Человек ЖАМ / Восьмая нота / 28.01.2018
Երևան, 2013 թ. Լուսանկարը՝ Արմեն Անանյանի
Մաեստրո Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմի» համաշխարհային պրեմիերան կայացել է Բեռլինի Ֆիլհարմոնիայի կամերային դահլիճում: Այն կատարում էին հանրահայտ ՌԻԱՍ կամերային երգչախումբը և Մյունխենի կամերային նվագախումբը՝ Ալեքսանդր Լիբրայխի ղեկավարությամբ: Երաժշտական աշխարհի նշանավոր դեմքերն այն բնորոշել են որպես հեղափոխություն, նոր խոսք համաշխարհային ռեքվիեմների շարքում, հայկական լեզվամտածողության ու հայկական լադի մեջ գրված նոր երևույթ:
Բայց իր ապրածի, իր արածի, իր գործի մեջ անչափելիորեն համեստ Մաեստրոն ոչ մի գնահատական չտվեց իր գործին: Մեր ամբողջ զրույցի ընթացքում նա փորձում էր իր անձը, իր գործը, իր կատարածն ու կատարելիքները չկարևորել: Այն եզակի ճարտարապետների նման, ովքեր կառուցել են հայոց հրաշք տաճարներն ու իրենց անունները չեն դաջել տաճարների պատերին: Այն մանրանկարիչների նման, ովքեր լուռ ու անտրտունջ, անհայտորեն նաև, միջնադարյան մեր մանրանկարներն են ծաղկել:
— Մաեստրո, ինչո՞ւ «Ռեքվիեմ», ո՞րն է այն փիլիսոփայությունը, այն արժեքային համակարգը, այն ուղերձը, որը փորձել եք իրացնել Ձեր ստեղծագործության միջոցով:
— Մոտենում է Մեծ Եղեռնի հարյուրամյա տարելիցը: Սա համաժողովրդական մի գիտակցություն է բոլորիս համար, որը պահանջում է իր հստակ արարողակարգային արտահայտությունները, բայց, անշուշտ, բացի արարողակարգային, բացի ծրագրային որոշակիորեն կազմակերպված և մշակված արտահայտություններից, կունենա նաև իր ինքնաբուխ, տարերային դրսևորումները:
Այնտեղ, ուր կա ծրագրային, կազմակերպված արարողակարգ, դա հարկավոր է կազմակերպել նախօրոք, դա պետք է մարմին ստանա իբրև ծրագիր և ոչ միայն իբրև ծրագիր, այլև իբրև ավարտուն մտքի արտահայտություն, ավարտուն ոգու արտահայտություն: Եվ դրանցից մեկը, անշուշտ, «Ռեքվիեմն» է անմեղ զոհերի հիշատակին, որոնց թվում են նաև իմ մեծերը` մեր ընտանիքի նախորդ սերնդի անդամներից շատերը: Ուրեմն «Ռեքվիեմը» պետք է լիներ: Սրա շուրջ ես երկար տարիներ եմ մտածել: Ռեքվիեմն առհասարակ հնարավորություն է տալիս երաժշտական նյութն այնպես կազմակերպել, որ այն նվիրված լինի այս կամ այն կոնկրետ իրադարձությանը կամ երբեմն նաև՝ անձին: Ռեքվիեմի մեջ այդպիսի հնարավորություն կա: Իմ նպատակը հենց այդ հստակությունը բերելն էր մեկ կողմից, մյուս կողմից՝ այն ավանդույթները, որ հինգ հարյուր տարուց ավելի կուտակված են այս ժանրի շուրջը, յուրացնել և հստակեցնել այն շերտերը, որոնք մեր եկեղեցում առավել ներկայություն են և գործել են իբրև ապրվող կյանք երաժշտության մեջ: Ի վերջո, ռեքվիեմը հոգեհանգստյան արարողություն է: Սրա հետ էլ պետք էր հաշվի նստել՝ ճշտելու համար մեր փնտրտուքները, մեր մոտեցումները ոչ միայն աստվածաբանական տեսանկյունից, այլև զուտ մարդկային հոգեբանության տեսակետից. հայ մարդը աղերսանքի պահին ինչպե՞ս կդիմի Աստծուն, ինչպե՞ս է մարդն իրեն զգում ահեղ դատաստանի առաջ: Ի վերջո, կա այդ հոգեբանությունը, որ կուտակվում ու ամբողջանում է դարերի ընթացքին, նաև եկեղեցուն առընթեր, անշուշտ: Այս ամբողջը երկար պրպտումների նյութ է եղել ինձ համար շուրջ տասը տարի: Երբ մի շատ կարևոր հանգամանք ինձ համար մի օր պարզեցի, տեսա, որ որոշող մի դուռ բացվեց դեպի իմ գրելիք «Ռեքվիեմը»:
Արաքս Մանսուրյանի հետ, Երևան, 1958 թ.
Սա այն է, որ առնչվում է «Ռեքվիեմին», կապված թատերականության շերտի հետ, ապրվող ողբերի, վախերի և մարդկային այլևայլ հուզումների հետ: Դրանք երաժշտության մեջ ավանդաբար հանգել են թատերական որոշակի ժեստերի, հնչյունային արտահայտությունների, և պատահական չէ, որ այսօր հնչող ամենաշքեղ ռեքվիեմների հեղինակները օպերայի մեծ վարպետներ են, այդ թվում՝ Մոցարտը, Վերդին: Մենք երբ փորձում ենք մտնել այս, այսպես կոչված, թատերական աշխարհը՝ կրկնելով Արևմուտքում կայացած թատերական ժեստերը, հայտնվում ենք տարօրինակ իրադրության մեջ: Դառնում ենք մեկը, ով, ունենալով հանդերձ իր սեփական թատրոնը, իր հոգեբանական արտահայտությունների համակարգը երաժշտության մեջ, նաև իր պատմական անցյալը՝ հրաժարվում է այդ ամենից: Ի վերջո, մի բան է, երբ պետականություն չունեցող երկրի մարդն է ասում «Տեր ողորմեա», և բոլորովին ուրիշ «Տեր ողորմեա» է, երբ մարդն ապահով է` ունենալով իր զորավոր պետականությունը: Հոգեբանությունն ուրիշ է: Հենց ամենապարզունակ այս շերտերից ելնելով, երբ մենք երգում ենք Արևմուտքի ժեստերով, նրա թատերական կարողություններով, հայտնվում ենք մի դերում, երբ կրկնակի թատրոն ենք խաղում: Եվ կարծես ասում ենք Արևմուտքին. «Ձեր թատրոնը յուրացրել ենք, կարող ենք այն կրկնել»: Այդ պահին մեր արածը լինում է ընդամենը թատրոնի թատրոն խաղալը, հասկանո՞ւմ եք: Սա ամենավտանգավոր, ամենամերժելի բանն է, և այս գիտակցությունն ինձ մեծապես օգնեց հենց այն օրը, երբ հասկացա այլևս, որ պետք է խուսափեմ որևէ մեկի թատրոնը կրկնելուց: Ես պետք ունեի վերագտնել, ձևակերպել հուզական այս աշխարհի առանձնահատուկ շեշտերը, բացականչությունները՝ հիմնվելով հայ մարդու՝ դարերով հղկված հոգեբանության, մեր և՛ հոգևոր, և՛ աշխարհիկ երաժշտության ավանդույթների վրա: Այսպիսով, ինձ մնում էր ճշտել, թե իմ գրելիք գործը երգողն ո՞վ է և ի՞նչ դիմագծեր ունի, և ինչպիսի՞ն է նա: Լավագույնը, որ ամենախտացված ձևով ներկայացվում է պատմական լայն շերտերի առումով մի կողմից, մյուս կողմից՝ իր ամբողջականության հստակ արտահայտություններով, հղկվածության ձևերով, դա մեր մանրանկարչության մեջ ապրող դիմանկարներն են, կերպարներն են: Ես տեսա, որ իմ «Ռեքվիեմը» երգելու են նրանք: Համերգասրահում երգելու են, ճիշտ է, գերմանացիները. նրանց առաջարկությամբ է եղել սա, և երգելու են լատիներեն, բայց իբրև մեղեդի, իբրև մարդկային նկարագրություն, իբրև հոգեբանություն երգելու են մանրանկարչության մեջ ապրող մեր մարդիկ, ովքեր այնքան արտահայտիչ են: Այսօր այդ կերպարներից շատերը կտեսնեք իրական կյանքում, մեր գյուղերում ու քաղաքներում: Կան այդ կերպարները: Այս որոշմանը երբ հանգեցի, արդեն հստակ ունեի թե՛ երաժշտալեզվական համակարգը, թե՛ նրա խորքում ապրող հոգեբանությունը: Անշուշտ, նաև՝ այսպես կոչված թատերական ամբողջ հանդերձանքը:
— Մաեստրո, ռեքվիեմը քրիստոնեական երաժշտություն է: Արդյո՞ք Ձեր «Ռեքվիեմում» հայ քրիստոնյան է:
— Անկասկած: Երբ ես փորձում եմ այդ հոգեբանությունը ճշտել, արարողակարգի այդ տեսակ արտահայտությունները ճշտել, երբ հենվում եմ մանրանկարչության կերպարների վրա մի կողմից, որոնք երգում են մեր հնագույն հոգևոր տաղերի և առհասարակ երգեցողության սկզբունքներով, նաև ժողովրդական երգեցողության մտածողությամբ, ուրեմն սա, անշուշտ, հայ երաժշտի «Ռեքվիեմ» է: Պետք է ասեմ, որ երբ ես առաջին փորձերն էի անում մուտք գործելու «Ռեքվիեմ», երգելու այս բառերը, հայտնաբերեցի, որ երբ ընդգծված հայերեն ելևէջներով ես երգում, մի տեսակ լատիներենը կարծես դառնում է հայերեն: Երաժշտությունը իրենով է անում լեզուն: Դա առաջին իսկ քայլերից ինձ համար պարզել եմ: Սա ևս արտահայտություններից մեկն է, որ հայ քրիստոնյա մարդն է երգողն այս ամբողջը, որի ավանդույթները խոր արմատներ ունեն... Եվ երբ ռեքվիեմը Եվրոպայում գոյանում էր, մենք նույնպես դա կարող էինք ունենալ առանց մեծ ճիգի, թեև դրա որոշ մասեր հայ եկեղեցական երգեցողությունն ունի: Բայց իբրև ամբողջական կառույց, իր կանոնական տեքստի բերումով, այնպիսին, ինչպես դա ունի լատին եկեղեցին, մենք, համարձակվում եմ ասել, չունենք:
Արաքս Մանսուրյանի հետ
— Երբ լսում ենք «Ռեքվիեմը», իրոք, թվում է, թե այն գրված է հայերեն: Հայերեն է երգում երգչախումբը: Մասնագետների պնդմամբ, Ձեր «Ռեքվիեմը» գրված է հայկական լադի մեջ: Արդյո՞ք սա նաև որոշակի լեզվամտածողական խնդիր է:
— Գիտե՞ք հետաքրքիրն ինչն է. սովորաբար լուրջ հեղինակները երբ փորձում են երգել այս կամ այն լեզվով, օրինակ, իմ լավ բարեկամ էստոնացի Արվո Պյարտը երբ երգում է ռուսերեն հոգևոր տեքստեր, ելակետ է ունենում, որ պիտի երգի այն հնչողությունների հիմքի վրա, որ իր մեջ պարունակում է ռուսաց լեզուն: Առհասարակ երգեցողությունը, բառեր երգելը, դա բառերի մեջ գոյություն ունեցող հնչողական համակարգը՝ ձայնավորներ, բաղաձայներ, շեշտեր, այս ամբողջը շարունակելն է դեպի ուղղակի երգեցողություն: Բառի հիմքում արդեն կա ձայնային մի որոշակի նկարագիր, որը երաժշտության գոյացման առաջին շարժիչ ուժն է: Իմ պարագայում ճիշտ հակառակն է. լատիներենի պարունակած ձայնային համակարգը ես զուգակցել եմ մի հնչյունային համակարգի հետ, որը գոյացել է հայոց լեզվից: Դա հստակ է, և դա ինձ համար եղել է սկզբունք՝ այս տեսակ երգել լատիներենը: Գիտե՞ք, սա ոչ միայն ազգային կողմը շեշտելու մի տեսակ ներքին պահանջ է, այլև մի նոր հնչողություն բերել է լատիներենին: Եվ երաժիշտներ, երգիչներ, որ գիտեն ամբողջ լատինական երգեցողության ավանդույթները ֆրանսիական երաժշտության մեջ, անգլիական երաժշտության մեջ, իտալական երաժշտության մեջ, չեմ կարծում, որ հաճախ են տեսել այսպիսի արևելյան մտածողություն կամ տեսել են երբևէ: Ուրեմն, սա նաև մի տեսակ նոր դուռ բացել է նշանակում ժանրի ներսում:
— Արդյո՞ք Ձեր «Ռեքվիեմը» որոշակի հեղափոխություն է համաշխարհային երաժշտության մեջ:
— Չեմ կարող այդպես ասել: Ուղղակի այն ինքնուրույն աշխատանք է՝ իր ինքնատիպությամբ, իր նկարագրով: Կարծում եմ, այսքանն էլ քիչ չէ մի հայ հեղինակի համար, ով մտնում է այսպիսի հսկա ավանդույթներ ունեցող ժանրի շրջանակ: Այստեղ շատ մեծ երաժիշտներ են աշխատել, և այս հսկայական շարքին, որ ստեղծել են մեծագույն երաժիշտներ, նրանց կողքին բերել ևս մեկը, ինքնին չափազանց մեծ քննություն է: Ես, անկեղծ ասեմ, մեծապես բավարարված կլինեմ, եթե ունկնդիրը կիսի իմ մոտեցումը, իմ երգեցողությունը, իմ վշտակցությունը մեր ցավին: Եթե կիսի, ես ինձ լիովին բավարարված կզգամ և ավելիի հավակնությունը չունեմ: Եթե եղավ, անչափ ուրախ կլինեմ: Շատ կուզենամ, որ այն մտնի նաև ռեքվիեմների շարքը՝ իբրև կատարվող գործ, որովհետև հաճախ են այսօր տարբեր երկրներում, նաև մեզանում գրվում գործեր, որոնք մեկ, երկու անգամ հնչելուց հետո մոռացության են տրվում: Խնդիրը ոչ միայն գրելն է այնպես, որ կատարվի, այլ նաև այնպես գրելը, որ երրորդ, չորրորդ, տասներորդ անգամ կատարվելու պահանջ ծնի գործը ինքնին: Եթե այդ եղավ իմ «Ռեքվիեմի» պարագային, ես ինձ վաստակած կզգամ:
Համո Սահյանի և Արաքս Մանսուրյանի հետ
— Կարելի՞ է ասել, որ Ձեր ստեղծագործությամբ մի կողմից եվրոպական մշակույթը, քաղաքակրթական արժեքները բերում եք Հայաստան, մյուս կողմից հայկական քաղաքակրթական արժեքները և հայկական մշակույթը տանում եք դեպի Եվրոպա:
— Իհարկե, կան այս կարգի շփումներ: Գիտե՞ք, արվեստն առհասարակ շփումների գոյություն է: Չկա արվեստ, որը փակ դարպասների ետևում է գոյանում և ապրում է տևականորեն: Արվեստը սահմաններ չի ճանաչում: Մարդ ուզում է ճանաչել իր կողքինի ստեղծածը, նա իր կողքինի գեղեցիկը նույնպես համարում է իրենը: Դա ամբողջ
պատմությունն է հուշում: Այս կապերի արդյունքում գոյանում են շատ հետաքրքիր սինթեզման հնարավորություններ: Մենք անցյալի շատ հետաքրքիր կապեր ունենք Արևելքի արվեստի հետ, նույնիսկ Հեռավոր Արևելքի արվեստի հետ և՛ երաժշտության մեջ, և՛ երաժշտությունից դուրս նաև: Տևականորեն շատ ինտենսիվ են եղել մեր կապերը Արևմուտքի հետ: Մենք բաց ենք եղել արևմտյան մշակույթի ուղղությամբ նույնպես: Դեռ Կիլիկյան աշխարհից, Կիլիկյան Հայաստանից և հետագայում՝ ևս: Պատահականություն չեն Չուխաջյանի օպերաները, որ Վերդիով հիանալու, Վերդիից ազդվելու պայմանով են գոյացել, ճիշտ է, բայց ինքնատիպ, մեր արմատների հետ որոշակի առնչություններ ունեցող ստեղծագործություններ են և այս ձևի մեջ՝ կայացած: Եվ միայն Չուխաջյանը չէ, շատ հետաքրքիր անուններ ունենք: Ուրեմն, մշակույթն ինքնին բաց միջավայրի, բաց հարաբերությունների աշխարհ է: Մենք, առհասարակ, շարժուն ենք: Հայերս սիրում ենք շարժվել այստեղից այնտեղ: Եղել է վաճառականությունը, եղել են մեր տպագիր գրքերը, եղել են Վենետիկը, Սուրբ Ղազարը... Մեր շփումները չափազանց շատ են, հետևաբար այս շփումների արդյունքում մենք նաև մերն ենք տարածել, մեծ մասամբ ճարտարապետություն, ինչու չէ, գեղանկարչություն, և հիմա էլ, մինչև հիմա շարունակվում է դա: Ուրեմն մենք տարածել ենք մերը, բայց նաև յուրացրել ենք: Իհարկե, իմ «Ռեքվիեմը» բնական այս ընթացքի արտահայտություններից մեկն է: Բնական կապերի, դարերով գոյություն ունեցող շփումների արտահայտություններից մեկն է՝ այսօր կայացած: Սա մի արտահայտություն է, որ այսօր կարևոր է գիտակցելը, մանավանդ եկող սերնդի համար, գլոբալիզացիայի հարկադրանքով մեծ շփումների տարածք մտնող մեր երկրի համար: Կարելի է լինել և՛ լատիներեն երգող, և՛ հայ ելևէջների հիմքի վրա այդ լատիներենը երգող: Դա կարևոր է: Կարող է օգտակար օրինակ լինել սերնդի համար, որ, անշուշտ, շփումների լայն դաշտ դուրս գալու պահանջն ունի արդեն: Մերոնք՝
երիտասարդները, ես գիտեմ, որ արդեն այդ ուղու վրա են: Նրանցից շատերը դրսում սովորում են, ետ են գալիս: Ոմանք իրենց լավ, ամենաբեղմնավոր գործունեությունը գնալ-գալու ընթացքին են ծավալում, այստեղ էլ են անում, և նրանց կապերն օգնում են լայն լսարան ստեղծելու իրենց շուրջը: Ես այդ երիտասարդ երաժիշտներին գիտեմ, շատ սիրում եմ: Ուրեմն, երիտասարդները, հուսամ, կարող են վստահ լինել, որ այս կարգի օրինակները մեզանում, այս կարգի սինթետիկ մտածողությունը կարելի է շարունակել:
Քիմ Քաշքաշյանի հետ՝ Բոստոնում
— Ես նկատի ունեի, որ ժամանակին Կոմիտասը հայ երգը և հայ երաժշտությունը տարավ Եվրոպա, ներկայացրեց եվրոպական քաղաքակրթությանը: Արդյոք այսօր Ձեր «Ռեքվիեմը» կատարո՞ւմ է նույն գործառույթը:
— Անշուշտ, Կոմիտասն իր ժամանակին փառավորապես է իրականացրել հայ երգը օտարներին ներկայացնելու ծրագիրը: Նրանից հետո եկողները` Սպենդիարյանը, Խաչատրյանը այդ ծրագիրը շարունակողներ են եղել: Այնքանով, որքանով «Ռեքվիեմն» ինձ պատվիրել և կատարել են գերմանացիները, ուրեմն ես նույնպես ինձ թույլ եմ տալիս մտածելու, որ ես էլ այդ գործը շարունակողներից մեկն եմ: Գիտեք, Կոմիտասը նախահեղափոխական շրջանի երաժիշտ էր, որ կրթություն էր ստացել Գերմանիայում, ավանդույթներին լավ ծանոթ էր, գերմանականից բացի շատ լավ գիտեր նաև ֆրանսիական երաժշտության բոլոր յուրահատկությունները: Գերմանական կառուցողական միտք և ֆրանսիական երաժշտության գունամտածողություն: Հենց իր ժամանակ էին, չէ՞, իմպրեսիոնիստները գործում երաժշտության մեջ՝ Դեբյուսին, Ռավելը... Մեր երաժշտության մեջ այդ գունամտածողությունը բացառիկ գեղեցիկ արտահայտություն ունեցել է, ունի թե՛ բանահյուսության մեջ, թե՛ հոգևոր երաժշտության մեջ, թե՛ նվագի մեջ, թե´ գորգագործության մեջ, թե´ բանաստեղծական արվեստում: Ուրեմն, երբ սովետական իրականություն մտանք, այլևս ոչ այնքան Եվրոպան էր մեզ համար մեզ ներկայանալու, մեր ուժերը մեջտեղ բերելու հրապարակը, որքան Ռուսաստանը, Մոսկվան: Մենք մի քանի տասնամյակ մեր լավագույն դահլիճը, քննություն բռնելու լավագույն լսարանը համարեցինք Մոսկվան, Լենինգրադը: Լավ էր, որ այդպես էր, որովհետև այդ քաղաքներում բարձր երաժշտական-մշակութային կյանք կար այն տարիներին: Այսօր դրանք ևս կան, բայց այսօր դրանց շարքին առհասարակ ամբողջ աշխարհն է՝ և՛ Եվրոպան, և՛ Միացյալ
Նահանգները: Շփումների դաշտը չափազանց մեծ է, բնական է, և, այսպիսով, Կոմիտասի գծած ուղին այդ կապերի իմաստով կարծես թե հարստանալով վերադառնում է իր նախկին վիճակին, և հայ երաժշտության ներկայանալու հրապարակը այլևս ոչ միայն Ռուսաստանն է, այլև ամբողջ ազատ աշխարհը:
— Դուք վերջերս մի հարցազրույցում ասացիք, որ ուզում եք գրել հայկական Պատարագ...
— Այո, 90-ական թվականներին ես գրել եմ յոթ աղոթքների շարք՝ Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթաշարից: Սրանք ես գրել եմ Լոնդոնում գործող մի
հրաշալի քառյակի համար՝ երգեցիկ քառյակի և ալտի համար: Այս Աղոթաշարը կատարվեց, ձայնագրվեց, որից հետո հիմա հաջորդ հոգևոր ծավալուն գործը «Ռեքվիեմը» եղավ: Ըստ երևույթին, այս երկուսի շարունակությունը պետք է լինի Պատարագը կամ դրան համարժեք մի այլ հոգևոր մեծակտավ գործ: Այս երեք գործերի շարքը: Առաջինը արել եմ Ներսես Շնորհալու բառերով, աղոթքներով, գրաբարով, երկրորդս՝ լատիներեն, երրորդը դեռ որոնումների, որոշումների ընթացքի մեջ է նախ և առաջ լեզվի տեսակետից: Ինչո՞ւ: Որովհետև իմ միտքը եկեղեցու արարողակարգի Պատարագ ստեղծելը չէ: Իմ նոր գործը լինելու է համերգասրահի համար, որտեղ կլինեն նվագախումբ, երգչախումբ, և առհասարակ մեծ կազմ կներկայացնի հոգևոր բովանդակության այդ գործը: Սրանք երազանքներ են դեռ, չգիտեմ: Նախ պետք է Աստծու ողորմածությունը, առողջություն: Մի քանի տարվա աշխատանք է: Միևնույն է, կգոյանա մի օր սա, անկասկած: Անշուշտ, լավ օրինակներ ունենք մենք: Արդեն կան: Այդպիսի համերգային մի լավ Պատարագ է ստեղծել Դավիթ Հալաջյանը, ով Շվեյցարիայում է ապրում: Իմ նպատակն ինձ համար, իմ տնտեսության մեջ, իմ երաժշտական ընտանիքի մեջ այս ժանրը վավերացնելն է, որ կմիանա աղոթքներին, «Ռեքվիեմին»:
— Արդյոք մենք այն հասարակությո՞ւնն ենք, որ ի վիճակի ենք այսօր լսել «Ռեքվիեմը», լսել այդ կարգի երաժշտություն, մնացել ենք նո՞ւյնը, թե փոխվել է ինչ-որ բան:
— Նույնն ենք: Շուկան, առևտուրը մեր կյանք են ներխուժել, այո: Բայց չեմ կարծում, թե ամբողջովին միայն շուկայի մարդ դարձանք: Չեմ կարծում: Շուկան մեր կյանքում որոշակի դեր ունի: Ե՛վ շուկայի տերերը, և՛ շուկայի փոքրիկ գործիչները, և՛ ինքներս, որ պահանջ ունենք շուկա այցելելու, այս ամբողջն, անշուշտ, գոյություն ունի, այո: Առևտրի աշխարհը «չի կարելիի» տակից վերջապես դուրս է եկել: Մի առիթով ես ասում էի, որ, ի վերջո, իհարկե, կարևոր է, թե ում համար ես գրում, լսարանն ով է, բայց, միաժամանակ, շուկայական հարաբերություններից, վարք ու բարքից անկախ, պետք է նայել առաջ: Ես փաստագրող չեմ: Եթե փաստագրական արվեստ լիներ իմը և այսօրվա շփումների ուղղակի արտահայտությունը լիներ, և կամ բավարարեր այսօրվա շփումների խնդիրը, այո, դա մի բան է: Բայց տեսեք Վարպետը՝ Մարտիրոս Սարյանը, ծաղիկներ էր նկարում: Այնքան շքեղ գույներ, ցնծուն մի աշխարհ էր նկարում՝ մի ոտքով 15 թվի մեջ էր, մի ոտքով երկրի լինել-չլինելու արհավիրքի մեջ էր: Այնպես որ, երբեմն արվեստի խնդիրը այդքան անմիջականորեն կամ միաժամանակ այսօրվա իրականության հետ այդքան պարզ կապերի մեջ չէ: Երբեմն այսօրը վաղվա ուղղությամբ այս կամ այն հրամայականն ունի, հենց այդպես էլ հրամայականն է իշխողը դառնում: Նույնը Խաչատրյանի օրինակն է: Երեք թվին է ծնվել, հաջորդ սերունդն է, փաստորեն, Եղեռնից փրկված: Այդ գենետիկ հսկա ուժը, որ տվել է մեր գենը, որ մարդ երգի «Սպարտակ», Հին Հռոմ, այդ ուժերը... Ո՞վ է երգողը. ոչնչացումից մի կերպ մազապուրծ մի ժողովուրդ, ահռելի ողբերգություն տեսած մի ժողովրդի զավակ մեկ սերունդ հետո երգում է այդ: Առեղծվածներ են սրանք: Մեծ առեղծվածներ են, որոնց պատասխանները պետք է փնտրել, ըստ երևույթին, ապրող ժողովրդի ուժի, ընդերքի մեջ, իր ներքին ծրագրի մեջ: Պիտի գրեմ իմ այս նոր գործը: Տա Աստված: Եթե այս մեծ գործն էլ անեի, մի տեսակ իմ պարտքն այս բնագավառին տված կլինեի: Լավ է, որ եղավ այս օրինակն ինձ համար: Հիմա կարելի է քայլ անել սրա հիմքի վրա՝ երգչախումբ, նվագախումբ: Ի վերջո, եկեղեցում ամբողջ նյութի՝ ծրագրային նյութի հիմքի վրա...
— Ի՞նչ է կյանքը մաեստրո Տիգրան Մանսուրյանի համար:
— Օհ... Այ քեզ հարց... Անկեղծորեն ու առանց երկար մտածելու ասեմ` աշխատանք է: Այո, աշխատանք է: «Հյուծող աշխատանք միայնության մեջ», — ասում էր մեծերից մեկը: Իմ պարագային ինքս ինձնից պահանջածը մի այնպիսի աշխատանք է, որ նախ իմ ընտանիքի անդամների, հարևանների, բակի առջև պարզերես աներ: Եթե քո աշխատանքով կարող ես ավելիին հասնել` ինչու չէ: Երևի մարդու այն տեսակն եմ, որին անվանում են «Homo Faber» – մարդ-աշխատավոր:
Տիգրան Մանսուրյանը փորձի ժամանակ, Ամստերդամ, 2012 թ.
— Մաեստրո, իսկ սե՞րը:
— Օ, սերը... Ամենամեծ ուժն է: Մեր կարողությունների լավագույն մասը՝ մեր մարմնից սկսած մինչև հոգեբանություն, մինչև զգացական աշխարհ կամ սեր է կոչվում, կամ առնչվում է դրա հետ: Արվեստն՝ ինքնին, կյանքը, գեղեցիկը սիրելու կոչ է: Մարդը սիրելիս զարմանալիորեն բարիանում է: Ինչքան որ նրա մեջ սեր կա, այքան իր մեջ բարություն կա: Որքան քիչ է սերը, այնքան չարությունն է շատ: Հստակ բաներ են սրանք: Ընդ որում, երբ ասում են սեր, անշուշտ, սեռի հարցն այստեղ ամենաառաջինն է, բայց սեռից դուրս, սեռից զատ կա նաև սեր գաղափարի նկատմամբ, քո արմատների նկատմամբ, քո հարազատների նկատմամբ, նվիրյալների նկատմամբ, և, անշուշտ, սա՝ այս վերջինը, նույնպես սեր է: Ես, օրինակ, շատ սիրում եմ Կոմիտասի երաժշտությունը: Ես սիրում եմ Արագած լեռը և Արարատ լեռը: Ես սիրում եմ ամառային այն ճանապարհը, որով գնում ենք Ապարանով դեպի ձախ՝ Արթիկ: Այդ ամբողջ ճանապարհը շատ եմ սիրում: Սևանի ճանապարհն էլ, Գառնի-Գեղարդի ճանապարհն էլ: Գառնի-Գեղարդի ճանապարհը նրանով է սիրելու, որ միակ ճանապարհն է, որ Երևանից դուրս է գալիս և Հայաստանում ավարտվում է: Գեղարդի ճանապարհը այստեղ է վերջանում, և այն, որ այստեղ է վերջանում, ճանապարհի սկզբից արդեն զգացվում է: Ճանապարհի սկզբից դու մտնում ես մի ուղի, որով դուրս չես գալու երկրից: Սա էլ մի ուրիշ ճանապարհ է: Մեր երկիրն իրապես սիրո վրա պիտի կառուցվի: Ուզում եմ ասել, երբ որ լավ երաժշտություն ենք ստեղծում, երբ որ լավ մի նկար ենք ստեղծում, լավ բանաստեղծություն, լավ մի գործ ենք անում՝ երկիր սիրելուց է նաև: Ամբողջությամբ: Տեսեք՝ ինչ է ասում Պողոս Առաքյալը. «Եթէ խօսեմ մարդկանց լեզուները և հրեշտակներինը, բայց սէր չունենամ, կընմանուեմ մի պղնձի, որ հնչում է, կամ՝ ծնծղաների, որ ղողանջում են: Եւ եթէ մարգարէութիւն անելու շնորհ ունենամ եւ հասկանամ բոլոր խորհուրդներն ու ամբողջ գիտութիւնը, եւ եթէ ունենամ ամբողջ հավատը՝ մինչեւ իսկ լեռները տեղափոխելու չափ, բայց սէր չունենամ, ոչինչ եմ...»:
Երևան, 2013 թ. Լուսանկարը՝ Արմեն Անանյանի
— Մաեստրո, ունենալո՞ւ ենք հոգևոր Հայաստան:
— Առաջին քայլը հոգևորի ուղղությամբ՝ հայոց լեզուն սրբությամբ պահպանելն է: Դրա շուրջը կգոյանան բոլոր մնացյալները, բոլոր մնացյալ սրբությունները: Քանի Հայրենիքում ենք, Ֆրանսիայում չենք, Ամերիկայում չենք, Հոլանդիայում չենք, մեր երեխաներին ուղղելու ենք դեպի հայոց լեզուն: Սա է ամենամեծ մեր հավատարմության արտահայտությունը և ամենապարզ, ամենամաքուր, ամենանախնական քայլը: Երեխային խոսեցնել մեծ հոր և մեծ մոր լեզվով, որ նրանք իրար հասկանան, իրար հետ կապի մեջ լինեն: Հայոց լեզուն մեր հոգևոր տան սյունն է...
Զրուցեց
Արայիկ Մանուկյանը, Երևան, «Ժամ», ամառ 2013 թ.