Կարո Հակոբյան. «Ապրել որպես մարդ ՝ մարդկային արժանիքներով, և որպես հայ՝ հայու հոգով»
Загрузка
X


Կարո Հակոբյան. «Ապրել որպես մարդ ՝ մարդկային արժանիքներով, և որպես հայ՝ հայու հոգով»

Точка координат / 14.01.2018

Կարո Հակոբյանը «Եվրոպայի հայերի համագումարի» նախագահն է, եղել է Շվեդիայի հայկական միությունների համադրող կենտրոնի ղեկավարը: Կրթությամբ՝ մաթեմատիկոս և համակարգչային գիտությունների մասնագետ, կոչումով՝ հասարակական գործիչ, գրող, հրապարակախոս։

— «Եվրոպայի հայերի համագումար» (ԵՀՀ). սա կազմակերությո՞ւն է, թե՞ Եվրոպայի տարբեր երկրներում գործող հայկական միությունների, կազմակերպությունների համագործակցության հարթակ։ Ե՞րբ է այն ստեղծվել։
 
— Թե՛ մեկը, թե՛ մյուսը։ Եվրոպայի հայերի համագումարը ժողովրդավարական հիմքերի վրա հիմնված կազմակերպություն է։ Այն հիմնվել է 2003 թվականի սեպտեմբերի 27–28-ին Բրյուսելում կայացած հիմնադիր ժողովում: Համագումարի հիմնադիր անդամները եվրոպական 16 երկրների հայ համայնքների ներկայացուցիչներ և հայկական կազմակերպություններ են, որոնք հաստատեցին կազմակերպության կանոնադրությունը և ընտրեցին վարչություն։
— Ի՞նչ գործունեություն է ծավալում Եվրոպայի հայերի համագումարը:

— Մեր գործունեությունը, ըստ ծրագրի, մի քանի հիմնական ուղղություն ունի:
Պաշտպանել Եվրոպայի տարբեր երկրներում բնակվող հայության ազգային, մշակութային, հասարակական իրավունքներն ու շահերը, երիտասարդ սերնդին հաղորդակից դարձնել իրենց ազգային արժեքներին և դրանով իսկ կապել հայրենիքի հետ`բարձրացնելով նրանց ազգային ինքնության գիտակցությունը...
Համախմբել Եվրոպայի հայկական համայնքներն ու կազմակերպությունները՝ համագործակցության դաշտ և մթնոլորտ ստեղծելով նրանց միջև։
Շարունակել պայքարը Ցեղասպանության ճանաչման, դատապարտման, հայության ոտնահարված իրավունքների և փոխհատուցման համար։ Աշխատել միջազգային ատյաններում և համապատասխան այլ կառույցներում` Արցախի ազատագրման և ինքնորոշման իրավունքի հարցը արծարծելու ուղղությամբ։ Պայքարել հակահայկական
դրսևորումների դեմ։ Զարգացնել Հայաստան-Սփյուռք կապերը։ Աջակցել Հայաստանի Հանրապետության ժողովրդավարացմանն ու այնտեղ մարդու իրավունքների ամրապնդմանը:
— ԵՀՀ-ն առաջին համաեվրոպական հայկական կազմակերպությունն էր, որ Եվրախորհրդարանին կից՝ Բրյուսելում կենտրոն ստեղծեց...

— Եվ բեղմնավոր աշխատանք ծավալեց... Եվրախորհրդարանում կազմակերպվեցին մի շարք քաղաքական ու մշակութային միջոցառումներ. քաղաքական աշխույժ և համակողմանի հանդիպումներ, միջազգային կոնֆերանսներ, ֆիլմերի ցուցադրություն, ցուցահանդեսներ, համերգներ։
Մեր գործունեությունն այնքան համակողմանի էր և լայնածավալ, որ չուշացան նաև դրական տեղաշարժերը։ Հատկանշական է, որ Թուրքիայի իշխանությունները բացահայտ արտահայտեցին իրենց մտավախությունն այդ առիթով՝ ասելով, որ հայկական լոբբին Ամերիկայից տեղափոխվել է Եվրոպա:
— Դուք համագործակցո՞ւմ եք Եվրոպայի թուրքական համայնքի առաջադեմ հատվածի հետ։

— Փորձում ենք։ Առաջին անգամ Թուրքիայի քաղաքացիների 11 հազար ստորագրությամբ փաթեթը Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպան Ալի Էրթեմի հետ միասին հանձնեցինք Եվրախորհրդարանի նախագահին:
— Նաև Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես կազմակերպեցիք... Ինչպե՞ս կարողացաք հաղթահարել թուրքական պետական մասշտաբի խոչընդոտները և իրականացնել այդ ծրագիրը։

— Եվրախորհրդարանում մշակութային ցեղասպանությանը նվիրված առաջին ցուցահանդեսն էր դա, որ տեղի ունեցավ 2004 թվականի սեպտեմբերի վերջին:
Նախատեսված էր այն կազմակերպել 2003 թվականի հունիսին, սակայն Թուրքիայի միջամտությամբ այն չկայացավ։ Այդուհանդերձ մենք հետևողականորեն հարցը հետապնդեցինք և ցուցահանդեսն ու միջազգային գիտաժողովը կազմակերպեցինք Եվրախորհրդարանից դուրս:
Կոնֆերանսի շրջանակում նաև մամլո ասուլիս հրավիրեցինք և բացահայտեցինք Թուրքիայի անօրինական միջամտությունը, ինչպես նաև Եվրախորհրդարանի
ղեկավարության ցուցաբերած թողտվությունը։ Խնդրի քննարկման մեջ ներգրավվեցին խորհրդարանի ամենաազդեցիկ խմբավորումների ղեկավարները։
Արդյունքում` Եվրախորհրդարանի այն ժամանակվա Նախագահի գրասենյակի հետ հանդիպման ընթացքում ստացանք հաջորդ տարվա ցուցահանդեսի և միջոցառման թույլտվություն:
— Խոսում ենք ՀՀ պետականությանը զորակցելու մասին։ ԵՀՀ-ն ի՞նչ լծակներ ունի այդ հարցին նպաստելու համար։

— Զորակցելու բազմազան եղանակներ կան: Մենք՝որպես Եվրամիության քաղաքացիներ և այդ տարածքում գործող կազմակերպություն, օգտվելով գործող ժողովրդավարական օրենքներից, հնարավորություն ունենք անկաշկանդ արտահայտելու մեր տեսակետները և պահանջներ ներկայացնելու։ Կապեր ենք ստեղծում եվրոպական հասարակական և քաղաքական տարբեր կառույցների հետ, ինչը հնարավորություն է տալիս նպաստավոր միջավայր և մթնոլորտ ձևավորել՝ ի նպաստ հայրենի պետականության։
— Ձեր կազմակերպության գործունեության ուղղությունները ներկայացնելիս նշեցիք նաև Արցախի հարցը։ ԵՀՀ-ն և եվրոպահայությունը ի՞նչ լծակներ ունեն Արցախի հարցին նպաստելու համար։

— Եվրամիության անդամ երկրների խորհրդարանների, իշխանությունների և համապատասխան կառույցների առաջ Արցախի հարցը արծարծում ենք որպես պայքար ինքնորոշման և անկախության իրավունքի համար։ Հետևաբար պահանջում ենք, որ հետևելով իրենց իսկ որդեգրած ժողովրդավարական արժեքներին՝ հարգեն ու ճանաչեն Արցախի ժողովրդի իրավունքները։
Այստեղ կարևոր հանգամանք է նաև այն, որ ցույց տրվի Ադրբեջանի և Թուրքիայի կողմից վարվող հակաժողովրդական, հակահայկական և հակամարդկային քաղաքականությունը։
Այս տեսանկյունից վերջին շրջանում դրական արդյունք է տալիս նաև Ադրբեջանի կամ նրանց կողմից հովանավորվող կառույցների և կաշառք վերցնող պաշտոնյաների աղմկալի բացահայտումն ու քողազերծումը:
Մենք փորձում ենք նաև փաստերով ապացուցել, որ Արցախը երբեք չի կարող Ադրբեջանի մաս լինել, քանի որ Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ ցեղասպանական
քաղաքականություն են վարել և վարում հայության դեմ: Այս ասպարեզում դեռ անելիքներ շատ կան։
— Եվրոպահայությանը կազմակերպելու առումով կա՞ն, արդյոք, ԵՀՀ-ՀՀ համատեղ ծրագրեր։

— Որոշակի հարցերի շուրջ, ինչպես, օրինակ, Ցեղասպանության 100-ամյակի պարագային, համատեղ ծրագրեր և համատեղ աշխատանք եղավ, սակայն, ցավոք, դրանք
ակնկալվող շարունակական և կազմակերպված բնույթը չունեցան:

— Ըստ Ձեզ, ո՞րն էր պատճառը։

— Սփյուռքի նկատմամբ Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը մեծ մասամբ բխում է ոչ այնքան ազգային ու պետական շահերից, որքան իշխանությունը պահելու, կուսակցական ու խմբակային նեղ շահերից։ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները, ցավոք, հեռու են պետական խորքային լինելուց, ուստի չի ձևավորվում անհրաժեշտ սպասելիքը: Առանց այդ խորքային հարաբերությունների համատեղ աշխատանքը կաղալու է:
— Դուք նաև Շվեդիայի հայ համայնքն եք ներկայացնում։ Ինչպե՞ս են հայերը հայտնվել Շվեդիայում և ե՞րբ է կազմավորվել հայ համայնքն այստեղ:

— Հայ-սկանդինավյան պատմական առնչությունների մասին բավականին շատ ուսումնասիրություններ կան հայերեն, շվեդերեն և անգլերեն լեզուներով: Այս ոլորտում մեծ և անկրկնելի աշխատանք է կատարել Երևանի մեր բարեկամ Արծվի Բախչինյանը։ Նա այդ ուղղությամբ մեկ տարի հետազոտություններ է անցկացրել Ուփսալայի համալսարանում:
Շվեդիայի ներկայիս հայկական համայնքը համարվում է նորակազմ, թեև տվյալներ կան, որ 17-րդ դարից այստեղ հաստատվել և բնակվել են հայեր։ Սակայն որպես համայնք այն կազմավորվել է 20-րդ դարի 70-ական թվականների կեսին` Թուրքիայից, Լիբանանից և ապա Իրանից (1979-ի իսլամական հեղափոխությունից հետո) գաղթած հայերի կողմից: 80-ական թվականներից արդեն շվեդները հայերին ճանաչում են որպես իրենց երկրում ապրող էթնիկ խմբավորում, հրատարակվում են մի շարք գրքեր ու աշխատություններ հայերի մասին: Վերջին տասնամյակներին համայնքը «համալրվում» է նաև «հայաստանցի» հայերով, քանի որ, ցավոք սրտի, Հայաստանում արտագաղթն արդեն շարունակական բնույթ ունի։
— Շվեդիայի հայ համայնքն ի՞նչ գործունեություն է ծավալում: Կա՞ն արդյոք հայկական կրթական և մշակութային հաստատություններ:

— Մեր համայնքը թեև նորակազմ է, սակայն արդեն ունենք եկեղեցական, մշակութային և հասարակական կառույցներ ու միություններ: Ինչպես Սփյուռքի բոլոր համայնքներում, այստեղ ևս ազգային և մշակութային համայնքային կյանքը վայրիվերումներ է ունեցել: Երբեմն աշխույժ և բուռն աշխատանքներով ծանրաբեռնված է լինում համայնքը, երբեմն էլ մարդիկ անգործության և անտարբերության են մատնվում։ Սակայն համայնքը մնում է համայնք, և այս կամ այն չափով շարունակվում են ազգապահպանման աշխատանքներն ու գործունեությունը:
— Դուք երկար տարիներ եղել եք նաև Շվեդիայի հայկական համայնքի համադրող կենտրոնի նախագահը, ի՞նչ կասեք կենտրոնի գործունեության մասին։

— Հնարավոր չէ մեկ առ մեկ հիշել արվածը։ Մեծ ուժ և եռանդ ներդրվեց աջակցելու տեղական մշակութային և հասարակական միություններին. բացվեցին հայկական շաբաթօրյա և կիրակնօրյա դպրոցներ, կազմակերպվեցին հանդեսներ և գիտաժողովներ: Հատկապես ակտիվ էր Ուփսալայի հայ մշակութային միությունը։ Այստեղ գործում էին շաբաթօրյա դասընթացներ, երգի ու պարի խմբեր, ուսուցչական պատրաստված կազմ: Ինքս կազմել էի հայոց լեզվի և պատմության դասագրքեր, որոնք առավել հարմար էին Շվեդիայում մեծացող մեր երեխաների համար: 1994 թվականին Շվեդիայի Յեվլե և Վեթլանդա քաղաքներում տեղադրվեցին առաջին երկու հայկական խաչքարերը, իսկ երրորդը 2016 թվականին դրվեց Սյոդերթելիե քաղաքի նորակառույց հայկական եկեղեցու բակում:
— Համայնքն ուներ նաև «Նոր հորիզոն» պարբերականը, որն այսօր լույս չի տեսնում։

— Համայնքի կազմակերպվածությանը և մշակութային ու հասարակական աշխատանքին մեծապես նպաստեց «Նոր հորիզոնի» հրատարակությունը: Իհարկե, դրանից առաջ արդեն եղել էին տարբեր պարբերականներ և հրատարակություններ, բայց բոլորն էլ կարճ ժամանակից հետո դադարել էին: Իսկ «Նոր հորիզոնը»՝ հայերեն և շվեդերեն բաժիններով, հրատարակվեց 11 տարի, մինչև 2005 թվականը:
— Շվեդիայում Ձեր կազմակերպած` Ցեղասպանությանը նվիրված գիտաժողովներից մեկին կարծեմ թուրք դեսպանին էլ էիք հրավիրել։

— Դա մեր մինչ այժմ կազմակերպած ամենակարևոր գիտաժողովներից մեկն էր։ 2005 թվականի նոյեմբերին հայ և ասորական համայնքների համատեղ ջանքերով,
համագործակցելով Շվեդիայի վարչապետին կից «Կենդանի պատմություն» կառույցի հետ, կազմակերպվեց Ցեղասպանության մասին գիտական կոնֆերանս, որին հրավիրված էին պատմաբաններ և ցեղասպանագետներ ԱՄՆ-ից, Գերմանիայից և այլ վայրերից: Հրավիրել էինք նաև Թուրքիայի դեսպանատան ներկայացուցչին՝ իրենց տեսակետն արտահայտելու համար: Երևի առաջին անգամ էր, որ Թուրքիան, իր ամբողջ ժխտողականությամբ և դիվանագիտական վարպետությամբ, թակարդն ընկավ՝
մասնակցելով 1915 թվականի հայերի և մյուս քրիստոնյա ժողովուրդների դեմ կատարված ցեղասպանությանը նվիրված գիտաժողովին: Թուրքերը երբ գլխի ընկան դա, արդեն ուշ էր...
— Շվեդիայի խորհրդարանում հայանպաստ նախաձեռնությունների օգտին հանդես եկող ի՞նչ խորհրդարանականներ կան, նրանք ի՞նչ վարքագիծ են դրսևորում ԵԱՀԿ-ում, ԵԽԽՎ-ում, ՆԱՏՕ-ում և այլ միջազգային կառույցներում:

— Շվեդիայի խորհրդարանի՝ Ռիկսդագի հետ առավել ամուր կապեր ենք հաստատել դեռևս 1990-ական թվականների կեսերից։ Մեր գործունեության նպատակն էր` նպաստել Հայաստանի հետ Շվեդիայի կապերի ամրապնդմանը, Ցեղասպանության ճանաչմանը և Արցախի հարցի վերաբերյալ ճշմարտացի տեղեկատվության տարածմանը, որի արդյունքում խափանվեցին Թուրքիայի և Ադրբեջանի և նրանց տարբեր կազմակերպությունների կողմից ներկայացված բոլոր հակահայ նախաձեռնություններն ու բանաձևերը։ Փոխարենն առաջ քաշվեցին հայանպաստ մի շարք բանաձևեր, որոնցից հիշատակման արժանի են Ցեղասպանության ճանաչման և դատապարտման մասին Ռիկսդագի երկու բանաձևերը (2000 թ. մարտի 29-ի և 2010 թ. մարտի 11-ի): 2002-ի հունիսին Շվեդիայի Ռիկսդագը կոչ է արել Թուրքիային
և Ադրբեջանին` վերացնել Հայաստանի շրջափակումը: Վերջին շրջանում ԵԱՀԿ-ի և ԵԽԽՎ-ի շրջանակներում բացահայտվեցին մի շարք կաշառք վերցրած պատգամավորներ։ Այս հարցերին օրեր շարունակ անդրադարձան շվեդական լրատվամիջոցները՝ մամուլն ու հեռուստատեսությունը:
— Շվեդիայի քաղաքացիները որքանո՞վ են ճանաչում Հայաստանը, զբոսաշրջային առումով ի՞նչ հետաքրքրություն են դրսևորում Հայաստանի հանդեպ, այցելո՞ւմ են Հայաստան, ի՞նչ հոսքերի մասին կարող է խոսք լինել:

— Քսան տարի առաջ միայն որոշակի քաղաքական և ակադեմիական շրջանակներում գիտեին Հայաստանի մասին։ Այսօր գրեթե բոլորը որոշակի գաղափար և դրական
մոտեցում ունեն մեր երկրի և մեր ունեցած խնդիրների մասին: Շվեդները զբոսաշրջիկ ժողովուրդ են, և տարվա մեջ միլիոնավոր շվեդներ շրջում են աշխարհով մեկ: Նրանք փնտրում են նոր երկրներ, նոր մշակույթներ: Հայաստանը կարող է լինել զբոսաշրջության համար հիանալի երկրներից մեկը: Հարկավոր է միայն ապահովել ճամփորդական և հյուրանոցային խելամիտ ու հարմար գներ, ինչպես նաև զբոսաշրջության համար նպաստավոր պայմաններ:
Անցյալ տարի, ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, Շվեդիայում գործող թուրք-ադրբեջանական կառույցներից մեկի ղեկավարի՝ «շուն հայեր և մահ հայերին» արտահայտությունը պատճառ դարձավ դատարանում նրա մեղավորության հաստատմանը։ Ավելին, այդ իրադարձության արձագանքները բացահայտեցին նաև մի շարք այլ անձանց անթույլատրելի կապերը թուրքական և ադրբեջանական իշխանությունների հետ, ինչի հետևանքով աշխատանքից հեռացվեց երկրի բնակարանաշինության նախարար Մեմմեդ Քափլանը, ով Ռիկսդագում հակաարցախյան, հակահայ բանաձևի հեղինակն էր (որը բնականաբար չանցավ), պետական նպաստից զրկվեց թուրքական կենտրոնական կազմակերպությունը։ Բանը հասավ նույնիսկ կոալիցիայի մեջ գտնվող Կանաչների կուսակցության խոսնակներից մեկի հրաժարականին` այն հիմնավորմամբ, որ թույլ էր տվել նման թերություններ ունեցող անհատների անդամակցությունն իրենց կուսակցությանը:

— Եվրոպական երկրներում Թուրքիայի և Ադրբեջանի հակահայկական դրսևորումներին թերևս ամենակոշտ արձագանքը Շվեդիան տվեց՝ հանրահավաքի ժամանակ «մահ հայերին» կոչ հնչեցնելու համար դատապարտելով ազգությամբ թուրք իր քաղաքացուն։

— Յուրաքանչյուր մարդ, անկախ ազգությունից, պետք է հարգի այն երկրի օրենքները, որտեղ ապրում է։ Սփյուռքահայության համար կարևոր է իր ապրած երկրի օրինակելի քաղաքացի լինելը. դա ճանաչման և գնահատման համար ամենալավ միջոցն է: Այստեղ մեզ երբեմն «օգնում» են թուրք և ադրբեջանցի վայ-գործիչների արտառոց խոսքերն ու գործը, որոնք երբեմն ակնհայտ են դարձնում նրանց ռասիստական, հակամարդկային ու հակահայկական քաղաքականության իսկական բնույթը:
Շվեդական հասարակության համար նման մոտեցումներն անթույլատրելի են, ուստի լրատվամիջոցները լայնորեն արծարծում և դատապարտում են նման քայլերը։ Փաստորեն նրանք ակամա նպաստում են մեր քարոզչությանը և հաստատում մեր իրավացիությունը:

— Դուք հայտնի եք նաև Իրանի 1979 թ․ փետրվարյան հեղափոխությունից անմիջապես հետո «Նոր խոսք» շաբաթաթերթի հրատարակումով, ի՞նչ կպատմեք այդ մասին։

— «Նոր խոսքը» հայերեն և պարսկերեն հրատարակված առաջին ազատ մամուլն էր իրանական հեղափոխությունից հետո։ Այն հրատարակվեց ավելի քան երկու տարի: Հրատարակությունը «կես-լեգալ» բնույթ ուներ, այնտեղ արծարծում էինք հասարակական և քաղաքական ազատ և ժողովրդավարական գաղափարներ և մոտեցումներ: «Նոր խոսք» երկշաբաթաթերթը Իրանի իսլամական հեղափոխությունից հետո հիմնված «Հայ մշակութային կազմակերպության» պաշտոնաթերթն էր: Կազմակերպությունը հիմնել էինք մի քանի համախոհ ընկերներով։ Ի հեճուկս ավանդական, պահպանողական կառույցների` մեր կազմակերպությունը և պաշտոնաթերթը
կարճ ժամանակում լայն տարածում և համակրանք գտան համայնքում, մանավանդ երիտասարդության շարքերում:
Համայնքի մշակութային և հասարակական կյանքում լայն խավերին ներգրավելու և մարդկանց քաղաքական գիտակցության բարձրացման մեջ կազմակերպությունն ու «Նոր խոսքը» այդ տասնամյակում իրենց ուրույն տեղն ունեցան։ Ստեղծվեց մի շարժում, որի մասին գրվել են մի քանի պատմական ակնարկներ, սակայն դրանք թերի և հաճախ միակողմանի են: Հուսամ՝ մի օր ժամանակ կգտնեմ պատմական այդ տասնամյակի մասին գրելու այն, ինչ դեռևս չի ասվել և չի գրվել:
— Պատմեք Ձեր գրական և հրապարակախոսական գործունեության մասին։

— Հակառակ այն բանի, որ ուսանել եմ մաթեմատիկա և համակարգչային գիտություններ, իմ մեջ միշտ էլ զգացել եմ մի կողմից` տերյանական երազանքն ու
մեղեդին, մյուս կողմից՝ չարենցյան բոցավառ շունչը... Գրական առաջին փորձերս կատարել եմ Լիբանանում՝ արևմտահայերենով, երբ սովորում էի Անթիլիասի դպրեվանքում: Թեհրանում մի շարք աշխատություններ եմ հրատարակել հայ գրականության և հայ գրողների մասին: Աշխատակցել եմ իրանական մամուլին: Հրատարակել եմ նաև «Որո՞նք են հայկական ջարդերի գլխավոր պատճառները» գրքույկը հայերեն և պարսկերեն։ 2000-ին Շվեդիայում լույս տեսավ իմ առաջին բանաստեղծական ժողովածուն՝ «Գերված սրտերը»:
2015 թվականին շվեդ գրող, հանգուցյալ Սթիգ Լյունդսթրյոմի և Արծվի Բախչինյանի հետ համատեղ աշխատությամբ, հայ գրքի տպագրության 500-ամյակի առիթով,
շվեդերենով լույս տեսավ ժամանակակից հայ բանաստեղծության անթոլոգիան՝ «Արարատի շուքի ներքո» (I Ararats skugga): Նախատեսվում է երկրորդ հատորը:
— Ի՞նչ կպատգամեք մեր ընթերցողներին։

— Ապրել որպես մարդ՝ մարդկային արժանիքներով, և որպես հայ՝ հայու հոգով:

 

Զրուցեց Աննա Գիվարգիզյանը, «Ժամ» ամսագիր, ամառ 2017 թ. Լուսանկարները՝ Նարինե Հակոբյանի