Երվանդաշատում բնակվող Հերիքնազ Խաչիկյանի ամենանվիրական երազանքը ոչ ԱՄՆ, ոչ էլ Եվրոպա մեկնելն է, նա երազում է այցելել իր նախնիների երկիրը: Հայաստանի սահմանամերձ գյուղից պարզ երևում է Ախուրյան գետի մյուս կողմում գտնվող թուրքական տարածքը՝ Բագարանը, ուր ամեն առավոտ նայելով նա փնտրում է իր պապիկի տունը և փորձում բացահայտել հնագույն արվեստի՝ կուռմադդումների պատրաստման գաղտնիքները:
Գրեթե մեկ դար առաջ Հերիքնազի հարազատները լքեցին իրենց բնակավայրերը և բնակություն հաստատեցին Երվանդաշատում՝ Երվանդունիների թագավորության վերջին մայրաքաղաքի տարածքում: Նրանք իրենց հետ բերեցին նաև կուռմադդումների գաղտնիքը, որն էլ այսօր պահպանում և կատարելագործում է 22-ամյա հրաշագոծ Հերիքնազը:
— Տատիկս սիրում էր պատմել, թե ինչպես են տեղափոխվել Հայաստան: Նա ասում էր, որ այդ տարիների չեն ունեցել կիրառելի ափսեներ, տարբեր պարագաներ և իրենց կենցաղում ստիպված հատուկ տեսակի դդմիկներ են աճեցրել ու հետո օգտագործել որպես հատուկ տարաներ, որտեղ պահել են չրեղեն և սննդի այլ տեսակներ: Այդ կերպ սնունդը կարողացել են թաքցնել թուրքերից: Հենց այդ պատմություններից էլ ոգևորված ես ուսանողական տարիներին սկսել եմ իմ դդմային փորձարկումները:
Հերիքնազը պատմում է, որ առաջին փորձերը եղել են անհաջող: Նա երկար տարիներ փնտրել, աճեցրել և ուսումնասիրել է դդումների հատուկ տեսակներ: Հաճախ դդումները պարզապես չէին աճում կամ էլ նախքան մշակվելը փչանում, սակայն աղջկա ստեղծագործ միտքն ու անտոկուն ցանկությունն ի վերջո հաղթեցին, նրան հաջողվեց բացահայտել փայտանման ամուր կաղապարներ ունեցող կուռմադդումների գաղտնիքը:
— Սերմը ցանելուց պետք է սիրով լցվել և բարի խոսքեր ասել դդումներին: Օրինակ ես իմ դդումների համար հատուկ մեթոդ եմ մշակել, միշտ Կոմիտասի երաժշտությունն եմ միացնում: Կոմիտասյան նոտաների ներքո ես խոսում եմ իմ փոքրիկների հետ, անընդհատ օրը մի քանի անգամ պտտվում եմ նրանց մոտով և ժպտում: Այդ ամենը տևում է 7-8 ամիս, հիմնականում աճեցնում եմ դեկորատիվ տեսակներ, ես իմ ձեռքով եմ փոշոտում ծաղիկները: Ամեն անգամ, երբ նոր սերմ եմ ցանում, անհամբեր սպասում եմ, թե երբ եմ տեսնելու այդ հրաշքի ծաղկունքը:
Տարիների ընթացքում Հերիքնազն ավելի է մասնագիտացել կուռմադդումների պատրաստման բնագավառում: Սովորելով Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանի կիրառական արվեստի բաժնում՝ նա դասախոսների օգնությամբ ուսումնասիրել է բազմազան մասնագիտական գրականություն, ինտերնետի միջոցով գտել արվեստի նույն ճյուղի չինական, ամերիկյան սկզբնաղբյուրները:
— Երբ ուսումնասիրում էի դդումների փորագրության արվեստն անընդհատ մտածում էի, որ մարդիկ այդքան կատարելագործված տեխնիկաներ ունեն, սակայն անընդհատ նույն զարդանախշերն էին փորագրում: Ես փորձեցի հորինել իմ ձեռագիրը, օրինակ իմ կուռմադդումների մեջ հաճախ օգտագործում եմ նկարազարդելու, հինելու, կարպետ և գոբելեն գործելու տեխնիկան, նաև օգտագործում եմ մարաշի ասեղնագործության մեթոդը: Հիմնականում աշխատում եմ փայտի փորագրման գործիքներով: Ստեղծագործական արարման այդ ընթացքը կախված է իմ տրամադրությունից և ոգևորվածությունից. լինում է, որ մեկ դդումը մեկ գիշերվա մեջ եմ նկարազարդում, պատահում է նաև, մեկ տարի մի աշխատանքի վրա կարող եմ աշխատել:
Հերիքնազ Խաչիկյանի արվեստն աստիճանաբար ճանաչելի է դառնում Հայաստանում և արտերկրում: Սակայն նա չի շտապում հաճախորդներից պատվերներ ընդունել, քանի որ համարում է, որ հիմա պետք է կրթվի, զարգանա և անընդհատ կատարելագործվի, պատվիրատուի ցանկությամբ առաջնորդվելը խանգարելու է իր հետագա զարգացմանը:
— Ես աշխատում եմ կազմակերպել իմ անհատական ցուցահանդեսները, սակայն արվեստը բիզնեսի վերածել չեմ ցանկանում, քանի որ դեռ շատ անելիք ունեմ: Վերջերս սկսել եմ տիկնիկներ պատրաստել: Հիմա էլ ինձ հաճախ հարցնում են, թե ինչո՞ւ մատրյոշկաներ չեմ պատրաստում, խորհուրդ են տալիս, սենց արա, նենց արա..Իսկ ես համոզված եմ, որ մեր հայկական ազգային տիկնիկների վրա պետք է կարպետ կամ գորգ լինի, որ մենք ճանաչելի լինենք աշխարհում:
Այսօր էլ Հերիքնազն անընդհատ կատարեագործվում է, նա անըդհատ նոր բացահայտումներ է անում և փնտրում հայկական կուռմադդումների ներկայանալու նոր տարբերակները, իսկ հոգու խորքում երազում է իր կուռմադդումները տանել- հասցնել նախնիների հայրենիք՝Բագարան և իր պապիկի տանը դնել արդեն սեփական ձեռքերով պատրաստված կուռմադդում- տիկնիկները:
Զրուցեց Ստելլա Գևորգյանը, «Ժամ» ամսագիր, Երևան, 2018 թ.