով:

Մի քանի օր առաջ «Ժամ» ամսագրի խմբագրությունը նամակ է ստացել Եղեգնաձորի Գլաձոր գյուղի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Նանե Մկրտչյանից: Նանեն նամակում պատմում է, թե ինքն ու իր ընկերները` Գրիգոր Գրիգորյանի ղեկավարությամբ, ինչպես են մասնակցել Պատանի տուրիստների հանրապետական հավաքին և ինչ տպավորություններ և փորձ են ստացել: Հավաքն ավանդաբար անցկացվել է Լոռու մարզի գեղատեսիլ Գարգառ գյուղում: Նույնիսկ պատերազմի տարիներին ամառային տուրիստական այդ հավաքները շարունակվել են: Սա հրաշալի ծրագիր է, որն այս տարի կազմակերպվել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մանկապատանեկան հանրապետական կենտրոնի կողմից, որի տնօրենը Հայկուշ Դավթյանն է:

Ստորև ներկայացնում ենք Նանեի նամակը:

«Նա, ով ձգտում է դեպի բնությունը, դեպի լեռները, ակամայից ազնվացնում ու բարձրացնում է իր հոգին: Իմաստունի այս խոսքերը մենք զգացինք՝ մասնակցելով պատանի տուրիստների հանրապետական հավաքին: Գրեթե տասն օր ապրելով բնության գողտրիկ մի անկյունում՝ սովորեցինք ճանաչել ինքներս մեզ: Բնությունը մաքրագործում է մարդկանց և, ինչպես Միշել Մոնտենն է ասել. «Բնության մեջ ոչ մի բան անմիտ չէ»: Սա հրաշալի ծրագիր էր, որը, կարծում եմ, պետք է ընդլայնվի և ավելի հաճախակի անցկացվի՝ օգնելով , որ հայ պատանիներն ավելի լավ ճանաչեն իրենց երկիրը. բնական, պատմական ու ճարտարապետական հուշարձաններն ու այլ արժեքները:

Լոռվա այդ հրաշք անկյունում՝ Գարգառ գյուղի շրջակայքում էր, որ հասկացանք, թե ինչ է նշանակում ապրել մեկը բոլորի և բոլորը մեկի համար: Վրաններում կազմակերպված յուրաքանչյուր գիշերակաց անջնջելի հետք թողեց մեր հիշողություններում: Այստեղ ամեն ինչ մենք էինք անում, բոլորս միասին և դա շատ հաճելի էր մեզ համար. կազմակերպում էինք մեր առօրյան, ուտելիք պատրաստում, մասնակցում էինք բազմաբնույթ մրցույթների՝ օրեցօր զարգացնելով մեր կարողություններն ու հմտությունները: Չկա ավելի մեծ բերկրանք, քան մի քանի օրում ձեռք բերել այսքան շատ ընկերներ և բազում գիտելիքներ:

Շրջում էինք տարածքում՝ հավաքելով փայտ`մեր այդքան սպասված երեկոյան խարույկների համար և խոտաբույսեր`խարուկի շուրջ թեյելու և ջերմ-ջերմ զրույցների համար: Իսկ երեկոյան ընկերներով նստում էինք խարույկի շուրջ, քննարկում մեր օրը, խոսում մեր ստացած գիտելիքների և տեղեկությունների մասին, քննարկում հետագա անելիքները: Եվ ամենահաճելի պահը՝ վայելում էինք կիթառի գեղեցիկ հնչյուններն ու երգում`ըմբոշխնելով խարույկի մեջ խորովված տաք-տաք կարտոֆիլները:

Իսկ երբ եկավ հրաժեշտի պահը, հուզմունքն ու կարոտը խառնվել էին իրար՝ նորից այստեղ վերադառնալու ակնկալիքով: Հրաժեշտ տվեցինք և հաջողություններ մաղթեցինք մյուս մարզերից ժամանած մեր ընկերներին և բռնեցինք ետդարձի ճանապարհը՝ մեր սիրելի ղեկավար ընկեր Գրիգորի հետ վերջին անգամ երգելով ճամբարային երգը.

Խարույկի մոտ ապրում ենք,

Խարույկի մոտ ասմունքում,

Խարույկի մոտ երգում ենք,

Երգում ու պարում...»:

Նամակը հրպարակելուց առաջ փոքրիկ զրույց ունեցանք խմբի ղեկավար ընկեր Գրիգորի` Գրիգոր Գրիգորյանի հետ, որն արդեն երկար տարիներ արժանավայել, լուռ ու համեստ իր գործն է կատարում` ծանոթացնելով պատանի տուրիստներին Վայոց Ձորի հրաշք բնությանն ու պատմամշակութային արժեքներին: 

«Մեր երեխաները, ինտելեկտուալ մրցույթում գրավեցին առաջին տեղը, որին մասնակցում էին Նանե Մկրտչյանը, Արսինե Մկրտչյանը, Հեղինե Ավագյանը, իսկ առաջին բուժօգնության մրցույթում, որն անչափ կարևոր է, երկրորդ տեղը գրավեցին Լարիսա Միրզոյանը,  Հրայր Ավագյանը և Արման Ասլանյանը: Գիտեք, ինձ համար այս մրցույթներն ամենակարևորներն էին, որովհետև սպորտային մարդն ավելի հզոր է ու անպարտելի, երբ խելացի է», — նշեց նա և հրավիրեց «Ժամ»-ի խմբագրակազմին այցելել Եղեգնաձոր և մասնակցել իրենց հավաքներին: 

Հեղինակ՝ Նանե Մկրտչյան, Եղեգնաձոր, 2019 թ.