Հայաստանում իրականացվեց «Ներածություն ապակենտրոնացված ռեգիստրի (բլոկչեյն) տեխնոլոգիայի մասին» խորհրդատվական-կրթական ծրագիրը, որի նպատակն էր ներկայացնել կրիպտոէկոնոմիկայի հիմնական հասկացությունների և բլոկչեյն տեխնոլոգիայի աշխատանքի սկզբունքները։
Ծրագիրն իրականացրեց «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամը` Հայաստանի իրավազորության հարցերի խորհրդի աջակցությամբ։ Ինչպես «Ժամ»–ի հետ զրույցում նշեց «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամի գործադիր տնօրեն և Հայաստանի իրավազորության հարցերի խորհրդի քարտուղար Աշոտ Ասլանյանը, կրիպտոինդուստրիան մեծ տնտեսական նորույթ է աշխարհի համար, որը մեծ հնարավորություններ է բացում։ Կրիպտոինդուստրիայի մեթոդներով ներգրավված գումարներն աշխարհում տարեցտարի աճում են։ Եվ Հայաստանը ևս այստեղ որոշ հնարավորություններ ունի։
Ասլանյանը նշեց, որ եթե հիմա ծրագրերը հիմնականում բանկերով են ֆինանսավորվում, ապա այժմ ի հայտ են գալիս մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս ոչ բանկային պրոդուկտների միջոցով գումարներ ներգրավել, ստեղծել սեփական փողը, ինքնուրույն ֆինանսավորել ծրագրերը։
Նա հայտնեց նաև, որ իրենց կազմակերպած խորհրդատվական-կրթական ծրագրին մասնակցած անվանի փորձագետները նշել են, որ բազմաթիվ երկրներում են եղել, սակայն այսպիսի հետաքրքրություն, պատրաստվածություն, ինչպես Հայաստանում է, որևէ երկրում չեն տեսել։
«Ներածություն ապակենտրոնացված ռեգիստրի (բլոկչեյն) տեխնոլոգիայի մասին» խորհրդատվական-կրթական ծրագիրն իրականացվեց երեք փուլով` աշխատանքային հանդիպում պետական բարձրաստիճան պաշտոնյաների համար, խորհրդատվական հանդիպումներ հանրային և մասնավոր հատվածի պոտենցիալ «օգտատերերի» համար և «Աշխարհում բլոկչեյն տեխնոլոգիաների կիրառման լավագույն պրակտիկաները» սեմինար գերատեսչությունների ղեկավարների և մասնագետների համար։ Մասնակիցները ծանոթացան հիմնական հասկացություններին, համակարգային ռիսկերին, տեղեկություններ ստացան բլոկչեյն-պրոդուկտների ստեղծման հիմնական տեխնոլոգիական հարթակների և բլոկչեյն տեխնոլոգիաների կիրառման ոլորտների վերաբերյալ, քննարկվեցին աշխարհի տարբեր երկրներում պետական կառավարման ոլորտում բլոկչեյն տեխնոլոգիաների ներդրման իրականացվող քեյսերը, շփվեցին առաջատար փորձագետների հետ:
Բոլոր հանդիպումներին մասնակցեցին մասնագետներ և փորձագետներ Bitfury ընկերության կողմից, որը Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Վրաստանի, Ուկրաինայի և այլ երկրների պետական մարմիններում բլոկչեյն համակարգի ներդրման ծրագրեր իրականացնող տեխնոլոգիական ընկերություն է։
Ինչպես հայտնեցին կազմակերպիչները, հետագայում քաղաքացիական ծառայողների և մասնավոր հատվածի համար ծրագրի շրջանակում տեղի կունենան նաև տեսական և գործնական դասընթացներ, որոնք թույլ կտան ամրապնդել բլոկչեյն տեխնոլոգիաների բազային սկզբունքների ընկալումը և ինքնուրույն ստեղծել տեխնոլոգիայի հիմնական բաղադրիչներ։
zham.ru