ՍԴՀԿ-ն իր վերապահությունն է հայտնում Զարեհ Սինանյանի նշանակմանը
Загрузка
X


ՍԴՀԿ-ն իր վերապահությունն է հայտնում Զարեհ Սինանյանի նշանակմանը

Ежедневник / 18.06.2019

ՍԴՀԿ-ն տարածել է հայտարարություն, որում խիստ վերապահություն է հայտնում Սփյուռքի հարցերով հանձնակատարի պաշտոնում Զարեհ Սինանյանի նշանակմանը:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Երկար տարիներ ի վեր կար ձեւավորված սկզբունք, որ Սփյուռքի հետ անմիջականորեն առնչվող գերատեսչության ղեկավար չպետք է նշանակվի ընդգծված կուսակցական հակումներ ունեցող անձ, որպեսզի հարգվեն Սփյուռքի տարբեր համայնքներում գոյություն ունեցող յուրահատկություններն ու զգայնությունները ու նշանակված անձի շուրջ վերապահությունների պատճառով չվնասվի Հայրենիքի հետ կապերի ամրապնդման կարեւոր գործը:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնում Զարեհ Սինանյանի նշանակումով դժբախտաբար հաշվի չի առնվել այս կարեւոր պարագան, նկատի ունենալով, որ նա իր քաղաքական գործունեությունը ծավալել է սփյուռքի ամենից բազմամարդ՝ Լոս Անջելեսի հայ համայնքում, բացառապես Դաշնակցության հովանավորության տակ գործող կառույցների գծով եւ առանձնացել է իր հրապարակային խնդրահարույց եւ երբեմն անպատասխանատու ելույթներով եւ հայտարարություններով:

Մասնակցելով տեղական ընտրական գործընթացներին, նա դրսեւորել է խիստ հարձակողական վերաբերմունք իր քաղաքական հակառակորդների նկատմամբ՝ հատկապես մեր կազմակերպության հասցեին կատարելով մեղադրանքներ, պարզ այն պատճառով, որ չենք պաշտպանել իր նախընտրած թեկնածուին:

Գլէնդելի Քաղաքապետարանում իր պաշտոնավարման ընթացքում եւս Սինանյանը չի կարողացել ցուցաբերել լայնախոհություն եւ հանդուրժողականություն ու գործել է հատվածական նկատառումներով:

Զարեհ Սինանյանն ազատ է իր քաղաքական հայացքների մեջ, սակայն անցյալի իր կենսագրականը չի կարող անտեսվել կամ մոռացության մատնվել, ու անպայմանորեն իր ժխտական անդրադարձը կունենա իր պաշտոնավարման ընթացքում։

Ջարեհ Սինանյանը չի լրացնի սփյուռքի բոլոր կառույցների հետ հավասար հեռավորության վրա գտնվելու անհրաժեշտ նախապայմանը ու հետեւաբար մենք խիստ վերապահություն ենք հայտնում այս նշանակման կապակցությամբ»:

ZHAM magazine | www.zham.ru