Հետադարձ հայացք՝ պետհամալսարանի գերմանացի ուսանողները
Загрузка
X


Հետադարձ հայացք՝ պետհամալսարանի գերմանացի ուսանողները

Ежедневник / 06.10.2019

Հայաստանի մայր բուհը՝ 100-ամյա Երևանի պետական համալսարանն արդեն 100 հազարից ավելի շրջանավարտներ ունի, որոնց թվում կան նաև հարյուրավոր օտարերկրացիներ: ԵՊՀ-ն որպես կրթօջախ են ընտրել բազմաթիվ սիրիացիներ, ֆրանսիացիներ, գերմանացիներ, ամերիկացիներ, ռուսներ, արաբներ, հնդիկներ, եթովպիացիներ, կանադացիներ, կորեացիներ, լիվանցիներ, վիետնամցիներ, բուլղարացիներ և այլ, նաև հարյուրավոր սփյուռքահայեր՝ ամենատարբեր երկրներից:

ՙԱյն ժամանակ Սովետմիությունն էր ընդունում և բաշխում: 20-ականներին էլ ենք ունեցել օտարերկրացիներ, 50-ականներին էլ, բայց հիմնական հոսքը 61-ին սկսվեց, հետո թիվը գնալով աճեց: Երբ Սովետը քանդվեց, շատերն իրենց ուսանողներին հետ կանչեցին՝ ասելով, որ սոցիալիզմը տապալվեց, դուք այնտեղ գործ չունեք: 90-ականներց հետո սփյուռքահայերն էին գերակշռում՝ Իրանից, Վրաստանից, Ռուսաստանից և այլն: Հիմա շուրջ 300 արտասահմանցի ունենք՝ իրավագիտություն, միջազգային հարաբեություններ, տնտեսագիտություն, ռոմանո, արևելագիտություն, մի քանի դեղագործական, իսկ մնացած ֆակուլտետներում հատուկենտ՚,- մեզ հետ զրույցում պատմեց ԵՊՀ օտարերկրյա սովորողների կրթության կազմակերպման բաժնի վարիչ պարոն Ա. Վիրաբյանը:

70-ական թվականների սկզբներին մեծ թիվ էին կազմում նաև գերմանացի ուսանողները՝ հիմնականում ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետներում: Նրանցից ոմանք բեռլինաբնակ գիտնականներ են և, ի դեպ, արդեն թոշակառուներ, որոնց հետ մեզ հաջողվեց հոբելյանական այս տարում հանդիպել և զրուցել տարաբնույթ թեմաներով:Տիկին դոկտոր Ինգրիդ Թիշն իր ուսանողական տարիները բնութագրում է իբրև շատ տարբերվող ժամանակներ, գեղեցիկ հիշողություններ:  

ՙՀայաստանից տեղյակ չէինք, գիտեինք, որ Սովետական միություն ենք գնում՝ ուսանելու: Մոտ երեք ամիս առաջ մեզ տեղյակ պահեցին՝ ով է Մոսկվա գնալու, ով Երևան, ով Դոնեցկ կամ Նովոսիբիրսկ և այլն: Երևանում շատ չէին ԴԴՌ-ի ուսանողները, մոտ 90 հոգի ֆիզիկա և մաթեմատիկա մասնագիտություններով, կանայք էլ՝ շատ քիչ: Հայաստանում շատ լավ էր և շատ տարբերվում էր մյուս տեղերից: Մեզ համար շատ էկզոտիկ էր՝ լավ եղանակ, ուտելիքներն ուրիշ: Բայց ինձ թվում էր, որ հայ կանանց համար այդքան էլ հեշտ չէր: Օրինակ՝ ջահել աղջիկը մենակ չէր կարող ինչ-որ տեղ գնալ, մեզ համար դա անսովոր էր: Բայց հենց որ մարդիկ իմանում էին, որ մենք Գերմանիայից էինք, մեզ ավելի լավ էին վերաբերվում՚,- պատմում է տիկին Թիշը:

Նրա կարծիքով տղաների համար ավելի հեշտ ու ազատ է եղել տեղացիների հետ շփումը, քան աղջիկների: Իրենք մի հայ բարձրաստիճան պաշտոնյա ծանոթ են ունեցել, ում ընտանիքն իրեն հարազատի պես է ընդունել ու հոգ տարել: Նրանց միջոցով էլ իր կապը Հայաստանի հետ ավելի է ամրապնդվել:

ՙՀայաստանում շատ տարբեր տեղեր ենք եղել, շատ բաներ ենք տեսել: Հայերը շատ հյուրասեր են: Ցավոք, էլ հայերեն չսովորեցի, քանի որ հետագայում այդքան պետք չէր գալու, ռուսերենին ավելի լավ էինք տիրապետում: Կարոտում էինք, իհարկե, հայրենիքը և փորձում էինք կապը պահել իրար հետ: Ես իմ ամուսնուն մեր խմբի տղաների մեջ ծանոթացա՚,- պատմեց զրուցակիցս:

Տիկին Թիշը, որ վերջին անգամ 1980-ին է Հայաստանում եղել, կարծում է, որ մեր երկրի խնդիրներից մեկը և ամենամեծը կաշառակերությունն էր: Երևույթն իր համար անհասկանի է իրողություն է եղել:

ԵՊՀ գերմանացի ուսանողներից է եղել դոկտոր, պրոֆեսոր Գունթեր Պրեթցշը: Վերջինս, որ գրեթե իր ողջ աշխատանքային կյանքը նվիրել է միջուկային ֆիզիկայի հարցերին, 1990 թ.իր ոլորտում հիմնադրել է գերմանական ամենամեծ հետազոտական կենտրոնը: Պրոֆեսորն իր մասնաբաժինն ունի Մեծամորի ատոմակայանի անվտանգությունն ապահովելու գործում: ԵՊՀ-ն ավարտելուց հետո բազմիցս է այցելել Հայաստան և առ այսօր սերտորեն պահում է իր կապերը:

ՙԵս ուզում էի ֆիզիկա սովորել: Առաջարկները շատ էին սովետական տարբեր երկրներում ուսանելու, ես ընտրեցի Երևանը: Հինգ տարի սովորեցի՝ 1971-ից 76-ը: Ապրել եմ պրոսպեկտի հանրակացարանում: Երեք տարի սովորեցի հայերեն, լավ տիրապետում էի, բայց, դե, չկիրառելու արդյունքում մոռացության է մատնվում: Հայաստանում տարբեր տեղերում եմ եղել, լավ եմ հիշում Դիլիջանը, Ղափանը, իմ պրոֆեսոր Սեդրակյանին, ամբիոնի ղեկավար, պրոֆեսոր Չուբարյանին, շատերին: Հիմա ժամանակ առ ժամանակ ունենում ենք ծրագրեր, որոնք կապված են լինում նաև Հայաստանի հետ, օրինակ՝ Մեծամորի ատոմակայանի, բայց դրանք հաճախ չեն: Վերջերս էլ միջազգային կարևոր սեմինար ունեինք Մոլդովայում, Հայաստանից նույնպես մասնակից կար, ինձ համար դա շատ ուրախալի էր՚,- մեզ հետ զրույցում պատմեց պարոն Պրեթցշը:

ՙՃիշտ է՝ գերմանացի շուրջ հարյուր շրջանավարտների մի մասը կյանքի և գործի բերումով այնքան էլ կապված չէ Հայաստանի հետ, բայց շատերը կան, որ ուսումնառությունից հետո տասնյակ անգամներ են գնացել, տարբեր կապեր են հաստատել: Հիշողությունը, կենսագրությունը հո չես ջնջի, կյանքի բաղկացուցիչ մասն է: Մենք ԵՊՀ-ում ձեռք բերած գիտելիքներով ենք աշխատել՚,- փաստում է ԵՊՀ շրջնավարտ պարոն Շտեֆան Հայմաննը:

Պարոն դոկտոր Շտեֆան Հայմաննին գրեթե բոլոր բեռլինաբնակ հայերն են ճանաչում: Ֆիզիկոս լինելուց բացի, նա նաև գերմաներեն-հայերենի երդվյալ թարգմանիչ է՝ ՀՀ  անկախացումից ի վեր: Կինը հայուհի է՝ կրկին թարգմանչուհի տիկին Մարգարիտա Դուդուկչյանը:

ՙՀայոց լեզուն ինձ համար միայն առնչվելու համար էր, շփվելու միջոց: Ուսուցումն, իհարկե, ռուսերենով էր բուհում, բայց լսարանից դուրս մի բան չէր ռուսերենը: Ստացվեց այնպես, որ հիվանդացա և առաջին բառերը սովորեցի հիվանդանոցում: Այնուհետև որոշում կայացրեցի լեզուն սովորել՝ լիարժեք շփման համար՚,- հիշում է պարոն Հայմաննը:

Տիկնոջ՝ Մարգարիտայի հետ ծանոթացել է Երևանում: Վերջինս Բրյուսովի ուսանողուհի է եղել: Ամուսնությունից հետո բազմիցս մեկնել են Հայաստան: Հայերենը նրանց կյանքում և առօրյայում ակտիվ լեզու է: ՙՕր չի լինում, որ գոնե մի քանի նախադասություն հայերենով շփում չլինի՚: Նրանց երեխաները՝ որդին և դուստրը, ևս տիրապետում են հայերենին: Պարոն Հայմաննը սերտորեն կապված է Հայաստանի հետ: Նա շարունակում է պահել իր կապերը թե ընկերական-բարեկամական կյանքում ձեռք բերած, թե մասնագիտական՝ ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետում, ԳԱ ակադեմիայում, Մատենադարանում և այլն:

ՙՀայաստանն առաջադեմ է օրինակ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Շատ այլ ոլորտներում ևս պատմական մեծ փորձ ունի, օրինակ՝ ժողովրդական բժշկության: Մատենադարանում դա ուսումնասիրում են, գիտելիքը կա, խնդիրը այն հասարակության մեջ մտցնելն է: Իմ թեման գիտական հիմունքներն են: Օրինակ՝ արյան մեջ շաքարի խտությունը նվազում է, եթե մարդիկ իրենց սննդի մեջ ունեն նաև բնական հանքային նյութեր, որոնք ալյումինիում սիլիկատների ընտանիքից են և այդ հանքերից Հայաստանում լիքն են: Իմ ձգտումն ուղղված է այն ջահելներին, ովքեր որոշում են իրենց սեփական բիզնեսը հիմնել, և նրանց հարկավոր են այս գիտական նվաճումները՝ ասենք ախտորոշումների ասպարեզում կամ գյուղատնտեսական՝ բույսերի նոր տեսակներ մշակեու, ավելի պտղատու տեսակ ստանալու և այլն, և այլն: Շատ լավ կլիներ, որ այս նվաճումները մուտք գործեին լայն հասարակություն՚,- նշում է պարոն Հայմաննը:

Զրուցակիցս հավաստիացնում է, որ Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը բազմապատկվեց իշխանափոխությունից հետո: Մասնավորապես մեծ ուրախությամբ է լսում լուրերն այն մասին, երբ պետությունը ջանքեր է գործադրում տաղանդավոր երիտասարդներին երկրում պահելու, տնտեսական արտոնություն տալու և այլն:

ՙԻնձ հուզող մշտական ցավը նրանում է, որ Հայաստանի բնակիչները սոցիալապես ապահովված չեն: Միշտ ասել ու մտածել եմ, այ խեղճ հայեր, որ գնում են աշխատելու ՌԴ, ուր ապահովագրություն չկա: Սոցիալական ապահովագրությունից շատերն են վախենում ՀՀ-ում, բայց Բիսմարկը Գերմանիայում այն 1883-ին հիմնեց և մինչև այսօր գործում է՝ անընդհատ բարեփոխումների ենթարկվելով՚,- նշում է պարոն Հայմաննը՝ ավելացնելով՝ ՙՇնորհավոր հոբելյանդ, սիրելի համալսարան՚:

zham.ru

Հեղինակ՝ Գայանե Առաքելյան