«Հանցագործությունների չդադարող շղթան ապացուցում է թուրքական իշխանությունների՝ ցեղասպանություններին շարունակական հակվածության գոյությունը...»
Երկուշաբթի օրը, նոյեմբերի 28-ին, 1896թ. հայերի կոտորածի 120-ամյակը հիշատակող միջոցառումների շարքը սկսվեց Հունա-Հայկական ուսումնասիրությունների կենտրոնի քարտուղար Հովսեփ Քասեսյանի դասախոսությամբ: Նույն կազմակերպության տնօրեն Հայկ Քասարջյանը հատվածներ ներկայացրեց կոտորածների ականատեսների վկայություններից։ Հակիրճ ներածական ելույթով հանդես եկավ նաև «Արարատ» միության փոխտնօրեն Հակոբ Առաքելյանը:
Միջոցառումների այս շարքը, որը կազմակերպված է ՀԲԸՄ Հունաստանի մասնաճյուղի, «Արարատ» ՄՄ Միության և Հունա-Հայկական ուսումնասիրությունների կենտրոնի կողմից, ընդգրկում է յոթ միջոցառում:
Օրվա դասախոսության թեման հետևյալն էր. «1896 թ. հայերի կոտորածը և 1955թ. հույների Կոստանդնուպոլսում հետապնդումները. զուգադրական քննարկում»: Աթենքի` հիմնականում Փոքր Ասիայից բռնագաղթի ենթարկված հայերի և հույների ժառանգներով բնակեցված Նիկեա արվարձանի հանդիսությունների սրահում կայացած դասախոսությանը ներկա էին քաղաքապետ Յորղոս Իոակիմիդիսը (ում տատիկը հայ գաղթական է եղել), ինչպես նաև Խորհրդարանի անդամ և Էկոնոմիկայի նախկին նախարար պարոն Տրիֆոն Ալեքսիադիսը:
Բանախոսն Համիդյան ջարդերի էական դերը որակեց ոչ միայն որպես Ցեղասպանության նախապատրաստական փուլ, այլ նաև որպես ինքնին ցեղասպանություն: պարոն Քասեսյանը որպես օրինակ անդրադարձավ դեպքերից 60 տարի անց Կոստանդնուպոլսում հույների հետապնդումներին` որպես Թուրքական իշխանության` անփոփոխ ռասիստական և ցեղասպան բնույթի ապացույց:
«Տարբեր մարդկանց նկատմամբ տարբեր ժամանակներում կատարված հանցագործությունների չդադարող շղթան ապացուցում է թուրքական իշխանությունների՝ ցեղասպանություններին շարունակական հակվածության գոյությունը...»,- ամփոփեց Հովսեփ Քասեսյանը: