«Կարևորը հիման է». Լիլիթ Կարապետյան
Загрузка
X


«Կարևորը հիման է». Լիլիթ Կարապետյան

Восьмая нота / Ежедневник / 29.09.2019

 

1990-ականների ամենապահանջված երգչուհին` Լիլիթ Կարապետյանն է «Կնոջ դիմանկար»-ի այսօրվա հերոսուհին: Բոլորն էլ կհիշեն քաղցր ձայնով և թախծոտ աչքերով սիրո մասին երգող աղջնակին, ով դեռ մանկուց  ունեցավ սիրավեպ երգի և երաժշտության հետ, նրան փորձեցին լռեցնել, սակայն չստացվեց, նա այսօր կրկին բեմում է և զարմացնում է իր «բումերով» հայ հանդիսատեսին:

— Ողջո´ւյն Լիլիթ, մարդիկ 1990-ականներնասոցացնում են Ձեզ հետ, հետաքրքիր է`ինչպիսի՞ն է քո վերաբերմունքը:

— Շատ ուրախ եմ, որ հենց ինձ են հիշում:  1990-ականներին ես և եղբայրս` Կարեն Կարապետյանը, մեծ ձեռքբերումներ ենք ունեցել, շատ դրական հիշողություններ կան կապված հենց այդ տարիների հետ: Այդ տարիներին էր, երբ առաջին անգամ իմ հայտնի երգերի` «Սիրո քամի», «Երկու քույր»  ռեմիքս տարբերակները ներկայացվեց հայ հանդիսատեսին: Թե´ որպես երգչուհի, թե´որպես երիտասարդ աղջիկ, հպարտ եմ, որ իմ կյանքում եղել են 1990-ականները:

— 1990-ականների Լիլիթ Կարապետյանը շա՞տ է փոխվել:

— Բնականաբար, տարիների ընթացքում մարդը փոխվում է, ավելի իմաստանում: Իմ դեպքում ինձ շատ են փոխել շրջապատս, ընկերներս: Կյանքում ավելի լավ է ունենաս գրագետ թշնամի, քան տգետ ընկեր: Կյանքիս մեծ ձեռքբերումը որդիս է նաև, ով իմ օրը լցնում է բարությամբ և կամեցողությամբ: Ես կարծում եմ, որ մարդիկ պետք է լինեն բարի և կամեցող, սակայն Կարենի ծնունդից հետո համոզվեցիդրանում: Կյանքը մեզ երբեմն տալիս է անելանելի իրավիճակներ. հենց այդ ժամանակ ես ստանում բարությանդ և կամեցողությանդ պատասխանը:

— «Արձագանք» ակումբի կարկառուն ներկայացուցիչներից մեկն էիք, ի՞նչ տվեց Ձեզ «Արձագանք»-ը:

— Ես ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալությունս հայտնել «Արձագանք»-ին, մասնավորապես, Եղիշե Պետրոսյանին և Արտավազդ Բյադյանին, որ նրանք ստեղծեցին այն բոլոր հնարավորությունները ինքնուս երգիչ-երգչուհիների համար, որպեսզի նրանք կատարեն իրենց առաջին քայլերներգարվեստում: Շատ հայտնիների առաջին ձայնագրույթյուններն ու տեսահոլովակները եղել են հենց «Արձագանք» ստուդիայում:«Արձագանք»-ն ինձ տվեց մի հարթակ, որտեղ ես, որպես արհեստավարժ երգչուհի, կայացա:

— Կհիշե՞ք մի զավեշտալի դեպք, որ եղել է «Արձագանք»-ի տարիներին:

— Իհարկե, դեպքերը շատ են եղել, սակայն հիշեցի դրանցից մեկը: Համերգներից մեկի ժամանակ` բեմում, հանկարծակիորեն կոշիկիս կրունկը մխրճվեց բեմի տախտակների միջև, որից հետո,պարզապես, չէի կարող քայլ անել, իսկ ես դեռ պետք է կատարեի հինգ երգ: Պատկերացնո՞ւմ եք` միևնույն դիրքով երգել եմ հինգ կատարում, երգելու ընթացքում մտածում էի, թե ինչպես դուրս գամ այս վիճակից, և պլանավորեցի, որ վերջում` խոնարհվելու ժամանակ կկռանամ և ձեռքով կհանեմ կոշիկիս կրունկը, այնուհետև`այդպես էլ արեցի: Արդեն հետնաբեմում, երբ բոլորը իմացան թե ինչ էր եղել, ծիծաղելով ասում էին, որ դա Լիլիթից չէր` այդքան աշխույժ և բեմի վրա միշտ պարող Լիլիթը շատ պասիվ էր այդ օրը:

— Լիլի´թ, Ձեր կյանքում եղավ մի ժամանակաշրջան, երբ սիրվածության և պահանջվածությանը զուգընթաց ունեցաք Ձեր կյանքի երկու ամենասիրելի մարդկանց կորուստն ընդամենը 3 ամսվա տարբերությամբ` սիրած տղամարդու և եղբոր: Ինչպե՞ս էիք տանում այդ ցավը:

— Բոլորն էլ գիտեն, թե ինչքան զգացմունքային մարդ եմ, սակայն կորստի ժամանակ ես հասկանում` ով ես դու իրականում: Ոչ ոք չգիտի,թե կյանքում ինչ կլինի, երբ կլինի և ինչպես կլինի: Ոչ ոք չի կարող իմանալ թե որքանով է ինքը ուժեղ, քանի դեռ չի բախվել խնդրին, ցավին: Կորուստներից հետո ինձ մոտ եկավ անկումային շրջան, երբ ես ինձ այնքան միայնակ էի զգում, անօգնական, նույնիսկ որոշել էի այլևս չերգել: Այս շրջանում ընկերներս կողքիս էին, ովքեր ինձ ուժ տվեցին և ստիպելով ինձ` ամեն օր տանում էին ակումբ, որպեսզի ես երգեմ:  Մտածում էի, եթե եղբայրս ողջ լիներ ես մեկ է` երգելու էի, իսկ նա կա, նա ամենուր է` իմ սրտում, իմ հոգում, իմ ներկայում. ես պարզապես իրավունք չունեի չերգելու:

— Հետաքրքիր է, թե 1990-ականներին ինչքանով եք առնչվել Սփյուռքի հետ, արդյո՞ք շատ էին հրավերները, և առհասարակ, ո՞ր համայնքներում եք եղել:

— Ցավո´ք սրտի, եղբորս հետ հասցրել ենք լինել միայն Ռուսաստանի Դաշնության մի շարք քաղաքներում, բացի դա` այն ժամանակ այդքան էլ հեշտ չէր արտերկիր գնալ, իսկ արդեն միանձնյա` համերգներով շրջագայել եմ թե´ եվրոպական, թե´ արաբական երկրների հայկական համայնքներում և թե´ ԱՄՆ-ում:Պետք է նշեմ, որ շատ եմ ուրախանում, երբ տեսնում եմ օտար հողում ինչպես են կայացել մեր հայերը, ամենուր կարծես նրանք լինեն առաջատարներն այն ոլորտներում, ինչով որ զբաղվում են: Դրանից զատ` հաճելի է, երբ տեսնում ես բարեկեցիկ և ապահով կյանք են վարում, երիտասարդությունը ստանում է լավ կրթություն, մարդիկ հանգիստ են: Շատ եմ սիրում Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցներին:

— Շուրջ 25 տարի է արդեն բեմում եք, բայց դեռ հանդես չեք եկել անհատական մենահամերգով: Ո՞րն է պատճառը:

— Այն ժամանակ, երբ ես ստեղծագործական ակտիվ շրջանում էի, մտածում էի մենահամերգ ունենալու մասին, սակայն կյանքի հարվածներից հետո պարզապես չստացվեց կազմակերպվել և հանդես գալ մենահամերգով: Ներկայումս մենք ականատես ենք լինում մեծ թվով մենահամերգների, գրեթե բոլորն իրար հետևից մենահամերգներ են ունենում, իսկ այնտեղ, որտեղ բոլորը նույն բանն են անում, ես խուսափում եմ:

— Լիլի´թ, եկավ մի շրջան, որ հեռուստաընկերությունների, մեդիայի դռները փակվեցին Ձեր առաջ, դուք «սև ցուցակ»-ների առաջին հորիզոնականներում էիք: Որտե՞ղ էիք այդ ժամանակ:

— Ես այդ ժամանակ ակումբային գործունեությամբ էի զբաղվում, շատերը կարծում էին, որ ես այլևս չեմ ստեղծագործում: Իհարկե` այդ «սև ցուցակ»-ների դերը շատ խաթարեց ստեղծագործական կյանքս, կորցրի տարիներ, սակայն պետք չէ անցյալով ապրել, կարևորը հիման է, և ես կամ երգարվեստում:

— Լիլի´թ, Ձեր կյանքում նոր էջ բացվեց, խոսքը Ձեր որդու` Կարենի ծնունդի մասին է: Երկա՞ր էիք սպասել նրան:

— Ես միշտ մտածել եմ, որ գալու է մի օր, երբ Կարեն Կարապետյանը վերածնունդ է առնելու: Դա եղավ 2009թ., որը հիմնովին վերափոխեց կյանքս: Անկեղծ ասած` նա եղբորս նման չէ, ես կցանկանայի` գոնե եղբորս 1%-ով նման լիներ, բայց ներկայիս երեխաները լիդեր են ծնվում: Տղաս անհատականություն է իր տարիքինհամապատասխան, տարբերվող է և ունի իր ուրույն աշխարհընկալումը:

— Լիլի´թ, խոսեցիք վերածնունդի մասին, 2014թ. եղավ ձեր ստեղծագործական վերածնունդը, պայթեցրիք համացանցը և հեռուստաեթերը «Ժամանակին» երգով:

— Իսկապես, մեծ բում էր: Ես ինքս, անկեղծ ասած, չէի սպասում նման արձագանքների: Հետո հասկացա, եթե համագործակցում ես պրոֆեսիոնալ ռեժիսորի, դիզայների, առհասարակ, պրոֆեսիոնալ թիմի հետ, աշխատանքդ «բում» է լինելու, միևնույն ժամանակ չեմ կարող չնշել, որ, գործի  հաջող ստացվելուն զուգահեռ` այն կարող է երգչի կամ երգչուհու դերի պատճառով չունենալ հաջողություն, և այդժամ տուժում է գործը, սակայն ինձ մոտ տեղի ունեցավ հակառակը: Ես ռիսկի դիմեցի և ստացա այն, ինչին ձգտում էի:

— Ո՞վ է Ձեզ համար հայուհին:

— Յուրաքանչյուրի համար, իմ կարծիքով, հայուհին իր մայրն է: Իսկ եթե հայտնի հայուհիներից պետք է նշեմ, ասեմ, որ շատ եմ սիրում Լուսինե Զաքարյանին, Աննա Էլբակյանին, Սոֆի Դևոյանին: Ինձ համար հայուհին պետք է լինի գեղեցիկ արտաքինով և ունենա շատ քնքշություն:

— Վերջերս նշել էիք, որ գտել եք Ձեր խաղաղությունը, սակայն դա առաջին հերթին խոսում է հզորության մասին, ինչպիսի՞ն էր քո խաղաղության ճանապարհը:

— Ես համարում եմ, որ մարդ պետք է լինի կայացած` թե´ որպես մարդ, թե´ իր ոլորտում: Ցավոք սրտի, սուտն ու կեղծիքը մեր օրերում ամենուր է, մարդիկ ստում են նույնիսկ ամենակենցաղային մակարդակում, որտեղ որ ընդհանրապես ստելու կարիք չկա: Խաղաղության ճանապարհիս անընդհատ «ընկնել-կանգնել»-ով կայացա, դա աստիաճանաբար է տեղի ունենում: Մարդկային չարությունն ու նախանձը առաջին դավաճաններն են անհատի կայացմանգործում: Իմ կարծիքով` բարի և կամեցող մարդն է կայացած:

— Հանդիսատեսին հետաքրքիր է նաև Լիլիթ Կարապետյանի անձնական կյանքում կատարվող իրադարձությունները: Հեքիաթի՞ց պետք է լինի Լիլիթի ընտրյալը:

— Այո´, ինչ-որ առումով պետք է հեքիաթից լինի:  Ես իմ կայնքում ունեցել եմ իսկապես հերոս ընկեր, հենց դա է պատճառը, որ անձնական կյանքս կառուցելիս ինձ համար դժվար է գտնել նման մեկին: Տղամարդս պետք է կայացած լինի, ես չեմ կարող զրոյից սկսել ինչ-որ մեկի հետ:  Ընտրյալս պետք է ընդունի ինձ այնպիսին, ինչպիսին կամ` իմ երգով, իմ տեսակով և իմ ընկերներով:

Զրուցեց Սարիկ Սևադան, Երևան, 2019 թ.