2017 թվականի հուլիսի հինգն էր, հայոց նորագույն պատմության մեջ այդ օրը կարմիր գույնով է նշված։ Քանի որ ազգովի նշում ենք մեր նորանկախ պետության սահմանադրության հռչակագրի ընդունման օրը։ Այսպիսով որոշեցի իմ ընտանիքի հետ յուրովի ու յուրահատուկ անցկացնել հերթական տոնական օրն։
Ես թարգմանիչ-լրագրող եմ, թղթակցում եմ ինչպես մեր տեղական, այնպես էլ արտերկրի մամուլին՝ գրելով պատմական, մշակութային ու հասարակական հոդվածներ,ներկայացնելու մեր երկրի չբացահայտված բնագավառներն ու մտավորականներին։Այսպիսով՝ որոշեցի ուղևորվել մեր Ավետյաց ու պատմական Արցախ լեռնաշխարհը։ Արցախը պետություն է Հարավային Կովկասում։ ՄԱԿ-ի անդամ որևէ երկրի կողմից պաշտոնապես իրավական հարթությունում ճանաչված չէ: Արևմուտքից սահմանակցում է Հայաստանին, հարավից՝ Իրանին, իսկ արևելքից և հյուսիսից՝ Ադրբեջանի Հանրապետությանը։ Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Պատմականորեն զբաղեցնում է Մեծ Հայքի Արցախ նահանգի տարածքը։ Հայ մեծանուն պատմաբան Լեոն Արցախը համեմատել է «հսկայական միջնաբերդի» հետ, առանց որի «անհնար է երևակայել Հայաստանի սրտի, այն է՝ Արարատյան երկրի պաշտպանությունը»։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անկախության հռչակագիրը ընդունել է 1991 թվականի սեպտեմբերի 2-ին՝ Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանի ընթացքում՝ ժողովրդական պատգամավորների կողմից։ Արցախի ճշգրիտ ստուգաբանությունը հայտնի չէ, առաջին հիշատակությունները Վանի թագավորության (ուրարտական) շրջանից են։ Ըստ ժողովրդական ստուգաբանության՝ «Արցախ» անվանումը նշանակում է Առանի ծառաստան։ Ավանդության համաձայն, Առանը հայոց Վաղարշակ արքայի կողմից նշանակված Մեծ Հայքի հյուսիսարևելյան նահանգների նախարարն էր՝ Սիսակյան տոհմից։ Առանը, որը ավանդորեն համարվում է Առանշահիկների, և նրանցից ճյուղավորված Արցախի միջնադարյան իշխանների ու մելիքների նախահայրը, պատկանում էր Հայկ նահապետի զարմին, ուստի և միջնադարյան պատմիչները Արցախի իշխաններին կոչում են «Հայկազյանք»։ «Ղարաբաղ» տեղանունը հստակ ստուգաբանություն չունի։ Ըստ մեկ ստուգաբանության՝ թարգմանվում է որպես՝ «Սև այգի»։ Ըստ երկորրդ ստուգաբանության՝ «բաղ» արմատով բազմաթիվ տեղանուններ գոյություն ունեին Սյունիքում, Արցախում, Գանձակում և այլուր։ Եվ «Ղարաբաղը» «Բաղաբերդ»տեղանվան պարզ ու սովորական թարգմանությունն է։ «Ղարաբաղի» առաջին՝ «ղարա» մասը հայերեն «բերդ» բառի թարգմանությունն է՝ լ-ր հնչյունափոխությամբ։ Ինչպես օրինակ, Կալա-կարա՝ Կալա, Կալաքենդ (Բերդաշեն), իսկ պաշտոնական փաստաթղթերում՝ Կարաքենդ։ Տեղանվան երկրորդ՝ «բաղ» մասը օտար նվաճողների կողմից չի թարգմանվել։ Այսպիսով՝ Ղարաբաղը Բաղաբերդ տեղանվան քմահաճ թարգմանությունն է։Այսպիսով՝տեղակայվելով այդ երկրի գեղատեսիլ վայրերի մեկում՝Մարտակերտի շրջանի Վանք գյուղի արտասովոր նավի ճարտարապետական տեսք ունեցող Էկլեկտիկա հյուրանոցում սկսեցի իմ ճանապարհորդությունը։ Հյուրանոցը տեղակայված է Վանք գյուղում` հրաշագեղ Խաչեն գետի ափին, որը տեղի բնակիչների շրջանում այն հայտնի է որպես «Տիտանիկ»: Այստեղի գեղեցիկ համարներից բացվում է Խաչեն գետի հիանալի տեսարանն,որը լրացնում է նավի ճարտարապետական տեսքը: Նախևառաջ ուղևորվեցի այս երկրի ու հայոց միջնադարյան պատմության մեջ հայտնի Գանձասարի վանական համալիր, այնտեղ ինձ ասեցին, որ մոտ օրերս նշվելու է համալիրի հիմնադրման 777 ամյակը՝ կապված սրա հետ վանքի հարակից տարածքում շինարարական աշխատանքներ էին ընթանում, տեղում հանդիպեցի գյուղի ամենահայտնի ձիավորներից Գիշոյին, ով իր հետաքրքիր, հումորային պատմություններով դիմավորեց մեզ։ Վանքից իջնելու ճանապարհին հանդիպեցինք մի շատ հետաքրքիր, իսկական հայրենանվեր ու ազգային տաղավար ներկայացնող ամուսինների՝ Վահրամ Պողոսյանին ու Սուսաննա Ղարախանյանին ու նրանց որդի Մամիկոնին, ինչպես նաև ազգական Ալեքսին, ովքեր վանք մեկնող ճամփորդին են ներկայացնում ու առաջարկում ավանդական թոնրի գաթա, հաց, ինչպես նաև Արցախի զարդը Ժենգյալով հացը։ Ավանդական արցախյան ընտանիք, ովքեր այսպես են ուզում ու փորձում վաստակել իրենց հանապազորյա հացն ու պահպանել ընտանիքի գոյություն։ Նշեմ, որ Գանձասար վանքի մեր ուղեկիցն էր այս ընտանիքից 11 ամյա Մամիկոնն, ով իր հետաքրքիր պատմություններով ու իր մանկական հիշողություններով կիսվեց մեզ հետ։ Հաջորդ օրը գնացինք Ծովին քար հյուրանոցին կից տարածք, որտեղ ականատեսն եղանք ժայռաքանդակ առյուծի, արծիվի, ռետրո մեքենաների և այլ ճարտարապետական ու յուրահատուկ քանդակների ու մանրաքանդակների։ Շրջելով այստեղով մի ակնթարթ տեղափոխվեցինք հնագույն ժամանակներից մինչև խորհրդային ու հետխորհրդային ժամանակներ, ակամայից ունենալով մեր հնագույն պատմությունը մեր աչքի առաջ։Այստեղ ականատեսն եղանք նաև գյուղի արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների հուշաքարի բացման արարողությանն,որին ներկա էր Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը։ Հաջորդ ու վերջին կանգառը Քոլատակ համայնքի հնագույն Սուրբ Հակոբավանքն էր, որն առաջին վարկածի համաձայն թվագրվում է 5-7-րդ դարերին, իսկ մեկ այլ տեսակետի՝ 12-րդ դարին, մի շատ յուրահատուկ ու գեղեցիկ կառույց, որը նայում է հարակից լեռներին ու դրանց գագաթին գտնվող Կաքավաբերդին։ Այստեղ Արցախի թեմից Տեր-Հակոբ քահանայի կողմից մատուցվեց պատարագ, ինչպես նաև հայկական ավանդական շարականներով ու միջնադարյան երգարվեստի գոհարներով հանդես եկան Բյուրական երգչախմբի պատանիները, խմբավար Գոհար Հարությունյանի ղեկավարությամբ։ Այսպիսով հետևում մնաց մի շատ հետաքրքիր ու յուրահատուկ ճանապարհորդություն դեպի մեր Ավետյաց Արցախ երկիր։ Մի երկիր, որի մասին հիշատակություններ կան ինչպես հայազգի, այնպես էլ օտարազգի պատմաբանների մոտ և մինչև օրս այն ունի ուսումնասիրության ու բացահայտման կարիք։
Լուսանկարները՝ Սիրարփի Կարապետյանի
Հեղինակ՝ Գարիկ Ավետիսյան