21-րդ դարի լավագույն դիրիժորներից Անդրեյ Բորեյկոն հատուկ ժամանել է Հայաստան մաեստրո Մանսուրյանի ստեղծագործությունը ղեկավարելու համար:
Այսօր, սեպտեմբերի 27-ին, Հայաստանում առաջին անգամ կհնչի Տիգրան Մանսուրյանի թավջութակի 4-րդ կոնցերտը: Անդրեյ Բորեյկոն, ով մեր ժամանակների լավագույն դիրիժորներից է, հատուկ ժամանել է Հայաստան Մանսուրյանի այս ստեղծագործությունը ղեկավարելու համար: Համերգը կանցնի Երևանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում և նվիրված է Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին: Կոնցերտը կհնչի Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ: Մենակատարը անվանի թավջութակահար Սևակ Ավանեսյանն է Բելգիայից, ով իր փայլուն տաղանդի շնորհիվ հանդես է գալիս Եվրոպայի լավագույն նվագախմբերի ու դիրիժորների հետ:
Համերգի դիրիժոր Անդրեյ Բորեյկոն այսօր աշխարհի կարևորագույն դիրիժորներից է, բարձրակարգ պրոֆեսիոնալ, ով եղել է այնպիսի առաջատար նվագախմբերի գեղարվեստական ղեկավարը, ինչպիսիք են Համբուրգի սիմֆոնիկ, Դյուսելդորֆի սիմֆոնիկ, Պոզնանի ֆիլհարմոնիկ, Jenaer Philharmonie, Winnipeg Symphony և Բելգիայի ազգային նվագախմբերը: Ներկայումս Բորեյկոն Նեապոլի Ֆիլհարմոնիկ /ի/ Artis-Naples նվագախմբի գեղարվեստական ղեկավարն է: Նա վաղուց է ծանոթ Մանսուրյանի ստեղծագործություններին և առաջին անգամ Հայաստան է ժամանել հատուկ մաեստրոյի հոբելյանին մասնակցելուև նրա ստեղծագործությունը ներկայացնելու համար:
Մասուրյանն իր կոնցերտն այսպես է բնութագրում. «Թավջութակի համար գրված իմ կոնցերտը բաղկացած է երեք մասից՝ դանդաղ-արագ-դանդաղ սկզբունքով, որի ծրագրված համաշխարհային պրեմիերան պետք է կայանար ապրիլի 24-ին: Այն 1915թ-ի զոհերի հիշատակի օրն է համայն հայության համար, ինչը և բացատրվում է «Ուր՞ է Աբել եղբայր քո» (Ubi est Abel frater tuus?) վերնագրով: Այս հարցը արդիական է դառնում ամեն անգամ, երբ մարդկային ձեռքը բարձրանում է մարդու վրա: Ես մտադիր էի այս ստեղծագործությունը Ռեքվիեմի բնույթով ներկայացնել, և ինքս ինձ համար այն անվանել եմ «Kyrie eleison» (Կիրիյե Էլեյսոն), «Dies irae» (Զայրույթի օր) և «Lacrimosa» (Լակրիմոզա)»:
Կոնցերտի համաշխարհային պրեմիերան կայացել է 2010թ.-ի ապրիլի 24-ին, Քյոլնում, (մենակատար՝ Յան Ֆոգլեր, դիրիժոր՝ Սեմյոն Բիչկով):
Սեպտեմբերի 27-ի համերգի առաջին բաժնումՀայաստանում առաջին անգամ կհնչի Մանսուրյանի թավջութակի կոնցերտը, երկրորդ բաժնում՝ Դվորժակի թիվ 9 «Նոր աշխարհ» սիմֆոնիան:
Այս համերգը յուրահատուկ իրադարձություն է մեր երկրի երաժշտական կյանքում և Երևանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնի կարևորագույն իրադարձություններից է: