Զարուհի Շիգանյանը ճարտարապետ է և նկարիչ, ունեցել է անհատական ցուցահանդեսներ։ «Իմ նկարները ճանապարհորդություն են»,- «Ժամ»–ի հետ զրույցում ասաց Զարուհին, նաև պատմեց ճարտարապետության և նկարչության, իր աշխատանքների ու ցանկությունների մասին։
— Ինձ համար ճարտարապետությունը մի աշխարհ է, որտեղ ազատ կարող եմ արտահայտել մտքերս։ Իմ կարծիքով` ճարտարապետը, անշուշտ, պետք է լինի նկարիչ, հումանիստ, ճիշտ ընկալի դասական արժեքները, միաժամանակ յուրաքանչյուր գործ անելիս պետք է ստեղծի ներդաշնակություն կառույցի և շրջապատող միջավարի միջև, ճիշտ ներկայացնի իր գործը դիմացինին:
Սկզբում ես ամենևին չէի մտածում ճարտարապետ դառնալու մասին, բայց երբ ծանոթացա ճարտարապետ Վաչագան Թադևոսյանի հետ, ում մոտ գծագրություն և նկարչություն սովորեցի, հասկացա, որ դա ինձ հետաքրքրեց, և ես ճիշտ ընտրություն եմ կատարել։
Երևանի Ճարտարապետաշինարարական ինստիտուտում ծանոթացա հիանալի մասնագետների հետ, որոնց հետ զրուցելը անգամ քեզ շատ բան էր սովորեցնում։ Հոյակապ ճարտարապետ Անահիտ Նավասարդյանից սովորեցի ճարտարապետական նախագիծը ճիշտ ներկայացնել։ Ուսուցման հետաքրքիր մեթոդ ուներ Ֆելիքս Հակոբյանը. բերում էիր էսքիզային նախագիծը, նա նշումներ ու ջնջումներ էր անում, նոր մտքեր էր «շարադրում» հենց նախագծի վրա, և ստիպված նորից էիր անում ամբողջը։
Իսկ երբ սկսեցի դիպլոմային աշխատանքս Ստեփան Քյուրքչյանի ղեկավարությամբ` նրա արվեստանոցում, հասկացա, որ ընկել եմ մի դրախտ` մանրակերտներ, բազմաթիվ գծագրեր ու էսքիզներ։ Մտածեցի` էս ո՞նց բախտս բերեց։ Մինչ այդ մեզ թվում էր, թե արդեն կայացել ենք որպես ճարտարապետ, բայց իրականում իմ մասնագիտությունը սկսեցի խորությամբ ընկալել հենց այնտեղ: Քյուրքչյանը շատ խիստ էր, չէր սիրում անպատասխանատու մարդկանց, պահանջում էր ձեռքի աշխատանք, էսքիզներ, ասում էր` ես ձեր ձեռքը և միտքը պետք է տեսնեմ։ Միաժամանակ նա չափազանց նրբանկատ անձնավորություն էր:
— Ինստիտուտը ավարտելուց հետո Ստեփան Քյուրքչյանն ինձ առաջարկեց աշխատել «Երևաննախագիծ» ինստիտուտի իր արվեստանոցում. դա անակնկալ էր ու մեծ պատիվ։ Այդ ժամանակ արդեն սկսվել էին Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու նախագծման աշխատանքները, որոնց մեջ ընգրկվեցի նաև ես:
Նրա առաջին հանձնարարությունն էր` վարդակների, զարդաքանդակների բնաչափը (шаблон) կատարել, այսինքն` փոքր էսքիզից պետք է իրական չափի գծագիր անեի, որպեսզի վարպետը դներ քարի վրա ու ստանար զարդաքանդակը։ Ես այդ պահին հասկացա, որ ինստիտուտի վեց տարիները ինձ հիմա չեն օգնի, պետք է պրակտիկա։ Ընկել եմ Երևանի փողոցները, զարդաքանդակներն եմ ուսումնասիրում, օրվա տարբեր ժամերի գնում էի, կանգնում–նայում Հանրապետության Հրապարակի «Նոյյան տապան» գրախանութի կամարների, սյուների, Սբ. Սարգիս եկեղեցու զարդաքանդակները, որ հասկանամ, թե ստվերն ինչպես է ընկնում։ Սկզբում շտրիխները վախենալով էի անում, բայց այդպես ինքնուրույն սովորելով, բոլոր ուժերս ներդնելով` մի քանի մի ամիս անց արդեն կարողացա վստահ շաբլոն անել։ Քյուրքչյանը երբեք չէր գովում, դրա համար եթե լավ բան էր ասում, ուրեմն իսկապես արժանի էինք։ Մի օր էլ ասաց. «Արդեն զգում եմ` ինչ–որ բան ստացվում է, էդ ջղայնացա՞ծ ես աշխատում, որ շտրիխներդ այդքան լավ են ստացվում»։ Դա ինձ համար ամենակարևոր գնահատականն էր, հասկացա, որ ես մի բանի պիտանի եմ։
Ստեփան Հայկովիչն ինձ ընդգրկում էր նաև շինարարական աշխատանքների ընթացքին և որակին հետևելու գործում, ևս դա ինձ տվեց պրակտիկ մտածելակերպ նախագծման ամբողջ ընթացքում: Իսկ երբ եկեղեցու ջահերի հերթը հասավ, մեծ ջահի էսքիզային առաջարկն ինքը արեց, իսկ փոքր ջահերի և հետո Սբ. Տրդատ մատուռի կնունքի ավազանի էսքիզները առաջարկեց, որ ես անեմ: Դա շատ մեծ պատասխանատվություն էր, և որքան մեծ էր զարմանքս, երբ իմ էսքիզները հաստատվեցին, աչքերիս չէի հավատում։ Ստեփան Հայկովիչն էլ էր ուրախացել, ասաց. «Այո, դա քոնն է, գծագրերը պատրաստիր, որ տանք վարպետներին»։ Ճաղերի, որմնալույսերի էսքիզների որոշ էլեմենտներ նույնպես ես եմ արել։ Ու այնքան բավարարված էի զգում, որ իմ շատ փոքր լուման ունեցա այդ եկեղեցու շինարարության մեջ։
Հետո սկսեցինք Հանրապետության Հրապարակի, այնուհետև` Կոմիտասի անվան Պանթեոնի վերակառուցման նախագծերի աշխատանքները: «Երևաննախագիծում» աշխատել եմ նաև մեկ այլ արվեստանոցում` ճարտարապետ Գագիկ Հովհաննիսյանի հետ: Իսկ հիմա աշխատում եմ ինքնուրույն` տարբեր պատվիրատուների համար` ինտերիերի դիզայն, տպագրական դիզայն և այլն։
— Ես միշտ սիրել եմ նկարել։ Եվ մի անգամ Քյուրքչյանին ասացի` ուզում եմ նկարել, բայց չեմ հասկանում` ինչ։ Նա ասաց` վերցրու միջնադարյան մանրանկարչության գրքերը և փորձիր արտանկարել։ Սկսեցի ու տարվեցի դրանով, մեր հեքիաթների թեմաներից նկարեցի այդ ոճով։ Երբ ցույց տվեցի, ասաց` ահա, ստացվում է։ Հետո առաջարկեց էքսլիբրիզներ (ex libris)` գրքային նշաններ նկարել, դա արդեն տուշով արեցի։ Մի օր էլ հոլանդացի նկարիչ Էշերի մասին գիրք բերեց` չքնաղ, հետաքրքիր գրաֆիկական աշխատանքներ էին, ես ավելի ոգևորվեցի։ Այդ տպավորության տակ սկսեցի փոքր թղթերի վրա էսքիզներ անել ու մի օր ցույց տվեցի։ Նա ասաց. «Վայ, շատ հետաքրքիր է, էս դու՞ ես արել, հլը մի քիչ մեծացրու»։ Սկսեցի մեծացնել, նախ` Ա4, հետո բերեց 70×70 չափով կավճապատ թղթեր, ասաց` սրանց վրա փորձիր։ Դրանց վրա արդեն ջրաներկ էի օգտագործում։ Նկարում էի մարդկանց շարժումները, աշխարհի ճարտարապետությունը։
Առաջին ցուցահանդեսս, որ կոչվում էր «Մարդ և տիեզերք», 2004-ին էր` Ճարտարապետների միությունում, այն ժամանակ շատ լավ արձագաքներ եղան։ Տարիներ անց` 2008-ին, Նարեկացի միությունում եղավ մեկ այլ ցուցահանդես` «Հայացք» խորագրով։ Աշխատանքներս ցուցադրվեցին նաև Մոսկվայի տանը և Էքսպո Բյութիի ժամանակ։
— Ես միշտ սիրել եմ շրջագայել, տեսնել տարբեր երկրներ, ճարտարապետական տարբեր ոճեր, գտնել կապեր այդ ամենի մեջ, իմ նկարները ևս շրջագայություն են։ Ես նկարում եմ էլեմենտներ, կապում եմ իրար` կամուրջ, աստիճաններ, կամարներ և այլն։
Ցանկանում եմ որ մարդիկ իմ նկարներին նայելիս մի պահ անջատվեն իրենց ամենօրյա հոգսերից, երազեն ու սկսեն մի քիչ պոզիտիվ նայել կյանքին։
Ամեն մի նկարից հետո ասես մի լավ բան արած լինեմ, գլուխս դնում եմ բարձին` մի բան արած լինելու զգացումով։ Նկարելիս անջատվում եմ, ասես լույս է իջնում վրաս, գույները խառնում եմ, իսկ երբ ստանում եմ ուզածս, բավարարված եմ լինում:
Ես անում եմ գրաֆիկական աշխատանքներ, որոնք չեմ վերնագրում, մարդիկ իրենք են մեկնաբանում, նրանց կարծիքները լսելը ինձ համար շատ հետաքրքիր է։
— Ինչպես արդեն ասացի, ինձ շատ ոգևորեցին հոլանդացի նկարիչ Էշերի նկարները։ Եթե լավ նկար տեսնեմ, ոգևորվում եմ։ Օրինակ` վերջերս շատ եմ հավանում ավստրիացի նկարիչ Գուստավ Կլիմտի գործերը, խաղաղություն եմ զգում ու դրական լիցքեր ստանում։ Հայերից` Այվազովսկի, Մինաս, Սարյան, շատ հոգեհարազատ են Վարդգես Սուրենյանցի նկարները։
— Ինձ ոգևորում են մարդկանց ժպիտները։ Մարդիկ հիմա գրեթե չեն ժպտում, Նոր տարի էր, իսկ մարդիկ չէին ժպտում, նրանք հոգսաշատ էին։ Ինձ կուրախացներ, եթե ընկերներս, հարազատներս խոսեին ոչ թե խնդիրներից, այլ լուսավոր բաներից։ Ես ժպիտ եմ ուզում, լավ տրամադրություն եմ ուզում…
Ու նաև ինձ շատ է ոգևորում, երբ իմ արած գործերը մարդկանց հավանությանն են արժանանում:
— Այո, առաջին ու վերջին աշխատանքներս։ Երբ առաջին գործս պետք է ստեղծեի, մեծ թուղթը դրեցի առջևս ու որոշեցի շրջանաձև նկարել։ Առաջին շրջանի մեջ շատ փոքր էլեմենտներ արեցի, հետո ասացի` մի քիչ մեծացեմ, վերջում արդեն` մեծ էլեմենտներ էին, ու ավարտելուց հետո, երբ նայեցի, ասես գմբեթ լիներ, ինչ–որ հետաքրքիր խորություն էր ստացվել, ինձ շատ դուր եկավ։ Իսկ վերջինում միայն ճարտարապետություն է, զարդանախշեր, գույներ` ամեն ինչ ինձ շատ հարազատ։ Սիրելի նկարներից են նաև կանանց պատկերներով գործերը, որտեղ մազերի փոխարեն ճարտարապետական լուծումներ են։ Դե, բոլորն էլ իմն են, բոլորն էլ սիրում եմ։
— Երևանում հիմա չէի ցանկանա ցուցահանդես անել, որովհետև բոլոր գործերս այստեղ տեսել են։ Կուզեի որևէ այլ երկրում, որպեսզի ուրիշ կարծիքներ լսեի, թեկուզ` քննադատություն։ Երբ քեզ միշտ ասում են` լավ է, սկսում ես արդեն չհավատալ, թեև իմ ուսուցչի կարծիքը շատ թանկ է ինձ համար։ Ցանկալի է, որ դրսում թեկուզ մեկ–երկու նկար ցուցադրվի որևէ ցուցահանդեսում։ Հիմա կարծես գրաֆիկան ավելի քիչ է ընդունվում, մարդիկ ավելի շատ գունային լուծումներով գործերն են նախընտրում։ Իսկ իմ նկարներն ավելի մասնագիտական են։
— Նախ` քաղաքը կկանաչապատեի, հետաքրքիր գիշերային լուսավորություն կստեղծեի, կիսակառույց շինությունները կվերականգնեի` կենտրոնում և ծայրամասերում։ Իմ տունը Հրազդանի կիրճի մոտ է, ես այնտեղ կստեղծեի գեղեցիկ պուրակ` հեքիաթային զբոսանքով։ Մեր շենքերը բակ չունեն, միայն ավտոկանգառներ են, ես բակ կստեղծեի երեխաների համար, ֆուտբոլի դաշտեր, հեծանիվների համար գոտիներ։ Սիրտս ցավում է, երբ այգիներում շինարարության պատճառով ծառեր են կտրվում։
Մեր վարդագույն քաղաքը հետզհետե անհետանում է, ավելանում են ապակեպատ շինությունները, և դա ինձ հուզում է։ Բազմահարկերը պետք է անել այն տարածքներում, որոնք ազատ են՝ քաղաքի ծայրամասերում: Իսկ կենտրոնում պետք է լինեն շատ այգիներ ու մեր ճարտարապետությանը համապասխան ցածրահարկ շենքեր։
— Ինձ շատ է մտահոգում, որ մենք, ունենալով հարուստ մշակույթ, սկսել ենք օտարը վերցնել` նաև ճարտարապետության մեջ։ Օրինակ` գնում ես ճապոնիա, իրենցն է, Իրան` իրենցն է, Ֆրանսիա` իրենցն է, իսկ մերը խառն է, և դա վերաբերում է բոլոր ոլորտներին։ Ընդհանուր ճարտարապետական նորմեր են պետք, որոնք պարտադիր կլինեն։ Երբ Սպահանում էի, ինձ ասացին, որ ժամանակին Շահն ասել է` իհարկե կառուցեք եկեղեցիներ, բայց քաղաքի ընդհանուր ճարտարապետությունը չփչացնեք, դրա համար այնտեղ մեր եկեղեցիների գմբեթները ունեն կլորավուն տեսք։ Իսկ ինչու՞ մեր քաղաքին այդպես չվերաբերվենք։
Ու նաև շատ կցանկանայի իմ քաղաքի մարդկանց տեսնել ուրախ, առանց հոգսերի, եթե ժողովուրդը ուրախ լինի ու անհոգ, ամեն ինչ իր տեղը կընկնի։
Զրուցեց Տիգրանուհի Ներսեսյանը, «Ժամ» ամսագիր, 2018 թ.