Հովսեփ Քասեսյան. «Ժառանգորդ լինելու համար ժառանգություն է պետք ունենալ»
Загрузка
X


Հովսեփ Քասեսյան. «Ժառանգորդ լինելու համար ժառանգություն է պետք ունենալ»

Точка координат / 20.03.2017

Հովսեփ Քասեսյանը ծնվել է 1948 թ-ին Աթենքում։ Ուսանել է բժշկություն Աթենքի Կապոդիստրիայի անվան ազգային համալսարանում։ Հունաստանի հայ համայնքի ակտիվ հասարակական գործիչ է, բժիշկ, գրող, թարգմանիչ, խմբագիր, պատմաբան, հրատարակիչ, երկու որդիների հայր։

Տարբեր տարիներին հրատարակել և խմբագրել է «Մենք» ամսագիրը (1981–1984 թթ.), Սփյուռքի հայ նորագույն ազատագրական պայքարին զորակցող «Հայկական ժողովրդային շարժման» (ՀԺՇ)՝ «Հայ ֆետայի» հունարեն պաշտոնաթերթը (1982–2001 թթ.), «Հունա-հայկական» (ΕΛΛHΝO-AΡΜΑΝΙΚA) ամսագիրը (1991–1999 թթ.): Հայությանը և հայ-հունական առնչություններին նվիրված 60 ընդարձակ ուսումնասիրություն-հոդված է հրապարակել հունական «Նեմեսիս» ամսագրում (1999–2005 թթ.)։ Հայ ժողովրդի պատմության, հայ-հունական հարաբերությունների մասին չորս տասնյակից ավելի գրքերի հեղինակ ու թարգմանիչ է։

1982 թ. հիմնադրել և մինչև այժմ գլխավորում է «Հունա-հայկական ուսումնասիրությունների կենտրոնը»: Հունական տարբեր գիտական, հանրային և պետական, ինչպես նաև հայկական միջավայրերում հանդես է եկել հետազոտական հրապարակախոսություններով, դասախոսություններով, հարցազրույցներով:

Պարոն Քասեսյան, Դուք կրթությամբ բժիշկ եք, սակայն հեղինակել ու թարգմանել եք հայ ժողովրդի պատմությանը, հայ-հունական հարաբերություններին առնչվող չորս տասնյակից ավելի գրքեր, հրատարակել ու խմբագրել եք տարբեր պարբերականներ։ Ինչպե՞ս եղավ, որ մտաք այդ ասպարեզ։

— Ես մեծացել եմ հունական միջավայրում: Հայերեն չիմանալով՝ տասնյոթ տարեկանում ֆրանսերենով կարդացի հայ ժողովրդի պատմության մասին մի գիրք և առաջին անգամ ծանոթացա մեր ժողովրդի հերոսական պատմությանը: 

Եվ սկսեցիք որոնել Ձեր արմատնե՞րը։

— Այո։ Դրան հաջորդեցին Վիլյամ Սարոյանի «Իմ անունն է Արամ» և մի շարք այլ գրքեր, ճանաչեցի ու սիրտս լցվեց հպարտությամբ, որ մասնիկն եմ այդ հին ժողովրդի: 

Հետագայում երևի հասկացաք, որ կարող եք և պետք է օգնեք նաև այլ հայ պատանիների՝ գտնելու իրենց արմատները, կամ այլազգիներին՝ ճանաչելու հայերին ու Հայաստանը։

— Խթաններից մեկը դա էր, անշուշտ։ Բայց նաև հայկական հարցի, հայ դատի մասին բարձրաձայնելը, աշխարհին, մասնավորապես այն երկրում, որտեղ ապրում եմ, մեր ճակատագրի մասին պատմելը։ Ի դեպ, իմ հրատարակած գրքերի շարքում են հայոց ցեղասպանությանը վերաբերող երկու ամենակարևոր ու ծանրակշիռ հրատարակությունները՝ Հենրի Մորգենթաուի «Բոսֆորի գաղտնիքներ. 1913–1916» և Առնոլդ Թոյնբիի «Հայկական սարսափները. մի ազգի բնաջնջումը» գրքերը։ Իսկ մեր նորագույն պատմությանն առնչվող «Ղարաբաղյան հարցը» 300-էջանոց պատմագիտական իմ ուսումնասիրությունը մեծ տարածում ունեցավ հույն մտավորականների շրջանում: 

Հայ և հույն ժողովուրդների կապերը դարերի պատմություն ունեն, հետաքրքրական է՝ ինչպե՞ս են հայերը հայտնվել Հունաստանում, ինչպե՞ս է ձևավորվել ներկայիս համայնքը:

— Երբ խոսում ենք հայ և հույն ժողովրդների, Հայաստանի և Հունաստանի հարաբերությունների մասին, պետք է նկատի ունենանք մեր երկրների պատմական անցյալը։ Հունաստանն ու Հայաստանն իրենց այսօրվա սահմանների մեջ պետք չէ պատկերացնել: Սրանք ժամանակին սահմանակից պետություններ են եղել. հույների ներկայությունը հասել է մինչև Կարին (Էրզրում), որը հույները Թեոդոսիոպոլիս են կոչել, մյուս կողմից էլ հայերի ներկայությունն է հասել մինչև Կոստանդնուպոլիս և Իզմիր: Հետևաբար, ավելի ճիշտ կլինի խոսել հայերի և հույների ընդհանուր հարաբերությունների մասին:

Հունաստանն առաջիններից մեկն էր, որ դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Հայաստանի Հանրապետության հետ Խորհրդային Միության փլուզումից և 1991 թվականին Հայաստանի անկախացումից անմիջապես հետո` 1992 թ. հունվարին:  

Ինչպե՞ս եք գնահատում հայ-հունական երկկողմ հարաբերությունները. քաղաքական, տնտեսական, ռազմական, մշակութային...

— Անցած քառորդ դարի ընթացքում երկկողմ հարաբերություններն ընդգրկել են հիմնականում մեր երկրների քաղաքական, ռազմական, միջխորհրդարանական ոլորտները: Փոխադարձ այցելություններ են եղել նախագահի, Աժ նախագահի, արտգործնախարարի մակարդակներով:

Միջպետական համագործակցությունն ամրագրվել է 40-ից ավելի երկկողմ պայմանագրերով, արձանագրություններով և հուշագրերով:

Բավականին արդյունավետ են հայ-հունական ռազմական հարաբերությունները, որոնք ընդգրկում են ռազմական կրթության, սպայակազմի վերապատրաստման, խաղաղապահության, ռազմական արդյունաբերության և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտները: Եվ պատահական չէ, որ 2004 թ. հայ զինվորականների առաջին գումարտակը Կոսովոյում իր խաղաղապահ առաքելությունը սկսեց հունական զորախմբի կազմում:

Հայ-հունական հարաբերությունների ամենաթույլ կողմերից մեկն, իմ կարծիքով, տնտեսական համագործակցության ոլորտն է: 

Ի՞նչ եք կարծում, ո՞րն է պատճառը։

— Պատճառները տարաբնույթ են: Շրջափակման և փակ սահմանների հետևանքով ապրանքաշրջանառության սահմանափակումները, ուղիների ծախսատարությունը, թերևս, նաև Հունաստանում հայկական կապիտալով ընկերությունների բացակայությունը: 

20 տարի խմբագրել եք Սփյուռքի հայկական ազատագրական պայքարին զորակցող հունարեն «Հայ ֆետայի» ամսագիրը: Պատմեք այդ մասին:

— Կուզեմ ընդգծել, որ այդ տարիներն իմ կյանքի ամենաերջանիկ օրերն էին, քանի որ այդ հրատարակության միջոցով ես էլ կարողացա իմ փոքր ներդրումն ունենալ մերօրյա ֆիդայական հերոսական պայքարում: Այդ տարիների ընթացքում «Հայ ֆետայի» ամսագիրը, որ Հայկական ժողովրդային շարժման հրատարակությունն էր, հազարավոր տպաքանակով մատուցվել է ոչ միայն հունահայերին, այլ նաև հույներին։ Նրանց դա հետաքրքրում էր, քանի որ հատկապես այդ տարիներին հույները մեծապես զգում էին թուրքական ծավալապաշտության սպառնալիքն իրենց երկրի համար: 

Իսկ հայերենի չիմացությունը խոչընդոտ չեղա՞վ։

— Այդ տարիներին ես միաժամանակ սովորեցի հայերեն, նաև արևելահայերեն, թեև չեմ կարող հավակնել, թե լիովին տիրապետում եմ: 

Հունաստանի խորհրդարանը 1996 թվականի ապրիլի 25-ին ապրիլի 24-ը Օսմանյան Թուրքիայի կողմից 1915 թվականին իրականացված հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օր ճանաչելու մասին որոշում ընդունեց: Ի՞նչ կասեք այդ և այն դերակատարության մասին, որ Ձեր խմբագրած «Հունա-հայկական» ամսագիրն ունեցավ այդ հարցում:

— Անցյալ դարի 90-ական թվականներին հունահայ համայնքը հետևողական մեծ աշխատանք էր տանում այդ նպատակին հասնելու համար։ Այդ գործունեության մի մասնիկն էլ «Հունա-հայկական» ամսագիրն էր, որը տպագրվում էր 1991–1999 թվականներին։ Այդ տարիների մեր աշխատանքների գագաթնակետը եղավ 1991 թ-ի ապրիլի 24-ին Հայկական ժողովրդային շարժման պատվիրակության այցելությունը Հունաստանի խորհրդարան և հանդիպումը խորհրդարանի նախագահ Աթանասիոս Ցալդարիսի հետ։ 

Կարծեմ Դուք էլ այդ պատվիրակության կազմում եք եղել, այնպես չէ՞։

— Այո, որպես «Հունա-հայկական ուսումնասիրությունների կենտրոնի» քարտուղար: Պատվիրակության կազմում էին նաև Ս. Էջմիածնի պատվիրակ, թեմիս առաջնորդ Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյանը և ՀԺՇ-ի արտաքին հարաբերությունների պատասխանատու Լեոնիդաս Լազոս-Սերեյանը։ Մենք խորհրդարանի նախագահին ներկայացրեցինք Հունաստանի 162 (հետագայում՝ 173) պատգամավորների կողմից ստորագրված՝ Հայոց ցեղասպանության ճանաչմանը զորակցող բանաձևը:

Հունաստանի խորհրդարանական բոլոր կուսակցությունների ներկայացուցիչ պատգամավորների պատվիրակության հետ այցելեցինք նաև ՄԱԿ-ի Աթենքի գրասենյակ՝ պահանջելով ՄԱԿ-ի կողմից դատապարտման բանաձևի ընդունում:

Մոտավորապես որքա՞ն է հայերի թվաքանակը Հունաստանում այժմ: Որո՞նք են ամենահայահոծ հիմնական բնակավայրերը:

— Հունաստանում հայերը միշտ ներկա են եղել, հին ժամանակներում՝ որպես ուսանողներ, Բյուզանդիայի ժամանակ՝ որպես կառավարիչներ և զորավարներ: Նոր համայնքը կազմվել է Մեծ եղեռնից և Իզմիրի աղետից հետո: Հայության թվաքանակի մասին դժվար է ստույգ թվեր ներկայացնել: Թերևս «յան»-ով ազգանուն ունեցողների թիվը կարող է 40 000-ի հասնել, սակայն դրանց մեծ մասն ընդհանրապես ներկա չեն հայկական միջավայրում, դերակատարում չունեն համայնքի կյանքում: Հայերը հիմնականում ապրում են Աթենքում և հյուսիսային Հունաստանի մի շարք քաղաքներում: 

Հունաստանի հայ համայնքն ավանդաբար մեր ամենաակտիվ և ծաղկուն համայնքներից է եղել: Ե՞րբ է այն ձևավորվել, և որո՞նք են համայնքին հուզող հիմնական խնդիրներն այսօր: Ինչպե՞ս եք բնութագրում համայնքի ապագան:

— Առաջնային հարցը «համայնք» դառնալն է, որի համար նախապայմանը միասնական նպատակն ու համախմբվածությունն են: Ձևական հայտարարություններով ոչինչ չի իրականանում: Իսկ նպատակներն իրագործվում են տրամաբանական, գիտակից և հետևողական աշխատանքով: 

Ի՞նչ առաջնային խնդիր ունի այսօր հունահայ համայնքը, ապագայի նկատմամբ ի՞նչ մտահոգություններ։

— Սփյուռքն ընդհանրապես, ոչ միայն Հունաստանում, ինքնության տագնապի մեջ է: Կուսակցական հատվածապաշտությունը հարվածի տակ է դրել մեր արմատները: Պարզ հայը, որը հեռու է ամեն տեսակ քաղաքականությունից, այս կացությունը տեսնելով՝ չի հասկանում, թե ո՞վ է իրականում հայը, և ինչո՞ւ հայկական մի խմբակ հիմնովին մերժում է, չի հանդուրժում մյուսին: 

Հունաստանի հայ համայնքի ներքին բազմազանությունն ապահովող գործոններից մեկն էլ, ինչպես Սփյուռքի մյուս համայնքներում, տարաբաժանումն է ավանդական և ժամանակակից սփյուռքների։ Այս առումով ի՞նչ խնդիրներ կան Հունաստանում:

— Ժամանակակից կամ նոր սփյուռքը Հունաստան հասնելով ոչ մի օգնություն չստացավ առկա կառույցներից՝ ո՛չ նյութապես, ո՛չ բարոյապես: Հայաստանից «խռոված» և հայրենիքը լքած հայն այստեղ ավելի վիրավորված զգաց իրեն: Բացառություն էր միայն ոչ կուսակցական հիմքի վրա հիմնված «Հայաստան» հասարակական մշակութային կենտրոնը, որը փորձեց վերկուսակցական սկզբունքներով միավորել նրանց: 

Տարիներ շարունակ համագործակցել եք Հունաստանի ԱԺ պատգամավոր Լիանա Կանելիի «Նեմեսիս» ամսագրի հետ: Պատմեք այդ համագործակցության մասին:

— Պատգամավոր Լիանա Կանելիի՝ մեծ տարածում ունեցող «Նեմեսիս» ամսագրի գոյության հինգ տարիների ընթացքում (1999–2005 թթ.) շուրջ 60 ընդարձակ ուսումնասիրություն-հոդված եմ հրապարակել, որոնք ընթերցողին ծանոթացրել են հայությանը և հայ-հունական առնչություններին: 

Մի ժողովրդի մասին օտարազգի թերթում նման տևական հոդվածաշարի հայտնվելը, կարծում եմ, կարելի է Գինեսի ռեկորդների գրքում ներառել:

— Պատճառներից մեկը, թերևս, նաև ամսագրի խմբագրի՝ Լիանա Կանելիի անձնական մոտեցումն էր։ Նա թե՛ որպես պատգամավոր, թե՛ որպես իրավաբան միշտ հայության կողքին է կանգնել: 2016 թ-ին նա մեկնեց Հայաստան, ազատագրված Արցախ և նույնիսկ առաջնագիծ: Այնուհետ այստեղ իր տպավորությունների մասին հանդես եկավ դասախոսությամբ, որի ժամանակ հայերին կոչ արեց մեկնել Արցախ, առաջնագիծ, զորակցել հայ զինվորին: 

Հայկական մամուլի հետ ձեր համագործակցության մասին ի՞նչ կպատմեք:

— «Հայ ֆետայի» և «Հունա-հայկական» ամսագրերի հետ իմ համագործակցության մասին արդեն պատմեցի: Վերջին հինգ տարիներին խմբագրել եմ նաև ՌԱԿ «Նոր աշխարհ» շաբաթաթերթի հունարեն բաժինը: 2015 թվականին Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով խմբագրել եմ «Հայաստան» շաբաթաթերթի հունարեն հավելվածը: 

Մեր բոլոր գաղթօջախներում առաջնային խնդիրը եղել և մնում է ուծացումը։

— Այսօր իրողությունն այն է, որ ոչ միայն Սփյուռքը, այլ ընդհանուր հայությունը լուրջ վտանգի առջև է կանգնած: Տագնապը համազգային է, ուստի պատասխանն էլ պետք է լինի այդպիսին: Հունաստանի հայության իրավիճակը կարող է փոխվել միայն որպես այդ ընդհանուր կացության մի մասնիկը: 

Հայկական ավանդական երեք կուսակցություններն էլ (ՀՅԴ, ՌԱԿ, ՍԴՀԿ) ակտի՞վ են գործում համայնքում: Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք հաջողվել է հայկական այս կուսակցություններին ազգային, քրիստոնեական եղբայրություն պահպանել օտար ափում, թե՞ քաղաքականությունը մնում է քաղաքականություն` լինի Սփյուռքում, թե հայրենիքում:

— Ինձ համար անհասկանալին այն է, թե ընդհանրապես ի՞նչ անելիք ունեն հայ կուսակցությունները Սփյուռքում: Կուսակցությունը, որպես կանոն, իշխանություն նվաճելու միջոց է, Սփյուռքում ի՞նչ իշխանության են ձգտում նրանք:

Հունաստանի հասարակական-քաղաքական կյանքում կա՞ն հանգուցային դեր ունեցող հայեր։ Համայնքը երկրում քաղաքական զարգացումների վրա ազդելու որևէ լուրջ լծակ ունի՞ արդյոք։

— Հայկական կուսակցություններին, ցավոք, ձեռնտու են վերահսկվող փոքր «գետտոները»: «Գետտոյում», որպես կանոն, մեծ ընդունակություններ ընդհանրապես չեն աճում: Օտար միջավայրում զանազան ասպարեզներում փայլող հայերը հաջողությունների են հասնում, իրենց նվաճումները ձեռք են բերում սեփական ջանքերով, առանց հայկական միջավայրի օգնության կամ նույնիսկ իմացության: Նման ասպարեզում լուրջ լծակներ ունենալու համար, ինչպես նշեցի, անհրաժեշտ են մշակված ծրագրեր և համապատասխան գործունեություն: 

Ի՞նչ հիմնական նպատակներ է հետապնդում Ձեր գլխավորած «Հունա-հայկական ուսումնասիրությունների կենտրոնը» Հունաստանում: Հույն մտավորականներն անդրադառնո՞ւմ են հայկական խնդիրներին։

— Ցանկացած հարց լուծելու համար պետք է տիրապետել փաստերին: Հայերն ու հույներն իրենց պատմական հիշողությունը կորցնելու վտանգի առջև են կանգնած: Մենք այդ ճշմարտություններն ու փաստերը հանրությանը ներկայացնելով՝ հակադարձում ենք թուրքական իշխանության՝ տարածաշրջանի բնիկ ժողովուրդներին «կատարված իրողության» առջև կանգնեցնելու հերթական ցեղապաշտ քաղաքականությանը, որը բազմազգ երկիրը զուտ թուրքականի է վերածել: 

Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններն արձագանք գտնո՞ւմ են Հունաստանի հայ համայնքում։

— Ցանցային կապի և հաղորդակցության ժամանակաշրջանում իրադարձությունները ոչ միայն արձագանք են գտնում, այլև դա կատարվում է սրընթաց արագությամբ: Անկախացած Հայաստանը, մանավանդ առաջին տարիների արցախյան ճակատում տարված հաղթանակից հետո, հայությունը միավորող, համախմբող կենտրոն դառնալու բոլոր հնարավորություններն ուներ։ Մինչդեռ վերջին երկու տասնամյակների ընթացքում կատարվել է ճիշտ հակառակը: Սփյուռքի տարբեր գաղթավայրերում հասակ առած պատանին, երիտասարդը, իր հայրենիքին և պատմությանը կապվելու համար իր երկրով հպարտանալու կենսական անհրաժեշտություն ունի, ինչը, մեղմ ասած, բացակայում է այսօր: 

Դուք հասարակական և մշակութային ասպարեզում էլ դերակատարություն եք ունեցել: Խոսենք Ձեր մասնակցությամբ թատերական բեմադրությունների մասին:

— 2006 թ. տիկին Լուսի Մենենդյանի հետ հիմնեցինք «Ծիածան» թատերախումբը, որին անդամակցում էին հայ և հույն ոչ պրոֆեսիոնալ դերասաններ։ Ընտրված «Ծիածան» անունն էլ այդ բազմազանությունն ընդգծելու նպատակ ուներ: «Ծիածանը» մինչ օրս հայերեն և հունարեն 16 բեմականացում է ունեցել: Յուրաքանչյուր թատերական ներկայացումից առաջ հանդիսատեսին տեղեկատվություն է տրվում ներկայացման, պիեսի հեղինակի, ասելիքի կարևորության մասին՝ զվարճության, ժամանցի հետ մեկտեղ նաև հոգիները սնուցելու նպատակ ունենալով։ 

88-ի երկրաշարժից հետո Հայաստանին զորակցության հանձնախմբի ղեկավար մարմնի անդամ եք եղել: Պատմեք այդ մասին:

— Այո, այդ և հետագա տարիների ընթացքում մեծ աշխատանք ծավալվեց Հայաստանին օժանդակելու համար: Տարբեր բնագավառներում արդյունավետ քարոզչության արդյունքում մեր աշխատանքին հոժարակամ օժանդակել է նաև հույն ժողովուրդը: Այդ գործունեության շրջագծում խմբագրել եմ «Տուրք Հայաստանին» գիրքը, որ 1989 թ. հազարավոր տպաքանակով տարածվեց Հունաստանում։ Գրքից ստացված հասույթը նույնպես հատկացվեց այդ նպատակին: 2006 թ. որպես «Հայաստանի զորակցության հանձնախմբի» ներկայացուցիչ, որին անդամակցում էին նաև ավելի քան 60 հույն հայտնի մտավորականներ, Ստեփանավան քաղաքում 4,5 կմ կոյուղագիծ կառուցելու ծրագիրը իրականացնելու համար մեկնեցի Հայաստան։ Ծրագիրը 2006–2007 թթ. իրականություն դարձավ Հայաստան համահայկական հիմնադրամի ծրագրերի շրջանակում: 

Ձեր պատգամը գալիք սերունդներին։

— Գալիք սերնդին պատգամ հղելը մեծ պատասխանատվություն է, և նման պատգամ հղելու համար ես ինձ փոքր եմ համարում: Կարող եմ ասել միայն. որպեսզի գալիք սերունդը ժառանգորդ լինի, նախ ժառանգություն է պետք ունենալ։ Իսկ ի՞նչ ժառանգություն է թողնում իմ սերունդը. կոռումպացված իշխանությո՞ւն և կոռումպացված եկեղեցի՞...

Մի ժողովրդի, որը պատրաստ է պայքարել լուսավոր ապագայի համար, անհրաժեշտ է ուղեցույց և առաջնորդող:

Այդուհանդերձ, իմ սերնդի նվիրական փորձից ելնելով, հավատում եմ, որ գալիք սերունդը մեզ հուսախաբ չի անի:

Զրուցեց Աննա Գիվարգիզյանը 

Լուսանկարները՝ Աննա Գիվարգիզյանի

Արխիվային լուսանկարները տրամադրել է Աթենքի «Հայաստան» շաբաթաթերթը