2008թ. հոկտեմբերի 1-ին ՀՀ-ում ծնունդ առավ «երիտասարդ, խոստումնալից ու ճկուն» պետական գերատեսչություն` Սփյուռքի նախարարությունը, որը միտված էր Հայաստան-Սփյուռք բազմավեկտոր գործակցության զարգացմանը: Աշխարհի շուրջ 25 երկրներում գործում են սփյուռքի նախարարություններ` ամենատարբեր անուններով, 60 երկրներում` գերատեսչություններ, որոնք զբաղվում են սփյուռքի հիմնախնդիրներով:
Հայկական սփյուռքը հիմնականում առաջացել է պատմության դառը հարվածների, Հայոց ցեղասպանության հետևանքով, որի հետ տարվելիք աշխատանքները պետք է ճիշտ առաջնահերթություններով համակարգվեին: Ցավոք սրտի, վերջին ժամանակաշրջանում ականատես եղանք կնակենցաղ կարծիքների և մեկնաբանությունների` կապված հենց «նախարարություն» կարգավիճակի հետ: Ի վերջո, պետք էր ստեղծել պետական կառավարման մարմին, որը կսերտացներ հարաբերությունները Սփյուռքի հետ, կօգներ հայապահպանության և հայ ինքնության խորացմանը Սփյուռքում: Անհերքելի փաստ է, որ 2008-2018թթ.
Սփյուռքի նախարարության դերը Հայաստան-Սփյուռք բազմաշերտ կապերում նշանակալից էր, արդյունավետ և ընդգրկուն. դրա մասին են վկայում մի շարք հայրենաճանաչողական, կրթական, մշակութային ծրագրեր` «Արի տուն», «Իմ Հայաստան», «Սփյուռք» ամառային դպրոց և այլն, Հայաստան-Սփյուռք համաժողովները, այցերը սփյուռքյան հայ համայնքեր, մեր հայրենակիցների խնդիրների հնարավորինս շուտափույթ լուծումներ փնտրելը:
Այնուամենայնիվ, միշտ էլ հարց է առաջացել` ինչո՞ւ է ստեղծվել Սփյուռքի նախարարությունը, եթե տարբեր նախարարություններում կան համապատասխան բաժիններ, որոնք զբաղվում են այդ հարցերով: Պատասխանը շատ պարզ է՝ տարբեր նախարարություններ չունեն սփյուռքի բուն բաժիններ, այլ ունեն արտաքին հարցերի վարչություններ, որոնք սփյուռքի հետ աշխատում են նեղ ոլորտային հարցերով: Սփյուռքի նախարարության համար առաջնայինը եղել են հե՛նց սփյուռքի գործերը, Հայաստան-Սփյուռք գարծակցության զարգացումը: Միայն մնում է հուսալ, որ Սփյուռքի հետ բազմաբովանդակ կապը կմնա այնպիսին, ինչպիսին էր:
Շնորհավո´ր ծնունդդ, Սփյուռքի նախարարություն, շնորհավորում եմ նաև Սփյուռքում բնակվող շուրջ 8 միլիոն հայորդիներին և բոլոր այն հայերին, ովքեր, իսկապես, մտահոգված են աշխարհով մեկ սփռված մեր հայրենակիցներին հուզող հայրենիքակենտրոն այլևայլ խնդիրներով:
Հեղինակ՝ Սարիկ Սևադա, Երևան, 2019 թ.